Սուրբ գրություններ
Մոսիա 24


Գլուխ 24

Ամուղոնը հալածում է Ալմային ու նրա ժողովրդին – Նրանք պետք է մահվան ենթարկվեն, եթե աղոթեն – Նրանց բեռները Տերը դարձնում է թեթև թվացող – Նա ազատում է նրանց ճորտությունից, և նրանք վերադառնում են Զարահեմլա: Մոտ 145–120թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ եղավ այնպես, որ Ամուղոնը շնորհ գտավ Լամանացիների թագավորի աչքում. հետևաբար, Լամանացիների թագավորը թույլ տվեց նրան և նրա եղբայրներին, որ նրանք նշանակվեին ուսուցիչներ իր ժողովրդի վրա, այո, նույնիսկ այն ժողովրդի վրա, ովքեր Սեմլոնի երկրում էին, և Սիլոմի երկրում, և Ամուղոնի երկրում:

2 Քանզի Լամանացիները վերցրել էին այս բոլոր երկրների տիրապետությունը. հետևաբար, Լամանացիների թագավորը բոլոր այս երկրների վրա նշանակել էր թագավորներ:

3 Եվ արդ, Լամանացիների թագավորի անունը Լաման էր՝ կոչված լինելով իր հոր անունով. և ուստի, նա կոչվում էր թագավոր Լաման: Եվ նա թագավոր էր մի բազմաքանակ ժողովրդի վրա:

4 Եվ Ամուղոնի եղբայրներից նա ուսուցիչներ նշանակեց ամեն երկրում, որը սեփականացվել էր իր ժողովրդի կողմից. և այսպիսով, Նեփիի լեզուն սկսվեց ուսուցանվել Լամանացիների ողջ ժողովրդի մեջ:

5 Եվ նրանք մի ժողովուրդ էին՝ մեկը մյուսի հանդեպ բարյացակամ. թեև նրանք չգիտեին Աստծուն. ոչ էլ Ամուղոնի եղբայրներն էին նրանց որևէ բան սովորեցրել Տիրոջ՝ իրենց Աստծո մասին, կամ Մովսեսի օրենքի. ոչ էլ Աբինադիի խոսքերն էին նրանք սովորեցրել նրանց.

6 Բայց նրանք սովորեցնում էին նրանց, որ նրանք պահեն իրենց հիշատակարանը, և որ նրանք կարողանան գրել մեկը մյուսին:

7 Եվ այսպիսով, Լամանացիները սկսեցին հարստություններ դիզել, և սկսեցին առևտուր անել մեկը մյուսի հետ ու հզորանալ, և դարձան մի խորամանկ և իմաստուն մի ժողովուրդ, ինչ վերաբերում էր աշխարհիկ իմաստությանը, այո՛, մի շատ խորամանկ ժողովուրդ՝ հրճվելով ամեն ձևի ամբարշտությամբ ու կողոպուտով, բացառությամբ իրենց սեփական եղբայրների նկատմամբ:

8 Եվ արդ, եղավ այնպես, որ Ամուղոնը սկսեց իշխանություն գործադրել Ալմայի ու նրա եղբայրների վրա, և սկսեց հալածել նրան, և կարգադրեց, որ իր զավակները հալածեն նրանց զավակներին:

9 Քանզի Ամուղոնը գիտեր Ալմային, որ նա եղել էր թագավորի քահանաներից մեկը, և որ այդ նա էր, որ հավատաց Աբինադիի խոսքերին և դուրս վռնդվեց թագավորի առջևից, և հետևաբար, նա զայրացած էր նրա վրա. չնայած ինքը հպատակ էր թագավոր Լամանին, այնուամենայնիվ, նա իշխանություն էր գործադրում նրանց վրա, և հանձնարարություններ դնում նրանց վրա, և վերակացուներ դնում նրանց վրա:

10 Եվ եղավ այնպես, որ այնքան մեծ էին նրանց չարչարանքները, որ նրանք սկսեցին ուժգնորեն աղաղակել առ Աստված:

11 Եվ Ամուղոնը հրամայեց նրանց, որ նրանք դադարեցնեն իրենց աղաղակները. և նա պահակներ դրեց նրանց վրա՝ հսկելու նրանց, որ ում գտնեին առ Աստված կանչելիս, մահվան դատապարտեին:

12 Եվ Ալման ու նրա ժողովուրդը չէին բարձրացնում իրենց ձայնն առ Տերը՝ իրենց Աստվածը, բայց իրենց սիրտը դուրս էին թափում նրան. և նա գիտեր մտքերը նրանց սրտերի:

13 Եվ եղավ այնպես, որ Տիրոջ ձայնը եկավ նրանց իրենց չարչարանքների մեջ՝ ասելով. Բարձրացրեք ձեր գլուխները և հանգիստ եղեք, քանզի ես գիտեմ ուխտի մասին, որը դուք արել եք ինձ հետ. և ես կուխտեմ իմ ժողովրդի հետ ու կազատեմ նրանց ճորտությունից:

14 Եվ ես նաև կթեթևացնեմ բեռները, որոնք դրվել են ձեր ուսերին, որպեսզի դուք մինչև անգամ չզգաք դրանք ձեր մեջքին, նույնիսկ մինչ դուք ճորտության մեջ եք. և սա ես կանեմ, որպեսզի հետագայում դուք կարողանաք կանգնել որպես վկաներ ինձ համար, և որպեսզի դուք կարողանաք հաստատ իմանալ, որ ես՝ Տեր Աստվածս, այցելում եմ իմ ժողովրդին իրենց չարչարանքների մեջ:

15 Եվ արդ, եղավ այնպես, որ բեռները, որոնք դրվել էին Ալմայի ու նրա եղբայրների վրա, թեթևացան. այո՛, Տերն ուժեղացրեց նրանց, որ նրանք կարողանային իրենց բեռները հեշտությամբ տանել, և նրանք զվարթությամբ ու համբերությամբ հնազանդվեցին Տիրոջ ողջ կամքին:

16 Եվ եղավ այնպես, որ այնքան մեծ էր նրանց հավատքն ու նրանց համբերությունը, որ Տիրոջ ձայնը կրկին եկավ նրանց՝ ասելով. Հանգիստ եղեք, քանզի էգուց ես ազատելու եմ ձեզ ճորտությունից:

17 Եվ նա ասաց Ալմային. Դու կգնաս այս ժողովրդի առաջից, և ես կգնամ քեզ հետ ու այս ժողովրդին կազատեմ ճորտությունից:

18 Արդ եղավ այնպես, որ Ալման ու նրա ժողովուրդը գիշերվա ընթացքում ի մի հավաքեցին իրենց հոտերը, և նաև իրենց հատիկը. այո՛, նույնիսկ ամբողջ գիշերվա ընթացքում նրանք ի մի էին հավաքում իրենց հոտերը:

19 Եվ առավոտյան Տերը մի խորը քուն բերեց Լամանացիների վրա, այո, և բոլոր նրանց վերակացուները խորը քնի մեջ էին:

20 Եվ Ալման ու նրա ժողովուրդը հեռացան անապատ. և երբ նրանք ճամփորդել էին ամբողջ օրը, նրանք խփեցին իրենց վրանները մի հովտում, և նրանք կոչեցին հովիտը Ալմա, որովհետև նա էր առաջնորդում իրենց ճանապարհն անապատում:

21 Այո, և Ալմայի հովտում նրանք դուրս թափեցին իրենց գոհությունն առ Աստված, որովհետև նա ողորմած էր եղել իրենց հանդեպ, և թեթևացրել էր իրենց բեռները, և ազատել էր իրենց ճորտությունից, քանզի իրենք ճորտության մեջ էին, և ոչ ոք չէր կարող ազատել իրենց, բացի, Տիրոջից՝ իրենց Աստծուց:

22 Եվ նրանք գոհություն հայտնեցին Աստծուն, այո՛, բոլոր նրանց տղամարդիկ և բոլոր նրանց կանայք ու բոլոր նրանց զավակները, որոնք կարող էին խոսել, բարձրացրեցին իրենց ձայները գովքերում իրենց Աստծո:

23 Եվ արդ Տերն ասաց Ալմային. Աճապարիր և քեզ ու այս ժողովրդին հանիր այս երկրից դուրս, քանզի Լամանացիներն արթնացել են և հետապնդում են քեզ. հետևաբար, քեզ այս երկրից դուրս հանիր, և ես կկանգնեցնեմ Լամանացիներին այս հովտում, որպեսզի նրանք ավելի հեռու չգան՝ այս ժողովրդին հետամուտ:

24 Եվ եղավ այնպես, որ նրանք հեռացան հովտից, և ձեռնարկեցին իրենց ճամփորդությունը դեպի անապատ:

25 Եվ նրանք անապատում տասներկու օր լինելուց հետո հասան Զարահեմլայի երկիրը. և թագավոր Մոսիան նրանց նույնպես ընդունեց ուրախությամբ: