2010–2019 թթ․
Ամենամեծ և պատվական խոստումները
Հոկտեմբեր 2017


Ամենամեծ և պատվական խոստումները

Մեր Երկնային Հոր երջանկության հրաշալի ծրագիրը պարունակում է վարդապետությունը, արարողությունները և ամենամեծ ու պատվական խոստումները, որոնց միջոցով կարող ենք հաղորդակից լինել աստվածային էությանը:

Դժվարին խնդիրներից մեկը, որին բախվում է մեզանից յուրաքանչյուրն ամեն օր, այն է, որ չպիտի թույլ տանք, որ այս աշխարհիկ հոգսերն այնքան վատնեն մեր ժամանակն ու եռանդը, որ անտեսենք հավերժական բաները, որոնք ավելի կարևոր նշանակություն ունեն:1 Մենք կարող ենք հեշտությամբ շեղվել կարևոր հոգևոր առաջնահերթությունները հիշելուց և դրանց վրա կենտրոնանալուց մեր բազմաթիվ պարտականությունների և զբաղվածության պատճառով: Երբեմն մենք փորձում ենք այնքան գործեր կատարել, որ մոռանում ենք, թե որն է մեր նպատակը և ինչու ենք փորձում իրականացնել այն:

Պետրոս Առաքյալը հիշեցնում է մեզ, որ Հիսուս Քրիստոսի աշակերտների համար «նորա աստուածային զօրութիւնը շնորհեց մեզ այն ամենը․ որ կեանքի եւ աստուածապաշտութեան համար պէտք էնորա գիտութիւնովը, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինութիւնով.

Որոնցով ամենամեծ եւ պատուական խոստմունքներ են տրուած մեզոր նորանցով հաղորդակից լինիք աստուածային բնութեանը՝ աշխարհքի մէջ ցանկութիւնից եղած ապականութիւնից հեռու փախչելով»։2

Իմ ուղերձը շեշտում է ամենամեծ և պատվական խոստումները, որոնք Պետրոսը նկարագրել է որպես ճշմարիտ հիշեցումներ այն մասին, թե մենք ուր և ինչու ենք գնում մեր մահկանացու ճամփորդության ճանապարհով: Ես նաև կխոսեմ Հանգստության օրվա, սուրբ տաճարի և մեր տան դերի մասին այս կարևոր հոգևոր խոստումները հիշելու գործում:

Ես թախանձագին աղոթում եմ, որ Սուրբ Հոգին ուսուցանի յուրաքանչյուրիս, երբ մենք միասին քննարկենք այս կարևոր ճշմարտությունները:

Մեր աստվածային ներուժը

Մեր Երկնային Հոր երջանկության հրաշալի ծրագիրը պարունակում է վարդապետությունը, արարողությունները և ամենամեծ ու պատվական խոստումները, որոնց միջոցով կարող ենք հաղորդակից լինել աստվածային էությանը:Նրա ծրագիրը սահմանում է մեր հավերժական ինքնությունը և ուղին, որին մենք պիտի հետևենք՝ սովորելով, փոխվելով, աճելով և, ի վերջո, հավիտյան ապրելով Նրա հետ:

Ինչպես բացատրված է «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագրում.

«Մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք, բոլորն արարվել են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր: …

Նախաերկրային աշխարհում հոգևոր որդիներն ու դուստրերը ճանաչում և երկրպագում էին Աստծուն, որպես իրենց Հավերժական Հորը և ընդունում էին Նրա ծրագիրը, ըստ որի պետք է ֆիզիկական մարմիններ ձեռք բերեին և աշխարհիկ փորձ կուտակեին դեպի կատարելություն ընթանալու և իրենց աստվածային ճակատագիրը որպես հավերժական կյանքի ժառանգներ բացառիկ կերպով գիտակցելու համար»:3

Աստված խոստանում է Իր զավակներին, որ եթե նրանք հետևեն իր ծրագրի սկզբունքներին և Իր Սիրելի Որդու օրինակին, պահեն պատվիրանները և հավատով տոկան մինչև վերջ, ապա Փրկիչի Քավության շնորհիվ նրանք «կունենա[ն] հավերժական կյանք, պարգև, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից»։4 Հավերժական կյանքը վերջնական ամենամեծ ու պատվական խոստումն է:

Հոգևոր վերածնունդ

Մենք լիարժեք հասկանում ենք ամենամեծ ու պատվական խոստումները և սկսում հաղորդակից լինել աստվածային էությանը՝ պատրաստակամ ընդունելով Տիրոջ կանչը փառքով ու առաքինությամբ: Ինչպես Պետրոսն է նկարագրում, այս կանչը կատարվում է, երբ ձգտում ենք փախչել աշխարհի ապականությունից:

Երբ մենք առաջ ենք ընթանում Փրկիչի հանդեպ հաստատամտությամբ, Նրա քավության շնորհիվ և Սուրբ Հոգու զորությամբ «մեր մեջ կամ մեր սրտերում մի զորեղ փոփոխություն է [առաջանում], այնպես որ մենք այլևս հակված չենք գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք»:5 Բոլորը «պիտի վերստին ծնվեն. այո՛, Աստծուց ծնվեն, իրենց մարմնական ու ընկած վիճակից փոխված դեպի արդարության մի վիճակի, փրկագնվելով Աստծո կողմից»:6 «Ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծված է․ հիները անցան, ահա ամեն բան նոր եղավ»։7

Այսպիսի ամբողջական փոփոխությունը մեր էության մեջ չի կատարվում արագ կամ միանգամից: Ինչպես Փրկիչը, մենք նույնպես չստացանք «լիությունը սկզբում, այլ [ստացանք] շնորհ՝ շնորհի տեղ»:8 «Քանզի, ահա, այսպես է ասում Տեր Աստված. Ես կտամ մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ. և օրհնված են նրանք, ովքեր ականջ են դնում իմ ցուցումներին և ունկնդրում իմ խորհրդին, քանզի նրանք իմաստություն կսովորեն»:9

Քահանայության արարողությունները և սրբազան ուխտերը կարևոր են հոգևոր վերածննդի այս անընդհատ գործընթացում, դրանք նաև այն միջոցներն են, որոնքԱստված է նշանակել, որոնցով մենք ստանում ենք Նրա ամենամեծ ու պատվական խոստումները:Արարողությունները, որոնք ստանում ենք արժանիորեն և միշտ հիշում, բացում են երկնքի դարպասները, որոնց միջոցով աստվածայնության զորությունը կարող է հոսել մեր կյանք: Ուխտերը, որոնք անսասան պատվում ենք և միշտ հիշում, ապահովում են նպատակ և հավաստիացում թե՛ այս կյանքի, թե՛ հավերժության օրհնությունների համար:

Օրինակ՝ համաձայն մեր հավատարմության, Աստված խոստանում է մեզ Աստվածագլխի երրորդ անդամի՝ Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը,10 որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք միշտ կարող ենք ստանալ և պահպանել մեր մեղքերի թողությունը,11 որ մենք կարող ենք խաղաղություն ձեռք բերել այս աշխարհում,12 որ Հիսուս Քրիստոսը կոտրել է մահվան կապանքները և հաղթել մահին,13 և ընտանիքները կարող են միասին լինել հավերժության մեջ:

Հասկանալի է, որամենամեծ ու պատվական խոստումները, որ Երկնային Հայրն առաջարկում է Իր զավակներին, հնարավոր չէ հաշվել կամ ամբողջությամբ նկարագրել: Սակայն խոստացված օրհնությունների անգամ մասնակի ցուցակը, որը ես ներկայացրի, պիտի ստիպի մեզանից յուրաքանչյուրին «մնալ զարմացած»14 և «վայր ընկնե[լ] ու երկրպագե[լ] Հորը»15 Հիսուս Քրիստոսի անունով:

Հիշել խոստումները

Նախագահ Լորենզո Սնոուն զգուշացրել է. «Մենք հակում ունենք մոռանալու կյանքի նպատակը, պատճառը, որի համար Մեր Երկնային Հայրն ուղարկել է մեզ այստեղ ապրելու մահկանացու կյանքով, ինչպես նաև ընդունելու սուրբ կանչը, որով մենք կանչվել ենք, ուստի, փոխանակ հաղթահարելու աշխարհիկ խնդիրները … , շատ հաճախ ինքներս մեզ թույլ ենք տալիս կենտրոնանալ այս աշխարհիկ հարցերի վրա, առանց օգտվելու աստվածային օգնությունից, որն Աստված է ապահովում, ինչը միակն է, որ կարող է հնարավորություն տալ մեզ հաղթահարել (այդ աշխարհիկ խնդիրները)»:16

Հանգստության օրը և սուրբ տաճարը աստվածային օգնության այն երկու հատուկ աղբյուրներն են, որոնք տրամադրվում են Աստծո կողմից, որպեսզի օգնեն մեզ բարձրանալ աշխարհի մակարդակից ու ապականությունից վեր:Մենք սկզբում կարող ենք կարծել, որ Հանգստության օրը սուրբ պահելու և տաճար այցելելու բարձրագույն նպատակները փոխկապակցված, բայց առանձին նպատակներ են: Սակայն ես կարծում եմ, որ այդ երկու նպատակները որոշակիորեն նույնն են և աշխատում են միասին, որպեսզի հոգևորապես զորացնեն մեզ՝ որպես անհատներ և ընտանիքի անդամներ:

Հանգստության օրը

Երբ Աստված ստեղծեց ամեն բան, Նա հանգստացավ յոթերորդ օրը և պատվիրեց, որ շաբաթվա մեկ օրը լինի հանգստի օր, որը կօգնի մարդկանց հիշել Իրեն:17 Հանգստության օրը Աստծո ժամանակն է, մի սուրբ ժամանակ, որը հատկապես առանձնացված է Նրան երկրպագելու համար և Նրա ամենամեծ ու պատվական խոստումները ստանալու և հիշելու համար:

Տերն ուղղորդում է այս տնտեսությունում.

«Եվ որ դու կարողանաս էլ ավելի անբիծ պահել քեզ աշխարհից, դու պետք է գնաս աղոթքի տուն և քո հաղորդությունները մատուցես իմ սուրբ օրը․

Քանզի, ճշմարիտ, դա է քեզ նշանակված օրը, որ քո աշխատանքներից հանգստանաս և քո տուրքը մատուցես Բարձրյալին»․18

Այսպիսով, Հանգստության օրը մենք երկրպագում ենք Հորը Որդու անունով, մասնակցելով արարողություններին և սովորելով դրանց մասին, ստանալով, հիշելով և նորոգելով ուխտերը: Նրա սուրբ օրը մեր մտքերը, գործողությունները և վարքագիծը նշաններ են հանդիսանում, որոնք մենք տալիս ենք Աստծուն. դա մեր սիրո նշանն է Նրա հանդեպ:19

Հանգստության օրվա մեկ այլ նպատակն է բարձրացնել մեր կենտրոնացումը աշխարհիկ բաներից դեպի հավերժության օրհնությունները:Այդ սուրբ ժամանակ, երբ հեռանում ենք մեր բազմազբաղ կյանքի սահմանված կարգից, մենք կարող ենք «նայել Աստծուն և ապրել»,20 ստանալով և հիշելով ամենամեծ ու պատվական խոստումները, որոնց միջոցով մենք դառնում ենք աստվածային բնույթի հաղորդակիցները:

Սուրբ Տաճարը

Աստված միշտ պատվիրել է Իր ժողովրդին կառուցել տաճարներ՝ սուրբ վայրեր, որտեղ արժանավոր Սրբերը կատարում են ավետարանական սուրբ արարողությունները իրենց և մահացածների համար: Տաճարները Երկրի վրա գոյություն ունեցող երկրպագության ամենասուրբ վայրերն են: Տաճարը բառացիորեն Տիրոջ տունն է՝ մի սուրբ վայր, որը հատկապես առանձնացված է Նրան երկրպագելու, Նրա ամենամեծ ու պատվական խոստումները ստանալու և հիշելու համար:

Տերը ուղղորդում է այս տնտեսությունում. «Կազմակերպվեք. նախապատրաստեք ամեն անհրաժեշտ բան. և հաստատեք մի տուն, այսինքն՝ աղոթքի տուն, ծոմապահության տուն, հավատքի տուն, ուսման տուն, փառքի տուն, կարգ ու կանոնի տուն, Աստծո տուն»:21 Տաճարային երկրպագության գլխավոր նպատակը է՝ մասնակցել արարողություններին, սովորել դրանց մասին, ստանալ և հիշել ուխտերը: Տաճարում մենք մտածում ենք, գործում, հագնվում մեկ այլ առանձնահատուկ ձևով, քան այլ վայրերում:

Տաճարի գլխավոր նպատակն է՝ բարձրացնել մեր կենտրոնացումը աշխարհիկ բաներից դեպի հավերժության օրհնությունները:Մի կարճ ժամանակով հեռանալով աշխարհիկ միջավայրից, որին մենք ծանոթ ենք, մենք կարող ենք «նայել Աստծուն և ապրել»,22 ստանալով և հիշելով ամենամեծ ու պատվական խոստումները, որոնց միջոցով մենք դառնում ենք աստվածային էության հաղորդակիցները:

Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ Հանգստության օրը սուրբ ժամանակ է, իսկ տաճարը սուրբ վայր է, որը հատկապես առանձնացված է Աստծուն երկրպագելու համար և Իր զավակներին տրված Նրա ամենամեծ ու պատվական խոստումները ստանալու և հիշելու համար: Ինչպես սահմանվել է Աստծո կողմից, այս երկու աստվածային օգնության աղբյուրների սկզբունքային նպատակները միանգամայն նույնն են. նշանակալիորեն և հաճախակի կենտրոնացնել մեր ուշադրությունը Երկնային Հոր, Նրա Միածին Որդու, Սուրբ Հոգու վրա և այն խոստումների վրա, որոնք զուգակցվում են Փրկիչի վերականգնված ավետարանի արարողությունների և ուխտերի հետ:

Մեր տները

Տունը պիտի լինի տեղի և ժամանակի լավագույն համադրությունը, որտեղ անհատներն ու ընտանիքները արդյունավետ կերպով հիշում են Աստծո ամենամեծ ու պատվական խոստումները: Կիրակի օրը մենք հեռանում ենք տնից, որպեսզի ժամանակ անցկացնենք կիրակնօրյա ժողովներին և մտնենք տաճարի սուրբ տարածքը. սա շատ կարևոր է, բայց ոչ բավարար: Միայն այն ժամանակ, երբ մենք տուն ենք բերում հոգին ու զորությունը, որոնք ստանում ենք այդ սուրբ միջոցառումներից, մենք կարող ենք շարունակել կենտրոնանալ մահկանացու կյանքի ամենամեծ նպատակների վրա և հաղթահարել ապականությունը, որը տիրում է աշխարհում: Հանգստության օրվա և տաճարային փորձառությունները պիտի լինեն հոգևոր միջոցներ, որոնք անհատներին, ընտանիքներին ու մեր տները կլցնեն մեր կողմից սովորած դասերի մշտական հիշեցումներով, Սուրբ Հոգու ներկայությամբ ու զորությամբ, Տեր Հիսուս Քրիստոսի հետ մշտական ու խորացող երկխոսությամբ և «հույսի կատարյալ պայծառությամբ»23 Աստծո հավերժական խոստումներում:

Հանգստության օրը և տաճարը կարող են օգնել մեզ մեր տներում հաստատել «ավելի գերազանց ճանապարհ»,24 երբ մենք «ամեն բան բովանդակ(ենք) Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը, նորանում»։25 Այն, ինչ մենք անում մեր տներում Նրա սուրբ ժամանակին և ինչ սովորում ենք Նրա սուրբ վայրում, անհրաժեշտ է աստվածային էության հաղորդակիցներ դառնալու համար:

Խոստում և վկայություն

Մահկանացու կյանքի հասարակ խնդիրներն ու սահմանված կարգը կարող են հեշտությամբ հաղթահարել մեզ: Քնելը, ուտելը, հագնվելը, խաղալը, մարզվելը և շատ այլ սովորական գործողություններ անհրաժեշտ են և կարևոր: Սակայն, ի վերջո, այն ինչ մենք դառնում ենք, մեր գիտելիքների, Երկնային Հորից, Որդուց և Սուրբ Հոգուցսովորելու պատրաստակամության արդյունքն է. Դա մեր առօրյա գործունեության պարզ հանրագումարը չէ կյանքի ընթացքում:

Ավետարանն ավելին է, քան տարբեր խնդիրների կատարման համար սահմանված ցուցակ. հակառակը, այն «միասին հարմարված» և միահյուսված տարբեր ճշմարտությունների հոյակապ գոբելեն է26 որը նախատեսված է օգնել մեզ՝ նմանվելու մեր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և անգամ դառնալու աստվածային էության հաղորդակիցները: Հիրավի, մենք կուրանում ենք նշանակետից այն կողմ նայելուց,27 երբ այս գերագույն հոգևոր իրողությունը նսեմացվում է աշխարհիկ հոգսերով, մտահոգություններով ու անհոգությամբ:

Երբ մենք իմաստուն ենք և հրավիրում ենք Սուրբ Հոգուն լինելու մեզ ուղեկից,28 ես խոստանում եմ, որ Նա կսովորեցնի մեզ՝ ինչն է ճշմարիտ: «Նա կվկայի Քրիստոսի մասին և կլուսավորի մեր մտքերը երկնքի լույսով»,29 երբ մենք ձգտենք իրականացնել մեր հավերժական ճակատագիրը և դառնանք աստվածային էության հաղորդակիցները:

Ես բերում եմ իմ վկայությունը, որամենամեծ և պատվական խոստումները, մեր արարողությունների և ուխտերի հետ զուգորդված, ճշմարիտ են:Տերը հայտարարել է․

«Ես տալիս եմ ձեզ ուղղություններ, թե ինչպես վարվեք իմ առաջ, որպեսզի այն դառնա ձեզ՝ ձեր փրկության համար:

Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ. բայց երբ դուք չեք անում այն, ինչ ես ասում եմ, դուք խոստում չունեք»:30

Ես վկայում եմ, որ Երկնային Հայրն ապրում է, և Նա է փրկության ծրագրի ստեղծողը: Հիսուս Քրիստոսը Նրա Միածին Որդին է, մեր Փրկիչն ու Քավիչը: Նա ապրում է: Ես վկայում եմ, որ Հոր ծրագիրը և խոստումները, Փրկիչի Քավությունը և Սուրբ Հոգու ընկերակցությունը հնարավոր են դարձնում խաղաղությունն այս աշխարհում և հավերժական կյանքը՝ գալիք աշխարհում:31 Այս ճշմարտությունների մասին ես վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: