2016
«Եթե ինձ գիտենայիք»
November 2016


«Եթե ինձ գիտենայիք»

Մենք Փրկիչի մասին միայն գիտե՞նք, թե աստիճանաբար ճանաչում ենք Նրան: Ինչպե՞ս ենք ճանաչում Տիրոջը:

Որպես Լեռան Քարոզի եզրափակիչ մաս` Փրկիչն ընդգծեց այն հավերժական ճշմարտությունը, որ «միայն Հոր կամքը կատարելու դեպքում է մարդը ստանում Որդու փրկություն պարգևող շնորհը»:1

Նա ասել է.

«Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կմտնէ երկնքի արքայութիւնը. այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է:

Շատերը կասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, և քո անունովը դևեր հանեցինք, և քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք:

Եւ ես այն ժամանակ պարզ կասեմ նորանց, թե` երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ»:2

Այս ուսուցման մասին մեր հասկացողությունն ընդարձակվում է, երբ մենք խորհում ենք այս տեքստի ոգեշնչված վերափոխման մասին: Իմաստալից է, որ Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակում «երբէք ձեզ չեմ ճանաչել» արտահայտությունը Ջոզեֆ Սմիթի թարգմանության մեջ փոխվել է «Դուք ինձ երբեք չեք ճանաչել» արտահայտությամբ:3

Մտածեք նաև տաս կույսերի առակի մասին: Հիշեք, որ հինգ հիմար ու անպատրաստ կույսերը գնացին իրենց լամպերում յուղ առնելու, երբ լսեցին փեսային տեսնելու աղաղակը:

«Եւ երբոր նորանք գնացին գնելու, փեսան եկաւ. և պատրաստները նորա հետ հարսանիքը մտան, և դուռն փակուեցավ:

Եւ յետոյ այն միւս կոյսերն էլ եկան և ասեցին. Տէր, Տէր բաց մեզ:

Նա էլ պատասխանեց և ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, ես չեմ ճանաչում ձեզ»:4

Այս առակի նշանակությունը մեզանից յուրաքանչյուրի համար ընդարձակվում է մեկ այլ ոգեշնչված վերափոխման շնորհիվ: Նշանակալից է, որ Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակում «ես չեմ ճանաչում ձեզ» արտահայտությունը Ջոզեֆ Սմիթի թարգմանության մեջ փոխվել է «Դուք ինձ չեք ճանաչում» արտահայտությամբ:5

«Դուք ինձ երբեք չեք ճանաչել» և «Դուք ինձ չեք ճանաչում» արտահայտությունները մեզանից յուրաքանչյուրի համար պետք է հանդիսանան խորհը հոգևոր ինքնագնահատում կատարելու առիթ: Մենք Փրկիչի մասին միայն գիտե՞նք, թե աստիճանաբար ճանաչում ենք Նրան: Ինչպե՞ս ենք ճանաչում Տիրոջը: Իմ ուղերձը կենտրոնանում է հոգու այս հարցերի շուրջ: Ես իմ ողջ սրտով հրավիրում եմ, որ մեզ հետ լինի Սուրբ Հոգու աջակցությունը` մինչ մենք միասին կխորհենք այս կարևոր թեմայի շուրջ:

Սկսենք ճանաչել

Հիսուսն ասել է.

«Ես եմ ճանապարհը և ճշմարտութիւնը և կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով:

Եթէ ինձ գիտենայիք, իմ Հօրն էլ կգիտենայիք»:6

Մենք սկսում ենք ճանաչել Հորը, երբ սկսում ենք ճանաչել Նրա Սիրելի Որդուն:

Մահկանացու կյանքի ամենակարևոր նպատակներից մեկը ոչ միայն Հոր Միածնի մասին իմանալն է, այլ Նրան ճանաչել ձգտելը: Ահա չորս կարևոր քայլ, որոնք կարող են օգնել մեզ ճանաչել Տիրոջը. դրանք են` հավատք գործադրել Նրա հանդեպ, հետևել Նրան, ծառայել Նրան և հավատալ Նրան:

Հավատք գործադրել Նրա հանդեպ

Հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ նշանակում է ապավինել Նրա արժանիքներին, ողորմությանն ու շնորհին:7 Մենք սկսում ենք ճանաչել Փրկիչին, երբ արթնացնում ենք մեր հոգևոր ունակություններն ու փորձարկման ենթարկում Նրա ուսմունքները` նույնիսկ մինչև որ կարողանանք մեր կյանքում տեղ տալ Նրա խոսքերին:8 Երբ Տիրոջ հանդեպ մեր հավատքը մեծանում է, մենք ապավինում ենք Նրա քավող, բժշկող ու մեզ ամրացնող զորությանը:

Ճշմարիտ հավատքը հիմնված է Տիրոջ վրա և միշտ առաջնորդում է մեզ դեպի արդարակեցություն: «[Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը հանդիսանում է] ճշմարիտ կրոնի առաջին սկզբունքը, … ողջ արդարակեցության հիմքը … և բոլոր բանականությունների գործողության սկզբունքը»:9 Քանի որ Հիսուս Քրիստոսի կողմից հռչակված ճշմարիտ սկզբունքներին համաձայն գործելն էական է ճշմարիտ հավատքի ձեռք բերման ու գործադրաման համար, ապա «հավատքն առանց գործերի մեռած է»:10 Մենք պետք է լինենք «խօսքը անող, և ոչ միայն լսողներ»:11

Աստծո խոսքը լսելն ու Փրկիչի հանդեպ հավատքի հոգևոր պարգևը ստանալը սերտորեն փոխկապակցված են, քանի որ «հավատքը լսելուցն է, և լսելը` Աստուծոյ խօսքիցը»:12 Մենք ծանոթանում ենք Նրա հետ ու ճանաչում ենք Նրա ձայնը, երբ կարդում ու սնվում ենք սուրբ գրություններում գտնվող Նրա խոսքերով,13 անկեղծ միտումով աղոթում ենք Հորը Նրա անունով14 և ձգտում ենք ունենալ Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը:15 Հիսուս Քրիստոսի վարդապետությունը սովորելն ու մեր կյանքում կիրառելը հանդիսանում է անհրաժեշտ նախապայման Նրա հանդեպ հավատքի պարգևը ստանալու համար:16

Տիրոջ հանդեպ հավատք գործադրելը նախապատրաստում է մեզ հետևել Նրան:

Հետևել Նրան

«Եւ Յիսուսը Գալիլեացիների ծովի եզրումը ման գալիս՝ տեսաւ երկու եղբարց` Սիմօնին որ Պետրոս է կոչուած, և նորա Անդրէաս եղբօրը, որ ուռկան էին գցում ծովը, որովհետև ձկնորս էին.

Եւ ասեց նորանց. Իմ ետևից եկէք, և ես ձեզ մարդկանց որսորդ կշինեմ:

Եւ նորանք շուտով իրանց ուռկանները թողած նորա ետևից գնացին»:17

Պետրոսն ու Անդրեասը հանդիսանոմ են Վարդապետին լսելու ու Նրան հետևելու հրաշալի օրինակներ:

Փրկիչը նույն կերպ կանչում է ձեզ և ինձ. «Եթէ մէկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանայ և իր խաչն առնէ, և իմ ետևից գայ»:18 Իր խաչը վերցնելն ամեն անաստվածությունից և ամեն աշխարհիկ ցանկությունից հրաժարվելն է և Տիրոջ պատվիրանները պահելը:19

Փրկիչը մեզ հորդորել է լինել Իր նման:20 Այսպիսով, հետևել Տիրոջը նշանակում է հետամուտ լինել Նրա օրինակին: Մենք շարունակում ենք ճանաչել Տիրոջը, երբ Նրա Քավության զորությամբ ձգտում ենք նմանվել Նրան:

Իր մահկանացու կյանքի ծառայության ընթացքում Հիսուսը մեզ ցույց տվեց ճանապարհը, առաջնորդեց մեզ ու սահմանեց կատարյալ օրինակ: «Նրա բնավորության, արժանիքների ու հատկանիշների մասին ճիշտ պատկերացում ունենալը»21 տալիս է մեզ հարատև նպատակ ու պարզ առաջնորդություն, երբ մենք հետևում ենք Նրան որպես անձվեր հետևորդ:

Փրկիչին հետևելը մեզ նաև օգնում է լիարժեք հասկանալ, թե արդյոք մեր կյանքի ընտրած ճանապարհը համահունչ է Աստծո կամքի հետ:22 Նման գիտելիքն անհայտ առեղծված չէ և կենտրոնացած չէ առաջին հերթին մեր ժամանակավոր ձգտումների կամ մահկանացու կյանքի հոգսերի վրա: Այլ կայուն և անընդհատ առաջընթացը, կապած ու պահած ուխտերի հետ մեկտեղ, հանդիսանում է կյանքի այն ընթացքը, որը հաճելի է Նրան:

Մորմոնի Գրքում Լեքիի երազը բացահայտում է այն ուղղին, որին պետք է հետևենք, այն դժվարությունները, որոնք պետք է հաղթահարենք և այն հոգևոր աղբյուրները, որոնք օգնում են մեզ հետևել մեր Փրկիչին ու մոտենալ Նրան: Այն, ինչ Նա կամենում է, որ մենք անենք, դա նեղ ու անձուկ արահետով առաջ մղվելն է: Ծառի պտուղից ճաշակելը և խորապես «առ Տերը դարձի գալը»23 այն օրհնություններն են, որոնք Նա ի սրտե ցանկանում է, որ մենք ստանանք: Հետևաբար, Նա ձեռքով նշան է անում. «Եկ հետևիր ինձ»:24

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելն ու Նրան հետևելը նախապատրաստում է մեզ ծառայել Նրան:

Ծառայել Նրան

«Քանզի ի՞նչպես է մարդ ճանաչում իր տիրոջը, որին նա չի ծառայել, և որն օտար է նրան և հեռու է նրա սրտի մտքերից և խորհուրդներից»:25

Մենք Տիրոջն ավելի լիարժեք ենք ճանաչում, երբ ծառայում ենք Նրան ու աշխատում ենք Նրա արքայությունում: Երբ մենք այդպես ենք վարվում, Նա մեզ առատորեն օրհնում է երկնային աջակցությամբ, հոգևոր պարգևներով ու ավելի մեծ ունակություններով: Մենք երբեք մենակ չենք, երբ մասնակցում ենք Նրա գործին:

Նա հայտնել է. «Քանզի ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները` ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»:26

Մենք սկսում ենք ճանաչել Փրկիչին, երբ ջանք չենք խնայում լինելու այնտեղ, որտեղ Նա կամենում է, որ լինենք, երբ ձգտում ենք ասել այն, ինչ Նա ուզում է, որ ասենք, և դառնում ենք այն, ինչ Նա ուզում է, որ լինենք:27 Երբ մենք հնազանդորեն ընդունում ենք մեր կախումը Նրանից, Նա ընդարձակում է մեր ունակությունը, որպեսզի էլ ավելի արդյունավետ ծառայենք, քան երբևէ: Աստիճանաբար մեր ցանկություններն ավելի են հավասարվում Նրա ցանկություններին, և Նրա նպատակները դառնում են մեր նպատակները, այնպես, որ մենք «[չենք] խնդրի այն, ինչը հակառակ է [Նրա] կամքին»:28

Նրան ծառայելը պահանջում է մեր ողջ սիրտը, զորությունը, միտքը և ուժը:29 Ուստի, ուրիշներին անձնուրաց կերպով ծառայելը ոչնչացնում է բնական մարդու եսակենտրոն և ինքնասեր միտումները: Նրանց, ում ծառայում ենք, ավելի շատ ենք սիրում: Եվ քանի որ ուրիշներին ծառայելով ծառայում ենք Աստծուն, մենք ավելի խորն ենք սիրում Նրան և մեր եղբայրներին ու քույրերին: Նման սերը գթության` նույնիսկ Քրիստոսի մաքուր սիրո պարգևի դրսևորումն է:30

«Աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու` Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են. որ դուք կարողանաք դառնալ Աստծո որդիները. որպեսզի երբ նա հայտնվի, մենք լինենք նրա նման. քանզի մենք պիտի տեսնենք նրան, ինչպես որ ինքն է. որ մենք կարողանանք ունենալ այդ հույսը. որ մենք կարողանանք մաքրվել, ճիշտ ինչպես նա է մաքուր»:31

Մենք ճանաչում ենք Տիրոջը, երբ լցվում ենք Իր սիրով:

Հավատալ Նրան

Արդյոք հնարավո՞ր է հավատք գործադրել Նրա հանդեպ, հետևել Նրան, ծառայել Նրան, սակայն չհավատալ Նրան:

Ես ճանաչում եմ Եկեղեցու անդամների, ովքեր սուրբ գրություններում եղած, ինչպես նաև այս ամբիոնից հայտարարված վարդապետություններն ու սկզբունքներն ընդունում են որպես ճշմարտություն: Սակայն, այնուամենայնիվ, նրանք դժվարանում են հավատալ, որ ավետարանի այդ ճշմարտությունները հատկապես կիրառելի են իրենց կյանքում և հանգամանքներում: Թվում է, թե նրանք ունեն հավատք Փրկիչի հանդեպ, սակայն չեն հավատում, որ Նրա խոստացած օրհնությունները մատչելի են իրենց համար, կամ կարող են գործել իրենց կյանքում: Ես նաև հանդիպում եմ եղբայրների ու քույրերի, ովքեր պատրաստակամորեն կատարում են իրենց ծառայությունները, սակայն վերականգնված ավետարանն իրենց կյանքում դեռ չի դարձել ապրող և փոխակերպող իրականություն: Մենք ճանաչում ենք Տիրոջը, երբ ոչ միայն հավատում ենք, որ Նա կա, այլ հավատում ենք Նրան ու Նրա հավաստիացումներին:

Նոր Կտակարանում մի հայր Փրկիչին խնդրեց բժշկել իր տղային: Հիսուսը պատասխանեց.

«Եթէ կարող ես հավատալ, ամեն բան կարելի է հաւատացողին:

Եվ շուտով տղայի հայրն աղաղակեց և արտասուքով ասեց, հավատում եմ, Տէր, իմ անհաւատութեանն օգնիր»:32

Ես բազմիցս խորհել եմ այս հոր խնդրանքի մասին, որն ասում է. «Իմ անհաւատութեանն օգնիր»: Ինձ հուզում է, արդյոք այս մարդու խնդրանքի նպատակն առաջին հերթին իրեն օգնելը չէր, որպեսզի հավատար Հիսուսին որպես մեր Քավիչ, ու Նրա բժշկող զորությանը: Նա գուցե արդեն ընդունել էր Քրիստոսին որպես Աստծո Որդի: Սակայն, հավանաբար, օգնության կարիք ուներ, որպեսզի հավատար, որ Վարդապետի բժշկող զորությունն իսկապես կարող էր լինել այդքան անհատականացված ու անձնական, որպեսզի օրհներ իր սիրելի որդուն: Նա գուցե հավատում էր Քրիստոսին ընդհանուր առմամբ, սակայն դեռ չէր հավատում, որ Քրիստոսի զորությունը կարող է գործել այդքան անհատապես:

Մենք հաճախ վկայում ենք այն մասին, ինչը գիտենք, որ ճշմարիտ է, սակայն գուցե մեզանից յուրաքանչյուրի համար ավելի կարևոր հարցը կայանում է նրանում, թե արդյոք հավատում ենք մեր գիտեցածին:

Քահանայության պատշաճ զորությամբ կատարած սրբազան արարողություններն անհրաժեշտ են Փրկիչին հավատալու, Նրան ճանաչելու և, վերջիվերջո, մեր գիտեցածին հավատալու համար:

«Եվ [Մելքիսեդեկյան] քահանայությունը սպասավորում է ավետարանը և կրում է արքայության խորհուրդների բանալիները, այսինքն` Աստծո գիտության բանալիները:

Հետևաբար, նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը»:33

Մենք հավատում ու ճանաչում ենք Տիրոջը, երբ Աստծո գիտության բանալին, սպասավորելով Մելքիսեդեկյան Քահանայության զորությամբ, բացում է դուռը և մեզանից յուրաքանչյուրի համար հնարավոր է դարձնում աստվածային զորություն ստանալ մեր կյանքում: Մենք հավատում ու ճանաչում ենք Փրկիչին, երբ հետևում ենք Նրան` ստանալով ու հավատարմորեն պահելով սրբազան արարողություններն ու աստիճանաբար Նրա պատկերը մեր դեմքին փորագրելով:34 Մենք հավատում և ճանաչում ենք Քրիստոսին, երբ անհատապես զգում ենք Նրա Քավության փոխակերպող, բժշկող, ամրացնող և սրբագործող զորությունը: Մենք հավատում և ճանաչում ենք Վարդապետին, երբ «նրա խոսքի զորությունն [արմատներ է տալիս] մեր մեջ»,35 գրվում է մեր մտքերում և սրտերի վրա,36 և մենք «կհրաժարվենք [մեր] բոլոր մեղքերից` [Նրան] գիտենալու համար»:37

Նրան հավատալ նշանակում է վստահել, որ Նրա առատ օրհնությունները հասանելի ու կիրառելի են մեր անձնական կյանքում ու մեր ընտանիքներում: Մենք մեր ողջ հոգով38 կարող ենք հավատալ Նրան, երբ առաջ մղվենք ուխտի մեր արահետով, մեր կամքը Նրա կամքին հանձնենք ու հնազանդվենք մեզ համար Նրա առաջնահերթությանն ու ժամանակի ընտրությանը: Նրան հավատալը` որպես ճշմարտություն ընդունելով Նրա զորությունն ու խոստումները, հեռանկար, խաղաղություն ու ուրախություն է բերում դեպի մեր կյանք:

Խոստում և վկայություն

Ապագայում մի օր «ամեն ծունկ պիտի ծալվի, և ամեն լեզու պիտի խոստովանի»,39 որ Հիսուսը Քրիստոսն է: Այդ հրաշալի օրը մենք կիմանանք, որ Նա մեզանից յուրաքանչյուրիս անունով է ճանաչում: Եվ ես վկայում ու խոստանում եմ, որ մենք ոչ միայն կարող ենք իմանալ Տիրոջ մասին, այլ կարող ենք ճանաչել Նրան, եթե հավատք գործադրենք Նրա հանդեպ, հետևենք, ծառայենք ու հավատանք Նրան: Սա իմ վկայությունն է Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: