2021
Եկեղեցու պատմության ուսումնասիրումն ինչպե՞ս է ամրապնդում իմ հավատքը
Հունվար 2021


Ինչպե՞ս է Եկեղեցու պատմության ուսումնասիրումն ամրապնդում իմ հավատքը

Նկար
illustration of African woman with basket on head

Նկարները՝ Getty Images-ից

Երբ միջնակարգ դպրոցի աշակերտ էի Հարավային Աֆրիկայում, հաճույքով էի պատմություն ուսումնասիրում: Երբ ընդունվեցի համալսարան, ընտրեցի պատմությունը որպես մասնագիտություն: Որպես սեմինարիայի և հետագայում ինստիտուտի ուսանող, ես հաճույքով էի հաճախում բոլոր դասընթացներին, սակայն հատկապես մեծ բավականություն էի ստանում Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրությունից, քանզի այն ինձ ծանոթացրեց Եկեղեցու պատմությանը: Տարիների ընթացքում մեծ հաճույքով էի կարդում Եկեղեցու պատմության մասին գրքերը, նույնիսկ այն գրքերը, որոնք ներկայացնում էին մեր պատմության բարդ թեմաները: Շարունակելով ուսումնասիրել Եկեղեցու պատմությունը տարբեր աղբյուրներից, իմ հավատքը ամրապնդվում է: Ահա երեք եղանակներ, թե ինչպես է դա տեղի ունենում։

Եկեղեցու պատմությունն ինձ համար հեռանկար է բացում, հատկապես, երբ ուսումնասիրում եմ հին սովորույթները, այդ թվում՝ քահանայությանը և տաճարային օրհնություններին առնչվող սահմանափակումները: Երբ առաջին անգամ իմացա, որ կար ժամանակ, երբ սևամորթներին արգելվում էր քահանայություն կրել, իմ հավատքը սասանվեց: Ինչպե՞ս կարող էր իմ սիրած Եկեղեցին սևամորթներին հետ պահել քահանայությունից: Որոշ մարդիկ փորձեցին ինձ բացատրություններ տալ և պնդում էին, թե դրանք հիմնված են վարդապետության կամ սուրբ գրությունների վրա: Սակայն դրանք շփոթեցնող էին և չափազանց մտահոգիչ:

Ժամանակի ընթացքում ես գտա պատմական բացատրություններ, որոնք իմաստալի էին և սփոփող: Պաշտոնական Հայտարարություն 2-ի պատմական նախաբանն, օրինակ, բացատրում է, որ Ջոզեֆ Սմիթը կարգել էր մի քանի սևամորթների, սակայն Եկեղեցու առաջնորդները դադարեցին սևամորթներին քահանայություն շնորհել Եկեղեցու պատմության վաղ շրջանում: Այնտեղ նաև նշվում է հետևյալ կարևոր փաստը․ «Եկեղեցու գրառումներում տրված չեն հստակ տեղեկություններ այս գործելակերպի սկզբնաղբյուրների մասին»։1 Ավետարանական թեմաներ 2 և այլ Եկեղեցու ձեռնարկները ներկայացնում են մանրամասներ և լրացուցիչ պատմական համատեքստ: 3 Այդ պատմական բացատրություններն արձագանք գտան իմ սրտում և ամրապնդեցին իմ հավատը:

Եկեղեցու պատմությունը օգնում է ինձ գնահատել նրանց, ովքեր մեզանից առաջ էին: Դա հատկապես ճշմարիտ է, երբ մտածում ես «հասարակ» անդամների ներդրած ավանդի մասին: Օրինակ՝ առաջին հավաքատների կառուցումը Հարավային Աֆրիկայում, Զիմբաբվեում և Զամբիայում 1950-1960-ական թթ. հնարավոր դարձավ անդամների նվիրատվությունների շնորհիվ: Տաճարային արարողությունների ստացումը ավելի մեծ զոհաբերություն էր պահանջում: Իմանալով, որ տաճարների կառուցումը Աֆրիկայում կարող էր տասնամյակներ տևել, անդամներից շատերը վաճառեցին իրենց ունեցվածքը, այդ թվում տները, որպեսզի դրամ ձեռք բերեն՝ տաճար հասնելու և սրբազան արարողություններին մասնակցելու համար: Աֆրիկա մայրցամաքում գտնվող Եկեղեցու հիմքը կառուցվել է այս առաջին անդամների հավատքի վրա, ովքեր շատ աղքատ էին, բայց զոհաբերեցին այդքան շատ: Երբ կարդում եմ նրանց գրառումները, իմ հավատքը զորանում է, և զոհաբերելու իմ ցանկությունն աճում է:

Նկար
illustration of African continent

Եկեղեցու պատմությունը քաջալերում է ինձ դառնալ ավելի լավ մատենագիր: Եկեղեցու ղեկավարները խրախուսում են մեզ օրագիր պահել: Ինչո՞ւ: Որովհետև Եկեղեցու պատմությունն անդամների «ապրելակերպի, … հավատքի և գործերի» գրանցումն է (տես Վարդապետություն և Ուխտեր 85.2): Եկեղեցու պատմությունը, մասնավորապես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նոր պատմությունը կարդալիս, ես տպավորվում եմ այն փաստով, որ այդ հատորները հնարավոր դարձան բացառապես Եկեղեցու հասարակ անդամների օրագրերի, նամակների և այլ գրառումների շնորհիվ: Նրանց՝ անկեղծ ականատեսի պատմած արձանագրությունները քաջալերում են ինձ ավելի լավ մատենագիր լինել և դրանով օգնել ապագա պատմաբաններին` Եկեղեցու պատմությունը Աֆրիկայում ճշգրիտ ձևով արձանագրելու հարցում:

Եկեղեցու պատմությունն ուսումնասիրելու և իմ սեփական գրառումները կատարելու շնորհիվ ես ստանում եմ մեկ այլ, ավելի անձնական օրհնություն: Ինչպես Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական նախագահ Հենրի Բ․ Այրինգն է ուսուցանել, ես օրհնված եմ՝ տեսնելով և հիշելով Տիրոջ ձեռքը իմ և իմ ընտանիքի կյանքում:4 Այս հիշողությունն ամրապնդում է իմ վկայությունը և կյանքի դժվարությունները հաղթահարելու ունակությունը: Իմ սեփական գրառումները կատարելիս և Եկեղեցու այլ անդամների մանրամասն գրառումների մասին մտածելիս, ես սկսում եմ տեսնել Տիրոջ այն հրաշալի օրինակները, որոնց միջոցով Նա վերականգնում է Իր Եկեղեցին և վերջին օրերի արքայությունը:

Այդ և բազմաթիվ այլ դասերը, որոնք ես քաղեցի Եկեղեցու պատմությունն ուսումնասիրելիս, մեծապես նպաստեցին իմ հոգևոր զարգացմանը: Այս դասերն ինձ նաև քաջություն տվեցին պաշտպանել իմ հավատքը, որովհետև հիմա ես հասկանում եմ, թե ինչու ենք անում այն, ինչ անում ենք: Հասկանալով մեր սովորույթներից և համոզմունքներից շատերի պատմական համատեքստը, ես դարձա ավելի լավ ուսուցիչ և ավելի լավ աշակերտ:

Հղումներ

  1. Տես Պաշտոնական Հայտարարություն 2-ի նախաբանը

  2. Տես «Ռասան և քահանայությունը», Ավետարանական թեմաներ, topics.ChurchofJesusChrist.org:

  3. Տես, օրինակ, Վերականգնման հիմունքները (Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ), 2016, գլուխ 26:

  4. Տես Հենրի Բ. Այրինգ, «Օ՜, հիշիր, հիշիր», Լիահոնա, նոյեմբեր 2007, 66-69:

Նկարները՝ Getty Images-ից