2021
Բարգավաճումը փոփոխության ժամանակ
Հունվար 2021


Բարգավաճումը փոփոխության ժամանակ

Երբ 2018 թվականին գնացի միսիա ծառայելու, ես ընդհանրապես չէի սպասում, որ կծառայեմ ինքնամեկուսացման շրջանում: Բայց իրականում ես կողմ էի դրան, քանի որ մենք ավելի շատ ժամանակ ունեցանք հանդիպելու Եկեղեցու անդամների, ընկերների և հետաքրքրվողների հետ:

Բայց այդ օրհնություններին զուգընթաց կային նաև դժվարություններ։ 2019 թվականի վերջին մեզ թույլատրեցին օգտագործել սմարթֆոններ, ինչը ինքնամեկուսացման շրջանում մեծ օրհնություն դարձավ մեզ համար և իրականում օգնեց մեր աշխատանքին: Երբեմն մեր օրերը և նույնիսկ շաբաթները շատ ծանրաբեռնված էին, բայց մեզանից ոմանց համար միշտ չէր, որ ամեն բան սահուն էր անցնում։ Կային նաև դանդաղ անցնող ժամանակներ, երբ օրերը միօրինակ ձգվում էին։ Նման պահերին ես ներքին պայքարի մեջ էի մտնում իմ «Ես»-ի հետ, ով սիրում է ֆիլմեր, երաժշտություն, գրքեր և ավելին, և մյուս «Ես»-ի հետ, ով գտնվում էր Տիրոջ ծառայության մեջ:

Սակայն մենք պատրաստված էինք, քանի որ արդեն գիտեինք՝ ինչպես օգտագործել մեզ վստահված տեխնոլոգիաները: Մենք դրանք հաջողությամբ կիրառեցինք չորսուկես ամիս և կարողացանք հասկանալ գլխավորը. ամեն ինչ լավ է ընթանում, երբ իրականում կենտրոնացած ես գլխավոր նպատակի վրա, իսկ դա միսիոներական ծառայությունն է: Հետո հասկանում ես, որ դու եկել ես մարդկանց ծառայելու համար՝ ճիշտ ձևով կիրառելով տեխնոլոգիական միջոցները: Ինքնամեկուսացման ժամանակ մեր նպատակը մնաց անփոփոխ: Ոչ ոք հետ չկանչվեց իր միսիոներական կոչումից։ Մենք շարունակեցինք ապրել և հոգևորապես մեծարել այն։

Հաճախ մենք ավելի շատ ժամանակ էինք հատկացնում անձնական ուսումնասիրությանը: Մեզանից ոմանք ուսումնասիրում էին սուրբ գրությունները, մյուսներն ուսումնասիրում էին լեզուներ։ Բոլորս ունեինք մեր անձնական ծրագրերը։ Մենք փորձում էինք օգտակար գործով զբաղվել և անգործ չմնալ։ Ինքնամեկուսացման ժամանակահատվածում մի օր մեզ ասացին, որ կարող ենք օգտագործել սոցիալական ցանցերը: Մեր կյանքի այսպիսի ոգևորիչ փոփոխությունը շատ հնարավորություններ պարգևեց մեզ, բայց դրանք նաև գայթակղություններ բերեցին, որոնք կարող էին շեղել մեզ մեր գլխավոր նպատակից: Այնուամենայնիվ, մենք շարունակեցինք կառչել մեր սուրբ կոչումից։ Մենք նոր ընկերներ էինք գտնում և հրաժեշտ տալիս հներին, ովքեր պատրաստվում էին տուն գնալ, և հաճախ մեր մտքում պատկերացնում էինք մերվերադարձը դեպի տուն: Բայց մեր ուժերի ներածին չափով արեցինք այն, ինչի համար Տերը մեզ կանչել էր։ Սանկտ Պետերբուրգի միսիայի նախագահ Ռաուսոնը և նրա կինը, որոնց մենք բոլորս սիրում և հարգում էինք, նույնպես ավարտեցին իրենց ծառայությունը ինքնամեկուսացման այս շրջանում, իսկՄոսկվայի միսիայի նախագահ Անդերսոնը ստանձնեց մեր միսիայի նախագահությունը։

Այդ դժվարին ժամանակաշրջանում Տերը մեզ մենակ չթողեց․ Նա միշտ մեզ հետ էր: Մենք զգացել ենք Նրա ներկայությունը և մեր ծառայության մեջ ականատես ենք եղել հրաշքների և Նրա առաջնորդությանը: Բախտ եմ ունեցել ծառայել քաջարի երիտասարդ տղաների և կանանց հետ։ Ինձ համար պատիվ էր երկու տարին նվիրել Տիրոջը և Նրա զավակներին ծառայելուն: Ինձ դուր է գալիս Վարդապետություն և Ուխտեր 128․22-ում գրված Ջոզեֆ Սմիթի կոչը․ «Եղբայրնե՛ր [և քույրե՛ր], արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը։ Գնացե՛ք առաջ և ոչ թե հետ։ Քաջությո՛ւն, եղբայրնե՛ր [և քույրեր] և առա՛ջ, առաջ դեպի հաղթանակ»:

Ես գիտեմ, որ սա Աստծո աշխատանքն է: Ես գիտեմ, որ այս Եկեղեցին Աստծո Եկեղեցին է և առաջնորդվում է Հիսուս Քրիստոսի կողմից իր մարգարեների միջոցով, որոնցից մեկը հայտարարել է․ «Աստծո արքայությունը կամ՝ ոչինչ» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Բրիգամ Յանգ, գլուխ 44)։ Երկու տարվա միսիոներական ծառայությունից հետո ես կարող եմ ոգևորությամբ կրկնել Նախագահ Բրիգամ Յանգի այս խոսքերը. «Աստծո արքայությունը կամ՝ ոչինչ»: Սակայն «ոչինչ»-ը ինձ չի բավարարում։