2010–2019 թթ․
Երախտապարտ լինել ցանկացած պայմաններում
Ապրիլ 2014


Երախտապարտ լինել ցանկացած պայմաններում

Նկար

Մի՞թե մենք պատճառ չունենք երախտագիտությամբ լցված լինելու՝ անկախ հանգամանքներից:

Տարիների ընթացքում ես ունեցել եմ սուրբ հնարավորություն հանդիպելու բազմաթիվ մարդկանց, որոնց վիշտը, կարծես, հասել է իրենց հոգու խորքերը: Այդ պահերին, ես լսել եմ իմ սիրելի եղբայրներին և քույրերին և փորձել եմ կիսել նրանց բեռը: Ես խորհել եմ այն մասին, թե ինչ ասեմ նրանց, և դժվարացել եմ գտնել խոսքեր, որպեսզի մխիթարեմ և սատարեմ նրանց իրենց փորձությունների մեջ:

Հաճախ նրանց վիշտը պայմանավորված է ինչ-որ բանի թվացյալ ավարտով: Ոմանք կանգնած են թանկ հարաբերությունների ավարտին, ինչպիսիք են հարազատի մահը կամ ընտանիքի անդամի առանձնանալը: Մյուսները կարծում են, որ կորցնում են ամուսնանալու կամ երեխաներ ունենալու կամ հիվանդությունը հաղթահարելու հույսը: Ոմանք էլ, հնարավոր է, կանգնած լինեն իրենց հավատքի ավարտի շեմին, երբ աշխարհի խառնիճաղանջ ու հակասական ձայները գայթակղում են կասկածել, նույնիսկ հրաժարվել նրանից, ինչ նրանք ժամանակին գիտեին, որ ճշմարիտ է:

Վաղ, թե ուշ, կարծում եմ, մենք բոլորս ենք այնպիսի զգացում ապրում, երբ մեր ներաշխարհի հյուսվածքները, կարծես, պատռվում են հակասություններից, թողնելով մեզ միայնակ, հիասթափված և կամազուրկ:

Դա կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ: Ոչ ոք անձեռնմխելի չէ:

Մենք կարող ենք երախտապարտ լինել

Բոլորիս իրավիճակը տարբեր է և յուրաքանչյուրիս կյանքի մանրամասները եզակի են: Այնուամենայնիվ, ես հասկացել եմ, որ մի բան կա, որ կհեռացնի մեզ հանդիպած դառնությունը: Կա մի բան, որ մենք կարող ենք անել, որպեսզի կյանքն ավելի քաղցր, ավելի ուրախ, նույնիսկ ավելի փառավոր լինի:

Մենք կարո՛ղ ենք երախտապարտ լինել

Աշխարհի իմաստությանը հակառակ կարող է հնչել այն, որ վշտով ծանրացած մարդը պետք է գոհություն հայտնի Աստծուն: Բայց նրանք, ովքեր մի կողմ են դնում դառնության շիշը և փոխարենը բարձրացնում են գոհության գավաթը, կարող են ճաշակել բժշկության, խաղաղության և հասկացողության հյութից:

Որպես Քրիստոսի աշակերտների՝ մեզ պատվիրված է «գոհություն հայտնել Տիրոջը՝ [մեր] Աստծուն, բոլոր բաներում»1, «երգել Տիրոջը գոհությունով»2 և «թող [մեր] սիրտը լի լինի գոհությամբ առ Աստված»:3

Ինչո՞ւ է Աստված պատվիրում մեզ երախտապարտ լինել:

Բոլոր Նրա պատվիրանները մեզ տրվում են, որ օրհնությունները հասանելի դարձվեն մեզ: Պատվիրանները մեզ հնարավորություն են տալիս մեր ազատ կամքը գործադրել, որպեսզի օրհնություններ ստանանք: Մեր սիրառատ Երկնային Հայրը գիտի, որ երախտագիտության ոգի զարգացնելու ընտրությունը մեզ կբերի ճշմարիտ ուրախություն և մեծ երջանկություն:

Ինչի՞ համար երախտապարտ լինել:

Ոմանք հնարավոր է ասեն. «Ինչի՞ համար պետք է երախտապարտ լինել, երբ իմ ներաշխարհը քանդվում է»:

Թերևս կենտրոնանալը, թե ինչի համար երախտապարտ լինենք, սխալ մոտեցում է: Դժվար է մշակել երախտագիտության ոգի, եթե մեր երախտագիտությունը միայն համարժեք է մեր հաշված օրհնությունների թվին: Ճիշտ է, կարևոր է հաճախակի «մեր օրհնությունները հաշվելը», և ամեն ոք, ով փորձել է, գիտի, որ դրանք շատ են, բայց, իմ համոզմամբ, Տերը չի ակնկալում, որ առատության և հեշտ օրերին մենք պետք է ավելի շատ երախտապարտ լինենք, քան փորձությունների ժամանակ: Իրականում, սուրբ գրության հղումներից շատերը խոսում են ոչ թե ինչ-որ բանի համար երախտապարտ լինելու մասին, այլ առաջարկում են, որ մենք մշտական երախտագիտության ոգի ունենանք:

Շատ հեշտ է երախտապարտ լինել բաների համար, երբ կյանքը, կարծես, մեր ուզած ճանապարհով է գնում: Եվ դժվար է՝ այն ժամանակ, երբ մեր ցանկացած բաները անհասանելի են թվում:

Թույլ տվեք առաջարկել, որ երախտագիտությունը դիտենք որպես տրամադրվածություն՝ կենսակերպ, որը կախված չէ հանգամանքներից: Այլ կերպ ասած, ես առաջարկում եմ, որ ոչ թե «շնորհակալ լինենք ինչ-որ բանի համար», այլ «շնորհակալ լինենք բոլոր հանգամանքներում», անկախ պայմաններից:

Կա հին պատմություն մի մատուցողի մասին, ով հարցրեց հաճախորդին, թե արդյոք նրան դուր եկավ ուտելիքը: Հյուրը պատասխանեց, որ ամեն ինչ լավ էր, բայց ավելի լավ կլիներ, եթե հացը մի քիչ ավելի շատ լիներ: Հաջորդ օրը, երբ տղամարդը վերադարձավ, մատուցողը կրկնապատկեց հացի քանակը, երկու կտորի փոխարեն տալով նրան չորս կտոր, բայց մարդը դեռ երջանիկ չէր: Հաջորդ օրը մատուցողը հացը դարձրեց ութ կտոր, բայց կրկին ապարդյուն:

Չորրորդ օրը մատուցողը վճռական էր՝ գոհացնելու տղամարդուն: Այնպես որ նա պատվիրեց մի երկար (3մ.) ֆրանսիական հաց, երկու կես արեց և ժպտալով մատուցեց հաճախորդին: Մատուցողն անհամբեր սպասում էր տղամարդու արձագանքին:

Ճաշից հետո տղամարդը բարձրացրեց գլուխը և ասաց. «Ինչպես միշտ, շատ համեղ էր: Բայց դուք սկսել եք կրկին երկու կտոր մատուցել»:

Երախտապարտ լինենք բոլոր հանգամանքներում

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ընտրությունը մերն է: Մենք կարող ենք ընտրել սահմանափակել մեր երախտագիտությունը՛ հիմնվելով մեզ պակասող օրհնությունների վրա: Կամ մենք կարող ենք ընտրել նմանվել Նեփիին, որի երախտապարտ սիրտը երբեք չերերաց: Երբ նրա եղբայրները կապեցին նրան, այն նավում, որը նա կառուցել էր նրանց խոստումի երկիր տեղափոխելու համար, նրա դաստակներն ու ոտքի կոճերը այտուցվել էին, այնպես որ «սաստիկ էր դրանց ցավը» և սաստիկ փոթորիկը սպառնում էր նրան կուլ տալ ծովի խորքերում: «Այնուամենայնիվ, իմ Աստծուն էի նայում ես և ողջ օրը գովք էի անում նրան. և չէի տրտնջում Տիրոջ դեմ՝ իմ չարչարանքների պատճառով»:4

Մենք կարող ենք ընտրել նմանվել Հոբին, որ, կարծես, ամեն ինչ ուներ, բայց հետո կորցրեց ամեն բան: Չնայած դրան, Հոբը պատասխանեց՝ ասելով. «Մերկ դուրս եկայ իմ մօր արգանդիցը, եւ մերկ պիտի վերադառնամ. … Տէրը տուաւ եւ Տէրն առաւ. Տիրոջ անունը օրհնեալ լինի»:5

Մենք կարող ենք ընտրել նմանվել մորմոնական ռահվիրաներին, ովքեր պահպանեցին երախտագիտության ոգին դեպի Մեծ Սոլթ Լեյք իրենց դանդաղ ու ցավոտ երթուղու ընթացքում, նույնիսկ երգելով ու պարելով և փառաբանելով Աստծո բարությունը:6 Մեզանից շատերը հակված կլինեին երես թեքել, բողոքել և տագնապել ճամփորդության դժվարությունից:

Մենք կարող ենք ընտրել նմանվել Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որը թշվառ պայմաններում բանտարկված լինելով Լիբերթի բանտում, գրեց այս ներշնչված խոսքերը. «Շատ սիրելի՛ եղբայրներ, եկեք ուրախությամբ անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է. և հետո, թող մենք կանգնենք հանգիստ, ամենայն համոզվածությամբ՝ տեսնելու Աստծո փրկությունը և նրա բացահայտվող բազուկը»:7

Մենք կարող ենք ընտրել երախտապարտ լինել անկախ ամեն ինչից:

Այս տեսակի երախտագիտությունը վեր է այն ամենից, ինչ տեղի է ունենում մեր շուրջը: Այն գերազանցում է հիասթափությունը, հուսահատությունը և վհատությունը: Այն նույնքան գեղեցիկ ծաղկած է ձմռան սառցե դաշտում, որքան ամռան հաճելի ջերմության ժամանակ:

Երբ Աստծուն երախտապարտ ենք բոլոր հանգամանքներում, մենք կարող ենք ձախորդությունների մեջ ևս նուրբ խաղաղություն զգալ: Վշտի մեջ մեր սրտերը կարող են գոհությամբ լցվել: Ցավի մեջ կարող ենք փառավորել Քրիստոսի Քավությունը: Սառեցնող դառը վշտի մեջ կարող ենք զգալ երկնքի ջերմացնող հպումն ու գրկախառնությունը:

Մեզ երբեմն թվում է, թե երախտապարտ լինելն այն է, ինչ մենք անում ենք հետո, երբ մեր խնդիրները լուծվում են, բայց դա ահավոր կարճատեսություն է: Կյանքի որքան մաս ենք մենք բաց թողնում՝ անձրևի համար Աստծուն շնորհակալություն չհայտնելով և սպասելով, որ տեսնենք ծիածանը:

Նեղությունների ժամանակ երախտապարտ լինելը չի նշանակում, որ մենք գոհ ենք մեր հանգամանքներից: Այն նշանակում է, որ հավատքի աչքերով մենք նայում ենք մեր այսօրվա մարտահրավերներից այն կողմ:

Նման երախտագիտությունը ոչ թե շուրթերից է, այլ հոգուց: Այդ երախտագիտությունն է, որ բժշկում է սիրտը և ընդարձակում միտքը:

Երախտագիտություն՝ որպես հավատքի դրսևորում:

Բոլոր հանգամանքներում երախտապարտ լինելը Աստծո հանդեպ հավատքի դրսևորում է: Այն պահանջում է, որ մենք վստահենք Աստծուն և հուսանք բաների համար, որոնք չենք տեսնում, բայց որոնք ճշմարիտ են8: Երախտապարտ լինելով՝ մենք հետևում ենք մեր սիրելի Փրկչի օրինակին, ով ասաց. «Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի»:9

Ճշմարիտ երախտագիտությունը հույսի և վկայության դրսևորում է: Այն գալիս է գիտակցումից, որ մենք միշտ չէ, որ հասկանում ենք կյանքի փորձությունները, բայց վստահում ենք, որ մի օր կհասկանանք:

Ցանկացած դեպքում, մեր երախտագիտության զգացումը սնվում է բազմաթիվ սրբազան ճշմարտություններով, որ մենք գիտենք, որ մեր Հայրը իր զավակներին տվել է երջանկության մեծ ծրագիրը, որ Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, մենք կարող ենք ապրել հավերժ մեր հարազատների հետ, որ, ի վերջո, մենք կունենանք փառահեղ, կատարյալ և անմահ մարմին, որը բեռնված չի լինի հիվանդություններով, ոչ էլ հաշմանդամությամբ, և որ թախծի ու կորստի մեր արցունքները կփոխարինվեն երջանկության և ուրախության առատությամբ, «լաւ չափով՝ թափ տրուած շարժուած լիփ լիքը կ’տան ձեր գոգը»:10

Նման վկայությունը պետք է որ փոխակերպած լիներ Փրկչի Առաքյալներին՝ վախեցող, կասկածող մարդկանց դարձնելով Տիրոջ անվախ և ուրախ պատվիրակներ: Խաչելությանը հետևող առաջին ժամերի ընթացքում նրանց պատել էր հուսահատությունն ու վիշտը, թույլ չտալով հասկանալ, թե ինչ էր կատարվում: Բայց մի իրադարձությունը փոխեց ամեն ինչ: Նրանց Տերը հայտնվեց և հայտարարեց. «Տեսէք իմ ձեռքերը եւ իմ ոտները, որ ես ինքս եմ»:11

Երբ Առաքյալները ճանաչեցին կենդանացած Քրիստոսին, երբ նրանք ականատես եղան իրենց սիրելի Փրկչի փառահեղ Հարությանը, նրանք ուրիշ մարդիկ դարձան: Ոչինչ չէր կարող նրանց ետ պահել իրենց առաքելությունը կատարելուց: Նրանք քաջությամբ և վճռականությամբ տարան խոշտանգումները, նվաստացումը և, անգամ, մահը, որին պիտի ենթարկվեին իրենց վկայության պատճառով:12 Նրանք չէին վախենում գովալ ու ծառայել իրենց Տիրոջը: Նրանք փոխեցին մարդկանց կյանքն ամենուր: Նրանք փոխեցին աշխարհը:

Նման փոխակերպում ապրելու համար դուք պարտադիր չէ, որ տեսնեք Փրկչին, ինչպես Առաքյալները տեսան: Սուրբ Հոգուց ծնված Քրիստոսի մասին վկայությունը կարող է օգնել ձեզ նայել մահկանացության հուսախափ անող ավարտից այն կողմ և տեսնել աշխարհի Քավչի պատրաստած պայծառ ապագան:

Մենք չենք արարվել ավարտվելու համար

Մեր հավերժական ճակատագրի լույսի գիտելիքի ներքո, զարմանալի չէ, որ ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք կյանքի դառը ավարտի, այն, կարծես, անընդունելի է մեզ համար: Մեր ներսում, կարծես, մի բան կա, որը դիմադրում է ավարտին:

Ինչու է դա այդպե՞ս: Որովհետև մենք հավերժական նյութից ենք արարվել: Մենք հավերժական էակներ ենք՝ Ամենակարող Աստծո զավակները, որի անունը Անվերջ13 է և ով խոստանում է անհամար հավերժական օրհնություններ: Ավարտը մեր ճակատագիրը չէ:

Որքան ավելի շատ ենք սովորում Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, այնքան ավելի շատ ենք գիտակցում, որ մահկանացու կյանքում ավարտվող բաները դեռ ավարտը չեն: Դրանք պարզապես ընդհատումներ են, ժամանակավոր դադարներ, որոնք մի օր փոքր կթվան հավատարիմներին սպասվող հավերժական ուրախության հետ համեմատ:

Որքա՜ն երախտապարտ եմ իմ Երկնային Հորը, որ իր ծրագրում ոչինչ չի ավարտվում, այլ անդադար սկսվում է:

Երախտապարտները կփառավորվեն

Եղբայրնե՛ր և քույրեր, մի՞թե մենք պատճառ չունենք երախտագիտությամբ լցված լինելու՝ անկախ հանգամանքներից:

Մի՞թե մեզ ավելի մեծ պատճառ է պետք, որ մեր սրտերը «լի լինեն գոհությամբ առ Աստված»:14

«Մի՞թե մենք ուրախանալու մեծ պատճառ չունենք»:15

Որքա՜ն օրհնված ենք մենք, երբ ընդունում ենք Աստծո ձեռքի աշխատանքը կյանքի հրաշալի գոբելենում: Մեր Երկնային Հոր հանդեպ երախտագիտությունը ընդլայնում մեր պատկերացումները և պարզում է մեր տեսլականը: Այն խոնարհություն է ոգեշնչում և կարեկցանք է խթանում դեպի մեր մերձավորները և դեպի բոլոր Աստծո արարածները: Երախտագիտությունը քրիստոսանման բոլոր հատկանիշների տարանջատիչն է: Երախտապարտ սիրտը բոլոր առաքինի հատկանիշների ծնողն է:16

Տերը տվել է մեզ իր խոստումը, որ «նա, ով ընդունում է բոլոր բաները գոհությամբ, պիտի փառավորվի. և այս աշխարհի բաները պիտի ավելացվեն նրա համար, նույնիսկ հարյուրապատիկ, այո, ավելի շատ»:17

Թող որ մենք ապրենք՝ «գոհություն հայտնելով ամեն օր»,18 հատկապես մահկանացության առերևույթ անբացատրելի ավարտների ժամանակ: Թող որ մենք մեծահոգի լինենք՝ գոհություն հայտնելով մեր ողորմած Երկնային Հորը: Թող որ մենք միշտ և անընդհատ մեր ձայնը բարձրացնենք և խոսքով ու գործով մեր երախտագիտությունը հայտնենք մեր Երկնային Հորը և Նրա Սիրելի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Այս ամենի համար ես աղոթում եմ և թողնում եմ ձեզ իմ վկայությունը և օրհնությունը մեր Տեր՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: