2021
Կանայք և ուխտի զորությունը
Հունվար 2021


Կանայք և ուխտի զորությունը

Մենք կարող ենք ցնծությամբ ընդունել այն արտոնություններն ու զորությունը, որոնք մենք ստանում ենք քահանայության միջոցով:

Նկար
illustration of woman

Նկարները՝ Ամբեր Էլդրիջի

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ երկինքը նույնչափ բաց է այն կանանց համար, ովքեր օժտում են ստացել քահանայության ուխտերից բխող Աստծո զորությամբ, որքան այն տղամարդկանց համար, ովքեր կրում են քահանայությունը:

«Ես աղոթում եմ, որ ճշմարտությունը դրոշմվի ձեզանից յուրաքանչյուրի սրտի վրա, քանի որ ես հավատում եմ, որ այն կփոխի ձեր կյանքը», - ասաց նա: «Այժմ, ավարտելով, ես կցանկանայի օրհնություն թողնել ձեզ վրա, որ դուք հասկանաք քահանայության զորությունը, որով դուք օժտվել եք և, որ դուք մեծացնեք այդ զորությունը՝ գործադրելով ձեր հավատքը Տիրոջ և Նրա զորության նկատմամբ»:

Նախագահ Նելսոնը հրավիրեց Եկեղեցու կանանց «աղոթքով ուսումնասիրել» քահանայության զորությունը և բացահայտել, թե «Սուրբ Հոգին ինչ է ուսուցանում» մեզ: Ես ուրախ եմ, որ մեր ապրող մարգարեն հրավիրեց յուրաքանչյուրիս սովորել և հայտնություն ստանալ և ավելի լավ «հասկանալ ու կիրառել այն զորությունը, որով մենք օժտվել ենք»: 1

Բազմաթիվ անգամներ իմ կյանքում ես զգացել եմ այն խոստացած օրհնությունները, որոնք գալիս են մարգարեի խորհուրդներին հետևելուց: Նույն բանը ես զգացի այս հրավերը ստանալիս: Երբ մտածեցի նախագահ Նելսոնի հրավերի մասին, իմ միտքը անմիջապես ուղղվեց դեպի տաճար՝ այն վայրը, որտեղ ինձ օժտեցին քահանայության զորությամբ և դեպի այն պարգևը, որն ինձ համար եղել է այդ զորությունը կյանքիս ընթացքում: Ինձ տարիներ էին պետք ճանաչելու, թե ինչպես է այդ զորությունը դրսևորվում իմ կյանքում:

Քահանայության զորությունը, ինչպեսև Սուրբ Հոգու պարգևը, գալիս է մեր սիրող Երկնային Հորից և մեր անձնական արդարությունից: Աստծո հետ մեր ուխտերը պահելով, մենք հնարավորություն ունենք հայտնություն ստանալ մեր կյանքի, ընտանիքների, աշխատանքի, դպրոցի մասին՝ ամենուր, որտեղ մեզ առաջնորդություն է հարկավոր: Չկա մի բան, որ կարևոր է մեզ համար և կարևոր չէ Տիրոջ համար: Եվ երբ մենք հրավիրում ենք Սուրբ Հոգուն, մենք կարող ենք ավելի լավ հասկանալ քահանայության զորությունը՝ Սուրբ Հոգու ուղղորդությամբ:

Որքան շատ եմ իմանում քահանայության զորության մասին անձնական ուսումնասիրության և փորձի միջոցով, այնքան ավելի շատ եմ հասկանում, թե որքան արդիական է այն մեր կյանքի բոլոր ոլորտներում: Քահանայության զորությունն օգնում է մեզ հայտնություն ստանալ մեր առօրյա դժվարությունները հաղթահարելու համար:

Իմ կոչումներում, քանզի ես ծառայում եմ բանալիներ ունեցող անձի կողմից տրված քահանայության իշխանության միջոցով, ես բազմիցս ստացել եմ հենց այն մտքերը կամ խոսքերը, որոնք երիտասարդ կինը, Սփոփող միության քույրը կամ Երեխաների միության երեխան կարիք ուներ լսելու: Ես գիտեմ, որ այդ խոսքերը եկել են իմ կողմից ստացված քահանայության իշխանության շնորհիվ:

Ամուսնության, ինչպես նաև այլ հարաբերություններում մարդիկ սովորելու և աճելու փուլեր են անցնում: Ես սովորեցի, որ երբ ես հիշում եմ, թե ով է իմ ամուսինը, ով եմ ես, և մենք ինչ պետք է անենք միասին՝ որպես Աստծո զավակներ, դա փոխում է իմ սիրտը: Քահանայության իշխանության միջոցով մեր կնքված լինելը մեզ ուժ և եռանդ է տալիս ավելի միասնական դառնալու համար: Երբ Փրկիչն ասաց. «Եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք» (Վարդապետություն և Ուխտեր 38.27), Նա նկատի չունի միայն Եկեղեցու շրջանակները: Նա նկատի ունի նաև մեր ընտանեկան հարաբերությունները:

Որպես մայր, ես հիշում եմ, թե ինչպես էի անհանգստանում չափահաս երիտասարդ զավակի համար, ով այնպիսի բաներ էր անում, որոնք ես գիտեի նրան երջանիկ չէին դարձնի: Մենք որոշեցինք քննարկել իմ մտահոգությունը և ժամանակ նշանակեցինք հեռախոսով խոսելու համար: Ես պատրաստվել էի խոսակցությանը և հաստատ գիտեի, թե ինչ եմ ասելու: Ես աղոթեցի, որ Հոգին ինձ հետ լինի: Սակայն այն, ինչ ես խոսեցի հեռախոսազանգի առաջին վայրկյանից մինչև ավարտը, միանգամայն տարբերվում էր իմ պատրաստած ճառից: Բայց դա հենց այն էր, ինչ այդ երեխային պետք էր: Սուրբ Հոգու պարգևը մեղմացնում է սրտերը և ավելի լավ լուծումներ հուշում: Դա ցույց է տալիս, թե ինչպես է քահանայության զորությունն աշխատում մեր կյանքում:

Նկար
illustration of a couple holding up the walls of their home in a storm

Շատ հաճախ, կանայք համեմատում են իրենց ուրիշների հետ: Սակայն մեզանից ոչ ոք իրեն լավ չի զգում՝ ուրիշների հետ համեմատվելիս: Յուրաքանչյուր կին ունակությունների և տաղանդների եզակի խառնուրդ է և դրանք Աստծո պարգևներն են: Այն, որ ես և դուք նման չենք, կամ որոշ կանայք նման չեն իրար, մեզ չի դարձնում ավելի լավը կամ վատը: Մենք պետք է գտնենք մեր պարգևները և զարգացնենք դրանք՝ հիշելով, թե ով է դրանք մեզ տվել, ապա մենք պետք է օգտագործենք դրանք Նրա նպատակներին ծառայելու համար: Երբ մենք կիսվում ենք մեր պարգևներով՝ ուրիշներին օրհնելու համար, մենք զգում ենք քահանայության զորությունը մեր կյանքում:

Ես պատիվ եմ ունեցել հանդիպելու բազմաթիվ նշանավոր կանանց հետ, ովքեր իրենց գործերի միջոցով ցուցադրում են իրենց հավատքն ու զորությունը: Կանայք դրսևորում են իրենց տաղանդները և ունակությունները տարբեր անհավատալի եղանակներով: Նրանք մեծ դեր են խաղում իրենց շրջապատող մարդկանց կյանքում՝ իրենց ընտանիքներում, աշխատանքի վայրերում, եկեղեցում, դպրոցում կամ այլ վայրերում, որտեղ նրանք ժամանակ են անցկացնում:

Քահանայության մասին իմ սովորած ամենակարևոր բաներից մեկն այն է, որ մենք ավելի լավ արդյունքների ենք հասնում, երբ աշխատում ենք փոխկապակցված՝ մեկս մյուսի հետ: Ահա թե ինչպես է Տերը նախատեսել դա. Դա է աստվածային օրինակը: Մենք մրցակցելու կարիք չունենք, քանի որ այդ բոլոր տարբեր պարգևները, տաղանդներն ու ունակությունները պետք են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց: Տերը մեզ զգուշորեն տանում է այդ ճանապարհով, որպեսզի մենք բոլորս կարողանանք ավելի լավ հասկանալ, թե ինչպես աշխատել միասին և գնահատել յուրաքանչյուրիս ներդրումը: Սա իսկապես լավագույն ձևն է Նրա աշխատանքն իրականացնելու համար:

Կանայք չպետք է սպասեն, որ ինչ-որ մեկն ասի նրանց, թե ինչպես օգտագործեն իրենց պարգևները, տաղանդները և զորությունը: Մենք ունակ ենք ինքնուրույն հայտնություն ստանալ: Մենք չպետք է սպասենք, որ ինչ-որ մեկը դա անի մեր փոխարեն: Մենք պետք է քաջություն ունենանք գործել ըստ մեր ստացած հայտնության։ Ոգեշնչում փնտրելը և այդ հոգևոր առաջնորդությանը արձագանքելը վկայում է այն մասին, որ մենք ապավինում ենք այն քահանայության զորությանը, որը

Ինչպես նախագահ Նելսոնն է ուսուցանել. «Ի՞նչը կարող է ավելի ոգևորիչ լինել, քան Հոգով աշխատելը, որպեսզի հասկանաք Աստծո զորությունը՝ քահանայության զորությունը»: Նա խոստացել է, որ «երբ ձեր հասկացողությունը մեծանա և դուք հավատք գործադրեք Տիրոջ և Նրա քահանայության զորության նկատմամբ, Տիրոջ կողմից հասանելի դարձված այդ հոգևոր գանձն օգտագործելու ձեր ունակությունը կմեծանա»։ 2 Եվ ես գիտեմ, որ մեր կենդանի մարգարեի կողմից տրված այս խոստումները ճիշտ են:

Հղումներ

  1. Ռասսել Մ. Նելսոն, «Հոգևոր գանձեր», Լիահոնա, նոյեմբեր 2019, 77.

  2. Ռասսել Մ. Նելսոն, «Հոգևոր գանձեր», 79.