2016
Երկրպագության օրհնությունները
November 2016


Երկրպագության օրհնությունները

Երկրպագությունը կարևոր և առանցքային դեր ունի մեր հոգևոր կյանքում: Մենք պետք է փափագենք, փնտրենք և ձգտենք զգալ այն:

Նրա այցը

Սուրբ գրություններում արձանագրված առավել ուշագրավ և հրաշալի իրադարձություններից մեկը Փրկիչի մահից և Հարությունից հետո Ամերիկա մայրցամաքի ժողովրդին Նրա այցելության մասին պատմությունն է: Մարդիկ ականատես էին եղել այնպիսի մեծ ավերածության, որ «ամբողջ երկրի երեսը ձևափոխվել էր»:1 Այդ իրադարձությունների մասին արձանագրությունը պատմում է, որ այդ աղետից հետո ողջ ժողովրդի մեջ շարունակ ողբ ու հեկեկոց էր,2 և իրենց խորը վշտի մեջ նրանք բժշկության, խաղաղության և ազատություն ստանալու մեծ կարիք ունեին:

Երբ Փրկիչն իջավ երկնքից, մարդիկ երկու անգամ Նրա ոտքերի մոտ ընկան: Առաջին անգամը եղավ այն ժամանակ, երբ Նա աստվածային իշխանությամբ հայտարարեց.

«Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը, ում մասին մարգարեները վկայել էին, որ պիտի գա աշխարհ:

Եվ ահա, ես եմ լույսն ու կյանքն աշխարհի»:3

Այնուհետև ներկաներին Նա կոչ արեց. «Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ, որ դուք կարողանաք մտցնել ձեր ձեռքն իմ կողը, և նաև, որ դուք կարողանաք շոշափել բևեռների նշաններն իմ ձեռքերի ու իմ ոտքերի վրա, որ դուք կարողանաք իմանալ, որ ե՛ս եմ Իսրայելի Աստվածը, և ամբողջ երկրագնդի Աստվածը, և սպանվել եմ աշխարհի մեղքերի համար: …

Եվ երբ նրանք բոլորն առաջ եկան և իրենք ականատես եղան, նրանք միաձայն աղաղակեցին՝ ասելով.

Ովսա՜ննա: Օրհնվա՜ծ լինի Բարձրյալ Աստծո անունը»:4

Եվ ապա երկրորդ անգամ «նրանք ընկան ցած՝ Հիսուսի ոտքերի մոտ և երկրպագեցին նրան»: Բայց այս անգամ նպատակով, քանի որ մենք իմանում ենք, որ նրանք «երկրպագեցին նրան»:5

Ներկա օրեր

Այս տարվա սկզբին ես հանձնարարությամբ այցելել էի Միացյալ Նահանգների արևմուտքում գտնվող մի ցից: Սովորական կիրակի էր, սովորական ժողով, Եկեղեցու սովորական անդամներով: Ես նայում էի, ինչպես էին անդամները մտնում հավաքատուն և ակնածալից զբաղեցնում իրենց տեղերը: Վերջին վայրկյանին շշուկով խոսակցությունները արձագանքում էին սրահում: Մայրերն ու հայրերը, երբեմն զուր ջանքեր գործադրելով, փորձում էին հանգստացնել իրենց աշխույժ երեխաներին: Սովորական իրավիճակ:

Բայց մինչ ժողովը կսկսվեր, Հոգու կողմից ոգեշնչված խոսքեր եկան միտքս:

Այս անդամները պարզապես չէին եկել պարտականություն կատարելու կամ խոսնակներին ունկնդրելու:

Նրանք եկել էին շատ ավելի խորը և շատ ավելի կարևոր պատճառով:

Նրանք եկել էին երկրպագելու:

Երբ ժողովը սկսվեց, հայացքով հետևում էի ներկա գտնվող անդամներին: Նրանք ունեին գրեթե երկնային հայացքներ, որ ակնածանք և խաղաղություն էր արտահայտում: Նրանց համար սրտումս ջերմություն զգացի: Այդ կիրակի նրանք բավականին արտասովոր փորձառություն ունեցան:

Նրանք երկրպագում էին:

Նրանք երկնային զգացողություն ունեին:

Ես տեսնում էի դա նրանց դեմքերին:

Եվ ես բերկրում ու երկրպագում էի նրանց հետ: Այդ ժամանակ Հոգին խոսեց իմ սրտում: Եվ այդ օրը ես սովորեցի իմ, Աստծո և մեր կյանքում ճշմարիտ երկրպագության դերի մասին:

Երկրպագությունը մեր ամենօրյա կյանքում

Եկեղեցու կոչումներում ծառայելու առումով Վերջին Օրերի Սրբերը բացառիկ են: Բայց երբեմն գուցե մեր աշխատանքը կատարում ենք մեխանիկորեն, ասես պարզապես մի գործ ենք անում: Երբեմն ժողովներին հաճախելիս և արքայության մեջ ծառայություն կատարելիս մեզ մոտ պակասում է երկրպագության սուրբ բաղադրիչը: Իսկ առանց դրա մեզ մոտ պակասում է հոգևոր անզուգական շփումը անսահմանության հետ, որը մեզ համար հասանելի է` որպես սիրող Երկնային Հոր զավակներ:

Հեռու լինելով պատահական, երջանիկ դրսևորում լինելուց, երկրպագությունը կարևոր և առանցքային դեր ունի մեր հոգևոր կյանքում: Դա մենք պետք է փափագենք, փնտրենք և ձգտենք զգալ:

Ի՞նչ է երկրպագությունը:

Աստծուն երկրպագելիս մենք մոտենում ենք Նրան ակնածալից սիրով, խոնարհությամբ և խորը պաշտամունքով: Մենք ճանաչում և ընդունում ենք Նրան որպես մեր ինքնիշխան Թագավոր, տիեզերքի Արարիչ, մեր սիրելի և անսահման սիրող Հայր:

Մենք հարգում և մեծարում ենք Նրան:

Մենք ենթարկվում ենք Նրան:

Հզոր աղոթքով մենք բարձրացնում ենք մեր սրտերը, փայփայում ենք Նրա խոսքը, ցնծում Նրա շնորհով և պարտավորվում նվիրված հավատարմությամբ հետևել Նրան:

Հիսուս Քրիստոսի աշակերտի կյանքում Աստծուն երկրպագելն այնքան կարևոր բան է, որ եթե Նրան չենք ունենում մեր սրտում, մենք զուր ենք փնտրում Նրան մեր խորհուրդներում, եկեղեցիներում և տաճարներում:

Ճշմարիտ աշակերտները ձգտում են «երկրպագել նրան, ով արարել է երկինքը և երկիրը և ծովերը և ջրերի աղբյուրները,—կանչելով Տիրոջ անունն օր ու գիշեր»:6

Մենք կարող ենք բավականաչափ սովորել ճշմարիտ երկրպագության մասին, քննելով, թե ինչպես են մյուսները` մարդիկ, ովքեր գուցե այդքան էլ չեն տարբերվել մեզանից, հանդիպել, իրենց դրսևորել և երկրպագել աստվածության ներկայությամբ:

Զմայլանք, երախտագիտություն և հույս

19-րդ դարի առաջին կեսին Քրիստոնյա աշխարհն ընդհանրապես չէր ընդունում այն գաղափարը, որ Աստված կարող է խոսել մարդու հետ: Սակայն 1820 թվականի գարնանը, այդ մոտեցումն ընդմիշտ փոխվեց, երբ խոնարհ գյուղացի տղան գնաց անտառ և ծնկաչոք աղոթեց: Այդ օրվանից ի վեր ուշագրավ տեսիլքների, բացահայտումների և երկնային հայտնությունների տեղատարափ սկսվեց՝ երկրի բնակիչներին օժտելով Աստծո էության, նպատակի և մարդու հետ Նրա հարաբերության մասին անգին գիտելիքով:

Օլիվեր Քաուդերին այդ օրերը նկարագրել է որպես «անմոռանալի օրեր … Ինչպիսի՜ ուրախություն: Ինչպիսի՜ հրաշք: Ինչպիսի՜ զմայլանք»:7

Օլիվերի խոսքերը հայտնում են աստվածությանը ճշմարիտ երկրպագելու առաջին բաղադրիչ տարրերը՝ փառահեղ ակնածանք և խորը երախտագիտության զգացում:

Ամեն օր, բայց հատկապես կիրակի օրը, մենք բացառիկ հնարավորություն ունենք զգալու երկնքի զարմանահրաշությունը և պատկառելիությունը, և արտահայտելու մեր գոհաբանությունը առ Աստված` Իր օրհնյալ բարեհոգության և անսահման ողորմածության համար:

Դա մեր մեջ հույս է ծնում: Դրանք երկրպագության առաջին բաղադրիչներն են:

Լույս, գիտելիք և հավատք

Պենտեկոստեի օրհնյալ օրը Սուրբ Հոգին մուտք գործեց Քրիստոսի աշակերտների սրտերն ու մտքերը՝ լցնելով նրանց լույսով և գիտելիքով:

Մինչ այդ օրը նրանք երբեմն վստահ չէին, թե ինչ պիտի անեին: Երուսաղեմը վտանգավոր վայր էր դարձել Փրկիչի հետևորդի համար, և նրանք պիտի որ մտածեին, թե ինչ տեղի կունենար իրենց հետ:

Բայց երբ նրանց սրտերը լցվեցին Սուրբ Հոգով, կասկածն ու դժկամությունն անհետացավ: Աներևակայելիորեն դրսևորված ճշմարիտ երկրպագության շնորհիվ Աստծո Սրբերը երկնային լույս, գիտելիք և զորացած վկայություն ստացան: Իսկ դա ծնեց հավատք:

Այդ պահից ի վեր Առաքյալները և Սրբերը գործում էին նպատակային վճռականությամբ: Ողջ աշխարհին նրանք քաջաբար քարոզում էին Քրիստոս Հիսուսի մասին:

Հոգով երկրպագելիս մենք լույս ու ճշմարտություն ենք բերում մեր հոգի, որն էլ ամրացնում է մեր հավատքը: Դրանք ևս ճշմարիտ երկրպագության անհրաժեշտ բաղադրիչներն են:

Աշակերտություն և գթասրտություն

Մորմոնի Գրքից մենք սովորում ենք, որ երբ Ալմա Կրտսերն ազատվեց իր իսկ ըմբոստության հետևանքների տառապանքներից, նա այլևս նույնը չէր: Նա համարձակորեն «ճամփորդում էր ողջ … երկրով … և ողջ ժողովրդի մեջ…, … եռանդուն ձգտելով փոխհատուցել բոլոր վնասները, որոնք [նա] հասցրել էր եկեղեցուն»:8

Ամենազոր Աստծուն մշտապես երկրպագելու արդյունքում նա դարձավ եռանդուն աշակերտ:

Ճշմարիտ երկրպագության արդյունքում մենք դառնում ենք մեր սիրելի Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անկեղծ և եռանդուն աշակերտները: Մենք փոխվում և ավելի ենք նմանվում Նրան:

Մենք դառնում ենք ավելի հասկացող ու հոգատար, ավելի ներողամիտ և ավելի սիրող:

Մենք հասկանում ենք, որ անհնար է ասել, որ սիրում ենք Աստծուն, և միևնույն ժամանակ ատենք, արհամարհենք և անտեսենք մեր շուրջը գտնվողներին:9

Ճշմարիտ երկրպագությունը ծնում է աշակերտի ճանապարհով քայլելու անկոտրում վճռականություն: Իսկ դա անխուսափելիորեն տանում է դեպի գթասրտություն: Այս երկուսը ևս երկրպագության բաղադրիչ տարրերն են:

Գոհաբանությամբ մտեք Նրա դռներով

Երբ հիշում եմ այն կիրակի առավոտը, երբ ամեն ինչ ասես սովորական բնույթ էր կրում այդ սովորական ցցի սովորական հավաքատանը, անգամ այսօր սիրտս լցվում է այդ արտասովոր հոգևոր զգացողությունը վերհիշելիս, որը ընդմիշտ կօրհնի իմ կյանքը:

Ես սովորեցի, որ անգամ եթե մեր ժամանակի, կոչումների և հանձնարարությունների մեջ մենք բացառիկ ղեկավարներ ենք, և նույնիսկ ցուցակում մեր անվան առաջ որպես անհատ, ընտանիք կամ ղեկավար դնում ենք «գերազանց» նշանը, բայց եթե մենք թերանում ենք երկրպագել մեր ողորմած Ազատարարին, երկնային Թագավորին և փառահեղ Աստծուն, մենք հիմնականում զրկվում ենք ավետարանի ուրախությունից և խաղաղությունից:

Աստծուն երկրպագելիս մենք ճանաչում և ընդունում ենք Նրան այն նույն ակնածանքով, ինչպես Ամերիկայի հնագույն ժողովուրդն ընդունեց Նրան: Մենք մոտենում ենք Նրան զմայլանքի և ակնածանքի անզուգական զգացումներով: Մենք երախտագիտությամբ հիանում ենք Աստծո մեծահոգությամբ: Ուստի մենք հույս ենք ձեռք բերում:

Մենք խորհում ենք Աստծո խոսքի մասին, և այն լցնում է մեր հոգիները լույսով ու ճշմարտությամբ: Մենք հիասքանչ հոգևոր հեռապատկերներ ենք տեսնում, որը հնարավոր է տեսնել միայն Սուրբ Հոգու լույսի ներքո:10 Ուստիև, մենք ձեռք ենք բերում հավատք:

Երկրպագելիս, մեր հոգիները մաքրվում են և մենք պարտավորվում ենք քայլել մեր սիրելի Փրկիչի` Հիսուս Քրիստոսի հետքերով: Եվ այդ վճռականությամբ մենք ձեռք ենք բերում գթասրտություն:

Երկրպագելիս, մենք սրտանց փառաբանում ենք մեր օրհնյալ Աստծուն առավոտյան, կեսօրին և երեկոյան:

Մենք մշտապես սրբացնում և պատվում ենք Նրան մեր հավաքատներում, տներում, տաճարներում և մեր բոլոր գործերում:

Երկրպագելիս, մենք բացում ենք մեր սիրտը Հիսուս Քրիստոսի Քավության բուժիչ զորության հանդեպ:

Մեր կյանքը դառնում է մեր երկրպագության խորհրդանիշն ու մարմնավորումը:

Իմ եղբայրներ և քույրեր, հոգևոր փորձառությունները շատ ավելի քիչ կապ ունեն այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում մեր շուրջը և հիմնականում կախված են այն ամենից, ինչ տեղի է ունենում մեր սրտերում: Իմ վկայությունն է, որ ճշմարիտ երկրպագությունը Եկեղեցու սովորական ժողովը վերածում է արտասովոր հոգևոր խնջույքի: Այն հարստացնում է մեր կյանքը, ընդլայնում մեր հասկացողությունը և զորացնում մեր վկայությունները: Քանզի, երբ մեր սրտով դառնում ենք առ Աստված, հնագույն Սաղմոսողի հետ մենք «մտնում ենք նրա դռները գոհությունով, նրա սրահները փառաբանությունով. գոհանում ենք նրանից և օրհնում նրա անունը:

Որովհետև Տերը բարի է և նրա ողորմությունը հավիտյան. և նրա ճշմարտությունը ազգից մինչև ազգ»:11

Անկեղծ և սրտաբուխ երկրպագությամբ մենք աճում և հասունանում ենք հույսի, հավատքի և գթասրտության մեջ: Եվ այդ ընթացքում մեր հոգում հավաքում ենք երկնային լույս, որը աստվածային իմաստ, մշտատև խաղաղություն և հարատև ուրախություն է բերում մեր կյանք:

Սա է մեր կյանքում երկրպագության օրհնությունը: Այս մասին ես խոնարհ վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: