2016
Երջանկություն տանող կատարյալ ուղին
November 2016


Երջանկություն տանող կատարյալ ուղին

Ես վկայում եմ մեզ համար մեր Հոր ծրագրի մեծ պարգևի մասին։ Դա դեպի խաղաղություն և երջանկություն տանող միակ կատարյալ ճանապարհն է:

Համաժողովների կենտրոնում գտնվող և աշխարհով մեկ սփռված իմ սիրելի եղբայրներ և քույրեր, խորապես երախտապարտ եմ այս առավոտ իմ մտքերով ձեզ հետ կիսվելու հնարավորության համար։

1964թ-ի հուլիսին, հիսուներկու տարի առաջ, ես հանձնարարությամբ գտնվում էի Նյու Յորք Սիթիում տեղի ունեցող Համաշխարհային ցուցահանդեսին։ Մի առավոտ ցուցահանդեսի ժամանակ ես այցելեցի Եկեղեցու տաղավար։ Ժամանեցի Man’s Search for Happiness (Մարդկանց երջանկության որոնումները) եկեղեցու ֆիլմի ցուցադրումից անմիջապես առաջ, մի տեսագրություն փրկության ծրագրի մասին, որն այդ օրից ի վեր դարձել է հանրաճանաչ Եկեղեցում։ Ես նստեցի մի երիտասարդ տղայի կողքին, ով, հավանաբար, 35 տարեկան էր։ Մենք շփվեցինք մի փոքր։ Նա մեր Եկեղեցուց չէր։ Ապա լույսերը մարեցին և ցուցադրումը սկսվեց։

Մենք լսեցինք հաղորդավարի ձայնը, երբ նա առաջ քաշեց կարևոր ու համընդհանուր հարցերը. Որտեղի՞ց եմ գալիս։ Ինչո՞ւ եմ այստեղ։ Ու՞ր կգնամ այս կյանքից հետո։ Բոլորն ուշադիր փորձում էին լսել պատասխանները և նրանց աչքերը գամված էին պատկերին։ Մեր նախաերկրային կյանքի նկարագրությունը տրվեց, ինչպես նաև՝ երկրի վրա մեր նպատակի բացատրությունը։ Մենք ականատես եղանք մի հուզիչ տեսարանի, թե ինչպես է մի ծեր մարդ մահանում և փառավոր կերպով միավորվում իր սիրելիների հետ, ովքեր նախորդել էին նրան հոգևոր աշխարհում։

Երկնային Հոր ծրագրի այս գեղեցիկ կինոնկարի վերջում ամբոխը լռությամբ դուրս եկավ և շատերը հուզվել էին ֆիլմի ուղերձից։ Կողքիս նստած երիտասարդը ոտքի չկանգնեց։ Ես հարցրեցի, թե արդյո՞ք դուր եկավ նրան ֆիլմը։ Նրա պատասխանը զորեղ էր. «Սա է ճշմարտությունը»։

Մեր Հոր ծրագիրը՝ մեր երջանկության և մեր փրկության համար, աշխարհով մեկ տարածում են մեր միսիոներները։ Այս աստվածային ուղերձը լսողներից ոչ բոլորն են ընդունում և հետևում դրան։ Սակայն, տղամարդիկ ու կանայք ամենուր, ինչպես Նյու Յորքի Համաշխարհային ցուցահանդեսի իմ ընկերը, հասկանում են դրա ճշմարտությունը և ոտք են դնում այն ուղու վրա, որը նրանց անվտանգ տուն է տանում։ Նրանց կյանքը մեկընդմիշտ փոխվում է։

Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, ծրագրի կարևորագույն մասն է։ Առանց Նրա քավիչ զոհաբերության ամեն ինչ կկորչի։ Սակայն Նրան ու Նրա առաքելությանը պարզապես հավատալը բավարար չէ։ Մենք պետք է աշխատենք ու սովորենք, փնտրենք ու աղոթենք, ապաշխարենք ու կատարելագործվենք։ Մենք պետք է իմանանք Աստծո օրենքները և կատարենք դրանք։ Մենք պետք է ստանանք Նրա փրկող արարողությունները։ Միայն այդ ամենն անելով, մենք ձեռք կբերենք ճշմարտություն և հավերժական երջանկություն։

Մենք օրհնված ենք, որ ունենք ճշմարտությունը։ Մենք պարտավորություն ունենք կիսվելու այդ ճշմարտությամբ։ Եկեք ապրենք ճշմարտությամբ, որ ձեռք բերենք այն ամենն, ինչ Հայրը պատրաստել է մեզ համար։ Նա չի անում որևէ բան, եթե դա մեր օգտի համար չէ։ Նա ասել է մեզ. «Սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»։1

Հոգու խորքից և խորին խոնարհությամբ ես վկայում եմ այն մեծ պարգևի մասին, որը մեր Հոր ծրագիրն է մեզ համար։ Դա դեպի խաղաղություն և երջանկություն տանող միակ կատարյալ ճանապարհն է, թե՛ այստեղ, և թե՛ գալիք աշխարհում։

Եղբայրներ և քույրեր, եզրափակելով ելույթս, թողնում եմ ձեզ հետ իմ սերը և իմ օրհնությունը և այս ամենն անում եմ մեր Փրկիչ և Քավիչ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։