2010–2019 թթ․
Կիրակի առավոտյան նիստ
Հոկտեմբեր 2013


«Քեզ հետ կլինեմ. քեզ չեմ թողիլ եւ քեզ անտես չեմ անիլ»

Մեր Երկնային Հայրը … գիտի, որ մենք սովորում ենք, աճում և դառնում ենք ուժեղ, երբ դիմակայում ենք և հաղթահարում ենք փորձությունները, որոնցով պիտի անցնենք:

Այսօր իմ հուշատետրում գրանցելու եմ. «Սա իմ մասնակցած համաժողովների ամենաոգեշնչող նիստերից մեկն էր: Բոլոր ելույթները փառահեղ ու ամենահոգևոր բնույթի էին»:

Եղբայրներ և քույրեր, վեց ամիս առաջ, երբ մենք հանդիպեցինք միասին մեր գերագույն համաժողովի ժամանակ, իմ սիրելի կինը՝ Ֆրենսիսը, պառկած էր հիվանդանոցում, հենց մի քանի օր առաջ ջախջախիչ ձևով վայր ընկնելու հետևանքով: Մայիսին, շաբաթներ շարունակ իր վնասվածքները հաղթահարելու համար խիզախորեն մաքառելուց հետո, նա հեռացավ դեպի հավերժություն: Նրա կորուստը խորն է: Ես և նա ամուսնացել ենք Սոլթ Լեյքի Տաճարում 1948թ. հոկտեմբերի 7-ին:Վաղը կլրանար մեր 65-րդ հարսանյաց տարեդարձը: Նա իմ կյանքի սերն էր, իմ վստահելի սրտակից և ամենամտերիմ ընկերը: Ասելը, որ ես կարոտում եմ նրան, չի արտահայտում իմ զգացմունքների խորությունը:

Այս համաժողովը նշում է 50 տարին այն ժամանակից, ինչ ես կանչվեցի Տասներկու Առաքյալների Քվորում Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի կողմից: Բոլոր այս տարիների ընթացքում միշտ զգացել եմ իմ սիրելի զուգընկերոջ լիարժեք և կատարյալ աջակցությունը: Անհամար են այն զոհաբերությունները, որ նա արել է, որպեսզի ես կարողանայի կատարել իմ կոչումը: Երբեք չեմ լսել բողոքի մեկ իսկ խոսք նրանից, երբ ես հաճախ էի անցկացնում օրեր և երբեմն շաբաթներ իրենից և մեր երեխաներից հեռու: Նա իսկապես հրեշտակ էր:

Իմ կողմից, ինչպեսև իմ ընտանիքի կողմից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել սիրո բուռն զեղումների համար, որ մենք զգացինք Ֆրենսիսի վախճանվելուց ի վեր: Հարյուրավոր բացիկներ և նամակներ ուղարկվեցին ողջ աշխարհից՝ արտահայտելով հիացմունք նրա հանդեպ և ցավակցություններ մեր ընտանիքին: Մենք ստացանք տասնյակ գեղեցիկ ծաղկեպսակներ: Մենք երախտապարտ ենք բազմաթիվ ներդրումների համար, որոնք մատուցվեցին նրա անունով Ընդհանուր Միսիոներկան Հիմնադրամ: Իր ետևում թողած բոլոր հարազատների անունից իմ խորը երախտագիտությունն եմ հայտնում ձեր բարի և սրտառուչ խոսքերի համար:

Մեծագույն սփոփանքը ինձ համար բաժանման այս հուզումնալի պահին եղել է Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին իմ վկայությունը և իմ ունեցած գիտելիքը, որ իմ սիրելի Ֆրենսիսը դեռևս ապրում է: Ես գիտեմ, որ մեր բաժանումը ժամանակավոր է: Մենք կնքված ենք Աստծո տանը մեկի կողմից, որն իշխանություն ունի կապելու երկրի վրա և երկնքում: Ես գիտեմ, որ մենք կվերամիավորվենք մի օր և երբեք այլևս չենք բաժանվի: Սա է այն գիտելիքը, որը պահպանում է ինձ:

Եղբայրներ և քույրեր, կարող ենք վստահությամբ ենթադրել, որ ոչ մի մարդ երբևէ չի ապրել ամբողջապես տառապանքից և վշտից զերծ, ոչ էլ եղել է մարդկային պատմության մեջ մի ժամանակաշրջան, որն ունեցած չլինի խառնաշփոթության ու թշվառության իր լրիվ բաժինը:

Երբ կյանքի արահետը թեքվում է դեպի դաժան շրջադարձ, կա գայթակղություն ուղղելու «Ինչո՞ւ ես» հարցը: Երբեմն, թվում է լույս չկա թունելի վերջում, չկա լուսաբաց ավարտելու գիշերվա խավարը: Մենք պարուրված ենք զգում կործանված երազանքների հիասթափությամբ և անհետացած հույսերի հուսահատությամբ: Մենք միանում ենք աստվածաշնչյան աղերսանքին արտասանելով. «Բալասան չկա՞յ Գաղաադում»:1 Մենք լքված, սրտներս կոտրված, միայնակ ենք զգում: Մենք հակված ենք տեսնել մեր սեփական դժբախտությունները վատատեսության աղավաղված պրիզմայի միջով: Մենք անհամբեր ենք դառնում մեր խնդիրների լուծման համար, մոռանալով, որ հաճախ համբերության երկնային առաքինությունն է պահանջվում:

Դժվարությունները, որոնք գալիս են մեզ, ներկայացնում են մեզ մեր դիմանալու կարողության իսկական ստուգարքը: Մեզ յուրաքանչյուրիս մնում է մի էական հարց պատասխանելու՝ պետք է վարանե՞մ, թե առաջ գնամ ու ավարտեմ: Ոմանք իսկապես վարանում են, երբ տեսնում են, որ անկարող են իրենց մարտահրավերներից ավելի վեր կանգնել: Ավարտելը ներառում է մինչև կյանքի վերջ համբերելը:

Երբ խորհում ենք իրադարձությունների մասին, որոնք կարող են պատահել բոլորիս հետ, մենք կարող ենք ասել հին օրերի Հոբի հետ. «Մարդս թշուառութեան համար է ծնուած»:2 Հոբը «կատարեալ և ուղիղ» մարդ էր, ով «աստուածավախ էր, եւ հեռանում էր չարութիւնից»:3 Արդարակյաց իր վարքով, բարգավաճ իր ունեցվածքով, Հոբը պետք է ստուգարք անցներ, որը կարող էր կործանել ամեն մեկին: Զրկվելով իր ունեցվածքից, ծաղրի ենթարկվելով իր ընկերներից, չարչարվելով իր տառապանքից, վշտացած իր ընտանիքի կորստից, նա հարկադրվում էր «անիծել Աստծուն և մեռնել»:4 Սակայն, նա դիմադրեց այդ գայթակղությանը և հայտարարեց իր ազնիվ հոգու խորքերից.

«Հէնց հիմա էլ ահա երկնքումն է իմ վկան և իմ փաստաբանը բարձրերումն է»:5

«Ես գիտեմ որ փրկիչս կենդանի է»:6

Հոբը պահեց հավատքը: Արդյոք մենք կանե՞նք նույնը, երբ հանդիպենք այդ մարտահրավերներին, որոնք կլինեն մերը:

Երբ որ մենք հակված ենք ծանրաբեռնված զգալ կյանքի հարվածներից, եկեք հիշենք, որ մյուսներն անցել են նույն ուղով, դիմացել են, իսկ հետո հաղթահարել:

Եկեղեցու պատմությունը, այս՝ ժամանակների լրության տնտեսությունում, լի է նման մարդկանց փորձառություններով, ովքեր մաքառել են, բայց, այնուամենայնիվ, անսասան և քաջ են մնացել: Ո՞րն է պատճառը: Նրանք դարձրել են Հիսուս Քրիստոսի ավետարանը իրենց կյանքի կենտրոնը: Սա այն է, ինչը մեզ կքաշի այն ամենի միջով, ինչ կգա մեր ուղու ընթացքում: Մենք դեռ կենթարկվենք դժվար մարտահրավերների, բայց մենք կկարողանանք դիմակայել դրանց՝ գլուխներս բարձր և դուրս գալ հաղթանակած:

Ցավի մահճակալից, արցունքից թացացած բարձից մենք ձգվում ենք դեպի երկինք, լսելով աստվածային հավաստիացումն ու թանկարժեք խոստումը. «Քեզ չեմ թողիլ եւ քեզ անտես չեմ անիլ»:7 Այս սփոփանքն անգին է:

Ճամփորդելով շատ վայրեր ողջ աշխարհով մեկ, կատարելով իմ կոչման պարտականությունները, ես սկսել եմ հասկանալ շատ բաներ, ներառյալ այն ոչ փոքր բանը, որ տխրությունը և տառապանքը համընդհանուր է: Ես չեմ կարող սկսել չափել ողջ այն կսկիծն ու վիշտը, որին ականատես եմ եղել, երբ այցելել եմ նրանց, ովքեր սգի մեջ են, հիվանդություն են տանում, դիմակայում ամուսնալուծության, մաքառում կամակոր որդու կամ դստեր հետ կամ տանջվում մեղքի հետևանքներից: Ցուցակը կարելի է շարունակել և շարունակել, քանի որ կան անհամար խնդիրներ, որոնք կարող են հանդիպել մեզ: Դժվար է առանձնացնել մեկ օրինակ, սակայն, երբ ես մտածում եմ մարտահրավերների մասին, մտքերս ուղղվում են դեպի Եղբայր Բրեմսը, իմ Կիրակնօրյա Դպրոցի պատանեկության տարիների ուսուցիչներից մեկը: Նա Եկեղեցու հավատարիմ անդամ էր, մարդ, որը ոսկի սիրտ ուներ: Նա և նրա կինը՝ Սադին, ունեին ութ երեխա, որոնցից շատերը նույն տարիքի էին ինչ մեր ընտանիքի երեխաները:

Երբ Ֆրենսիսը և ես ամուսնացանք և տեղափոխվեցինք ծխից, մենք տեսնում էինք եղբայր և քույր Բրեմսին և նրանց ընտանիքի անդամներին հարսանիքներում և հուղարկավորությունների, ինչպես նաև ծխի համահավաքների ժամանակ:

1968թ. Եղբայր Բրեմսը կորցրեց իր կնոջը՝ Սադիին: Նրա երեխաներից երկուսը ևս մահացան տարիներ անց:

Մի օր մոտ 13 տարի առաջ Եղբայր Բրեմսի ամենամեծ թոռնուհին զանգահարեց ինձ: Նա բացատրեց, որ իր պապիկը հասել է իր 105-րդ տարեդարձին: Նա ասաց. «Նա ապրում է մի փոքրիկ խնամքի կենտրոնում, բայց հանդիպում է իր ողջ ընտանիքի հետ ամեն կիրակի, որտեղ նա ավետարանի դաս է տալիս: – Նա շարունակեց, – անցած կիրակի պապիկը հայտարարեց մեզ. «Իմ սիրելիներ, այս շաբաթ ես մեռնելու եմ: Խնդրում եմ կանչեք Թոմի Մոնսոնին: Նա գիտի թե ինչ պիտի անի»:

Ես այցելեցի Եղբայր Բրեմսին հենց հաջորդ երեկոյան: Ես բավականին ժամանակ էր նրան չէի տեսել: Ես չէի կարող խոսել նրա հետ, որովհետև նա կորցրել էր լսողությունը: Ես չէի կարող երկտող գրել նրան, որովհետև նա կորցրել էր տեսողությունը: Ինձ ասացին, որ ընտանիքը հաղորդակցվում էր նրա հետ՝ վերցնելով նրա աջ ձեռքի մատը և հետո նրա ձախ ձեռքի ափի մեջ շարժելով գրում նրան այցելող մարդու անունը: Ամեն ուղերձ պետք է հաղորդվեր այդ նույն ձևով: Ես հետևեցի արարողակարգին՝ վերցնելով նրա մատը և տառ առ տառ գրեցի Թ-Ո-Մ-Ի Մ-Ո-Ն-Ս-Ո-Ն անունը, որով միշտ ճանաչել էր ինձ: Եղբայր Բրեմսը հուզվեց և, վերցնելով իմ ձեռքերը, դրեց իր գլխին: Ես գիտեի, որ նրա ցանկությունն էր քահանայության օրհնություն ստանալը: Վարորդը, ով ինձ խնամքի կենտրոն էր տարել միացավ ինձ, երբ մենք դրեցինք մեր ձեռքերը Եղբայր Բրեմսի գլխին և տվեցինք նրա ցանկացած օրհնությունը: Այնուհետև՝ արցունքներ հոսեցին նրա կուրացած աչքերից: Նա երախտագիտությամբ բռնեց մեր ձեռքերը: Չնայած նա չլսեց օրհնությունը, որ մենք տվեցինք նրան, Հոգին ուժեղ էր, և ես հավատում եմ նա ոգեշնչվեց իմանալու, որ նրան տրվեց այն օրհնությունը, որի կարիքը նա ուներ: Այս հիանալի մարդը չէր կարող այլևս տեսնել: Նա չէր կարողանում այլևս լսել: Նա օր ու գիշեր գամված էր մի փոքրիկ սենյակում խնամքի կենտրոնում: Սակայն դեմքի ժպիտը և խոսքերը, որ նա ասաց, հուզեց սիրտս: «Շնորհակալություն, ասաց նա, իմ Երկնային Հայրն այնքա՜ն բարի է եղել իմ հանդեպ»:

Մեկ շաբաթվա ընթացքում ճիշտ ինչպես որ կանխագուշակել էր Եղբայր Բրեմսը, նա մահացավ: Նա երբեք չէր կենտրոնանում նրա վրա, ինչ չուներ. ավելի շուտ՝ նա միշտ խորապես երախտապարտ էր իր բազում օրհնությունների համար:

Մեր Երկնային Հայրը, ով բարկրանքի այնքան շատ պահեր է շնորհում մեզ, գիտի նաև, որ մենք սովորում ենք, աճում և դառնում ենք ուժեղ, երբ դիմակայում ենք և հաղթահարում ենք փորձությունները, որոնցով պիտի անցնենք: Մենք գիտենք, որ լինում են ժամանակներ, որ մենք կտանենք կսկծալի վիշտ, երբ մենք կսգանք և մենք կստուգվենք մինչև մեր սահմանները: Այնուամենայնիվ, այդպիսի դժվարությունները թույլ են տալիս մեզ փոխվել դեպի լավը, վերակառուցել մեր կյանքը այն ձևով ինչպես մեր Երկնային Հայրն է ուսուցանում մեզ և դառնալ ինչ-որ ձևով տարբեր նրանից, ինչ մենք կանք, ավելի լավը, քան մենք եղել ենք, ավելի փոխըմբռնող, քան մենք էինք, ավելի ուժեղ վկայություններով, քան մենք ունեինք նախկինում:

Սա պետք է լինի մեր նպատակը՝ հաստատակամ լինել և համբերել, այո, բայց ոչ միայն դա, այլ նաև հոգևոր ավելի մաքուր դառնալ մինչ մեր ուղին ենք հարթում՝ անցնելով արևոտ օրվա և վշտի միջով: Եթե չլինեին մարտահրավերները հաղթահարելը և խնդիրները լուծելը, մենք կմնայինք այնպիսին, ինչպիսին որ կայինք, քիչ կամ փոքր առաջընթացով դեպի հավերժական կյանքի մեր նպատակը: Բանաստեղծն արտահայտել է հենց նույն միտքը այս խոսքերում.

Ամուր գերանը հեշտորեն չի աճում,

Որքան ուժեղ է քամին, այնքան ուժեղ են ծառերը:

Որքան հեռու՝ երկինքը, այնքան բարձր են նրանք,

Որքան փոթորիկ, այնքան շատ ուժ:

Արևին թե ցրտին, անձրևին թե ձյանը,

Ծառերի մեջ ամուր փայտ է աճում, Իսկ մարդկանց մեջ՝ ամուր բնավորություն:8

Միայն Վարդապետը գիտի մեր փորձությունների խորությունը, մեր ցավը և մեր տառապանքը: Նա է միայն առաջարկում հավերժական խաղաղություն ձախորդության պահերին: Միայն Նա է հուզում մեր տանջահար հոգիները Իր մխիթարող խոսքերով.

«Ինձ մոտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ:

Ձեզ վրա առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեր անձերի համար հանգստութիւն կգտնէք:

Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ»:9

Թե՛ լավագույն պահերին, թե՛ վատթարագույն պահերին՝ Նա մեզ հետ է: Նա խոստացել է, որ դա երբեք չի փոխվի:

Իմ եղբայրներ և քույրեր, թող որ մենք պարտավորվածություն ունենանք մեր Երկնային Հոր հանդեպ, որը չի փոխվում ժամանակի ընթացքում կամ համաձայն մեր կյանքի ճգնաժամերին: Պետք չէ, որ դժվարություններ տանենք, նոր հիշենք Նրան, և պետք չէ, որ մենք խոնարհեցվենք, նոր Նրան տանք մեր հավատքն ու վստահությունը:

Թող որ միշտ ձգտենք մոտիկ լինել մեր Երկնային Հորը: Այդ անելու համար մենք պետք է աղոթենք Նրան և լսենք Նրան ամեն օր: Մենք իսկապես Նրա կարիքն ունենք ամեն ժամ՝ թե՛ արևափայլի ժամին, թե՛ անձրևի: Թող որ Նրա խոստումը լինի մեր նշանաբանը. «Քեզ չեմ թողիլ եւ քեզ անտես չեմ անիլ»:10

Իմ հոգու ողջ կորովով ես վկայում եմ, որ Աստված ապրում է և սիրում է մեզ, որ Նրա Միածին Որդին ապրեց և մահացավ մեզ համար, և որ Հիսուս Քրիստոսի ավետարանը այն ներթափանցող լույսն է, որը շողում է մեր կյանքի խավար պահերին: Թող որ այն ձեզ միշտ հասանելի լինի. դա իմ աղոթքն է Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: