2016
Հոգու անկեղծ փափագը
November 2016


Հոգու անկեղծ փափագը

Որդու անունով և Սուրբ Հոգու զորությամբ մեր Հորն ուղղված անգին աղոթքի յուրաքանչյուր վայրկյանը կարող է սրբազան լինել:

Մենք երբեք մենակ չենք մահկանացու կյանքի պայքարում մեր հանձնարարությունը կատարելիս, դժվարությունները հաղթահարելիս, հակառակորդին դիմակայելիս և մեր հարցերին պատասխան փնտրելիս: Հիսուս Քրիստոսն առակի միջոցով ուսուցանել է. «թէ պետք է ամեն ժամանակ աղօթք անել և չձանձրանալ»: Նա պատմեց մի դատավորի մասին, ով չէր վախենում Աստծուց և ոչ ոքից չէր ամաչում: Մի այրի շարունակ գալիս էր նրա մոտ` խնդրելով արդար լինել ու պատժել իր թշնամուն: Դատավորը որոշ ժամանակ չկամեցավ ոչինչ անել: Սակայն նրա անկեղծ ու մշտական խնդրանքի արդյունքում դատավորը վերջապես մտածեց. «Որովհետև այս որբևայրին յոգնեցնում է ինձ, իրաւունք անեմ նորան, որ վերջապէս չգայ ինձ ձանձրացնէ»:

Այնուհետև Հիսուսը բացատրեց.

«… Աստուած մի՞թէ իր ընտրյալների համար իրաւունք չի անիլ, որ ցերեկ և գիշեր աղաղակում են դէպի նա … :

«Ասում եմ ձեզ թէ շուտով իրաւունք կանէ նորանց համար»:

Ու հետո Տերը տվեց այս հարցը. «Սակայն մարդի Որդին գալիս` արդեօք հաւատք կգտնէ՞ երկրի վերայ»:1

Աղոթքն անհրաժեշտ է հավատք զարգացնելու համար: Երբ Տերը կրկին գա, արդյոք Նա կգտնի՞ մի ազգ, ով գիտի` ինչպես աղոթել հավատքով և պատրաստ է ստանալ փրկություն: «Վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչէ կապրի»:2 Մենք սիրառատ Երկնային Հոր զավակներն ենք, և կարող ենք անհատապես հաղորդակցվել Նրա հետ, երբ աղոթում ենք «մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս»3 և այնուհետև գործել Սուրբ Հոգու հուշումների միջոցով ստացած մեր պատասխաններին համաձայն: Մենք հավատքով աղոթում ենք, հավատքով լսում և հնազանդվում, որպեսզի կարողանանք սովորել լինել մեկ Հոր և Որդու հետ:4

Հավատքով ասված աղոթքը բացում է երկնքից ուղարկված փառավոր օրհնությունները ստանալու ճանապարհը:

«Խնդրեցէք և կտրուի ձեզ. որոնեցէք և կգտնէք, դուռը թակեցէք և կբացուի ձեզ:

«Որովհետև ամեն խնդրող առնում է, և որոնողը գտնում է. և դուռը թակողին կբացուի»:5

Եթե մենք ակնկալում ենք ստանալ, մենք պետք է խնդրենք, որոնենք ու թակենք: Ճշմարտությունը որոնելիս` Ջոզեֆ Սմիթը կարդաց սուրբ գրություններում. «Եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ և չէ նախատում, և կտրուի նորան»:6 Որպես նրա հավատքով ասված աղոթքի պատասխան, երկինքները բացվեցին: Հայր Աստվածն ու Իր Որդին` Հիսուս Քրիստոսը, փառքով վայր իջան ու խոսեցին Ջոզեֆ Սմիթի հետ` սկսելով ժամանակների լրության տնտեսությունը: Մեզ համար պատասխանները ներառում են` հրաշքով ապաքինում, զորեղ պաշտպանություն, աստվածային գիտելիք, ազատարար ներում և թանկագին խաղաղություն, որոնք ստանում ենք, երբ հավատքով հղում ենք մեր «հոգու անկեղծ փափագը»:7

Մենք աղոթում ենք մեր Հորը Հիսուս Քրիստոսի անունով, Սուրբ Հոգու զորությամբ, այսպիսով մեր աղոթքի մեջ ընդգրկելով Աստվածագլխի բոլոր երեք անդամներին:

Մենք աղոթում ենք մեր Երկնային Հորը և միայն Նրան, քանի որ Նա «[Աստվածն է երկնքում], որն անսահման է և հավերժական, հավիտենականությունից հավիտենականություն … ձևավորողը երկնքի և երկրի և բոլոր բաների, որոնք դրանց մեջ են»: Լինելով մեր Արարիչը, Նա մեզ պատվիրաններ տվեց, որպեսզի մենք «[սիրենք և ծառայենք] իրեն` միակ կենդանի և ճշմարիտ Աստծուն, և որ նա միակ էակը պիտի լինի, որին [մենք] պետք է երկրպագենք»:8

Եթե դուք հավատով աղոթեք Երկնային Հորը, «նա կսփոփի ձեզ ձեր չարչարանքների մեջ, … և [դուք կվայելեք] նրա սերը»:9 Նախագահ Հենրի Բ. Այրինգը կիսվել է այն մասին, որ իր հոր աղոթքները քաղցկեղի դեմ անհաջող պայքարում ուսուցանել են նրան Աստծո ու Իր զավակների միջև եղած սերտ հարաբերության մասին.

«Երբ ցավն ուժգնանում էր, մենք առավոտյան տեսնում էինք նրան իր անկողնու մոտ ծնկի իջած: Նա այնքա՜ն թույլ էր անկողին վերադառնալու համար: Նա մեզ ասում էր, որ աղոթում էր, որպեսզի հարցներ Երկնային Հորը, թե ինչու պետք է այդքան տառապեր, երբ միշտ ջանացել էր բարի լինել: Նա ասաց, որ ստացավ մի ջերմ պատասխան. «Աստված խիզախ որդիների կարիք ունի»:

«Եվ այսպիսով, նա ծառայեց մինչև վերջ` վստահ, որ Աստված սիրում ու լսում է իրեն և կբարձրացնի իրեն: Նա օրհնված էր, որ գիտեր ու երբեք չէր մոռացել, որ սիրառատ Աստված մեզանից մի աղոթքի հեռավորության վրա է գտնվում»:10

Մենք աղոթում ենք Հիսուս Քրիստոսի անունով, որովհետև մեր փրկությունը Քրիստոսում է, և «ուրիշ անուն էլ չկայ երկնքի ներքև մարդկանց տրուած, որով կարելի լինի մեզ փրկուիլ»:11 Մենք գալիս ենք Հոր մոտ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով,12 որովհետև Նա մեր Բարեխոսն է Հոր առաջ և պաշտպանում է մեր դատը»:13 Նա տառապեց, հեղեց Իր արյունն ու մահացավ, որպեսզի փառավորի Հորը ու Նրա ողորմածությամբ լի ներման խնդրագիրը, հղված մեզանից յուրաքանչյուրի համար, բացում է այս կյանքում խաղաղության ու գալիք կյանքում հավերժական կյանքի ձեռքբերման ճանապարհը: Նա չի ուզում, որ մենք ավելի երկար տառապենք կամ ավելի շատ փորձություններ ունենանք, քան անհրաժեշտ է մեզ: Նա ուզում է, որ մենք դիմենք Իրեն ու թույլ տանք, որ Նա թեթևացնի մեր բեռը, ամոքի մեր սիրտն ու մաքրի մեր հոգին Իր սրբագործող զորությամբ: Մենք չենք ուզում Իր անունն իզուր ասել անգիր արած ու կրկնվող բառերով: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով ասված անկեղծ աղոթքը մեր խորը սիրո, հավերժական երախտագիտության և Նրա նման աղոթելու, Նրա նման գործելու և Նրան նմանվելու մեր բուռն ցանկության արտահայտումն է:

Մենք աղոթում ենք Սուրբ Հոգու զորությամբ, որովհետև «ով խնդրում է Հոգով, խնդրում է համաձայն Աստծո կամքի»:14 Երբ հավատքով ենք աղոթում, Սուրբ Հոգին կարողանում է առաջնորդել մեր միտքը, այնպես որ մեր խոսքերը ներդաշնակ են լինում Աստծո կամքի հետ: «Մի խնդրեք, որ վատնեք ձեր ցանկությունների վրա, այլ խնդրեք անսասան հաստատունությամբ, որ դուք չենթարկվեք ոչ մի գայթակղության, այլ որ դուք ծառայեք ճշմարիտ և կենդանի Աստծուն»:15

Միակ կարևոր բանն այն չէ, որ մենք գիտենանք ինչպես աղոթել, այլ հավասարապես կարևոր է, որ իմանանք ինչպես ստանալ պատասխան մեր աղոթքին, լինենք խորաթափանց, զգոն և կարողանանք պարզորոշ տեսնել ու հասկանալ Աստծո կամքն ու նպատակը մեզ համար»:16

Նախագահ Այրինգն ասել է. «Իմ աղոթքները ստացել են պատասխան: Այդ պատասխաններն ամենահստակն էին, երբ այն, ինչ ես էի ուզում, հանդարտեցվում էր Աստծո կամքն իմանալու անհաղթահարելի ցանկությամբ: Այդ ժամանակ է, որ սիրառատ Երկնային Հոր պատասխանը կարող է լսվել մտքում մեղմ, հանդարտ ձայնով և կարող է հաստատվել սրտում»:17

Նկար
Քրիստոսն Առաքյալների հետ
Նկար
Քրիստոսը Գեթսեմանում

Երբ Փրկիչը եկավ Գեթսեմանի այգի, Նրա հոգին չափազանց վշտահար է, նույնիսկ ի մահ: Լինելով տանջանքների մեջ` միակ անձնավորությունը, ում կարող էր դիմել, Իր Հայրն էր: Նա խնդրեց. «Եթէ կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի»: Բայց ավելացրեց. «Սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու»:18 Չնայած որ անմեղ էր, Փրկիչն առաջ գնաց, «տանելով ցավեր, չարչարանքներ և փորձություններ ամեն տեսակի»` ներառյալ Իր ժողովրդի հիվանդություններն ու թուլությունները: «[Նա] տառապում է ըստ մարմնի, որպեսզի վեր առնի իր վրա իր ժողովրդի մեղքերը, որ նա կարողանա ջնջել նրանց օրինազանցությունները` համաձայն իր ազատման զորության»:19 Նա երեք անգամ աղոթեց. «[Հայր], քո կամքը լինի»:20 Բաժակը չհեռացվեց: Խոնարհ, հավատքով լի աղոթքի միջոցով Նա զորացավ, որպեսզի առաջ գնար ու իրականացներ մեր փրկությունը նախապատրաստող Իր աստվածային առաքելությունը, որպեսզի մենք կարողանայինք ապաշխարել, հավատալ, հնազանդվել ու ստանալ հավերժության օրհնությունները:

Նկար
Քրիստոսը Գեթսեմանում աղոթելիս

Աղոթքի միջոցով ստացած մեր պատասխանը կարող է չլինի այն, ինչ մենք կցանկանայինք: Սակայն անհանգստության պահին մեր աղոթքները դառնում են սիրո ու գորովագութ ողորմության հենարան: Աղերսանքի պահին կարող ենք զորություն ստանալ, որպեսզի առաջ գնանք ու իրականացնենք այն, ինչը նախասահմանվել է մեզ համար: Վտանգավոր ժամանակներում ապրող Իր Սրբերին Տերն ասում է. «Թող ձեր սրտերը մխիթարվեն … , քանզի ամեն մարմին իմ ձեռքում է. Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված»:21

Անկախ նրանից, մենք աղոթում ենք անհատապես, մեր ընտանիքներով, եկեղեցում, տաճարում կամ ուր էլ որ լինենք, անկախ նրանից, մենք աղոթում ենք կոտրված սրտով ու փշրված հոգով` փնտրելով ներում, երկնային իմաստություն կամ պարզապես հարատևելու զորություն, մեր սրտերը միշտ լցված են` ուղղված առ Աստված, անդադար աղոթքով` մեր և մեր շրջապատում գտնվողների բարօրության համար: Անկեղծ ցանկություններն` արտահայտված առատ օրհնությունների և կյանքի դասերի համար երախտագիտության հոգով, մեր սրտում սերմանում են ամուր հավատք Քրիստոսի հանդեպ, «հույսի պայծառություն», «սեր` Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ»:22

Աղոթքն Աստծո պարգև է: Մենք երբեք չպետք է մեզ մոլորված կամ մենակ զգանք: Ես վկայում եմ, որ Որդու անունով և Սուրբ Հոգու զորությամբ մեր Հորն ուղղված անգին աղոթքի յուրաքանչյուր վայրկյանը կարող է սրբազան լինել: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: