2010–2019 թթ․
Երեմիայի ողբերը. Զգուշացեք գերությունից
Հոկտեմբեր 2013


Երեմիայի ողբերը. Զգուշացեք գերությունից

Մեր խնդիրն է՝ խուսափել ցանկացած տեսակի գերությունից, օգնել Տիրոջը իր ընտրյալներին հավաքելիս և զոհաբերություն անել աճող սերնդի համար:

Մեր ամուսնության վաղ տարիներին ես և Մերին՝ իմ կինը, որոշեցինք հնարավորինս ընտրել այնպիսի միջոցառումներ, որոնք կարող ենք հաճախել միասին: Մենք ցանկանում էինք նաև իմաստուն լինել մեր բյուջեն կառավարելիս: Մերին սիրում էր երաժշտություն և, անկասկած, մտահոգված էր, որ ես կարող եմ չափից ավելի մեծ շեշտ դնել սպորտային միջոցառումների վրա, այնպես որ նա բանակցություններ վարեց բոլոր վճարովի իրադարձությունների համար, առաջարկելով, որ յուրաքանչյուր ֆուտբոլի կամ սպորտային խաղի դիմաց մենք ընտրենք երկու մշակութային միջոցառում՝ համերգ, օպերա և այլն:

Սկզբում ես դեմ էի օպերային բաղադրիչին, բայց ժամանակի ընթացքում, ես փոխեցի իմ տեսակետը: Ինձ, մասնավորապես, սկսեցին շատ դուր գալ Ջուզեպպե Վերդիի օպերաները:1 Այս շաբաթ նրա ծննդյան 200-ամյակն է:

Իր երիտասարդության տարիներին Վերդին տարվել էր մարգարե Երեմիայով, և 1842 թվականին, 28 տարեկան հասակում, նա համբավ ձեռք բերեց Նաբուկո օպերայով, որն իտալերենով Նոբուգոդոնոսորի՝ Բաբելոնի թագավորի անվան կրճատ ձևն է: Այդ օպերան պարունակում է հասկացություններ, որոնք վերցված են Հին Կտակարանի Երեմիայի մարգարեության, Երեմիայի ողբերի և Սաղմոսներ գրքերից: Օպերան պատկերում է Երուսաղեմի նվաճելն ու հրեաներին հպատակեցնելը ու ծառայեցնելը: 137-րդ Սաղմոսը Վերդիի ոգեշնչումն է եղել նրա հուզիչ և ոգևորիչ «Հրեա ստրուկների երգի» կատարման համար: Այս սաղմոսի անգլերեն սուրբ գրության նախաբանը շատ ողբերգական է հնչում. «Գերության ժամանակ հրեաները լաց են լինում Բաբելոնի գետերի մոտ. վշտի պատճառով, նրանք չէին կարող ոգևորվել՝ երգելու Սիոնի երգերը»:

Իմ նպատակն է խոսել գերության ու կախվածության բազմաթիվ ձևերից մի քանիսի մասին: Ես կհամեմատեմ մեր օրերի որոշ հանգամանքները Երեմիայի այդ օրերի հետ, նախքան Երուսաղեմի անկումը: Ներկայացնելով այս նախազգուշացման ձայնը, ես երախտապարտ եմ, որ Եկեղեցու անդամների մեծ մասն արդարությամբ խուսափում է այն վարքից, որը շատ վիրավորական էր Տիրոջ համար Երեմիայի ժամանակներում:

Երեմիայի մարգարեություներն ու Երեմիայի ողբերը կարևոր են Վերջին Օրերի Սրբերի համար: Երեմիայի և նրա օրերի Երուսաղեմի մասին խոսվում է Մորմոնի Գրքի առաջին գլուխների ետին պլանում: Երեմիան մարգարե Լեքիի ժամանակակիցն էր:2 Տերը տպավորիչ ձևով տեղեկացրել էր Երեմիային իր նախակարգված լինելու մասին. «Քեզ որովայնում չստեղծած՝ ես քեզ գիտէի, եւ արգանդից դեռ դու դուրս չեկած՝ ես քեզ սրբեցի, ես քեզ ազգերի մարգարէ եմ կարգել»:3

Լեքին այլ կոչում, առաքելություն և հանձնարարական ուներ Տիրոջից: Նա կանչվել էր ոչ թե իր երիտասարդության, այլ հասուն տարիքում: Սկզբում նրա գործը նախազգուշացման ձայն բարձրացնելն էր, սակայն հետո, երբ նա հավատարմորեն հայտարարեց նույն պատգամներն, ինչ Երեմիային էր հայտարարել, Տերը պատվիրեց, որ նա վերցներ իր ընտանիքին և հեռանար անապատ:4 Անելով այդ, Լեքին օրհնեց ոչ միայն իր ընտանիքին, այլ նաև բոլոր մարդկանց:

Երուսաղեմի կործանմանը5 նախորդող տարիներին Երեմիային տրված Տիրոջ ուղերձները տխուր հիշողություն են: Նա ասել է.

«Իմ ժողովուրդը փոխել է իր փառքը մի այնպիսի բանով, որ օգուտ չունի …

… Ինձ՝ կենաց ջրի աղբյուրս՝ թողեցին որ իրանց համար հորեր փորեն՝ ծակծակոտ հորեր, որոնք չեն կարող ջուրը պահել»:6

Խոսելով Երուսաղեմի բնակիչներին սպասվող աղետների մասին՝ Տերը ողբում էր. «Հունձքը անցաւ, ամառը վերջացաւ. բայց [նրանք] չփրկուեցան»:7

Աստված նախատեսել է, որ տղամարդիկ և կանայք ազատ լինեն բարու և չարի միջև ընտրելիս: Երբ չարն ընտրելը դառնում է գերիշխող բնութագիր մի ազգի կամ քաղաքակրթության համար, լուրջ հետևանքներ են գալիս թե՛ այս կյանքում և թե՛ հանդերձյալ կյանքում: Մարդիկ կարող են ստրկանալ կամ գերի դառնալ ոչ միայն վնասակար, կախվածություն առաջացնող նյութերին, այլ նաև վնասակար, կախվածություն առաջացնող գաղափարներին, որոնք ետ են պահում արդար ապրելուց:

Ճշմարիտ և կենդանի Աստծուն երկրպագելու պաշտամունքից հրաժարվելն ու կեղծ աստվածներին երկրպագելը, ինչպիսիք են՝ հարստությունն ու փառքը, և անբարոյական ու անարդար վարքով ապրելը տանում են գերության՝ իր բոլոր ստոր դրսևորումներով: Դրանք ներառում են հոգևոր, ֆիզիկական և մտավոր գերությունը, իսկ երբեմն կործանում են բերում: Երեմիան և Լեքին նաև ուսուցանում էին, որ նրանք, ովքեր արդար են, պետք է օգնեն Տիրոջը Իր Եկեղեցին ու թագավորությունը հիմնելիս և ցրված Իսրայելը հավաքելիս:8

Այդ ուղերձների արձագանքը հնչել և ամրապնդվել է դարերի ընթացքում՝ ավետարանի բոլոր տնտեսությունների ժամանակ: Այս վերջին տնտեսության՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման ժամանակ ևս դրանք առանցքային տեղ են գրավում:

Հրեաների գերությունը և Իսրայելի ցեղերի, այդ թվում՝ տասը ցեղերի ցրվելը, ավետարանի Վերականգնման կարևոր վարդապետական գործոններից են: Տասը կորած ցեղերը կազմում էին Իսրայելի Հյուսիսային Թագավորությունը և գերի էին տարվել Ասորեստան՝ Ք.ծ.ա. 721 թվականին: Նրանք գաղթեցին դեպի հյուսիսայի երկրներ:9 Մեր հավատո հանգանակի տասներորդ կետում ասվում է. «Մենք բառացիորեն հավատում ենք Իսրայելի Տան հավաքմանը և նրա Տաս Ցեղերի վերականգնմանը»:10 Մեր համոզմունքն է նաև, որ որպես Տիրոջ հետ Աբրահամի ուխտի մաս ոչ միայն Աբրահամի սերունդն է օրհնվելու, այլ օրհնվելու են երկրի բոլոր ազգերը: Ինչպես Երեց Ռասսել Մ. Նելսոնն է հայտարարել. «Հավաքվելը ֆիզիկական տեղաբաշխման հարց չէ. այն անհատական պարտավորվածության հարց է. մարդիկ կարող են «Տիրոջ՝ իրենց Աստծո իմացությանը բերվել» [3 Նեփի 20.13] առանց իրենց հայրենի հողից հեռանալու»:11

Մեր վարդապետությունը պարզ է. «Իրենց անարդարակեցության և ըմբոստության պատճառով Տերը ցրեց և չարչարեց Իսրայելի տասներկու ցեղերին։ Սակայն, իր ընտրյալ ժողովրդի այս ցրումն աշխարհի ազգերի մեջ, Տերն օգտագործեց նաև այդ ազգերին օրհնելու համար»:12

Այս ողբերգական ժամանակաշրջանից մենք արժեքավոր դասեր ենք սովորում: Մենք պետք է մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անենք, որ խուսափենք մեղքից ու ըմբոստությունից, որոնք տանում են գերության:13 Մենք ընդունում ենք նաև, որ Իր ընտրյալների և Իսրայելի բառացի հավաքման գործում Տիրոջն աջակցելու համար արդար ապրելը կարևոր նախապայման է:

Անազատության ձևերը՝ գերված, նվաճված, կախված ու հակված լինելը, տարբեր կերպ են դրսևորվում: Դա կարող է լինել բառացիորեն ֆիզիկական ստրկացումը, բայց կարող է լինել նաև բարոյական ազատության կորուստը կամ վատթարացումը, որը կխոչընդոտի մեր առաջընթացը: Երեմիան պարզ ասում է, ամբարշտությունն ու ըմբոստությունը Երուսաղեմի կործանման և Բաբելոն գերի տարվելու հիմնական պատճառներն էին:14

Կախվածության մյուս տեսակները ևս հավասարապես կործանարար են մարդկային հոգու համար: Կամքի բարոյական ազատությունը հնարավոր է չարաշահվի բազմաթիվ ձևերով:15 Ես կնշեմ դրանցից չորսը, որոնք առանձնակի կործանարար են մերօրյա քաղաքակրթությունում:

Առաջինը՝ վատ հակումներն են, որոնք սահմանափակում են ազատ կամքը, հակասում բարոյական համոզմունքներին և քայքայում են լավ առողջությունը՝ առաջացնելով կախվածություն: Թմրանյութերի, ալկոհոլի, անբարոյականության, մերկատեսագրությունների, մոլախաղերի, ֆինանսական հպատակեցման և նմանատիպ այլ ցավերը կախվածության մեջ գտնվողների և հասարակության վրա այնպիսի մեծության բեռ են դնում, որ գրեթե անհնարին է չափել:

Երկրորդ խմբում այն հակումները կամ նախասիրություններն են, որոնք, թեև ծագումով չարը չեն, սակայն կարող են վատնել մեզ հատկացված թանկագին ժամանակը, որը հակառակ դեպքում կարող էր օգտագործվել առաքինի նպատակներ իրականացնելու համար: Դրանց թվում կարելի է դասել սոցիալական ցանցերի, վիդեո և թվային խաղերի, սպորտի, հանգստի և շատ այլ բաների չափից շատ օգտագործումը:16

Ընտանիքին հատկացված ժամանակն ամենակարևոր հարցերից է, որին բախվում են քաղաքակրթությունների մեծ մասը: Մի ժամանակ, երբ ես մեր իրավաբանական ընկերությունում միակ Եկեղեցու անդամն էի, փաստաբան կանանցից մեկն ինձ հետ կիսվեց, թե ինչպես էր նա միշտ ձեռնածուի պես զգում իրեն, երբ փորձում էր միևնույն ժամանակ երեք գնդակ պահել օդում: Մի գնդակը նրա փաստաբանական աշխատանքն էր, մյուսը՝ նրա ամուսնությունն էր, իսկ երրորդը նրա երեխաներն էին: Նա գրեթե հրաժարվել էր իր համար ժամանակ հատկացնելուց: Նա մեծապես մտահոգված էր, որ գնդակներից մեկը միշտ գետնին ընկած էր: Ես առաջարկեցի, որ մենք հավաքվենք որպես խումբ և քննարկենք մեր առաջնահերթությունները: Մենք որոշեցինք, որ հիմնական պատճառը, որ աշխատում ենք, մեր ընտանիքներին աջակցելն է: Մենք համաձայնվեցինք, որ ավելի շատ գումար վաստակելն այնքան կարևոր չէ, որքան մեր ընտանիքը, սակայն ընդունեցինք, որ մեր հաճախորդներին մեր լավագույն կարողությունների սահմաններում ծառայելը կարևոր է: Ապա՝ քննարկումն անցավ նրան, թե ինչ ենք մենք անում աշխատանքի վայրում, որն անհրաժեշտ չէր, և որը կարելի էր օգտագործել ընտանիքի համար: Արդյոք կա՞ ճնշում աշխատավայրում, որը ստիպում է ոչ էական ժամանակ ծախսել:17 Մենք որոշեցինք նպատակ դնել ընտանիքի համար բարենպաստ միջավայր ստեղծել թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար: Եկե՛ք առաջատար լինենք ընտանիքի ժամանակը պաշտպանելու հարցում:

Երրորդ, մեր օրերում առավել տարածվածը, ինչպես որ եղել է ողջ պատմության ընթացքում, կախվածությունն է այն գաղափարախոսական կամ քաղաքական համոզմունքներից, որոնք հակասում են Հիսուս Քրիստոսի ավետարանին: Ավետարանի ճշմարտությունները մարդկային իմաստասիրությամբ փոխարինելը կարող է մեզ հեռու տանել Փրկչի պարզ ուղերձից: Երբ Պողոս Առաքյալն այցելեց Աթենք, նա փորձեց ուսուցանել Հիսուս Քրիստոսի Հարության մասին: Այս ջանքերի մասին մենք կարդում ենք Գործք Առաքելոց գրքում. «Որովհետեւ բոլոր Աթենացիք եւ այն տեղ կենող օտարները՝ ուրիշ ոչ մի բանի չէին պարապում, բայց միայն որ նոր բան ասեն կամ լսեն»։18 Երբ բազմությունը գիտակցեց, որ Պողոսի ուղերձը պարզ կրոնական բնույթ ունի, որը նոր չէ, նրանք մերժեցին այն:

Սա խորհրդանշական է մեր օրերի համար, երբ ավետարանի ճշմարտությունները հաճախ մերժվում կամ խեղաթյուրվում են, որպեսզի մտավորապես ավելի գրավիչ կամ համատեղելի լինեն առկա մշակութային միտումների և մտավոր իմաստասիրությունների հետ: Եթե զգուշավոր չլինենք, մենք կարող ենք տարվել այդ միտումներով և հայտնվել մտավոր կախվածության մեջ: Այսօր բազմաթիվ ձայներ կան, որոնք կանանց թելադրում են ինչպես ապրել:19 Դրանք հաճախ հակասում են միմյանց: Առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում այն գաղափարախոսությունները, որոնք քննադատում կամ նվազեցնում են հարգանքը կանանց հանդեպ, ովքեր ընտրում են զոհաբերություն կատարել, որն անհրաժեշտ է մայր, ուսուցիչ, դաստիարակ դառնալու կամ երեխաներին ընկեր լինելու համար:

Մի քանի ամիս առաջ մեր երկու կրտսեր թոռնուհիներն այցելեցին մեզ՝ յուրաքանչյուրը մեկ շաբաթ: Ես տանն էի և բացեցի դուռը: Իմ կինը՝ Մերին, սենյակում էր: Երկու դեպքում էլ, ինձ գրկելուց հետո, երկուսն էլ գրեթե նույն բանն ասացին: Նրանք նայեցին շուրջը, ապա ասացին. «Ես սիրում եմ լինել տատիկի տանը: Որտե՞ղ է տատիկը»: Ես նրանց դա չեմ ասել, բայց ես մտածում էի. «Իսկ սա պապիկի տունը չէ՞»: Այնուհետև, ես հիշեցի, որ երբ պատանի էի, մի անգամ մենք ընտանիքով գնում էինք տատիկիս տուն: Այդ ժամանակ իմ մտքին եկան ծանոթ մի երգի խոսքեր, որտեղ ասվում է. «Գետի վրայով ու անտառի միջով մենք գնում ենք տատիկի տուն»:

Թույլ տվեք ասել, միանշանակ, որ ես հրճվում եմ կրթական և այլ հնարավորություններով, որոնք մատչելի են կանանց մեր օրերում: Ես արժեքավոր եմ համարում այն փաստը, որ կանանցից պահանջվող ֆիզիկական ու տնային ծանր աշխատանքները թեթևացել են աշխարհի շատ մասերում ժամանակակից սարքավորումների շնորհիվ, և որ կանայք հոյակապ ներդրում են կատարում կյանքի տարբեր բնագավառներում: Սակայն, եթե մենք թույլ տանք, որ մեր քաղաքակրթությունը նվազեցնի այն հատուկ հարաբերությունները, որ երեխաները պետք է ունենան մայրերի, տատիկների և իրենց դաստիարակների հետ, մենք մեծապես կզղջանք դրա համար:

Չորրորդ, այն ուժերը, որոնք ոտնահարում են անկեղծորեն պահպանվող կրոնական սկզբունքները, կարող են բերել կախվածություն: Այդ չարակամ ձևերից մեկն այն է, երբ արդար մարդկանց, որ Աստծո առաջ պատասխանատու են զգում իրենց վարքի համար, ստիպում են այնպիսի գործեր անել, որոնք իրենց խղճին դեմ են, օրինակ, առողջության բնագավառում, երբ բժշկին ստիպում են ընտրել իրենց խղճին հակառակ օգնել արհեստական վիժմանը, կամ հեռանալ աշխատանքից:

Եկեղեցին հարաբերական փոքրամասնություն է կազմում նույնիսկ այն դեպքում, երբ նրան միացնես այն մարդկանց, ովքեր նման հայացքներ կրող են: Հասարակությունը մեծ առումով փոխելը դժվար է, բայց մենք պետք է աշխատենք, որպեսզի բարելավենք մեզ շրջապատող բարոյական մշակույթը: Վերջին Օրերի Սրբերը ցանկացած երկրում պետք է լավ քաղաքացիներ լինեն, քաղաքացիական հարցերում կրթված լինեն և մասնակցեն գործընթացներին և ընտրություններին:

Այդ ամենով հանդերձ, մեր առաջնային շեշտը միշտ պետք է լինի, անհրաժեշտ զոհաբերություններ անելով, մեր իսկ ընտանիքին և աճող սերնդին պաշտպանելը:20 Նրանց ճնշող մեծամասնությունը վնասակար հակումներից կամ կեղծ գաղափարախոսություններից կախվածության մեջ չէ դեռևս: Մենք պետք է օգնենք նրանց պատվաստվել, որ չնմանվեն այն աշխարհին, որը շատ նման է Լեքիի և Երեմիայի նկարագրած Երուսաղեմին: Բացի այդ, մենք պետք է պատրաստենք նրանց, որ սրբազան ուխտեր կապեն ու պահեն և լինեն այն հիմնական պատվիրակները, որոնք կօգնեն Տիրոջը հիմնել Իր Եկեղեցին ու հավաքել ցրված Իսրայելն ու Տիրոջ ընտրյալներին աշխարհով մեկ:21 Ինչպես Վարդապետություն և Ուխտերում է գեղեցիկ ասվում. «Արդարները պիտի հավաքվեն բոլոր ազգերի միջից և պիտի գան Սիոն՝ երգելով հավիտենական ուրախության երգեր»:22

Մեր խնդիրը գերության ցանկացած տեսակից խուսափելն է, Տիրոջն օգնելը, որ հավաքի Իր ընտրյալներին, և զոհաբերություն անելը աճող սերնդի համար: Մենք պետք է միշտ հիշենք, որ մենք չէ, որ փրկում ենք մեզ: Մենք ազատագրվում ենք Փրկչի սիրո, շնորհի և քավիչ զոհաբերության շնորհիվ: Երբ Լեքիի ընտանիքը փախչեց, նրանք առաջնորդվում էին Տիրոջ լույսով: Եթե մենք հավատարիմ լինենք իր լույսին, հետևենք Նրա պատվիրաններին և ապավինենք Նրա արժանիքներին, մենք կխուսափենք հոգևոր, ֆիզիկական և մտավոր կախվածությունից, ինչպես նաև մեր իսկ անապատում թափառելու ողբերից, որովհետև նա հզոր է փրկելիս:

Եկեք խուսափենք այն հուսահատությունից ու վշտից, որը գալիս է գերությունից, որը հեռացնում է Սիոնի երգերը երգելու ցանկությունը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Վերդիի բազմաթիվ օպերաներ, ինչպիսիք են՝ Աիդա», Տրավիատա, Տրուբադուր օպերաները, ամենատարածված օպերաների թվում են, որոնք բեմադրվում են այսօր աշխարհով մեկ:

  2. Տես 1 Նեփի 5.13; 7.14:

  3. Երեմիա 1.5:

  4. Տես 1 Նեփի 2.2–3:

  5. Սողոմոնի տաճարի կործանումը, Երուսաղեմի անկումը և Հուդայի ցեղի գերևարումը տեղի ունեցավ Ք.ծ.ա. մոտ 586 թվականին:

  6. Երեմիա 2.11, 13:

  7. Երեմիա 8.20: Երեմիան մինչ այդ արձանագրել էր ապաշխարության Տիրոջ աղաղակը. «Ցաւով բռնուած է սիրտս» (Երեմիա 4.19) և աղերսանքը. «Մի մարդ կգտեք իրաւունք անող եւ ճշմարտություն խնդրող. և ես այն քաղաքին կներեմ» (Երեմիա 5.1):

  8. Տես Երեմիա 31; 1Նեփի 10.14:

  9. Տես Դ Թագավորաց 17.6, Վարդապետություն և Ուխտեր 110.11:

  10. Հավատո Հանգանակ 1.10, տես նաև 2 Նեփի 10.22:

  11. Russell M. Nelson, “The Book of Mormon and the Gathering of Israel” (address given at the seminar for new mission presidents, June 26, 2013).

  12. Տես Սուրբ գրությունների ուղեցույց, Իսրայել, scriptures.lds.org:

  13. Խոսելով մեր օրերի մասին, Տերն ասել է. «ողջ աշխարհն ընկած է մեղքի մեջ, և հառաչում է խավարի տակ և մեղքի գերության … տակ քանի որ նրանք չեն գալիս ինձ մոտ» (Վարդապետություն և Ուխտեր 84.49–50):

  14. Իհարկե, անմեղ մարդիկ ևս կարող են ստրկացվել:

  15. Վարդապետական սկզբունքները չեն փոխվում, սակայն գերություն, կախվածության և կործանման միջոցները աննախադեպ ձևով արագացել են:

  16. Անդրադառնալով թվային խաղերի կախվածություն առաջացնող բնույթին՝ այդ մասին՝ տեղին և փոքր-ինչ հումորով նշված էր անցյալ տարվա The New York Times պարբերականի շապիկին (ապրիլի 8, 2012): Այնտեղ գրված էր. «Գերկախվածություն առաջացնող, ժամանակ կլանող, հարաբերություններ բթացնող, միտք ջախջախող հիմար թվային խաղերի ուժն ու հրապուրանքը»: Եվ ապա, փոքր տառաշարով ավելացված. «(չնայած, որ մենք էլ ենք դրանցով տարված)»: Սա մի զվարթ ձևով ընդգծում է իմաստություն գործածելու անհրաժեշտությունը այն հարցում, թե ինչպես ենք մենք օգտագործում մեր դարաշրջանի հրաշալի տեխնոլոգիական գյուտերը:

  17. Շատ աշխատավայրերում ժամանակակից կարգախոս է դարձել հետևյալը. «Մենք քրտնաջան աշխատում ենք և քրտնաջան խաղում ենք»: Չնայած որ աշխատակիցների հետ համախմբված լինելը կարևոր է, երբ «աշխատանքն ու խաղը» գրավում են ընտանեկան ժամանակի տեղը, այն դառնում է ինքնատապալման մի ձև:

  18. Գործք 17.21, շեշտադրումն ավելացվել է:

  19. Տես Keli Goff, “Female Ivy League Graduates Have a Duty to Stay in the Workforce,” Guardian, Apr. 21, 2013, www.theguardian.com/commentisfree/2013/apr/21/female-ivy-league-graduates-stay-home-moms; Sheryl Sandberg, Lean In: Women, Work, and the Will to Lead (2013); Anne-Marie Slaughter, “Why Women Still Can’t Have It All,” The Atlantic, June 13, 2012, www.theatlantic.com/magazine/print/2012/07/why-women-still-cant-have-it-all/309020; Lois M. Collins, “Can Women ‘Have It All’ When It Comes to Work and Family Life?” Deseret News, June 28, 2012, A3; Judith Warner, “The Midcareer Timeout (Is Over),” New York Times Magazine, Aug. 11, 2013, 24–29, 38; Scott Schieman, Markus Schafer, and Mitchell McIvor, “When Leaning In Doesn’t Pay Off,” New York Times, Aug. 11, 2013, 12:

  20. Եկեղեցին խրախուսում է եպիսկոպոսության անդամներին աջակցել ընտանիքներին՝ ավելի շատ ժամանակ ծախսելով երիտասարդ տղամարդկանց, երիտասարդ կանանց և երիտասարդ ամուրիների հետ: Եպիսկոպոսության անդամներին խրախուսվում է ծխի խորհրդում ավելի շատ պարտականություններ պատվիրակել Մելքիսեդեկյան Քահանայության քվորումներին, օժանդակ կազմակերպություններին և անդամներին, ովքեր ունեն հատուկ ունակություններ, համապատասխանաբար աջակցելու մյուս անդամներին:

  21. Տես Վարդապետություն և Ուխտեր 29.7:

  22. Վարդապետություն և Ուխտեր 45.71: