2010–2019 թթ․
Միմյանցից հեռու, բայց միասին
Հոկտեմբեր 2017


Միմյանցից հեռու, բայց միասին

Եկեղեցում, անկախ մեր տարբերություններից, Տերն ակնկալում է, որ մենք մեկ լինենք:

1994թ. հունիսին ես մեքենայով անհամբեր տուն էի վերադառնում աշխատանքից հեռուստացույց դիտելու. մեր ազգային ֆուտբոլային թիմը խաղալու էր աշխարհի գավաթի առաջնությունում: Երբ ճանապարհ ընկա, հեռվում մայթեզրին տեսա մի մարդու, ով արագ առաջ էր շարժվում իր սայլակով, որըզարդարված էր մեր բրազիլական դրոշով: Ես գլխի ընկա, որ նա նույնպես տուն է գնում ֆուտբոլի խաղը դիտելու:

Երբ մեր ճանապարհները խաչվեցին, և մեր աչքերը մի պահ իրար հանդիպեցին, ես նրա հետ շատ հզոր միասնություն զգացի: Մենք ընթանում էինք տարբեր ուղղություններով, չճանաչելով մեկմեկու, մենք սոցիալական ու ֆիզիկական ակնհայտ տարբեր պայմաններ ունեինք, բայց ֆուտբոլի հանդեպ նույն կիրքը և մեր երկրի հանդեպ տածած սերը այդ պահին մեզ միավորեցին: Այդ օրվանից հետո ես չեմ տեսել այդ մարդուն, բայց այժմ, երկար տարիներ անց, ես հիշում եմ նրա աչքերը և այն ամուր կապը, որ զգացի նրա հանդեպ: Վերջիվերջո, մենք հաղթեցինք այդ տարվա խաղում և նվաճեցինք աշխարհի գավաթը:

Եկեղեցում, անկախ մեր տարբերություններից, Տերն ակնկալում է, որ մենք մեկ լինենք: Վարդապետություն և Ուխտերում Տերն ասել է. «Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»:1

Երբ մենք խմբով մտնում ենք ժողովատուն երկրպագելու համար, մենք պետք է մի կողմ դնենք մեր տարբերությունները, ինչպիսիք են ռասան, սոցիալական կարգավիճակը, քաղաքական հայացքները, ակադեմիական և պրոֆեսիոնալ ձեռքբերումները և փոխարենը կենտրոնանանք մեր ընդհանուր հոգևոր նպատակների վրա: Մենք միասին երգում ենք հիմները, հաղորդության ժողովի ժամանակ խորհում ենք նույն ուխտերի մասին, միաձայն ասում ենք «ամեն» ելույթներից, դասերից և աղոթքներից հետո՝ միասին համաձայնելով ասվածի հետ:

Այս ամենը, որ մենք անում ենք միասին, օգնում են միասնության ուժեղ զգացում ունենալ համայնքում:

Այնուամենայնիվ, ինչն իրոք նպաստում, ամրացնում կամ ոչնչացնում է մեր միասնությունը,այն է, թե ինչպես ենք մենք գործում, երբ Եկեղեցու անդամներով հեռու ենք գտնվում իրարից: Ինչպես գիտենք, դա անխուսափելի է և նորմալ, որ մենք, ի վերջո, խոսում ենք միմյանց մասին:

Կախված նրանից, թե ինչ ենք խոսում միմյանց մասին, մեր խոսքերը կամ «կմիավորեն մեր սրտերը միությամբ»,2, ինչպես Ալման էուսուցանել նրանց, ում մկրտել է Մորմոնի Ջրերում, կամ կքայքայեն այն սերը, վստահությունը և բարեհաճությունը, որոնք կան մեր մեջ:

Կան մեկնաբանություններ, որոնք աննկատ ոչնչացնում են միասնությունը, ինչպես, օրինակ. «Այո, նա լավ եպիսկոպոս է, բայց դուք պետք է տեսնեիք նրան, երբ երիտասարդ էր»:

Ավելի կառուցողական տարբերակ կարող է լինել հետևյալը. «Եպիսկոպոսը շատ լավն է և նա բավականին աճել է տարիների ընթացքում՝ հասունացել է, ավելի իմաստուն է դարձել»:

Հաճախ մենք պիտակավորում ենք մարդկանց, ասելով. «Մեր Սփոփող Միության նախագահը դժվար դեպք է՝ նա այնքան համառ է»: Փոխարենը, կարող ենք ասել. «Սփոփող Միության նախագահը վերջերս ճկուն չի գործում, գուցե նա դժվարություններ ունի: Եկեք օգնենք ու աջակցենք նրան»:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք ոչ մի իրավունք չունենք որևէ մեկին, այդ թվում մեր Եկեղեցու շրջանակներից, նկարագրել որպես «վատ պատրաստված ապրանք»: Փոխարենը, ընկերների մասին մեր խոսքերը պետք է արտացոլեն մեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ, և որ Նրանում և Նրա շնորհիվ մենք ընդմիշտ կարող ենք փոխվել դեպի լավը:

Ոմանք սկսում են քննադատել և բաժանվել Եկեղեցու ղեկավարներից ու անդամներից աննշան բաների համար:

Այդպիսին է Սայմոնդս Ռայդեր անունով մի մարդու պատմությունը, ով Եկեղեցու անդամ էր դարձել 1831 թվականին: Կարդալով իրեն վերաբերող հայտնությունը, նա շփոթվեց, տեսնելով, որ իր ազգանունը սխալ է գրված՝ Ռայդեր բառն i տառով գրված լինելու փոխարեն՝ y տառով էր: Այդ խնդրի շուրջ նա գնաց պարզաբանումներ պահանջելու մարգարեից, ինչից հետո սկսեց հալածել Ջոզեֆին և հեռացավ Եկեղեցուց:3

Նույն զարգացումն է, եթե մենք նկատողություն ստանանք մեր հոգևոր առաջնորդներից և դա ստուգարք լինի, թե որքան միասնական ենք մենք նրանց հետ:

Ես 11 տարեկան էի, բայց հիշում եմ, որ 44 տարի առաջ, ժողովատունը, ուր մենք հաճախում էինք ընտանիքով, պետք է հիմնովին վերանորոգվեր: Նախքան այդ նախաձեռնությունը սկսելը, տեղի էր ունեցել ժողով, որի ժամանակ տեղական և տարածքային ղեկավարները քննարկել էին, թե ինչպես են անդամները մասնակցելու այդ աշխատանքներին: Հայրս, ով նախկինում երկար տարիներ այդ միավորի նախագահն էր, իր հստակ կարծիքն էր արտահայտել, որ այդ աշխատանքը պետք է իրականացվի պայմանագրային աշխատողների կողմից, ոչ թե կամավորների:

Նրա կարծիքը ոչ միայն մերժվեց, այլև լսեցինք, որ նա այդ առիթով խիստ և հրապարակայնորեն նախատվել էր: Նա Եկեղեցուն շատ նվիրված մարդ էր, եղել էր Եվրոպայում Երկրորդ Համաշխարհային պատերազմի զինվոր, սովոր էր դիմադրել ու պայքարել իր հավատալիքների համար: Ձեզ կարող է հետաքրքիր լինել, թե ինչ կաներ նա այս միջադեպից հետո: Նա կպնդե՞ր իր կարծիքը և կշարունակեր հակադրվել արդեն կայացված որոշմանը:

Մենք տեսել էինք ընտանիքներ մեր ծխում, որոնք թույլ էին դարձել ավետարանում և դադարել էին հաճախել ժողովներին, քանի որ չէին կարող միասնական լինել նրանց հետ, ովքեր ղեկավարում էին: Անձամբ ես տեսել էի, որ իմ ընկերները Երեխաների Միությունից հավատարիմ չմնացին իրենց երիտասարդ տարիներին, քանի որ նրանց ծնողները միշտ սխալ էին գտնում Եկեղեցու ներսում գտնվողների մեջ:

Հայրս, սակայն, որոշեց միասնական մնալ մեր ընկերների՝ սրբերի հետ: Մի քանի օր անց, երբ ծխի անդամները հավաքվեցին մասնակցելու շինարարությանը, նա «հրավիրեց» մեր ընտանիքին իր հետ գնալ հավաքատուն, որտեղ մենք կկարողանայինք ցանկացած ձևով օգտակար լինել գործին:

Ես զայրացած էի: Մտքովս անցնում էր հարցնել նրան. «Հայրիկ, որպես ի՞նչ ենք գնում օգնելու շինարարության մեջ, եթե դու դեմ էիր, որ անդամները դա անեն»: Սակայն նրա դեմքի արտահայտությունը մտափոխեց ինձ: Ես ցանկանում էի լավ վիճակում լինել վերանվիրագործման համար: Այնպես, որ, բարեբախտաբար, ես որոշեցի հանգիստ լինել և պարզապես գնալ ու օգնել:

Հայրս չտեսավ նորակառույց հավաքատունը, քանի որ մահացավ այդ աշխատանքների ավարտից առաջ: Բայց մենք ընտանիքով, առաջնորդվելով արդեն մայրիկիս կողմից, շարունակեցինք կատարել մեր բաժինը, մինչև վերանորոգումն ավարտվեց, և դա մեզ միասնական պահեց հորս հետ, Եկեղեցու անդամների, մեր ղեկավարների և ամենակարևորը՝ Տիրոջ հետ:

Իր Գեթսեմանիի ցավագին փորձառությունից վայրկյաններ առաջ, երբ Հիսուսն աղոթում էր Հորը Իր Առաքյալների ու մեր՝ սրբերիս համար, Նա ասաց. «Որ ամենքը մէկ լինեն, ինչպէս դու, Հայր, ինձանում, և ես քեզանում»:4

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես վկայում եմ, որ երբ մենք որոշում ենք մեկ լինել Եկեղեցու անդամների և ղեկավարների հետ՝ այդ դեպքում թե՛ միասին, և թե՛ հատկապես իրարից հեռու գտնվելու պարագայում, մենք ավելի ցայտուն կզգանք, որ միասնական ենք մեր Երկնային Հոր և Փրկիչի հետ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: