2011
Մշտական Կրթական Ֆոնդը իրականացնում է մարգարեական խոստումները
Մայիս 2011


Մշտական Կրթական Ֆոնդը իրականացնում է մարգարեական խոստումները

Տաս տարի առաջ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910-2008) նշեց մի խնդիր՝ զարգացող տարածքներում աղքատությունից խուսափելու հնարավորության բացակայությունը վերադարձած շատ միսիոներների և արժանի այլ երիտասարդների համար, և տվեց այս լուծումը՝ ստեղծել Մշտական Կրթական Ֆոնդ (ՄԿՖ): Եկեղեցու անդամների և ընկերների նվիրատվությունների հաշվին համալրվող ֆոնդը՝ ՄԿՖ, կրթական վարկեր պետք է տրամադրեր երիտասարդ մարդկանց, որոնց օգնությամբ նրանք կպատրաստվեին իրենց համայնքներում վարձատրվող աշխատանքի համար, ապա հետ կվճարեին վարկը, որպեսզի ուրիշները կարողանային ունենալ նույն հնարավորությունը: Նա ասաց, որ Եկեղեցին պետք է հիմնվի կամավորների և Եկեղեցու առկա միջոցների վրա, որպեսզի հաջողության հասնի:

Հրաշքները կատարվում են

Երբ Նախագահ Հինքլին 2001թ. մարտի 31-ին մոտեցավ ամբիոնին և Եկեղեցու քահանայությանը նկարագրեց Մշտական Կրթական Ֆոնդի տեսլականը, ակնհայտ էր, որ Տիրոջ մարգարեն ուղղություն էր ստացել:

Ձախողման հնարավորությունը, կարծես, մարեց, երբ ՄԿՖ-ի նոր նշանակված ղեկավարները 2001թ. աշնանը սկսեցին վարկեր տրամադրել, ինչպես ծրագրավորել էր Նախագահ Հինքլին: Բացի մարգարեի ոգեշնչված հայեցակարգը, չկար ոչ բիզնես ծրագիր, ոչ մանրամասն առաջարկ: Ծրագիրը կազմակերպվեց որպես կանոնադրություն օգտագործելով Նախագահ Հինքլիի համաժողովյան ելույթի տեքստը: Վարկերի հարյուրավոր դիմումներ հեղեղեցին Եկեղեցու գլխավոր գրասենյակը, նույնիսկ երբ կանչվում էին տնօրեններ և կազմավորվում էր ծրագրի հիմնական կառուցվածքը:

Բայց արդեն տեղի էին ունենում հրաշքներ: Առաջին տարվա ընթացքում միլիոնավոր դոլլարներ նվիրաբերվեցին ծրագրին: Մի քանի անձինք, ովքեր առանձնահատուկ փորձ ունեին, որակավորվելով ՄԿՖ-ի աշխատանքի համար, անմիջապես արձագանքեցին որպես կամավոր տնօրեններ աշխատելու համար: ՄԿՖ-ի համաշխարհային ենթակառուցվածքը արդեն գոյություն ուներ Եկեղեցու Կրթական Համակարգի տեսքով, որն ընդգրկում էր ինստիտուտի ծրագրերը և Եկեղեցու Զբաղվածության Ռեսուրսների Կենտրոնները: Ամեն ինչ արագ իր տեղն ընկավ, և Նախագահ Հինքլին 2002թ. ապրիլին հաղորդեց, որ դրվել է ծրագրի «ամուր հիմքը»:1

Ռեքս Ալլենը, որը ներկայումս ծառայում է որպես ՄԿՖ-ի ուսուցման և հաղորդակցման կամավոր տնօրեն, ասել է. «Շատ առաջ, Մովսեսը իր ժողովրդին հասցրեց Կարմիր Ծով և ջրերը բաժանվեցին: Նախագահ Հինքլին մարմնավորում է այդ նույն հավատքը, պահելով մարգարեական իր թիկնոցը աղքատության խավար ծովի վրա և նախաձեռնելով ՄԿՖ-ն»:

«Սա հրաշք է», - շարունակ հաստատում էր Նախագահ Հինքլին:

10 տարի անց, սակայն, մեծագույն հրաշքները կարող են միայն սկիզբը լինել:

Իրականացված խոստումներ

ՄԿՖ-ի մասին իր հայտարարության և իր հետագա ելույթների մեջ, Նախագահ Հինքլին խոստացավ, որ ՄԿՖ-ն օրհնություններ կբերի: Յուրաքանչյուրն իրականանում է և էլ ավելի զորանում, երբ թվով ավելի շատ մասնակիցներ են կրթություն ստանում ՄԿՖ-ի օգնությամբ և վճարում իրենց վարկը:

Հնարավորություն և աշխատանք

«[Մասնակիցները] հնարավորություն կունենան լավ կրթություն ստանալ, որը կհանի նրանց աղքատության ճահճից», ասել է Նախագահ Հինքլին:2

2011թ. փետրվարի դրությամբ ուսումը ավարտածների և աշխատանք փնտրողների մոտ 90 տոկոսը աշխատանք գտան: Ներկայումս աշխատողների 78 տոկոսն ասում է, որ իրենց ներկա աշխատանքն ավելի լավն է, քան այն, որ իրենք ունեին ուսում ստանալուց առաջ: Կրթություն ստանալուց հետո ՄԿՖ-ի մասնակիցների միջին եկամուտը երեքից չորս անգամ ավել է, քան ուսուցումից առաջ, ինչը տնտեսական կարգավիճակի հսկայական բարելավում է նշանակում:

Ընտանիք և հասարակություն

Նրանք կամուսնանան և կյանքում առաջ կգնան, ունենալով ունակություններ, որոնք թույլ կտան լավ վաստակել և իրենց տեղը զբաղեցնել հասարակության մեջ, որտեղ նրանք կկարողանան էական ներդրում կատարել», - հայտարարեց Նախագահ Հինքլին:3 ՄԿՖ-ի ներկա մասնակիցների մեկ-երրորդից ավելին այժմ ամուսնացած են:

ՄԿՖ-ի գործադիր տնօրեն՝ Երեց Ջոն Կ. Քարմաքն ասում է. «ՄԿՖ-ի առավել խրախուսող արդյունքն այն է, որ մենք տեսնում ենք, թե ինչպես են երիտասարդները ավելի մեծ հույս ունենում: Այդ հույսը նրանց ամուսնանալու և կյանքում առաջ գնալու քաջություն է պարգևում»:

Այդպես՝ նրանց աճող ընտանիքները ավելի պայծառ ապագայի հույս են ձեռք բերում:

Եկեղեցի և ղեկավարում

«Որպես Եկեղեցու հավատարիմ անդամներ, նրանք կվճարեն իրենց տասանորդը և նվիրատվությունները, իսկ եկեղեցին կլինի էլ ավելի ամուր, քանի որ նրանք կներկայացնեն այն իրենց տարածքներում», - ասել է Նախագահ Հինքլին:4

Որոշ տարածքներում, որտեղ ՄԿՖ-ն արդեն մի քանի տարի գործում է, Եկեղեցու ներկա ղեկավարների 10-15 տոկոսը ՄԿՖ-ի մասնակիցներից է բաղկացած:

«Մասնակիցները խրախուսում են այլ երիտասարդների օգտվել ՄԿՖ վարկերից և դուրս գալ աղքատությունից», - ասել է Ռեքս Ալլենը: «10 տարի անց մենք տեսնում ենք, ինչպես է ընդլայնվում հույսի օղակը՝ երբ նրանք, ովքեր օրհնվել են, կիսվում են իրենց օրհնություններով մյուսների հետ»:

Ազդեցություն շատերի կյանքում

«[ՄԿՖ-ն] օրհնություն կդառնա բոլոր նրանց համար, ում կյանք այն մտնում է՝ երիտասարդ տղամարդկանց և կանանց, նրանց ապագա ընտանիքների, Եկեղեցու համար, որը կօրհնվի, ունենալով ամուր տեղական ղեկավարներ», - խոստացել է Նախագահ Հինլքին:5

2001թ. աշնանից ի վեր ավելի քան 47000 մարդ է մասնակցել ՄԿՖ-ին: Եվ դա չհաշված ընտանիքի այն բարեկամներին, որոնց աջակցել և ոգեշնչել են ՄԿՖ-ին մասնակցող ընտանիքի անդամները, չհաշված ծխերը և ճյուղերը, որոնք օգուտ են քաղել այն անդամներից, ովքեր ավելի մեծ ունակություն ունեն ծառայելու և ներդնելու, չհաշված նաև տեղական տնտեսությունները, որոնք աճի համար հմուտ աշխատողների կարիք ունեն:

«Պատկերացրեք այն ներգործությունը, մտածելով այն բոլորի մասին, ում վրա դուք ազդեցություն եք գործում», - ասել է Եղբայր Ալլենը: «Սա նաև վերաբերում է նրանց, ովքեր նվիրատվություններ են կատարում ՄԿՖ-ին՝ դոնորներին, նրանց ընտանիքներին, նրանց ծխերին և ճյուղերին. բոլորը օրհնվում են նրանց մասնակցությամբ»:

«Գրեթե բոլոր Վերջին Օրերի Սրբերը հնարավորություն ունեն կանոնավոր ձևով ինչ-որ ներդրում ունենալ այս ֆոնդին և արժանի այլ նախաձեռնություններին», - ասել է Երեց Քարմաքը: «Նախագահ Հինքլիի հրավերը օգնում է նրանց, ովքեր ներդրում են կատարում ՄԿՖ-ին, ինչպես նաև նրանց, ովքեր օգտվում են դրանից՝ կատարելագործվելով և ավելի մոտենալով մեր Փրկչին»:

Շարունակելով աճել

Նախագահ Հինքլիի՝ Մշտական Կրթական Ֆոնդի մարգարեկան տեսիլքը իրականացվում է. այս ոգեշնչված ծրագրի ազդեցությունը շարունակում է տարածվել աշխարհով մեկ, և այն կշարունակի իրականացվել, մինչ թվով ավելի շատ նվիրատվություններ արվեն և վարկերը ետ վճարվեն, հնարավորություն տալով նոր սերնդի մասնակիցներին աճել և բարելավել իրենց պայմանները:

Մշտական Կրթական Ֆոնդի մասին ավելին իմանալու համար այցելեք pef.lds.org կայքը:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Gordon B. Hinckley, “The Church Goes Forward,” Liahona, July 2002, 4; Ensign, May 2002, 6.

  2. Gordon B. Hinckley, Liahona, July 2002, 4; Ensign, May 2002, 6.

  3. Gordon B. Hinckley, Liahona, July 2002, 4; Ensign, May 2002, 6.

  4. Gordon B. Hinckley, “The Perpetual Education Fund,” Liahona, July 2001, 62; Ensign, May 2001, 52.

  5. Gordon B. Hinckley, Liahona, July 2001, 62; Ensign, May 2001, 52.

10 տարի առաջ մեկնարկած Մշտական Կրթության Ֆոնդը օգնել է ավելի քան 47000 մասնակիցների:

Լուսանկարը՝ Բրայան Վիլքոքսի