Գլուխ 27
Հիսուսը պատվիրում է նրանց Եկեղեցին կոչել իր անունով – Նրա առաքելությունը և քավիչ զոհաբերությունը կազմում են նրա ավետարանը – Մարդկանց պատվիրվում է ապաշխարել և մկրտվել, որպեսզի կարողանան սրբագործվել Սուրբ Հոգով – Նրանք պետք է լինեն, ճիշտ ինչպես Հիսուսն է: Մոտ 34–35թթ. Ք.ծ.հ.:
1 Եվ եղավ այնպես, որ մինչ Հիսուսի աշակերտները ճանապարհորդում էին և քարոզում այն բաները, որոնք նրանք և՛ լսել էին, և՛ տեսել, և մկրտում էին Հիսուսի անունով, եղավ այնպես, որ աշակերտները հավաքվեցին և միաբանվեցին հզոր աղոթքով ու ծոմով:
2 Եվ Հիսուսն իրեն կրկին ցույց տվեց նրանց, քանի որ նրանք աղոթում էին Հորը՝ նրա անունով. և Հիսուսը եկավ ու կանգնեց նրանց մեջտեղում, և ասաց նրանց. Ի՞նչ եք կամենում, որ ես ձեզ տամ:
3 Եվ նրանք ասացին նրան. Տե՛ր, մենք կամենում ենք, որ դու ասես մեզ այն անունը, որով մենք պիտի կոչենք այս եկեղեցին. քանի որ ժողովրդի մեջ վիճաբանություններ կան այս հարցի առնչությամբ:
4 Եվ Տերն ասաց նրանց. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչո՞ւ պիտի ժողովուրդը տրտնջա և վիճի այս բանի պատճառով:
5 Մի՞թե դուք չեք կարդացել սուրբ գրքերը, որոնք ասում են՝ դուք պետք է վերցնեք ձեզ վրա Քրիստոսի անունը, որն իմ անունն է: Քանզի այս անունով պիտի դուք կոչվեք վերջին օրը.
6 Եվ ով որ վերցնում է իր վրա իմ անունը և համբերում մինչև վերջ, նույնը պիտի փրկվի վերջին օրը:
7 Հետևաբար, ինչ որ դուք անեք, դուք դա պիտի անեք իմ անունով. հետևաբար, դուք պիտի կոչեք եկեղեցին իմ անունով. և դուք պիտի կանչեք առ Հայրն իմ անունով, որպեսզի նա օրհնի եկեղեցին՝ հանուն ինձ:
8 Եվ ի՞նչպես կլինի այն իմ եկեղեցին, եթե այն կոչված չլինի իմ անունով: Քանզի, եթե մի եկեղեցի կոչվի Մովսեսի անունով, ուրեմն դա կլինի Մովսեսի եկեղեցին. կամ եթե այն կոչված լինի մարդու անունով, ուրեմն դա կլինի մարդու եկեղեցի. բայց եթե այն կոչված լինի իմ անունով, ուրեմն դա իմ եկեղեցին է, եթե այնպես լինի, որ նրանք կառուցված լինեն իմ ավետարանի վրա:
9 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք կառուցված եք իմ ավետարանի վրա. հետևաբար, ինչ բաներ որ կոչեք, դուք պիտի կոչեք իմ անունով. հետևաբար, եթե դուք կանչեք առ Հայրը՝ եկեղեցու համար, եթե դա լինի իմ անունով, Հայրը կլսի ձեզ.
10 Եվ եթե այնպես լինի, որ եկեղեցին կառուցված լինի իմ ավետարանի վրա, այն ժամանակ Հայրը ցույց կտա իր սեփական գործերը դրանում:
11 Բայց եթե դա կառուցված չլինի իմ ավետարանի վրա, և կառուցված լինի մարդկանց գործերի վրա, կամ դևի գործերի վրա, ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք ուրախություն ունեն իրենց գործերում միառժամանակ, և շուտով գալիս է վերջը, և նրանք կտրվում են, և գցվում կրակի մեջ, որտեղից չկա վերադարձ:
12 Քանզի նրանց գործերը հետևում են նրանց, քանզի դա նրանց գործերի պատճառով է, որ նրանք կտրվում են. ուստի, հիշե՛ք այն բաները, որ ես ասացի ձեզ:
13 Ահա, ես տվել եմ ձեզ իմ ավետարանը, և այս է ավետարանը, որ ես տվել եմ ձեզ, որ ես եկա աշխարհ՝ կատարելու իմ Հոր կամքը, որովհետև իմ Հայրն ուղարկեց ինձ:
14 Եվ իմ Հայրն ուղարկեց ինձ, որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ. իսկ հետո, երբ խաչի վրա էի բարձրացվել, որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ, որպեսզի ինչպես ես բարձրացվեցի մարդկանց կողմից, ճիշտ նույնպես մարդիկ բարձրացվեն Հոր կողմից՝ կանգնելու իմ առջև, դատվելու ըստ իրենց գործերի՝ լինեն դրանք բարի, թե լինեն դրանք չար,
15 Եվ այս պատճառով եմ ես բարձրացվել. հետևաբար, համաձայն Հոր զորության, ես բոլոր մարդկանց կձգեմ դեպի ինձ, որպեսզի նրանք կարողանան դատվել՝ համաձայն իրենց գործերի:
16 Եվ կլինի այնպես, որ ով որ ապաշխարի և մկրտվի իմ անունով, նա կլցվի. և եթե նա համբերի մինչև վերջ, ահա, նրան ես անմեղ կհամարեմ իմ Հոր առաջ այն օրը, երբ ես կկանգնեմ՝ դատելու աշխարհը:
17 Եվ ով որ չի համբերի մինչև վերջ, այդ նա է, որ նույնպես կկտրվի և կգցվի կրակի մեջ, որտեղից այլևս հնարավոր չէ վերադառնալ՝ Հոր արդարադատության պատճառով:
18 Եվ սա է այն խոսքը, որը նա տվել է մարդկանց զավակներին: Եվ այս պատճառով նա կատարում է խոսքերը, որոնք տվել է, և չի ստում, այլ բոլոր իր խոսքերը կատարում է:
19 Եվ ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել նրա արքայությունը. ուստի, ոչինչ չի մտնում նրա հանգիստը, բացի նրանցից, ովքեր լվացել են իրենց հանդերձներն իմ արյունով՝ իրենց հավատքի, և բոլոր իրենց մեղքերից ապաշխարության, և մինչև վերջ իրենց հավատարմության շնորհիվ:
20 Արդ այս է պատվիրանը. Ապաշխարեք, դո՛ւք, աշխարհի բոլոր ծայրեր, և եկեք ինձ մոտ ու մկրտվեք իմ անունով, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին, որպեսզի դուք կարողանաք կանգնել անբիծ իմ առջև վերջին օրը:
21 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, այս է իմ ավետարանը. և դուք գիտեք այն բաները, ինչ դուք պիտի անեք իմ եկեղեցում. քանզի այն գործերը, որոնք դուք տեսաք ինձ անելիս, դրանք պետք է նաև դո՛ւք անեք. քանզի այն, ինչ դուք տեսաք ինձ անելիս, հենց այդ պետք է դուք անեք.
22 Հետևաբար, եթե դուք անեք այդ բաները, օրհնված եք դուք, քանզի դուք պիտի բարձրացվեք վերջին օրը:
23 Գրեք այն բաները, որոնք դուք տեսաք և լսեցիք, բացի նրանցից, որոնք արգելված են:
24 Գրեք այս ժողովրդի գործերը, որոնք պիտի լինեն, ճիշտ ինչպես որ գրվել է այն մասին, ինչ եղել է:
25 Քանզի ահա, այն գրքերից, որոնք գրվել են, և որոնք կգրվեն, այս ժողովուրդը պիտի դատվի, քանզի դրանց միջոցով նրանց գործերը պիտի հայտնի դարձվեն մարդկանց:
26 Եվ ահա, բոլոր բաները գրվել են Հոր կողմից. հետևաբար, այն գրքերից, որոնք կգրվեն, պիտի դատվի աշխարհը:
27 Եվ իմացեք, որ դուք պիտի լինեք դատավորներն այս ժողովրդի՝ համաձայն այն արդարադատության, որ ես կտամ ձեզ, որը կլինի արդար: Հետևաբար, ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ:
28 Եվ այժմ ես գնում եմ Հոր մոտ: Եվ ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ինչ բաներ որ դուք խնդրեք Հորը, իմ անունով, կտրվի ձեզ:
29 Հետևաբար, խնդրեք և դուք կստանաք. թակեք և կբացվի ձեզ. քանզի նա, ով խնդրում է, ստանում է. և նրա համար, ով թակում է, կբացվի:
30 Եվ այժմ ահա, իմ ուրախությունը մեծ է, մինչև իսկ լիակատար՝ ձեր և նաև այս սերնդի շնորհիվ. այո, նույնիսկ Հայրն է ցնծում, և նաև, բոլոր սուրբ հրեշտակները՝ ձեր և այս սերնդի շնորհիվ. քանզի նրանցից ոչ մեկը չի կորչի:
31 Ահա, ես կկամենայի, որ դուք հասկանաք. քանզի ես ի նկատի ունեմ նրանց, ովքեր այժմ այս սերնդից կենդանի են. և նրանցից ոչ մեկը չի կորչի. և ես լիակատար ուրախություն ունեմ նրանցում:
32 Բայց ահա, ես վշտանում եմ այս սերնդից սկսած՝ չորրորդ սերնդի պատճառով, քանզի նրանք գերության են տարվում նրա կողմից, ճիշտ ինչպես կորստի որդին. քանզի նրանք կծախեն ինձ՝ արծաթի ու ոսկու համար, և նրա համար, ինչը ցեցն ապականում է, և որը գողերը կարող են ներս խուժել և գողանալ: Եվ այն օրը ես կայցելեմ նրանց, այսինքն՝ շրջելով նրանց գործերն իրենց իսկ գլխին:
33 Եվ եղավ այնպես, որ երբ Հիսուսն ավարտեց այս խոսքերը, նա ասաց իր աշակերտներին. Ներս մտեք նեղ դռնով. քանզի նեղ է դուռը և անձուկ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և քչերն են, որ գտնում են այն. բայց լայն է դուռը և ընդարձակ՝ ճանապարհը, որ տանում է դեպի մահ, և շատերն են, որ ճանապարհվում են այնտեղով, մինչև որ գալիս է գիշերը, երբ ոչ մի մարդ չի կարող գործել: