2021
Ուրախություն և սեր
Հունվար 2021


Տարածաշրջանի Նախագահության ուղերձը

Ուրախություն և սեր

Սիրելի՛ եղբայրներ, քույրեր և երեխաներ

Մենք ուրախությամբ ենք գրում այս ուղերձը, մինչ խորհում ենք Տիրոջ հանդեպ ձեր սիրո և Քրիստոսի մեծ գործին ձեր անսահման նվիրվածության շուրջ. գործ, որը մեր օրերում հրաշալիորեն ներկայացվում է Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանով:

Մենք նաև բերել ենք ձեզ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի սերը, նրա խորհրդականների և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների սերը: Նրանք աղոթում են ձեզ համար և հաճախ են արտահայտում իրենց երախտագիտությունը ձեր բարության և Աստծո արքայությունում ձեր ծառայության համար:

COVID-19

Ճշմարիտ է, որ 2020 թվականի ընթացքում մենք, ամբողջ աշխարհի հետ միասին, անցնում ենք մեծ դժվարությունների միջով: COVID-19-ի համավարակը չի շրջանցել ոչ մեկին: Մեր որոշ ընկերակից ընտանիքների անդամներ և ընկերներ անցան մահկանացության վարագույրի մյուս կողմը, մինչ մյուսները COVID-19-ի վիրուսի պատճառով ունեցան լուրջ առողջական խնդիրներ, չնայած որ նրանք օրհնվեցին և ողջ մնացին: Մենք նաև տեսանք, թե Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի յուրաքանչյուր երկրում այս հիվանդության ազդեցությունն ինչպիսի հետևանքներ ունեցավ բիզնեսների, դպրոցների և համայնքների վրա: Որպես Եկեղեցու անդամներ և ղեկավարություն, մենք խնդրել ենք Տիրոջը մեզ հնարավորություն տալ՝ Իր օգնությամբ հաղթահարելու այն դժվարությունները, որոնց մենք բախվում ենք:

Սակայն մենք նաև կարծում ենք, որ այս դժվարություններից մենք շատ օգուտներ կքաղենք: Մի պահ մտածեք, թե մենք որքան ենք մոտենում միմյանց տեսակապի տեխնոլոգիայի հրաշքի և այլ միջոցների շնորհիվ: Մեր ղեկավարներն ու անդամներն ավելի են մոտենում միմյանց, երբ միասին սովորում ենք ամեն օր օգնության հասնել նրանց, ովքեր ունեն մեր կարիքը:

Մեզ նաև մեծապես գոհացնում է այն հանգամանքը, որ մեր որոշ անդամներ կրկին միանում են մեր շարքերին: Մյուսները, ովքեր մեր հավատքից չեն, բացահայտել են Հիսուս Քրիստոսի փառապանծ Վերականգնված Ավետարանը, ուսուցանվում են մեր հրաշալի միսիոներների կողմից և մկրտվում են մեր հավատարիմ անդամների օգնությամբ: Ի՜նչ օրհնություն է սա մեզ համար: Մենք հուսով ենք, որ բոլորս կօգնենք այս հատուկ նոր անդամներին ընդունված զգալ Եկեղեցու անդամների մեր ընտանիքում:

Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ծրագիրը 2021 թվականի համար

2021 թվականին Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահության ուղերձը չի փոխվի: Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ներկայիս ծրագրի կենտրոնացումը, որն առաջին անգամ ներկայացվեց 2018 թվականին, կպահպանվի նաև ամբողջ 2021 թվականի ընթացքում: Այս ծրագիրը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա վերջին օրերի մարգարեների ու առաքյալների ուսմունքների վրա:

Որտեղի՞ց ձեռք բերել Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի իմ ծրագրի քարտը անդամների համար և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ծրագրի ղեկավարի քարտը

Ամեն տարի քարտերը կտրամադրվեն տարածքային գրասենյակի կողմից: Սակայն այժմ մենք նաև տեղադրում ենք Իմ ծրագիրը և Ղեկավարի քարտը յուրաքանչյուր երկրի կայքում, որը կարելի է գտնել համացանցում՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու churchofjesuschrist.org կայքում:

Հրավեր յուրաքանչյուր անդամին և ընտանիքին

Մենք խնդրում ենք բոլոր անդամներին և ընտանիքներին՝ վերանայել գործելու այս հրավերները Իմ ծրագրում և աղոթքով նպատակներ դնել՝ օգնելով իրականացնել դրանք:

Հրավեր ղեկավարներին և ծխերի ու ճյուղերի խորհուրդներին

Մենք հրավիրում ենք բոլոր ծխերի և ճյուղերի խորհուրդների ղեկավարներին եպիսկոպոսի և ճյուղի նախագահի ղեկավարությամբ աղոթքով քննարկել, թե ինչպես իրականացնել Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ծրագիրը ղեկավարների համար: Այս մոտեցումը լավագույնս կաշխատի, եթե հատուկ ուշադրություն դարձվի անհատ անդամներին և անդամ ընտանիքներին՝ անուններով, այլ ոչ թե պարզապես հաշվարկներով ու թվերով: Մեր ամենախոնարհ անդամներին սպասավորելու սկզբունքը մեր անձնական ուշադրության կարիքն ունի:

Պարտականություն կամ հրավեր բոլոր անդամներին և ընտանիքներին՝ պատրաստվելու Տեր Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին

Որպես տարածաշրջանի նախագահություն, մենք հրավիրում ենք ձեզ՝ անհատապես և ընտանիքներով, ինչպես նաև նախագահությունների, խորհուրդների, հաղորդության ժողովների հոգևոր հավաքների և այլ միջոցառումների ղեկավարներին, խորհել հետևյալ չորս մարգարեական հայտարարությունների շուրջ: Երբ այդպես վարվենք, ավելի շատ լույս և զորություն կգա մեզանից յուրաքանչյուրին, երբ կանգնենք ուխտի արահետի վրա, որը տանում է դեպի անմահություն և հավերժական կյանք:

Տեր Հիսուս Քրիստոսից՝ Իր իսկ խոսքերով

«Ես եմ ճշմարիտ որթը, եւ իմ Հայրը մշակն է։

Ամեն ճիւղ, որ ինձանում է եւ պտուղ չէ բերում, Նա կտրում է նորան. Եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ աւելի պտղաբեր լինի։

Դուք արդէն մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ հետ խօսեցի։

Կացէք ինձանում՝ եւ ես ձեզանում. Ինչպէս որ ճիւղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթէ որթումը չ’մնայ, այսպէս ոչ էլ դուք՝ եթէ ինձանում չ’մնաք։

Ես որթն եմ՝ դուք ճիւղերը. Նա որ ինձանում մնում է, եւ ես նորանում, նա շատ պտուղ է բերում. Որովհետեւ առանց ինձ չէք կարող ոչինչ անել։

Եթէ մէկն ինձանում չէ մնում, նա դուրս կ’գցուի ինչպէս ճիւղը, եւ կ’չորանայ. Եւ ժողովում են նորանց եւ կրակի մէջ գցում, եւ այրվում է։

Եթէ կենաք ինձանում՝ եւ իմ խօսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք, կ’խնդրէք, եւ կ’լինի ձեզ։

Սորանով փառաւորուեցաւ իմ Հայրը, որ շատ պտուղ բերէք. Եւ իմ աշակերտները լինիք։

Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. Կացէք իմ սէրի մէջ։

Եթէ իմ պատուիրանքները պահէք, իմ սէրի մէջը կ’կենաք. Ինչպէս ես իմ Հօր պատուիրանքները պահեցի, եւ կենում եմ նորա սէրի մէջ։

Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ իմ ուրախութիւնը ձեզանում մնայ, եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի»: (Հովհաննես 15.1-11)

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերը

«Երբ ձգտում ենք դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտներ, Նրան լսելու մեր ջանքերը պետք է լինեն ավելի գիտակցված: Պահանջվում է աչալուրջ և հետևողական աշխատանք, որպեսզի մեր առօրյա կյանքը լցվի Նրա խոսքով, Նրա ուսմունքներով, Նրա ճշմարտություններով»: («Լսիր Նրան», Ռասսել Մ. Նելսոն, ապրիլի 5, 2020 թ., 190-րդ գերագույն համաժողովի կիրակի առավոտյան նիստ)

Մորմոնի Գրքի վերջին մարգարե Մորոնիի խոսքերը

«Եվ դարձյալ, ես խոսում եմ ձեզ հետ, որ ուրանում եք Աստծո հայտնությունները, և ասում, թե դրանք վերացել են, որ չկան ոչ մի հայտնություններ, ոչ էլ մարգարեություններ, ոչ պարգևներ, ոչ բժշկություններ, ոչ լեզուներով խոսել, ոչ էլ լեզուներով թարգմանել.

Ահա, ես ասում եմ ձեզ՝ նա, ով ուրանում է այս բաները, չգիտի Քրիստոսի ավետարանը. այո, նա չի կարդացել սուրբ գրքերը. եթե կարդացել է, նա չի հասկանում դրանք։

Քանզի մի՞թե մենք չենք կարդում, որ Աստված նույնն է՝ երեկ, այսօր, և հավիտյան, և նրա մեջ փոփոխություն չկա, ոչ էլ փոխվելու շուք։

Եվ այժմ, եթե դուք երևակայել եք մի աստված, որը փոփոխվում է, և որի մեջ կա փոխվելու շուք, այդ դեպքում դուք երևակայել եք մի աստված, որը հրաշքների Աստված չէ։

Բայց ահա, ես ցույց կտամ ձեզ հրաշքների մի Աստված, այսինքն՝ Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը. և դա այն նույն Աստվածն է, որը ստեղծեց երկինքները և երկիրը, և բոլոր բաները, որ դրանցում են»։

«Եվ պատճառը, թե ինչու է նա դադարում հրաշքներ գործել մարդկանց զավակների մեջ, այն է, որ նրանք ընկնում են անհավատության մեջ, և հեռանում են ճիշտ ուղուց, և չեն ճանաչում Աստծուն, որին պետք է ապավինեն։

Ահա, ես ասում եմ ձեզ. Ով որ ոչ մի բանի չկասկածելով հավատում է Քրիստոսին, ինչ էլ նա խնդրի Հորը՝ Քրիստոսի անունով, կտրվի նրան. և այս խոստումը բոլորի համար է, նույնիսկ աշխարհի ծայրերի համար»: (Մորմոն 9.7–11, 20–21)

Նախագահ Դալլին Հ. Օուքսի խոսքերը

Մենք կարծում ենք, որ Առաջին Նախագահության առաջին խորհրդական նախագահ Դալլին Հ. Օուքսի ստորև տրված խոսքերը վերաբերում են ոչ միայն Չինաստանին, այլև Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի երկրներին:

«Ես համոզված հաստատում եմ, որ … Չինաստանը [Արևելյան Եվրոպան] … արդեն «բաց է». Այդ մենք ենք փակ, … մենք պետք է հասկանանք նրանց մտածելակերպը, … պահպանենք նրանց օրենքները և հետևենք նրանց համբերության օրինակին: Մենք պետք է արժանի լինենք նրանց ընկերները լինելուն: … Մեր երկնային Հայրը … կիրականացնի Իր նպատակները այդ մեծ ազգի մեջ «իր ժամանակին, և իր ձևով, և ըստ իր կամքի»

(Դալլին Հ. Օուքս, «Ծանոթանալով Չինաստանի հետ», մարտ 12, 1991, ԲՅՀ-ի ելույթներից)

Թող մեր Երկնային Հայրը և Նրա սիրելի Որդի Հիսուս Քրիստոսի լիառատ օրհնությունները հեղվեն ձեր և ձեր ընտանիքի վրա, Եկեղեցու և համայնքների վրա, որտեղ դուք ապրում եք, երբ մենք բոլորս խոնարհաբար, հավատարմությամբ և ուրախությամբ ծառայենք ու ապրենք Հիսուս Քրիստոսի ավետարանով:

Անկեղծ սիրով և հարգանքով՝

Երեց Քրիստոֆել Գոլդեն
Երեց Հանս Թ. Բում
Երեց Կիրիլ Պոխիլկո

Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահություն