2010–2019 թթ․
Մորմոնի Գիրքը որպես Աստծո զորավոր վկա
Հոկտեմբեր 2017


Մորմոնի Գիրքը որպես Աստծո զորավոր վկա

Մորմոնի Գիրքը Աստծո վառ վկայությունն է Հիսուս Քրիստոսի աստվածայնության, Ջոզեֆ Սմիթի մարգարեական կոչման և այս Եկեղեցու բացարձակ ճշմարտության մասին:

Մորմոնի Գիրքը ոչ միայն մեր կրոնի հիմնաքարն է, այլև կարող է դառնալ մեր վկայությունների հիմնաքարն այն առումով, որ երբ փորձություններ կամ անպատասխան հարցեր հանդիպեն, այն ապահով կպահի մեր վկայությունները: Այս գիրքը ճշմարտության կշեռքի նժարի վրա այնպիսի քաշ ունի, որ գերակշռում է բոլոր քննադատների փաստարկները: Ինչո՞ւ: Որովհետև, եթե այն ճիշտ է, ապա Ջոզեֆ Սմիթը մարգարե էր, և սա Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին է, անկախ նրանից,պատմական, թե այլ բնույթի ինչ հակառակ փաստարկներ կան: Այս պատճառով քննադատները ձգտում են հերքելՄորմոնի Գիրքը, սակայն նրանց առջև կանգնող խոչընդոտները անհաղթահարելի են, քանի որ այս գիրքը ճշմարիտ է:

Նախ, քննադատները պետք է բացատրեն, թե ինչպես էր Ջոզեֆ Սմիթը՝ սահմանափակ կրթությամբ 23-ամյա ֆերմեր տղան, ստեղծել մի գիրք, որտեղ կան հարյուրավոր եզակի անուններ և վայրեր, ինչպես նաև մանրամասն պատմություններ ու իրադարձություններ: Հետևաբար, շատ քննադատներ պնդում են, որ նա ստեղծարար հանճար էր, ով հիմնվելով բազմաթիվ գրքերի և այլ տեղական աղբյուրների վրա, ստեղծել է Մորմոնի Գրքի պատմական բովանդակությունը: Սակայն հակառակ իրենց պնդմանը, ոչ մի վկա չկա, ով կհաստատեր, որ թարգմանությունը սկսելուց առաջ տեսել է Ջոզեֆին այդ ենթադրյալ աղբյուրներից օգտվելիս:

Նույնիսկ եթե այդ փաստարկը ճշմարիտ լիներ, այն ծայրահեղ անբավարար էր Մորմոնի Գրքի գոյությունը բացատրելու համար: Պետք է նաև պատասխանել այս հարցին. ինչպե՞ս էր Ջոզեֆը կարդացել բոլոր այդ ենթադրյալ նյութերը, հստակեցրել անհամապատասխանությունները, հիշել այդ բարդ փաստերը՝ թե ով որտեղ էր եղել և երբ, այնուհետև թելադրել դա կատարյալ հիշողությամբ: Քանի որ, երբ Ջոզեֆ Սմիթը թարգմանում էր, նա ոչ մի գրառում չուներ իր մոտ: Ի դեպ, նրա կինը՝ Էմման հիշում էր. «Նա ոչ ձեռագիր, ոչ էլ որևէ գիրք ուներ, որտեղից կարդար… Եթե նա նման բաներ ունենար, չէր կարող թաքցնել ինձանից»:1

Ուրեմն ինչպե՞ս էր Ջոզեֆը կատարում այս նշանավոր գործը, թելադրելով 500-ից ավել էջանոց գիրքը առանց գրառումների: Դա անելու համար նա ոչ միայն ստեղծարար հանճար պետք է լիներ, այլև հսկայական համամասնությունների պատկերավոր հիշողություն պետք է ունենար: Բայց եթե դա ճիշտ է, ինչո՞ւ քննադատներն ուշադրություն չեն դարձրել այս նշանավոր տաղանդին:

Եվ դեռ ավելին: Այս փաստարկներում հաշվի է առնվել միայն գիրքի պատմական բովանդակությունը: Իրական խնդիրները դեռևս մնում են. ինչպե՞ս Ջոզեֆը ստեղծեց մի գիրք, որը տարածում է Հոգին, և որտեղի՞ց նա ստացավ այնպիսի խորը վարդապետություն, որը մեծամասամբ պարզաբանում կամ հակասում է իր ժամանակի քրիստոնեական հավատալիքներին:

Օրինակ, հակառակ քրիստոնեական հավատալիքների, Մորմոնի Գիրքը սովորեցնում է, որ Ադամի անկումը դրական քայլ էր դեպի առաջ: Այն բացահայտում է մկրտության ժամանակ կապվող ուխտերը, որոնց մասին չկա Աստվածաշնչում:

Բացի այդ, հարց է ծագում, թե Ջոզեֆը որտեղի՞ց հստակ պատկերացում ուներ, որ Քրիստոսի Քավության շնորհիվ Նա կարող է մեզ ոչ միայն մաքրել, այլև՝ կատարելագործել: Որտեղի՞ց նա ստացավ Ալմա 32-ում գրված հավատքի վերաբերյալ այդ ցնցող քարոզը: Կամ թագավոր Բենիամինի քարոզը Փրկիչի Քավության մասին, թերևս ամենանշանավոր քարոզն այս թեմայով բոլոր սուրբ գրությունների միջից: Կամ ձիթենու այլաբանությունն իր ողջ բարդությամբ և վարդապետական հարստությամբ: Երբ ես կարդացի այդ այլաբանությունը, կարիք ունեի քարտեզագրելու, որպեսզի հետևեի դրա զարգացումներին: Մենք հիմա պիտի հավատա՞նք, որ Ջոզեֆ Սմիթը ուղղակի թելադրում էր այդ քարոզներն իր մտքից, առանց որևէ նշումների:

Հակառակ այդ եզրակացության, Աստծո մատնահետքերն ամենուր են Մորմոնի Գրքում, ինչի վկայությունն են գերազանց վարդապետական ճշմարտությունները, մասնավորապես գրքի հմուտ քարոզները Հիսուս Քրիստոսի Քավության մասին:

Եթե Ջոզեֆը մարգարե չլիներ, ապա այս և շատ այլ ուշագրավ վարդապետական գաղափարներ գրելու համար քննադատները պետք է փաստեին, որ նա նաև աստվածաբանական հանճար էր: Բայց եթե այդպես լիներ, հարց է ծագում. ինչո՞ւ էր Ջոզեֆը միակը, ով Քրիստոսի ծառայությունից հետո 1800-ական թվականներին ստեղծեցեզակի և հստակեցնող ծավալուն վարդապետություններ: Որովհետև այս գրքի աղբյուրը հայտնությունն էր,ոչ թեմտքի պայծառությունը:

Նույնիսկ եթե ենթադրենք, որ Ջոզեֆը պատկերավոր հիշողությամբ մի ստեղծարար և աստվածաբանական հանճար էր, ապա միայն այս տաղանդները նրան չեն դարձնում հմուտ գրող: Մորմոնի Գրքի գոյությունը բացատրելու համար քննադատները պետք է նաև պնդեն, որ Ջոզեֆը 23 տարեկանում գրելու բնատուր տաղանդ ուներ: Հակառակ դեպքում, ինչպես էր նա վերածելու բազմաթիվ անունները, վայրերը և իրադարձությունները ներդաշնակ մի ամբողջության, որտեղ չկային անհամապատասխանություններ: Ինչպե՞ս նա գրեց ռազմական մարտավարությունների մանրամասները, ստեղծեց պերճախոս քարոզներ և հորինեց արտահայտություններ, որոնք միլիոնավոր մարդկանց կողմից ընդգծվում, անգիր արվում, մեջբերվում և փակցվում են սառնարանների դռների վրա, ինչպես, օրինակ. «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17) կամ «Մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 2.25): Սրանք սիրտ ցնցող ուղերձներ են՝ ուղերձներ, որոնք ապրում են, շնչում և ոգեշնչում: Ասել, թե Ջոզեֆ Սմիթը 23 տարեկանում ունեցել է հմտություններ, որոնք անհրաժեշտ էին այս հսկայական աշխատանքը մեկ սևագրով մոտ 65 աշխատանքային օրում գրելու համար, պարզապես հեռու է իրականությունից:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, ով փորձառու և հմուտ գրող է, ասել է, որ վերջին գերագույն համաժողովի իր ելույթը շուրջ 40 անգամ վերանայել է: Արդյո՞ք հավատալի է, որ Ջոզեֆ Սմիթը ինքն է թելադրել է ամբողջ Մորմոնի Գիրքը միայն մեկ սևագրով, որից հետո կատարվել են միայն քերականական աննշան փոփոխություններ:

Ջոզեֆի կինը՝ Էմման հաստատել է նման վարկածի անհնարինությունը. «Ջոզեֆ Սմիթը [երիտասարդ տարիքում] չէր կարող ոչ գրել, ոչ էլ թելադրել որևէ տրամաբանական նամակ, էլ չեմ ասումՄորմոնի Գիրքը թելադրելու մասին»:2

Եվ վերջապես, նույնիսկ, եթե ընդունվում են բոլոր վերը նշված փաստարկները, կասկածելի լինելով հանդերձ, քննադատները դեռ կանգնած են մեկ այլ խոչընդոտի առաջ: Ջոզեֆը պնդում էր, որ Մորմոնի Գիրքը գրված էր ոսկյա թիթեղների վրա: Այդ հայտարարությունը դաժան քննադատությունների արժանացավ նրա օրոք , քանի որ «բոլորը» գիտեին, որ հնագույն պատմությունները գրվել են պապիրուսի կամ մագաղաթի վրա, մինչև որ տարիներ անց հայտնաբերվեցին հնագույն գրվածքներով մետաղյա թիթեղներ: Բացի այդ, քննադատները պնդում էին, որ հին ամերիկացիները չունեին ցեմենտի օգտագործման փորձ, ինչպես նկարագրված է Մորմոնի Գրքում, մինչև այն պահը, երբ ցեմենտային կառուցվածքներ հայտնաբերվեցին հին Ամերիկայում: Ինչպե՞ս են քննադատներն այժմ վերաբերում այդ և նման ուրիշ անհավանական հայտնագործություններին: Ջոզեֆը, ինչպես տեսնում եք, նաև պետք է լիներ շատ-շատ հաջողակ գուշակ: Ինչ-որ կերպ, չնայած նրա դեմ ուղղված ամեն ինչին, հակառակ բոլոր գիտական և ակադեմիական գիտելիքներին, նա ճիշտ էր գուշակել այն դեպքում, երբ մյուսները սխալվել էին:

Ասված և արված ամեն ինչից հետո հետաքրքիր է՝ ինչպես կարելի է հավատալ, որ քննադատների կողմից առաջ քաշվող բոլոր այդ անհիմն գործոններն ու պնդումները բարեհաջող կհամատեղվեն այնպես, որ հնարավորություն կտան Ջոզեֆին գրել Մորմոնի Գիրքը և դրանով նպաստել սատանայի խարդախ գործին: Բայց ինչպե՞ս է դա հնարավոր: Ճիշտ հակառակ այս հայտարարությանը՝ այս գիրքը միլիոնավոր մարդկանց ոգեշնչեց մերժել սատանային և ապրել ավելի Քրիստոսանման կյանքով:

Մինչ ոմանքկարող ենհավատալ քննադատների տրամաբանականշղթային, ինձ համար այն մտավոր և հոգևոր անկում է: Դրան հավատալու դեպքում, ես պետք է մեկը մյուսի հետևից ընդունեմ անապացույց ենթադրությունները: Բացի դրանից, ես ստիպված կլինեի անտեսել 11 վկաներից յուրաքանչյուրի վկայությունը, 3 թեև նրանցից յուրաքանչյուրը հավատարիմ մնաց իր վկայությանը մինչև վերջ: Ես ստիպված կլինեի մերժել սուրբ վարդապետությունը, որը լցնում է այս սուրբ գրքի էջերը իր անզուգական ճշմարտություններով, ես ստիպված կլինեի անտեսել այն փաստը, որ ամբոխը, այդ թվում ես ինքս, մոտեցել է Աստծուն՝ կարդալով այս և ոչ ուրիշ գիրք, և ամեն ինչից զատ ես ստիպված կլինեի ժխտել Սուրբ Հոգու հաստատող հուշումները: Սա հակառակ կլիներ նրան, ինչը ես գիտեմ, որ ճշմարիտ է:

Իմ լավ ու լուսավոր ընկերներից մեկը մի ժամանակ լքել էր Եկեղեցին: Վերջերս նա գրել էր ինձ իր վերադարձի մասին. «Սկզբում ես ցանկանում էի, որ Մորմոնի Գիրքը պատմականորեն, աշխարհագրորեն, լեզվական և մշակութային առումներով ապացուցվեր ինձ: Բայց, երբ ուշադրությունս տեղափոխեցիայն բանի վրա, թեգիրքը ինչ է սովորեցնում Հիսուս Քրիստոսի ավետարանի և Նրա փրկող առաքելության մասին, ես սկսեցի վկայություն ստանալ գրքի ճշմարտացիության վերաբերյալ: Մի օր իմ սենյակում Մորմոնի Գիրքը կարդալիս, ես դադար առա, ծնկի իջա և սրտանց աղոթեցի, որից հետո մի զորեղ զգացում ունեցա՝ Երկնային Հայրը շշնջաց իմ հոգուն, որ Եկեղեցին ու Մորմոնի Գիրքը իսկապես ճշմարիտ են: Երեք ու կես տարի ես կրկին ուսումնասիրում էի Եկեղեցին և այդ տարիներն ինձ հետ առաջնորդեցին դեպի Եկեղեցի, սրտից բխող խորը համոզվածությամբ վերջինիս ճշմարտացիության մեջ»:

Եթե մարդ ժամանակ հատկացնի խոնարհաբար կարդալու Մորմոնի Գիրքը և խորհելու դրա մասին, ինչպես իմ ընկերն էր արել և ականջ դնի Հոգու քաղցր պտուղներին, ապա նա ի վերջո կստանա ցանկալի վկայությունը:

Մորմոնի Գիրքը մեզ տրված Աստծո անգին պարգևներից մեկն է: Այն և՛ սուր է, և՛ վահան, այն Աստծո խոսքը ուղարկում է ճակատամարտ՝ պայքարելու արդարների սրտերի համար և ծառայում որպես ճշմարտությունը պաշտպանող նիզակ: Որպես սրբեր, մենք ոչ միայն արտոնություն ունենք պաշտպանելու Մորմոնի Գիրքը, այլև հնարավորություն` զորությամբ քարոզելու նրա աստվածային վարդապետությունը և վկայելու Հիսուս Քրիստոսի մասին գրքի ունեցած հզոր վկայության վերաբերյալ:

Ես բերում եմ իմ հանդիսավոր վկայությունը, որ Մորմոնի Գիրքը թարգմանվել է Աստծո պարգևով և զորությամբ: Դա Աստծո վառ վկայությունն է Հիսուս Քրիստոսի աստվածայնության, Ջոզեֆ Սմիթի մարգարեական կոչման և այս Եկեղեցու բացարձակ ճշմարտացիության մասին: Թող այն դառնա մեր վկայությունների հիմնաքարը, որ մեր մասին ասվի, ինչպես դարձի եկած լամանացիների մասին էր ասվել՝ որ նրանք «երբեք չհեռացան» (Ալմա 23.6): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Emma Smith, in “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 289, 290.

  2. Emma Smith, in “Last Testimony of Sister Emma,” 290.

  3. Տես «Երեք վկաների վկայությունը» և «Ութ վկաների վկայությունը», Մորմոնի Գիրք: