2016
Աստված կսրբի ամեն արտասուքը
November 2016


Աստված կսրբի ամեն արտասուքը

Երբ մենք Նրա հանդեպ հավատք գործադրենք, Նա մեզ կբարձրացնի և կանցկացնի մեզ մեր բոլոր փորձությունների միջով և, ի վերջո, կփրկի մեզ սելեստիալ արքայությունում:

Որպես Իր ծրագրի մաս մեր Երկնային Հայրը թույլ է տվել, որ վիշտը միահյուսվի մեր մահկանացու գոյությանը:1 Չնայած թվում է, որ ցավոտ փորձությունները անհավասար են ընկնում մեզ վրա, մենք կարող ենք համոզված լինել, որ ինչ-որ չափով բոլորս էլ տառապում ենք և մաքառում: Իմ աղոթքն է, որ Սուրբ Հոգին առաջնորդի մեզ ավելի մեծ հասկացողության, թե ինչո՞ւ է դա այդպես նախատեսված:

Երբ կյանքի դժվարին փորձություններին Քրիստոսի հավատքի ոսպնյակի միջով ենք նայում, մենք կարողանում ենք տեսնել, որ կարող է լինել աստվածային նպատակ մեր տառապանքի համար: Հավատարիմները կարող են զգալ ճշմարտությունը Պետրոսի հակասական թվացող խորհրդից: Նա գրել է. «Բայց թէեւ չարչարուիք էլ արդարութեան համար, երանելի էք»:2 Եթե մեր «սրտերը նվիրենք հասկանալուն»,3 մենք կարող ենք մեծացնել մեր կարողությունը՝ ինչպես մեր փորձություններում մինչև վերջ համբերելիս, այնպես էլ դրանցից սովորելիս և դրանցով մաքրվելիս: Նման հասկացողությունը տալիս է պատասխան հավերժական հարցին. «Ինչո՞ւ է վատ բաներ պատահում լավ մարդկանց»:

Ամենքը, ովքեր այսօր լսում են, ինչ-որ չափով ծանոթ են մենակությանը, հուսահատությանը, վշտին, ցավին կամ տխրությանը: Առանց «հավատքի աչքի»4 հավերժական ճշմարտության հասկացության, մենք հաճախ գտնում ենք, որ թշվառությունը և տառապանքը, որը զգում ենք մահկանացու կյանքում, կարող է մշուշել կամ մթնեցնել այն ուրախությունը, որը գալիս է իմանալուց, որ մեր Երկնային Հոր մեծ ծրագիրը իսկապես երջանկության հավերժական ծրագիր է: Չկա ուրիշ ուղի ուրախության լիությունը ստանալու համար:5

Աստված հրավիրում է մեզ արձագանքել հավատքով մեր իսկ առանձնահատուկ չարչարանքներին, որպեսզի մենք օրհնություններ հնձենք և գիտելիք ձեռք բերենք, որը ոչ մի այլ ուղով հնարավոր չէր լինի սովորել: Մեզ հրահանգված է պահել պատվիրաններն ամեն հանգամանքներում և պայմաններում, քանի որ «ով որ հավատարիմ է նեղության մեջ, նրա վարձքը ավելի մեծ է երկնքի արքայությունում»:6 Եվ ինչպես մենք կարդում ենք սուրբ գրություններում. «Եթե տխուր ես, աղաչանքով կանչիր առ Տերը՝ քո Աստվածը, որպեսզի հոգիդ ուրախանա»:7

Պողոս Առաքյալը, ինքը ծանոթ լինելով չարչարանքներին, իր իսկ փորձառությունից ելնելով, խորությամբ և գեղեցկությամբ ուսուցանել է հավերժական հեռանկարը, որը գալիս է, երբ մենք լավ և համբերատար դիմանում ենք: Նա ասել է. «Որովհետեւ մեր այժմեան թեթեւ նեղութիւնը ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար»:8 Այլ խոսքերով, մենք կարող ենք իմանալ, որ մեր չարչարանքների մեջ Աստված ապահովել է հավերժական փոխհատուցող վարձք:

Իր կյանքի փորձությունների, հալածանքների և վշտերի մասին Պողոսի խոսելու կարողությունը` որպես «թեթեւ նեղություն», հակասում էր նրա տառապանքի ուժգնությանը, որը նրա համար կուլ էր գնացել ավետարանի հավերժական հեռանկարում: Պողոսի հավատքն առ Հիսուս Քրիստոս բոլոր բաները տանելի էին դարձրել: Հինգ անգամ նա ճիպոտահարվել էր, երեք անգամ ձաղկահարել էին, մեկ անգամ քարկոծվել էր, երեք անգամ նավակոծ եղել, շատ անգամ նա մահվան վտանգի էր ենթարկվել խեղդվելով, ավազակների կողմից և նույնիսկ կեղծ եղբայրների կողմից, նա տարել էր հոգնածություն և ցավ, սով ու ծարավ և բանտարկվել էր ցրտի ու մերկության մեջ:9

Մեզանից շատերը աղերսել են Աստծուն վերացնել մեր տառապանքի պատճառը, և երբ մեր որոնած սփոփանքը չի եկել, մենք գայթակղվել ենք մտածել՝ Նա չի լսում: Ես վկայում եմ, որ նույնիսկ այդ պահերին, Նա լսում է մեր աղոթքները և պատճառ ունի թույլ տալու, որ մեր չարչարանքները շարունակվեն,10 և կօգնի մեզ համբերությամբ տանել դրանք:11

Մի անձնական և պատկերավոր հատվածում Պողոսը պատմում է մեզ մի անանուն «խայթի» մասին իր մարմնում, որը նրան մեծ ցավ էր պատճառում և երեք անգամ նրան ծնկի բերեց, ու նա աղերսեց Տիրոջը իրենից վերցնել այն: Ի պատասխան Պողոսի աղոթքների, Տերը չհեռացրեց խայթը, այլ խաղաղությամբ խոսեց և հասկացողություն տվեց նրա սրտին, ասելով. «Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զորութիւնը տկարութեան մեջ է կատարվում»: Նոր հասկացողությամբ Պողոսը կարողացավ ընդունել և երախտապարտ լինել խայթի համար, որը նրան տրվել էր: Նա ասաց. «Արդ, ավելի յօժարութեամբ … իմ տկարութիւններովը կպարծենամ, որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում»:12

Երբ մենք ձեռք ենք բերում այս հավերժական հեռանկարը մեր կյանքում, համբերելու մեր կարողությունը մեծանում է, մենք սովորում ենք, թե ինչպես օգնենք նրանց, ովքեր մեր օգնության կարիքն ունեն,13 և մենք սկսում ենք գնահատել և նույնիսկ երախտագիտություն հայտնել այն փորձառությունների համար, որոնք Աստված թույլ է տալիս մեզ՝ որպես դաստիարակներ ունենալ հավերժական կյանքի ուղիում:

Երբ մենք ինքներս հայտնվում ենք նեղությունների մեջ, կարող է դժվար լինել մեզ համար տեսնել մեր փորձությունները որպես մեր հետևորդության արահետի անձնական փորձության նշաններ: Բայց լինի դա մեր հուսահատության խավար հովտի ժամանակներում, թե երջանկության մայրուղիներում, ուրիշների տառապանքներից սովորելն ու նրանց հանդեպ կարեկցանք զգալը կարող է օրհնություն լինել:

Վերջին ցցի համաժողովի հանձնարարության ընթացքում ես այցելել էի Ֆիլիպպիններ. սիրտս փշրվեց, երբ իմացա Եղբայր Դանիել Ապիլադոյի հետ պատահած ողբերգական դեպքի մասին: Եղբայր Ապիլադոն և նրա կինը մկրտվել էին 1974 թվականին: Նրանք ընդունել էին վերականգնված ավետարանը և կնքվել էին տաճարում: Այնուհետև օրհնվել էին հինգ գեղեցիկ երեխաներով: 1997 թվականի հուլիսի 7-ին, երբ Եղբայր Ապիլադոն ծառայում էր որպես ցցի նախագահ, հրդեհ էր բռնկվել նրանց փոքրիկ տանը: Եղբայր Ապիլադոյի մեծ որդի Միքայելը, փրկեց իր հորը, դուրս քաշեց նրան վառվող շենքից, իսկ ինքը ետ վազեց տուն՝ փրկելու մյուսներին: Դա վերջին անգամն էր, որ Եղբայր Ապիլադոն իր որդուն կենդանի տեսավ: Կրակին զոհ գնացին Եղբայր Ապիլադոյի կինը՝ Դոմինգան և նրա հինգ երեխաները:

Փաստը, որ Եղբայր Ապիլադոն ապրում էր Աստծուն հաճելի կյանքով, երբ ողբերգությունը վրա հասավ, չկանխեց ողբերգությունը, ոչ էլ նրան անընկալունակ դարձրեց վշտի հանդեպ, որը հաջորդեց դրան: Բայց նրա հավատարմությունը իր ուխտերը պահելիս և առ Քրիստոս հավատք գործադրելիս, տվեցին նրան համոզվածություն այն խոստումի հանդեպ, որ նա կվերամիավորվի իր կնոջ և ընտանիքի հետ: Այդ հույսը դարձավ խարիսխ նրա հոգու համար:14

Իմ այցելության ընթացքում, Եղբայր Ապիլադոն՝ այժմ ցցի հայրապետը, ծանոթացրեց իր նոր կնոջ՝ Սիմոնետի և իրենց երկու որդիների՝ Ռաֆայելի և Դանիելի հետ: Իսկապես, Հիսուս Քրիստոսը կարող է «կոտրած սիրտ ունեցողներին բժշկել»:15

Կիսվելով Եղբայր Ապիլադոյի պատմությամբ, ես մտահոգված եմ, որ նրա կորստի ահագնությունը կարող է շատերին ստիպել մտածել, որ իրենց սեփական վշտերն ու տառապանքները համեմատաբար քիչ կարևորություն ունեն: Խնդրում եմ մի համեմատեք, այլ ձգտեք սովորել և կիրառել հավերժական սկզբունքները, երբ դուք անցնում եք ձեր իսկ չարչարանքների հնոցով:

Եթե կարելի է, որ խոսեմ անհատապես ձեզ հետ՝ «ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ»,16 թույլ տվեք նշել, որ ձեր անձնական մաքառումները՝ ձեր անհատական վշտերը, ցավերը, չարչարանքները և ամեն տեսակի տկարությունները հայտնի են մեր Երկնային Հորը և Նրա Որդուն: Քաջացե՛ք, հավատացե՛ք: Եվ հավատք ունեցեք Աստծո խոստումների հանդեպ:

Հիսուս Քրիստոսի նպատակը և առաքելությունը ներառում էր, որ Նա «վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները» «իր վրա վեր կառնի նրանց թուլությունները» և «կսատարի իր ժողովրդին ըստ նրանց թուլությունների»:17

Այդպես անհատույց առաջարկած մեր Փրկիչի այդ պարգևները լիովին ստանալու համար, բոլորս պետք է սովորենք, որ տառապանքը ինքնին չի ուսուցանում կամ շնորհում մեզ որևէ բան, որը տևական արժեք ունի, մինչև որ մենք գիտակցաբար մեր չարչարանքներից հավատքի գործադրման միջոցով սովորելու գործընթացում չներգրավվենք:

Երեց Նիլ Ա. Մաքսվելը մի անգամ կիսվել է նրանով, ինչը նա սովորել էր նպատակային տառապանքի մասին հետևյալ խոսքերով.

«Տառապանքի որոշ ձևեր, մինչև վերջ համբերելու դեպքում, փաստորեն, կարող են ազնվացնող լինել… .

… Լավ համբերելու մասն է կազմում բավականաչափ հեզ լինելը մեր տառապանքների մեջ, որպեսզի սովորենք մեր համապատասխան փորձություններից: Ոչ թե մենք պետք է անցնենք այդ բաների միջով, այլ դրանք պետք է անցնեն մեր միջով … այնպիսի ուղիներով, որոնք սրբագործում են [մեզ]»:18

Ուրիշների կյանքում և օրինակներում ես նկատել եմ, որ Հիսուս Քրիստոսի և Նրա խոստումների հանդեպ ուժեղ և հաստատուն հավատք գործադրելը գալիք ավելի լավ բաների հաստատուն հույս է ապահովում: Այդ հաստատուն հույսը մեզ կայուն է դարձնում, մեզ անհրաժեշտ ուժ ու զորություն հաղորդելով, որ համբերենք19: Երբ մենք կարողանում ենք կապել մեր տառապանքը մեր մահկանացու կյանքի մի հաստատուն նպատակի հետ, իսկ ավելի ստույգ այն վարձքի հետ, որը սպասվում է մեզ երկնային հեռաստաններում, մեր հավատքն առ Քրիստոս մեծանում է և մենք ստանում ենք հանգստություն մեր հոգիներին:

Այդ ժամանակ մենք կարող ենք տեսնել լույս թունելի վերջում: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է. «Իսկապես թունելի վերջում կա լույս: Այդ լույսն Աշխարհի Լույսն է, Պայծառ և Առավոտյան Աստղը, «լույս, որն անվերջ է, որը երբեք չի կարող խավարեցվել» [Մոսիա 16.9]: Դա հենց Ինքը՝ Աստծո Որդին է»:20

Մենք կարող ենք ուժ վերցնել, իմանալով, որ բոլոր դժվարին փորձությունները այս կյանքում ժամանակավոր են, նույնիսկ ամենախավար գիշերներից հետո լուսաբաց է բացվում հավատարիմների համար:

Երբ ամեն բան վերջանա և մենք համբերությամբ տանենք բոլոր բաները հավատքով առ Հիսուս Քրիստոս, մենք ունենք խոստում, որ «Աստուած կսրբէ ամեն արտասուքը [մեր] աչքերիցը»:21

Ես վկայում եմ, որ Աստված մեր Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ապրում են, և որ Նրանք խոստումներ պահող են: Ես վկայում եմ, որ Փրկիչը հրավիրում է մեզ բոլորիս գալ և ճաշակել Իր Քավությունից: Երբ մենք Նրա հանդեպ հավատք գործադրենք, Նա մեզ կբարձրացնի և կանցկացնի մեր բոլոր փորձությունների միջով և, ի վերջո, կփրկի մեզ սելեստիալ արքայությունում: Թույլ տվեք հրավիրել ձեզ գալ Քրիստոսի մոտ, մինչև վերջ համբերել հավատքով, կատարելագործվել Նրա միջոցով և ունենալ կատարյալ ուրախություն Նրանում: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով՝ ամեն: