2010–2019 թթ․
Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո
Հոկտեմբեր 2017


Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո

Եթե մենք հաստատակամ շարունակենք, հավերժության մեջ մեր զտումը կավարտվի ու կամբողջացվի:

Սուրբ գրությունները գրվել են, որ մեզ օրհնեն ու խրախուսեն, և դրանք իրոք իրագործում են դա: Մենք շնորհակալ ենք երկնքին սուրբ գրության յուրաքանչյուր գլխի և հատվածի համար, որ տրվել է մեզ: Բայց դուք նկատո՞ւմ եք, որ ժամանակ առ ժամանակ որևէ հատված է հայտնվում, որը հիշեցնում է մեզ, որ մենք չենք անում այն, ինչ պիտի անենք: Օրինակ, Լեռան Քարոզը սկսվում է հանգստացնող, նուրբ երանիներով, բայց դրան հաջորդող հատվածներում մեզ ասվում է, որ ոչ միայն չպիտի սպանենք, այլև նույնիսկ, չպիտի բարկանանք:Մեզ ասվում է, որ ոչ միայն չպիտի շնանանք, այլև նույնիսկ, անմաքուր մտքեր չպիտի ունենանք: Ով որ խնդրի, մենք պիտի տանք մեր շապիկը, իսկ հետո մեր վերարկուն: Մենք պիտի սիրենք մեր թշնամիներին, օրհնենք մեզ անիծողներին և բարություն անենք նրանց, ովքեր ատում են մեզ:1

Եթե սա է սուրբ գրությունների ձեր առավոտյան ուսումնասիրությունը, և այս ամենը կարդալուց հետո դուք համոզված եք, որ լավ գնահատական չեք ստանալու ավետարանի ձեր օրագրում, ապա վերջին պատվիրանն այս շղթայում անշուշտ ավարտում է աշխատանքը. «Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է»:2 Այդ եզրափակիչ հրամայականով մենք ցանկանում ենք անկողին մտնել և ծածկել մեր գլուխը: Այսպիսի սելեստիալ նպատակները մեր հասանելիության սահմաններից դուրս են: Սակայն, անշուշտ, Տերը մեզ երբեք այնպիսի պատվիրան չէր տա, եթե իմանար, որ չենք կարող այն պահել: Եկեք տեսնենք, թե մեզ ուր կտանի այս տարակուսանքը:

Եկեղեցում ես լսում եմ, թե շատերն ինչպես են մաքառում այս խնդրի հետ. «Ես բավականաչափ լավը չեմ»: «Ես շատ հեռու եմ կատարյալ լինելուց»: «Ես երբեք բավականաչափ արժանավոր չեմ լինի»: Ես սա լսում եմ անչափահասներից: Ես սա լսում եմ միսիոներներից: Ես սա լսում եմ նորադարձներից: Ես սա լսում եմ ուխտի մեջ ծնվածներից: Վերջին Օրերի Սուրբ քույր Դարլա Իսակսոնը նկատել է, որ սատանային ինչ-որ կերպ հաջողվել է ստեղծել ուխտեր ու պատվիրաններ, ինչպես օրինակ՝ անեծքն ու դատապարտումը: Որոշ մարդկանց համար ավետարանի իդեալներն ու ոգեշնչումները նա վերածել է ինքնատելության և թշվառության զգացումի:3

Այն, ինչ ես հիմա ասում եմ, ոչ մի կերպ չի հերքում կամ թուլացնում Աստծո տված պատվիրանների կարևորությունը: Ես հավատում եմ, որ Նա կատարյալ է, և ես գիտեմ, որ մենք Նրա հոգևոր որդիներն ու դուստրերն ենք և ունենք աստվածային ներուժ՝ դառնալ, ինչպիսին Նա է: Ես նաև գիտեմ, որ որպես Աստծո զավակներ, մենք չպիտի ստորացնենք կամ վատաբանենք ինքներս մեզ, ասես պատժելով մեզ, կարծելով, թե սա ինչ-որ ձևով մեզ կդարձնի այն անձնավորությունը, որ Աստված է ցանկանում, որ մենք դառնանք: Ոչ: Ապաշխարելու պատրաստակամությամբ և մեր սրտերում արդարակեցության միշտ աճող ցանկությամբ հանդերձ, ես հուսով եմ, որ մենք հետամուտ կլինենք անհատական կատարելագործմանը մի եղանակով, որը չի ներառում խոց կամ անոռեքսիա ձեռք բերելը,ընկճվածությունը և մեր սեփական ինքնագնահատականի արժեզրկումը: Սա այն չէ, ինչ Աստված ցանկանում է Երեխաների խմբի կամ մեկ ուրիշի համար, ովքեր անկեղծորեն երգում են. «Ես փորձում եմ լինել Հիսուսի նման»:4

Որպեսզի այս հարցը դիտարկենք համատեքստում, կարո՞ղ եմ ես հիշեցնել մեզ բոլորիս, որ մենք ապրում ենք ընկած աշխարհում, և այժմ մենք ընկած ժողովուրդ ենք: Մենք թելեստիալ արքայությունում ենք, որը գրվում է «թ» տառով, ոչ թե «ս»: Ինչպես Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն է ուսուցանել, այստեղ՝ մահկանացու կյանքում, կատարելությունը դեռ «առկախ» է:5

Ուստի, ես կարծում եմ, որ Հիսուսը չէր նախատեսել, որ Իր Լեռան Քարոզը բառային մուրճ լիներ՝ նախատելու մեզ մեր թերությունների համար: Ոչ, ես կարծում եմ, որ Նա նախատեսել էր այն տուրք լինի այն բանին, թե ով և ինչ է Հավերժական Հայրը, և մենք ինչի կարող ենք հասնել հավերժության մեջ:Ամեն դեպքում, ես երախտապարտ եմ իմանալով, որ, չնայած իմ շատ թերություններին, գոնե Աստված կատարյալ է, և գոնե Նա կարողէ սիրել իր թշնամիներին, քանի որ շատ հաճախ մեր մեջ գտնվող «բնական տղամարդու»6 և կնոջ պատճառով ես և դուք երբեմն այդ թշնամին ենք: Որքան երախտապարտ եմ ես, որ գոնե Աստված կարող է օրհնել նրանց, ովքեր չարամտորեն օգտագործում են Իրեն, քանի որ առանց այդպես վարվելու ցանկության, մենք բոլորս երբեմն չարամտորեն օգտագործում ենք Նրան: Ես երախտապարտ եմ, որ Աստված ողորմած է ու խաղաղարար, քանի որ ես կարիք ունեմ ողորմածության, իսկ աշխարհը՝ խաղաղության: Իհարկե, այն ամենը, ինչ մենք ասում ենք Հոր արժանիքների մասին, նաև ասում ենք Նրա Միածին Որդու մասին, ով ապրեց ու մահացավ նույն կատարելությամբ:

Ես շտապում եմ ասել, որ ավելի շատ կենտրոնանալով Հոր և Որդու նվաճումների վրա, քան մեր ձախողումների վրա,նվազագույնս չի արդարացնում անգամ անկառավարելի կյանքը կամ չափանիշների նշաձողի իջեցումը: Ոչ, ի սկզբանե ավետարանը եղել է «Սուրբերի կատարելութեանը համար, … մինչեւ որ ամենքս … կատարեալ մարդ լինենք Քրիստոսի կատարեալ հասակի չափովը»:7 Ես պարզապես առաջարկում եմ, որ երբեմն որևէ սուրբ գրության կամ պատվիրանի առնվազն մեկ նպատակն է հիշեցնել մեզ, թե իրականում ինչ հոյակապ է «Քրիստոսի կատարյալ հասակի չափը»,8 որը մեզ ավելի մեծ սեր ու հիացմունք է ներշնչում Նրա հանդեպ և Նրան նմանվելու ավելի մեծ ցանկություն առաջացնում:

«Այո, եկեք դեպի Քրիստոսը և կատարելագործվեք նրանում … », - Մորոնին խնդրում է: «Սիրեք Աստծուն, ձեր ողջ զորությամբ, մտքով և ուժով, ապա … նրա շնորհով դուք կատարյալ լինեք Քրիստոսում»:9 Ճշմարիտ կատարելագործման համար մեր միակ հույսը այն որպես պարգև երկնքից ստանալն է. մենք չենք կարող «վաստակել» այն:Ուստի, Քրիստոսի ողորմությունը մեզ առաջարկում է ոչ միայն փրկություն վշտից, ցավից ու մահից, այլև փրկություն մեր մշտական ինքնաքննադատությունից:

Թույլ տվեք օգտագործել Փրկիչի առակներից մեկը այս միտքը մի փոքր այլ կերպ արտահայտելու համար: Մի ծառա իր թագավորին պարտք էր 10000 քանքար: Լսելով ծառայի խնդրանքը համբերության ու գթության մասին, «Տէրն էլ գթաց այն ծառայի վերայ՝ նորան արձակեց, եւ … պարտքն էլ շնորհեց … նորան»։Բայց հետո այդ նույն ծառան չներեց իր ծառայակիցներից մեկին, որն իրեն պարտք էր 100 դահեկան: Այդ մասին լսելով, թագավորը շատ վշտացավ և ասաց նրան, ում ներեց. «Պէտք չէ՞ր որ դու էլ քո ծառայակցին ողորմէիր՝ ինչպէս որ ես էլ քեզ ողորմեցի»:10

Գիտնականների շրջանում գոյություն ունեն տարբեր կարծիքներ այստեղ նշված դրամական արժեքների վերաբերյալ, և ներեցեք ԱՄՆ-ի դրամական միավորին հղում կատարելու համար, բայց որպեսզի հաշվարկը հեշտացնենք, ապա ավելի փոքր պարտքը՝ չներված 100 դահեկանը, ներկայումս 100 դոլար է, իսկ 10000 քանքարը, որն այդքան հեշտությամբ ներվեց, հիմա կազմում է 1 միլիարդ դոլար կամ ավելի:

Որպես անձնական պարտք, սա աստղաբաշխական թիվ է, ամբողջովին վեր մեր ըմբռնումից: (Ոչ ոք չի կարող այդքան գումար ծախսել:) Դե, ինչ վերաբերում է այս առակի նպատակին, այն ենթադրաբար պիտի անըմբռնելի լինի, այն ենթադրաբար պիտի դուրս լինի մեր հասկացողության կարողությունից, չասենք նաև մեր վերավճարելու կարողությունից: Պատճառն այն է, որ սա երկու ծառաներիպատմությունը չէ, ովքեր վիճում էին Նոր Կտակարանում: Սա պատմություն է մեր մասին, ընկած մարդկային ընտանիքի մասին՝ բոլոր մահկանացու պարտատուների, օրինախախտների և բանտարկյալների մասին: Մեզանից յուրաքանչյուրը պարտատու է, և դատավճիռը ազատազրկումն է բոլորիս համար: Եվ մենք բոլորս այնտեղ կմնայինք, եթե չլիներ Թագավորի ողորմածությունը, ով մեզ ազատ է արձակում, պարզապես, քանի որ Նա սիրում է մեզ և «կարեկցանքից գալարվում մեր հանդեպ»։11

Հիսուսն այստեղ օգտագործում է անըմբռնելի չափ, քանի որ Նրա Քավությունը անըմբռնելի պարգև է՝ տրված անըմբռնելի գնով: Ինձ թվում է դա առնվազն մի մասն է այն իմաստի, որը կանգնած է Հիսուսի կողմից տրված կատարյալ լինելու հրամանի հետևում: Մենք երևի դեռևս չկարողանանք ցուցադրել 10000 քանքարին համարժեք կատարելություն, որին հասել են Հայրն ու Որդին, բայց Նրանց կողմից չափազանց շատ չէ, եթե խնդրեն, որ մենք մի քիչ ավելի շատ աստվածանման լինենք փոքր բաներում, որ խոսենք և գործենք, սիրենք ու ներենք, ապաշխարենք ու կատարելագործվենք առնվազն 100 դահեկանի մակարդակի կատարելությամբ, ինչը հստակ մեր կարողությունների սահմաններում է:

Իմ եղբայրներ և քույրեր, մեր երկրային ճամփորդության ճանապարհին չի եղել ոչ մի անթերի կյանք Հիսուսից բացի, ուստի այս մահկանացու կյանքում եկեք ձգտենք կայուն կատարելագործման, բայց չսևեռվենք այն բանի վրա, ինչը վարքագծի խնդիրներով զբաղվող գիտնականներն անվանում են «վնասակար կատարելություն»:12 Մենք պիտի խուսափենք այս վերջին չափազանց մեծ ակնկալիքներից մեր և ուրիշների համար, և ես կուզեի ավելացնել նաև նրանց, ովքեր կանչված են ծառայելու Եկեղեցում, ինչը Վերջին Օրերի Սրբերի համար նշանակում է բոլորը, քանի որ մենք բոլորս կանչվում ենք ծառայելու ինչ-որ տեղ:

Այս առումով Լև Տոլստոյը գրել երբեմնի մի քահանայի մասին, ում նրա համայնքից մի մարդ քննադատում էր ոչ այնքան վճռական լինելու համար, որքան նա պիտի լիներ. քննադատությունը եզրափակվում էր նրանով, որ եթե քարոզիչը մոլորված է, հետևաբար նրա ուսուցանած սկզբունքները ևս սխալ են:

Այդ քննադատությանն ի պատասխան, քահանան ասում է. «Նայիր իմ կյանքին հիմա և համեմատիր այն իմ նախկին կյանքի հետ: Դու կտեսնես, որ ես փորձում եմ ապրել այն ճշմարտությամբ, որը հռչակում եմ»: Սակայն, չկարողանալով հասնել իր ուսուցանած բարձր իդեալներին, քահանան ընդունում է իր ձախողումը: Բայց նա բացականչում է.

«Քննադատեք ինձ, (եթե կամենում եք) ես ինքս եմ այդպես վարվում, բայց (մի) քննադատեք … այն ճանապարհը, որին ես հետևում եմ: … Եթե ես իմանայի տուն տանող ճանապարհը, որով ես հարբած քայլում եմ. մի՞թե դա նույն ճիշտ ճանապարհը չէ, պարզապես ես քայլելիս օրորվում եմ մի կողմից մյուսը:

… Հրճվանքով մի գոռացեք. «Նայեք նրան:… Տեսե՛ք, նա սողում է դեպի ճահիճը: Ոչ, թաքուն մի ուրախացեք, այլ … օգնեք ինձ (և ցանկացած մեկին, ով փորձում է այդ ճանապարհով ետ քայլել դեպի Աստված)»:13

Եղբայրներ և քույրեր, մեզանից յուրաքանչյուրը ձգտում է ապրել ավելի Քրիստոսանման կյանքով, քան մեզ սովորաբար հաջողվում է ապրել: Եթե մենք անկեղծորեն ընդունում ենք սաև փորձում կատարելագործվել, ուրեմն մենք կեղծավորներ չենք, մենք մարդիկ ենք: Եկեք թույլ չտանք, որ մեր մահկանացու հիմար սխալներն ու անխուսափելի թերությունները, որ ունեն անգամ մեզ շրջապատող լավագույն տղամարդիկ ու կանայք, մեզ թերահավատ դարձնեն ավետարանի ճշմարտությունների, Եկեղեցու ճշմարտացիության, մեր ապագայի հույսի և աստվածության հնարավորության հանդեպ: Եթե մենք հաստատակամ շարունակենք, հավերժության մեջ մեր զտումը կավարտվի ու կամբողջացվի, ինչը կատարելություն բառի նշանակությունն է Նոր Կտակարանում:14

Ես վկայում եմ այդ հոյակապ ճակատագրի մասին, որը մեզ հասանելի դարձավ Տեր Հիսուս Քրիստոսի Քավությամբ, ով շարունակեց «շնորհից շնորհ»,15մինչև Իր անմահության մեջ16 Նա ստացավ սելեստիալ փառքի կատարյալ լիությունը:17 Ես վկայում եմ, որ այս և ամեն ժամ, Նա մեխերի սպիներով պատված իր ձեռքերով մեզ է մեկնում այդ նույն ողորմությունը, առանց անձնատուր լինելու, քաջալերելով մեզ, հրաժարվելով արձակել մեզ, մինչև մենք մի օր ապահով տուն կվերադառնանք Նրա հետ՝ մեր Երկնային Ծնողների գիրկը:Ես շարունակում եմ ձգտել այդ կատարյալ պահին, սակայն անճարակ կերպով: Այսպիսի կատարյալ պարգևի համար ես շարունակում եմ շնորհակալություն հայտնել, սակայն անհամապատասխան: Ես այդպես եմ վարվում Կատարելության անունով՝ Նրա, ով երբեք անճարակ ու անհամապատասխան չի եղել, այլ սիրում է մեզ բոլորիս, ինչպիսին կանք, Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: