2010–2019 թթ․
Հավատո հանգանակներում պարունակվող վարդապետությունները և սկզբունքները
Հոկտեմբեր 2013


Հավատո հանգանակներում պարունակվող վարդապետությունները և սկզբունքները

Հավատո յուրաքանչյուր հանգանակ յուրահատուկ արժեք է հաղորդում Հիսուս Քրիստոսի ավետարանի մեր հասկացողությանը:

Երբ ինձ հանձնարարեցին խոսել գերագույն համաժողովի քահանայության նիստին, ես անմիջապես մտածեցի Երեխաների խմբի հիանալի մի ուսուցչի մասին: Նրա մեծագույն ցանկությունն էր պատրաստել մեզ քահանայություն ստանալուն արժանի լինելուն: Նա վարժեցնում էր մեզ Երեխաների խմբի ավարտական պահանջները սերտելու մեջ՝ մտապահել Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների անունները և Հավատո Հանգանակները: Նա նաև խոստում տվեց մեզ. Եթե բոլորս կարողանայինք անգիր արտասանել հավատո տասներեքերորդ հանկանակը, ապա մենք կարող էինք ընտրել վայրը և վերջին դասին գնալ դուրս:

Մենք ընտրեցինք մի հատուկ տեղ, որը սիրում էինք, որովհետև մագլցում էինք ժայռերը՝ Լոգան Քենյոնի սկզբնամասում, հարավային Յուտա: Ժայռերի քարքարոտ բարձրունքներում մի փոքր հարթ տեղ կար, որը բնական բուխարի ուներ, որի մեջ կարելի էր հոթդոգ պատրաստել և մարշմելոու խորովել: Սակայն ընտրություն կատարելիս հաշվի չէինք առել մեր ուսուցչին, որը տարիքով մեծ էր և, անշուշտ, սպորտային տեսակին չէր պատկանում: Եթե մենք ավելի խորը մտածեինք, մեզ համար պարզ կլիներ, որ մագլցելը նրա համար դժվար էր լինելու: Ինչևէ, նրա խոստումը կարևոր էր նրա համար և նա ուրախ հետևեց մեզ:

Սկզբում մենք մագլցեցինք մի փոքր բլուր: Մեր ժամանակ չկային հոսանքի լարեր, որոնք կխանգարեին բարձրանալուն: Որոշ օգնությամբ մեր ուսուցիչը բարձրացավ բլրի վրա: Գագաթին մենք հանգրվանեցինք ժայռոտ մի վայրում, որը կոչել էինք «Կրիայի մեջք»:

Երբ հասանք, ժամանակ պահանջվեց մինչև որ մեր ուսուցչուհին վերականգներ իր շնչառությունը: Երբ մենք պատրաստեցինք մեր սնունդը և նստեցինք ուտելու, նա բավականին վերականգնվել էր, որպեսզի ուսուցաներ մեզ մեր վերջին դասը: Նա մեզ ասաց, թե ինչպիսի հաճույքով էր ուսուցանում Երեխաների խմբում վերջին երկու տարիների ընթացքում: Նա գովաբանեց մեզ նրա համար, թե որքան լավ էինք մենք սերտել հավատո հանգանակները: Նա կարող էր ասել համարը, և մենք կարող էինք արտասանել այդ հատվածը: Ապա նա ասաց, որ հավատո հանգանակները անգիր սովորելը կարող է լինել միայն խոսքերի մի ցանկ, եթե մենք չենք հասկանում դրանց մեջ պարունակվող վարդապետությունները և սկզբունքները: Նա խրախուսեց մեզ ուսումնասիրել ավետարանական վարդապետությունը հավատո յուրաքանչյուր հանգանակում: Նա բացատրեց, որ հավատո հանգանակներում գտնվող վարդապետությունները բաժանված են բաժինների:

I. Աստվածագլուխը և Քրիստոսի հիմնական վարդապետությունը

Հավատո առաջին հանգանակից մենք սովորում ենք, որ Աստվածագլուխը երեք կերպարներից է բաղկացած՝ Հայր Աստծուց, Հիսուս Քրիստոսից և Սուրբ Հոգուց:

Երկրորդ հանգանակն ուսուցանում է մեզ, որ մենք պատասխանատու ենք երկրի վրա մեր սեփական գործողությունների համար:

Երրորդը տալիս է Երկնային Հոր զավակների փրկության համար Փրկչի առաքելության պատկերը:

Չորրորդն ուսուցանում է հիմնական սկզբունքների և ծեսերի կարևորությունը:

Մեր ուսուցչուհու խոսքերի զորությունը ոգեշնչման աղբյուր դարձավ ինձ համար, քանի որ նա շեշտը դրեց ավետարանի ուսումնասիրության վրա: Սուրբ գրություններն առաջնորդում են մեզ դեպի ճշմարտության չափանիշը, որով մենք կարող ենք դատել այն գիտելիքի մասին, որը ստանում ենք, լինի այն ճշմարիտ, թե՝ կեղծ: Ճշմարիտ վարդապետությունը գալիս է Աստծուց՝ ողջ ճշմարտության աղբյուրից և հիմքից: Ճշմարիտ վարդապետության ուսմունքները և դրույթները գտնվում են մեր Տիրոջ և Փրկչի ավետարանի մեջ: Կեղծ ուսմունքները գալիս են Սատանայից՝ բոլոր ստերի հորից: Նրա ցանկությունն է՝ խեղաթյուրել, փոփոխել և հարմարեցնել հայտնությամբ տրված ճշմարտությունները: Նա ցանկանում է խաբել մեզ, որպեսզի մեզանից ոմանք կորցնեն մեր երկնային տուն տանող վերադարձի ճանապարհը:

Սուրբ գրությունները մեզ սովորեցնում են, թե ինչպես խուսափել կեղծ ուսմունքներից: Օրինակ, Տիմոթեոսին ուղղված Պողոսի նամակում մենք կարդում ենք.

«Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար, վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար.

Որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի՝ ամեն բարի գործերի համար պատրաստուած» (Բ Տիմոթեոս 3.16–17):

Այս վարդապետությունն Եկեղեցու համար նման է մարտկոցի՝ բջջային հեռախոսի համար: Երբ դուք հանում եք մարտկոցը ձեր հեռախոսի միջից, այն անպետք է դառնում: Եկեղեցին, որում ճշմարիտ վարդապետությունն այլևս չի ուսուցանվում, նմանապես անպետք է դառնում: Այն չի կարող տանել մեզ հետ՝ դեպի մեր Երկնային Հայրը և մեր հավերժական տունը:

II. Քահանայության կազմակերպությունը և կարգը

Նրանից հետո, երբ մենք սկսում ենք հասկանալ Քրիստոսի հիմնական վարդապետությունը, հավատո հինգերորդ և վեցերորդ հանգանակները մեզ սովորեցնում են քահանայության կազմակերպության և կարգի մասին: Տիրոջ ղեկավարությամբ Ջոզեֆ Սմիթը կազմակերպեց Փրկչի Եկեղեցին, օգտագործելով քահանայության իշխանությունը՝ Աստծո զորությունը: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին նույն կազմակերպությունն է, որը Քրիստոսը կազմակերպեց և ղեկավարեց, երբ երկրի վրա էր:

Ինչպիսի փառավոր օր էր Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիիի համար 1829թ. մայիսին, երբ նրանք գնացին անտառ աղոթելու մկրտության վարդապետության համար՝ մեղքերի թողության համար, որի մասին կարդացել էին Մորմոնի Գիրքը թարգմանելիս: 1800-ականների սկզբին կային բազմաթիվ ուսմունքներ մկրտության մասին, որոնք ուսուցանվում էին տարբեր եկեղեցիների կողմից, և Ջոզեֆը և Օլիվերը գիտեին, որ դրանք բոլորը ճշմարիտ չէին կարող լինել: Նրանք ցանկանում էին իմանալ մկրտության ճիշտ ձևի մասին, և թե ով ուներ մկրտելու իշխանություն:

Ի պատասխան Տիրոջն ուղղված նրանց խնդրանքին նրանց հայտնվեց Հովհաննես Մկրտիչը: Նա դրեց իր ձեռքերը նրանց գլուխներին և շնորհեց նրանց մկրտելու իշխանությունը այս խոսքերով. «Իմ ընկերակից ծառաներ, Մեսիայի անունով ես շնորհում եմ ձեզ Ահարոնի Քահանայությունը» (ՎևՈւ 13.1):

Ինչպիսի զարմանահրաշ օր աշխարհի պատմության մեջ: Քահանայությունը վերականգնվեց երկրի վրա:

Երբ մենք ստանում ենք քահանայություն, մենք ստանում ենք իշխանություն գործելու Աստծո անունից և ղեկավարելու ճշմարտության և արդարակեցության ճանապարհով: Այդ իշխանությունը արդարակեցության զորության կենսական աղբյուր է և ազդեցություն՝ ի օգուտ երկրի վրա Աստծո զավակների, և այն կշարունակվի գործել վարագույրից այն կողմ: Այն անհրաժեշտ է, որպեսզի քահանայությունը վերականգնվեր նախքան Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորումը: Սա հիմնարար դաս է, որը մենք սովորում ենք հավատո հինգերորդ և վեցերորդ հանգանակներից:

III. Հավերժական ռեսուրսներ մահկանացու ճանապարհորդության մեջ

Հավատո հաջորդ երեք հանգանակները՝ յոթերորդ, ութերորդ և իներորդը, սահմանում են այն ռեսուրսները, որոնք ուղղորդում են մեր մահկանացու ճանապարհորդությունը: Մեզ տրված են հոգևոր պարգևներ, որոնք առաջնորդում են մեզ, երբ մենք հետևում ենք Տիրոջ ուսմունքներին, և պաշտպանում են մեզ չարից: Սուրբ գրությունները մեկ այլ ուղեցույց են. եթե մենք ուշադիր ենք կարդում Աստծո խոսքը, Նա կհայտնի դեպի հավերժական կյանք տանող մեր ուղին:

Հավատո իններորդ հանգանակը մեզ ուսուցանում է, որ Աստված հայտնել է, հայտնում է և կհայտնի ապագայում շատ մեծ և կարևոր ճշմարտություններ Իր մարգարեների, տեսանողների և հայտնողների միջոցով: Մենք սովորում ենք, որ Հոգու ցածր և մեղմ ձայնին լսելուց և սուրբ գրությունները կարդալուց բացի առաջնորդության մեկ այլ աղբյուր են հանդիսանում մեր Եկեղեցու ղեկավարները, ովքեր ընտրվել, կանչվել և ձեռնադրվել են՝ օրհնելու մեր կյանքը իրենց ուսուցանող դասերով:

IV. Անդամ միսիոներներ

Հավատո տասերորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ հանգանակներն ուսուցանում են մեզ, թե ինչպես կատարել միսիոներական աշխատանք և կիսվել ավետարանով տարբեր ազգեր և օրենքներ ունեցող աշխարհում: Մենք սովորում ենք Իսրայելի հավաքման մասին՝ որպես պատրաստություն Փրկչի Երկրորդ Գալստին: Մենք ուսուցանվում ենք, որ տղամարդիկ և կանայք իրենց իսկ գործակալներն են և կարող են ընդունել կամ մերժել Աստծո խոսքը համաձայն իրենց խղճի: Վերջապես, մենք սովորում ենք, որ տարածելով Հիսուս Քրիստոսի ավետարանը երկրի չորս անկյուններում, մենք պետք է հարգենք յուրաքանչյուր երկրի կառավարությունը, ուր մուտք ենք գործում: Իսկապես, մենք հավատում ենք յուրաքանչյուր երկրի օրենքին հնազանդվելուն, այն հարգելուն և դրան աջակցելուն:

V. Ոգեշնչող հատկանիշներ

Հավատո տասներեքերորդ հանգանակը հատուկ ներշնչում է տալիս այն մասին, թե ինչպես մենք պետք է վարենք մեր կյանքը և ներկայացնենք մեզ: Այն ասում է. «Մենք հավատում ենք ազնիվ, ճշմարիտ, մաքրաբարո, բարյացակամ, առաքինի լինելուն և բոլոր մարդկանց բարիք անելուն: Իրավ, կարող ենք ասել, որ մենք հետևում ենք Պողոս Առաքյալի հորդորանքին. Ամեն բանի հավատում ենք, ամեն բանի համար հույս ունենք, համբերել ենք շատ բաների և հույս ունենք, որ կկարողանանք համբերել բոլոր բաներին: Եթե մի բան առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի,– մենք ձգտում ենք այդ ամենին»:

Մենք բոլորս պետք է ձգտենք մարմնավորել այդ հատկանիշները և վարել մեր կյանքն այնպես, որպեսզի դրանց օրինակը ծառայենք: Հավատո հանգանակներում ուսուցանված ճշմարտությունները կառուցվում են միմյանց վրա ինչպես բջջային հեռախոսի միմյանց օժանդակող բաղադրիչները: Ինչպես բարդ մատակարարման շղթա, որը բաղադրիչներ է ապահովում բջջային հեռախոսին, հավատո հանգանակները մատակարարում են մեզ Վերականգնման հիմնարար վարդապետութունները: Հավատո յուրաքանչյուր հանգանակ յուրահատուկ արժեք է հաղորդում Հիսուս Քրիստոսի ավետարանի մեր հասկացողությանը:

Երեխաների խմբի իմ ուսուցչուհին իմ մեջ վճռականություն է սերմանել ուսումնասիրելու արքայության վարդապետությունները: Նա ինձ ուսուցանել է փնտրել խոր իմաստ, որը պարունակվում է հավատո այս պարզ հանգանակներում: Նա խոստացել է ինձ, որ եթե ես ուսումնասիրեմ այս սուրբ ճշմարտությունները, իմ ձեռքբերած գիտելիքը կփոխի իմ կյանքը դեպի ավելի լավը, և ես վկայում եմ ձեզ, որ դա այդպես է:

Լոգան Քենյոնում իմ ուսուցչուհու այդ հիանալի դասից հետո մենք նկատեցինք, որ մի փոքր ավելի երկար էինք մնացել, քան պլանավորել էինք: Երեկոն մոտենում էր և մենք հասկացանք, որ խնդիր ունեինք:

Ուսուցչուհիս դժվարությամբ հասավ մեր հատուկ նշանակակետին, սակայն վերադարձը մեծ խնդիր էր հանդիսանում մեզ համար: Դա միայն մեկ անգամ ևս ապացուցեց տեղի վատ ընտրությունը մեր կողմից: Վերադառնալը մեզ համար դժվար էր, սակայն շատ ավելի դժվար էր նրա տարիքի մարդու համար:

Երբ մենք մաքառում էինք, օգնելով նրան իջնել բլրից, երկու ոստիկան հայտնվեցին: Երեխաների խմբի նախագահը ուղարկել էր նրանց գտնելու մեզ, վախենալով, որ մենք մոլորվել էինք: Իրադարձության զարգացումը և ուսուցանված դասերը անմոռանալի փորձառություն դարձան իմ կյանքում:

Երիտասարդ տղամարդիկ, ես խրախուսում եմ ձեզ օգտագործել ձեր պայծառ մտքերը և ուսումնասիրել հավատո հանգանակները և դրանցում ուսուցանվող վարդապետությունները: Դրանք Եկեղեցու վարդապետության առավել կարևոր և, անկասկած, առավել հակիրճ հայտարարությունների թվում են: Դուք կօգտագործեք դրանք որպես ուղեցույց՝ Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսումնասիրելիս, դուք կտեսնեք, որ պատրաստված եք հայտարարելու ձեր վկայությունը վերականգնված ճշմարտության մասին աշխարհին: Դուք ի վիճակի կլինեք պարզ, հասկանալի և խորաթափանց եղանակով հռչակել ձեր հիմնական հավատամքները, որոնք թանկ են ձեզ՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամի համար:

Ես ավելացնում եմ իմ վկայությունը Հավատո տասներեքերորդ հանգանակի ճշմարտացիությանը, մեր Տեր և Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: