Ապաշխարություն. ուրախալի ընտրություն
Ապաշխարությունը ոչ միայն հնարավորություն է, այլ նաև ուրախություն է` մեր Փրկիչի շնորհիվ:
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, երբ 12 տարեկան էի, իմ ընտանիքն ապրում էր Շվեդիայի հարավում գտնվող ծովափնյա Գյոտեբորգ քաղաքում Շվեդիայի հարավում: Ի դեպ, դա մեր սիրելի գործընկեր Երեց Պեր Գ. Մալմի ապրելավայրն էր,1 ով կյանքից հեռացավ այս ամառ: Մենք կարոտում ենք նրան: Մենք երախտապարտ ենք նրա մեծահոգության և ազնիվ ծառայության համար և նրա իսկապես հիասքանչ ընտանիքի օրինակի համար: Եվ մենք, իհարկե, աղոթում ենք, որ նրանց հետ լինեն Աստծո լիառատ օրհնությունները:
Հիսուն տարի առաջ, մենք եկեղեցի էինք հաճախում մի մեծ, վերանորոգված տանը: Մի կիրակի իմ ընկեր Սթեֆանը,2 ճյուղում միակ մյուս սարկավագը, ոգևորված ինձ ողջունեց ճյուղում: Մենք գնացինք ժողովարանին հարող հավելյալ տարածքը, և նա իր գրպանից հանեց մի մեծ պայթուցիկ ու մի քանի լուցկի: Երիտասարդներին հատուկ ցուցադրական խիզախությամբ ես վերցրի պայթուցիկը և վառեցի երկար մոխրագույն պայթաքուղը: Ես մտադիր էի հանգցնել քուղը նախքան այն կպայթեր: Բայց, երբ մատներս վառեցի այդ անելիս, ես գցեցի պայթուցիկը: Ես և Սթեֆանը սարսափով նայում էինք, մինչ քուղը շարունակում էր վառվել:
Պայթուցիկը պայթեց և ծծմբահոտը լցրեց հավելյալ տարածքը և ժողովարանը: Մենք շտապ հավաքեցինք պայթուցիկի ցրված մնացորդները և բացեցինք պատուհանները, փորձելով վերացնել հոտը, միամտորեն մտածելով, որ ոչ ոք չէր զգա: Բարեբախտաբար, ոչ մեկս չէր վիրավորվել և ոչ մի վնասվածք չէր հասցվել:
Երբ անդամները եկան ժողովի, նրանք, իհարկե, զգացին ճնշող հոտը: Դժվար էր չզգալ: Հոտը շեղում էր ժողովի սրբազան մթնոլորտից: Քանի որ այդքան քիչ Ահարոնյան Քահանայության կրողներ կային և դա կարելի է նկարագրել միայն որպես մտածողության անջատում, ես բաժանեցի հաղորդությունը, բայց արժանի չէի զգում ճաշակել դրանից: Երբ հաղորդության սկուտեղը ինձ առաջարկվեց, ես չվերցրեցի ոչ հաց, ոչ էլ ջուր: Սոսկալի վատ էի զգում: Ես նեղսրտած էի և գիտեի, որ այն, ինչ արել էի, առաջացրել էր Աստծո դժգոհությունը:
Եկեղեցուց հետո ճյուղի նախագահ Ֆրանկ Լինդբերգը` պատկառելի տարեց մի մարդ, արծաթավուն սպիտակ մազերով, խնդրեց ինձ գալ իր գրասենյակը: Իմ նստելուց հետո նա նայեց ինձ բարությամբ և ասաց, որ նկատել էր, որ ես չէի ճաշակել հաղորդությունից: Նա հարցրեց՝ ինչո՞ւ: Ես կարծում էի, որ նա գիտեր ինչու: Ես համոզված էի` բոլորը գիտեին, թե ես ինչ էի արել: Իմ պատմելուց հետո, նա հարցրեց, թե ինչպես էի զգում: Արցունքների միջից, ընդհատումներով, ես ասացի նրան, որ ցավում էի, և որ գիտեի, որ Աստծուն վիրավորել էի:
Նախագահ Լինդբերգը բացեց Վարդապետություն և Ուխտերի մի լավ մաշված օրինակ և խնդրեց ինձ կարդալ մի քանի ընդգծված հատվածներ: Ես բարձրաձայն կարդացի հետևյալը.
«Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես, Տերս, այլևս չեմ հիշում դրանք:
Այս բաներով դուք կարող եք իմանալ, թե արդյոք մարդն ապաշխարում է իր մեղքերից, — ահա նա կխոստովանի և կթողնի դրանք»:3
Ես երբեք չեմ մոռանա Նախագահ Լինդբերգի կարեկցական ժպիտը, երբ ես վեր նայեցի ընթերցելն ավարտելուց հետո: Որոշ հուզմունքով նա ասաց ինձ, որ նա զգում էր, որ լավ կլիներ ինձ համար վերսկսել ճաշակել հաղորդությունը: Երբ ես դուրս եկա նրա գրասենյակից, զգում էի աննկարագրելի ուրախություն:
Այդպիսի ուրախությունը ապաշխարության անկապտելի արդյունքն է: Ապաշխարել բառը հունարենում ունի «արդյունքում ըմբռնել» իմաստը և ենթադրում է «փոփոխություն»:4 Շվեդերենում այդ բառն է omvänd, որը պարզապես նշանակում է «ետ դառնալ»:5 Քրիստոնյա գրող, Ք. Ս. Լյուիսը, գրել է փոփոխության համար անհրաժեշտության և մեթոդի մասին: Նա նշել է, որ ապաշխարությունը ներառում է «ճիշտ ճանապարհին վերադառնալը: Սխալ հանրագումարը կարելի է ուղղել, — ասել է նա, — բայց միայն ետ գնալով, մինչև որ գտնեք սխալը, և աշխատելով կրկին տվյալ կետից, բայց ոչ երբեք ուղղակի շարունակելով»:6 Մեր վարքը փոխելը և վերադառնալը «ճիշտ ճանապարհին» ապաշխարության մասն է կազմում, բայց միայն մասը: Իսկական ապաշխարությունը նաև ներառում է մեր սիրտը և կամքը դեպի Աստված շրջելը և մեղքից հրաժարվելը:7 Ինչպես բացատրվում է Եզեկիէլում, ապաշխարելը «մեղքից ետ դառնալն է … իրավունք եւ արդարութիւն գործելը … գրաւը ետ դարձնելը … [և] կեանքի կանոններովը գնալը, առանց անօրէնութիւն գործելու»:8
Սակայն նույնիսկ սա ամբողջական նկարագրություն չէ: Այն ճշտորեն չի նշում այն ուժը՝ մեր Փրկիչի քավիչ զոհաբերությունը, որը հնարավոր է դարձնում ապաշխարությունը: Իսկական ապաշխարությունը պետք է ներառի հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս, հավատք, որ Նա կարող է փոխել մեզ, հավատք, որ Նա կարող է ներել մեզ, և հավատք, որ Նա կօգնի մեզ խուսափել նոր սխալներից: Այդպիսի հավատքը Նրա Քավությունն արդյունավետ է դարձնում մեր կյանքում: Երբ մենք «արդյունքում ըմբռնում ենք» և «ետ ենք դառնում» Փրկիչի օգնությամբ, մենք զգում ենք հույս Նրա խոստումների հանդեպ և ներման ուրախությունը: Առանց Քավիչի, անկապտելի հույսը և ուրախությունը գոլորշիանում է և ապաշխարությունը դառնում է պարզապես վարքի ողորմելի փոփոխություն: Իսկ Նրա հանդեպ հավատք գործադրելով, մենք դարձի ենք գալիս դեպի մեղքը ներելու Նրա ունակությանը և պատրաստակամությանը:
Նախագահ Բոյդ Ք. Փաքերը հաստատել է ապաշխարության հույս ներշնչող խոստումները 2015 թվականի ապրիլի իր վերջին գերագույն համաժողովում: Նա նկարագրել է Փրկիչի Քավության բժշկելու զորությունը, որը ես համարում եմ իմաստության թորում, որը ձեռք էր բերվել կես դար առաքելական ծառայության մեջ լինելուց: Նախագահ Փաքերն ասել է. «Քավությունը չի թողնում ոչ հետք, ոչ դրոշմ: Ինչ այն ուղղում է, ուղղված է … Այն ուղղակի բժշկում է, և ինչ այն բժշկում է, մնում է բժշկված»:9
Նա շարունակում է.
«… Քավությունը, որը կարող է ետ պահանջել մեզանից յուրաքանչյուրին, չի թողնում ոչ մի սպի: Դա նշանակում է, որ անկախ նրանից, թե ինչ ենք մենք արել կամ որտեղ ենք մենք եղել կամ ինչպես է ինչ-որ բան պատահել, եթե մենք իսկապես ապաշխարում ենք, [Փրկիչը] խոստացել է, որ Նա կքավի: Եվ երբ Նա քավեց, այն կարգավորվեց: …
… Քավությունը … կարող է մաքուր լվանալ ամեն բիծ, անկախ նրանից, թե որքան դժվար կամ որքան երկար կամ որքան անգամներ է կրկնվել»:10
Փրկիչի Քավության հասանելիությունն անսահման է լայնությամբ և խորությամբ, ձեզ համար և ինձ համար: Բայց այն երբեք չի պարտադրվի մեզ: Ինչպես մարգարե Լեքին է բացատրել, բավականաչափ ուսուցանվելուց հետո, «որ բարին տարբերենք չարից»11 մենք «ազատ ենք ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով կամ ընտրելու գերություն և մահ»:12 Այլ խոսքով, ապաշխարությունը ընտրություն է:
Մենք երբեմն կատարում ենք այլ ընտրություններ: Այդպիսի ընտրությունները գուցե ներքնապես սխալ չթվան, բայց դրանք խանգարում են մեզ դառնալ իսկապես ապաշխարող և, այսպիսով, արգելում են իրական ապաշխարության մեր ձգտմանը: Օրինակ՝ մենք կարող է ընտրենք ուրիշներին մեղադրելը: Երբ 12 տարեկան էի Գյոտեբորգում, ես կարող էի մեղադրել Սթեֆանին: Առաջին հերթին նա էր այն անձնավորությունը, ով բերել էր մեծ պայթուցիկը և լուցկիները եկեղեցի: Բայց ուրիշներին մեղադրելը, եթե նույնիսկ արդարացված, թույլ է տալիս մեզ այդպես անելով, արդարացնել մեր վարքը: Այդպես վարվելով մենք մեր գործողությունների համար պատասխանատվությունը փոխանցում ենք ուրիշների վրա: Պատասխանատվությունը փոխանցելով՝ մենք նվազեցնում ենք ինչպես անհրաժեշտությունը, այնպես էլ գործելու մեր ունակությունը: Մենք դարձնում ենք մեզ ավելի շուտ խղճուկ զոհեր, քան անկախ գործողություններ կատարելու ընդունակ գործակալներ:13
Եվս մեկ ընտրություն, որը խանգարում է մեր ապաշխարությանը՝ մեր սխալները փոքրացնելն է: Գյոտեբորգի պայթուցիկի դեպքում ոչ ոք չտուժեց, ոչ մի լուրջ վնաս չհասցվեց և ժողովը ամեն դեպքում տեղի ունեցավ: Ավելի հեշտ կլիներ ասել, որ պատճառ չկար ապաշխարելու: Բայց մեր սխալները փոքրացնելը, եթե նույնիսկ անմիջական հետևանքներն ակնհայտ չեն, վերացնում է փոխվելու մղումը: Այս մտածողությունն արգելում է մեզ տեսնել, որ մեր սխալները և մեղքերը հավերժական հետևանքներ ունեն:
Սակայն մեկ ուղի է նաև մտածելը, որ մեր մեղքերը նշանակություն չունեն, որովհետև Աստված սիրում է մեզ, անկախ նրանից, թե մենք ինչ ենք անում: Գայթակղություն է հավատալ նրան, ինչ խաբեբա Նեորն ուսուցանեց Զարահեմլայի ժողովրդին. «Որ ողջ մարդկությունը կփրկվի վերջին օրը, և որ նրանք չպետք է վախենան կամ դողան … և վերջում բոլոր մարդիկ պետք է ունենան հավերժական կյանք»:14 Բայց այս հրապուրիչ գաղափարը կեղծ է: Աստված իսկապես սիրում է մեզ: Սակայն այն, ինչ մենք անում ենք, նշանակություն ունի Նրա համար: Նա հստակ հրահանգներ է տվել այն մասին, թե ինչպես մենք պետք է վարվենք: Մենք կոչում ենք դրանք պատվիրաններ: Նրա վավերացումը և մեր հավերժական կյանքը կախված է մեր վարքից, ներառյալ՝ խոնարհաբար իսկական ապաշխարություն որոնելու մեր պատրաստակամությունից:15
Բացի այդ, մենք հրաժարվում ենք իսկապես ապաշխարելուց, երբ ընտրում ենք առանձնացնել Աստծուն Իր պատվիրաններից: Ի վերջո, եթե հաղորդությունը սրբազան չլիներ, նշանակություն չէր ունենա, որ պայթուցիկի հոտը տհաճ էր Գյոտեբորգի այդ հաղորդության համար: Մենք պետք է զգույշ լինենք փոքրացնելիս մեղսավոր վարքը՝ վտանգելով կամ բաց թողնելով Իր պատվիրանների Աստծո հեղինակ լինելը: Իսկական ապաշխարությունը պահանջում է ընդունել Փրկիչի աստվածայնությունը և Նրա վերջին օրերի աշխատանքի ճշմարտացիությունը:
Արդարացումներ գտնելու փոխարեն, եկեք ընտրենք ապաշխարությունը: Ապաշխարության միջոցով մենք կարող ենք ուշքի գալ, ինչպես անառակ որդու առակում16 և մտածել մեր գործողությունների հավերժական նշանակության մասին: Երբ մենք հասկանանք, թե ինչպես կարող են մեր մեղքերն ազդել մեր հավերժական երջանկության վրա, մենք ոչ միայն կդառնանք իսկապես զղջացող, այլև կձգտենք ավելի լավը դառնալ: Երբ հանդիպենք գայթակղության, մենք ավելի շուտ պիտի հարցնենք ինքներս մեզ Վիլյամ Շեքսպիրի խոսքերով.
Ի՞նչ կշահեմ, եթե ձեռք բերեմ այն, ինչը տենչում եմ:
Երազանք, շունչ, անցողիկ ուրախության կարճ զգացում.
Ո՞վ է գնում րոպեական ուրախությունը մեկ շաբաթվա ոռնոցով:
Կամ ծախում հավերժությունը խաղալիք ստանալու համար:17
Եթե մենք կորցրել ենք հավերժության հեռանկարը հանուն ինչ-որ մի խաղալիքի, մենք կարող ենք ընտրել ապաշխարությունը: Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք ունենք ևս մեկ շանս: Փոխաբերական իմաստով՝ մենք կարող ենք փոխանակել այնպես անխոհեմորեն գնված խաղալիքը և կրկին ստանալ հավերժության համար հույս: Ինչպես Փրկիչն է բացատրել. «Քանզի, ահա, Տերը՝ քո Քավիչը, մարմնի մեջ մահ տարավ, ուստի նա տարավ բոլոր մարդկանց ցավը, որ բոլոր մարդիկ կարողանան ապաշխարել ու գալ իր մոտ»:18
Հիսուս Քրիստոսը կարող է ներել, որովհետև Նա է վճարել մեր մեղքերի համար գինը:19
Մեր Քավիչը ընտրում է ներել՝ Իր անզուգական կարեկցանքի, ողորմածության և սիրո պատճառով:
Մեր Փրկիչը ուզում է ներել, որովհետև սա Նրա աստվածային հատկանիշներից մեկն է:
Եվ լինելով որպես Բարի Հովիվ՝ Նա ուրախանում է, երբ մենք ընտրում ենք ապաշխարությունը:20
Նույնիսկ, երբ մենք Աստծո ուզած ձևով ենք տրտմություն զգում մեր գործողությունների համար,21 երբ որոշում ենք ապաշխարել, մենք անմիջապես հրավիրում ենք Փրկիչին մեր կյանք: Ինչպես Ամուղեկն է ուսուցանել. «Գործի անցեք և մի կարծրացրեք ձեր սրտերն այլևս. քանզի ահա, հիմա է ժամանակը և ձեր փրկության օրը. և հետևաբար, եթե դուք կամենաք ապաշխարել և չկարծրացնեք ձեր սրտերը, փրկագնման մեծ ծրագիրն անհապաղ պիտի իրագործվի ձեզ համար»:22 Մենք կարող ենք զգալ աստվածային տրտմություն մեր գործողությունների համար և միևնույն ժամանակ զգալ ուրախություն՝ ունենալով Փրկիչի օգնությունը:
Այն փաստը, որ մենք կարող ենք ապաշխարել՝ ավետարանի բարի լուրն է:23 Հանցանքը կարող է «սրբվել»:24 Մենք կարող ենք լցվել ուրախությամբ, ստանալ մեր մեղքերի թողություն և ունենալ «խղճի խաղաղություն»:25 Մենք կարող ենք ազատվել հուսահատության և մեղքի գերության զգացումներից: Մենք կարող ենք լցվել Աստծո սքանչելի լույսով և «այլևս ցավ չզգալ»:26 Ապաշախարությունը ոչ միայն հնարավորություն է, այլ նաև ուրախություն է մեր Փրկիչի շնորհիվ: Ես դեռ հիշում եմ այն զգացումները, որոնք հորդեցին ինձ վրա ճյուղի նախագահի գրասենյակում պայթուցիկի դեպքից հետո: Ես գիտեի, որ ներվել էի: Մեղքի իմ զգացումներն անհետացան, իմ տխուր տրամադրությունը բացվեց և իմ սիրտը զգաց լույս:
Եղբայրներ և քույրեր, երբ մենք ավարտենք այս համաժողովը, ես հրավիրում եմ ձեզ զգալ ավելի շատ լույս ձեր կյանքում՝ ուրախություն այն գիտելիքից, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը իրական է, ուրախություն Փրկիչի ունակության, պատրաստակամության և ներելու ցանկության համար և ապաշխարել՝ ուրախությունն ընտրելու համար: Եկեք հետևենք հրահանգին. «ուրախութեամբ … ջուր քաշէք փրկութեան աղբիւրներիցը»:27 Թող որ մենք ընտրենք ապաշխարել, թողնենք մեր մեղքերը և մեր սրտով ու կամքով ետ դառնանք, որպեսզի հետևենք մեր Փրկիչին: Ես վկայում եմ Նրա կենդանի իրողության մասին: Ես Նրա անզուգական կարեկցանքի, ողորմության ու սիրո վկան եմ ու անդադար վայելողը: Ես աղոթում եմ, որ Նրա Քավության փրկագնող օրհնությունները ձերը լինեն այժմ և կրկին ու կրկին՝ ձեր ողջ կյանքի ընթացքում,28 ինչպես այն եղել է իմ կյանքում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: