2010–2019 թթ․
Հնազանդություն` մեր հավատարմությամբ
Ապրիլ 2014


Հնազանդություն՛ մեր հավատարմությամբ

Նկար

Հնազանդությունը խորհրդանշում է մեր հավատքը բարձրյալի իշխանության, այսինքն՛ Աստծո իմաստության և զորության հանդեպ:

Ընտանեկան երեկոները, որոնք Քույր Փերին և ես անց էինք կացնում ամեն երկուշաբթի երեկոյան, հանկարծ ընդլայնվեցին: Մեր բնակարանային համալիր էին տեղափոխվել ապրելու իմ եղբայրը, նրա դուստրը, Բարբարայի եղբայրը, քրոջ դուստրը և ամուսինը: Մանկությունից հետո, դա միակ ժամանակն էր, որ ես օրհնվել էի հարազատների ընտանիքներին մոտ ապրելով: Երբ փոքր էի, մեր ընտանիքն ապրում էր մայրիկիս մեծ ընտանիքի որոշ անդամների հետ նույն թաղամասում: Սոնի պապիկիս տունը մեր տան կողքին էր հյուսիսային կողմից, Էմմա մորաքրոջս տունը՛ հարավային կողմից: Մեր թաղամասի հարավային մասում էր ապրում մորաքույր Ջոզեֆինը, իսկ արևելյան մասում՛քեռի Ալման:

Պատանեկության տարիներին մենք ամեն օր շփվում էինք մեր մեծ ընտանիքի անդամների հետ և կիսում միասին աշխատելու, խաղալու և այցելելու պահերը: Մեր չարաճճիությունների մասին լուրը շատ արագ հասնում էր մեր մայրերին: Այժմ մեր աշխարհն այլ է, շատ ընտանիքների անդամները հիմնականում սփռված են ապրում: Անգամ միմյանց ինչ-որ չափով մոտ ապրելիս, հաճախ չէ, որ հարևանությամբ են բնակվում: Թերևս, պետք է ընդունեմ, որ իմ պատանեկության տարիները և իմ ներկա իրավիճակը մի փոքր նման են դրախտին, երբ ընտանիքի սիրելի անդամները միմյանց մոտ են ապրում: Դա ինձ մշտապես հիշեցնում է ընտանիքի հավերժական բնույթը:

Երբ մեծացա, հատկապես կապված էի պապիկիս հետ: Լինելով ընտանիքի ավագ որդին, ես ձմռանը մաքրում էի մեր տան, պապիկիս և երկու մորաքույրներիս տների բակի ձյունը, իսկ ամռանը՛ կտրում էի խոտածածկը: Պապիկս սովորաբար նստում էր պատշգամբում, երբ ես խոտն էի կտրում: Ավարտելուց հետո ես նստում էի տան աստիճաններին և զրուցում նրա հետ: Այդ պահերն ինձ համար թանկագին հիշողություններ են:

Մի օր ես հարցրեցի պապիկիս, թե ինչպես կարող եմ իմանալ, որ միշտ ճիշտ քայլ եմ կատարում, երբ կյանքը բազմաթիվ ընտրություններ է դնում իմ առաջ: Ինչպես միշտ պապիկս պատասխանեց ինձ իր գյուղական կյանքի փորձից ելնելով:

Նա ուսուցանեց ինձ, որ ձիերին զույգերով են վարժեցնում, որպեսզի նրանք միասին աշխատեն: Նա բացատրեց, որ ձիերի թիմը պետք է միշտ իմանա, թե ով է պատասխանատու: Ձիուն ղեկավարելու և ուղղորդելու գործում կարևոր դեր են խաղում լծասարքը և սանձը: Եթե լծված ձիերից մեկը երբևէ հավատա, որ կառապանին հնազանդվելու կարիքը չկա, ձիերը երբեք միասին չեն քաշի և չեն աշխատի իրենց ուժի առավելագույն չափով:

Այժմ, եկեք քննենք դասը, որ պապիկս սովորեցրեց ինձ այս օրինակի միջոցով: Ո՞վ է ձիերի կառապանը: Պապիկս հավատում էր, որ դա Տերն է: Նա ունի նպատակ և ծրագիր: Նա նաև ձիերը, ինչպես նաև յուրաքանչյուր ձին վարժեցնողը և լծողն է: Կառապանը լավ գիտի՛ որպեսզի ձին իմանա, որ միշտ ճիշտ ուղով է գնում, պետք է հնազանդ լինի և կառապանի ուղղորդմանը հետևի:

Ի՞նչն էր պապիկս համեմատում լծասարքի ու սանձի հետ: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ հավատում եմ, որ պապիկս ուսուցանում էր ինձ հետևել Սուրբ Հոգու հուշումներին: Նրա համար լծասարքն ու սանձը հոգևոր իմաստ ունեին: Լավ վարժեցված թիմի մաս կազմող հնազանդ ձիուն կառապանի կողմից թեթևակի սանձվելուց բացի ավելին է պետք, որպեսզի ճշգրտորեն անի այն, ինչ նա է ուզում: Թեթևակի սանձումը համարժեք է մեղմ, հանդարտ ձայնին, որով մեզ հետ խոսում է Տերը: Մեր ազատ կամքի հանդեպ հարգանքից ելնելով այն երբեք չի լինում խիստ, ուժեղ:

Տղամարդիկ և կանայք, ովքեր անտեսում են Հոգու մեղմ հուշումները, անառակ որդու պես հաճախ կսովորեն հնազանդության և շվայտ ապրելակերպի բնական հետևանքներից: Միայն բնական հետևանքները խոնարհեցրին անառակ որդուն, և նա սթափվելով լսեց իր հայրական տուն վերադառնալու մասին Հոգու հուշումները (տես Ղուկաս 15.11–32):

Դասը, որ պապիկս սովորեցրեց ինձ, այն էր, որ պետք է միշտ Հոգու մեղմ հուշումները ստանալուն պատրաստ լինել: Նա ուսուցանեց ինձ, որ ես միշտ կստանամ նման հուշում, եթե երբևէ ուղուց շեղվեմ: Եվ ես երբեք լուրջ սխալներ չեմ գործի, եթե թույլ տամ, որ Հոգին ուղղորդի ինձ որոշումներ կայացնելիս:

Ինչպես Հակոբոս 3.3-ում է ասվում. «Տես ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նրանք հնազանդեն մեզ, և նրանց բոլոր մարմինը կառավարում ենք»:

Մենք պետք է զգայուն լինենք մեր հոգևոր սանձերի հանդեպ: Անգամ Վարդապետի կողմից «սանձի թեթևակի ձգումից», մենք պետք է պատրաստակամ լինենք լիովին փոխելու մեր ընթացքը: Կյանքում հաջողության հասնելու համար մենք պետք է ուսուցանենք մեր հոգուն և մարմնին միասին աշխատել՛ ի հնազանդություն Աստծո պատվիրաններին: Եթե մենք ուշադրություն դարձնենք Սուրբ Հոգու մեղմ հուշումներին, դրանք կարող են միավորել մեր հոգիները և մարմինները նպատակով, առաջնորդելով մեզ դեպի մեր հավերժական տուն՛ ապրելու մեր հավերժական Երկնային Հոր հետ:

Մեր հավատո երրորդ հանգանակն ուսուցանում է մեզ հնազանդության կարևորության մասին. «Մենք հավատում ենք, որ Քրիստոսի Քավությամբ ողջ մարդկությունը կարող է փրկվել՛ հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին»:

Պապիկիս նկարագրած ձիերի օրինակում այդպիսի հնազանդությունը նաև պահանջում է հատուկ վստահություն, որը՛ բացարձակ հավատքն է կառապանի հանդեպ: Ուստի դասը, որ պապիկս ուսուցանեց ինձ, ակնարկում էր ավետարանի առաջին սկզբունքը, որն է՛ հավատք առ Հիսուս Քրիստոս:

Պողոս Առաքյալն ուսուցանել է. «Հավատքը հուսացած բաների հաստատությունը և չերևացող բաների ապացույցն է» (Եբրայեցիս 11.1): Այնուհետև հավատքի մասին ուսուցանելու համար Պողոսն օգտագործում է Աբելի, Ենովքի, Նոյի և Աբրահամի օրինակները: Նա անդրադառնում է Աբրահամի պատմությանը, քանի որ Աբրահամը հավատարիմների հայրն է:

«Հավատքով Աբրահամը երբոր կանչուեցավ հնազանդ եղավ դուրս գնալու այն տեղ, որ ժառանգության համար ստանալու էր. և դուրս եկավ գնաց առանց գիտենալու, թե ուր է գնում:

Հավատքով պանդուխտ եղավ ավետիքի երկրումն իբր օտարությունում. …

Հավատքով Սառան ինքն էլ սերմն առնելու զորություն ընդունեց. և տարաժամ հասակի մեջ որդի ծնեց. որովհետև հավատարիմ համարեց խոստացողին» (Եբրայեցիս 11.8–9, 11):

Մենք գիտենք, որ Աբրահամի և Սառայի որդի՛ Իսահակի միջոցով խոստում տրվեց Աբրահամին, որ նրա սերունդը կլինի՛ «ինչպես երկնքի աստղերը և ինչպես անհամար ավազը ծովի ափի մոտ» (տես հատված 12 12; տես նաև Ծննդոց 17.15–16): Իսկ այնուհետև Աբրահամի հավատքը փորձվեց մեզանից շատերի համար աներևակայելի ձևով:

Ես բազում առիթներով խորհրդածել եմ Աբրահամի և Իսահակի պատմության շուրջ, և դեռևս չեմ հավատում, որ լիովին ընկալում եմ Աբրահամի հավատարմությունն ու հնազանդությունը: Թերևս կարող եմ պատկերացնել, ինչպես է նա հավատարմորեն պատրաստություններ տեսել, որպեսզի վաղ առավոտյան ճանապարհ ընկնի, սակայն ինչպես էր նա այդ բոլոր քայլերը ձեռնարկում իր որդու Իսահակի հետ, երեք օրից ավելի ճամփորդելով դեպի Մորիա սարի ստորոտ: Ինչպե՞ս էին նրանք խարույկի համար փայտը սարն ի վեր բարձրացնում: Ինչպե՞ս նա զոհասեղան պատրաստեց: Ինչպե՞ս Իսահակին կապեց և դրեց զոհասեղանի վրա: Ինչպե՞ս բացատրեց նրան, որ նա պետք է պատարագ լիներ: Եվ ինչպե՞ս նա ուժ գտավ բարձրացնելու դանակը, որ սպանի իր որդուն: Աբրահամի հավատքն ուժ տվեց իրեն, որ ճշգրտորեն հետևի Աստծո առաջնորդությանը մինչև այն հրաշալի պահը, երբ հրեշտակը կանչեց երկնքից Աբրահամին՝ հայտնելով, որ նա անցավ իր տառապալից փորձությունը: Այնուհետև Տիրոջ հրեշտակը կրկնեց Աբրահամյան ուխտի խոստումը:

Ես հասկանում եմ, որ մարտահրավերներ են ծառանում առ Հիսուս Քրիստոս հավատք ունենալիս, իսկ հնազանդ լինելն առավել դժվար է ոմանց համար: Ես կյանքի փորձից ելնելով կարող եմ ասել, որ չնայած ձիերն իրենց անհատականությամբ կարող են տարբեր լինել, այդ իսկ պատճառով որոշ ձիերի հեշտ կամ դժվար կլինի վարժեցնելը, սակայն մարդկանց մեջ տարբերությունները շատ ավելի մեծ են: Մեզանից յուրաքանչյուրն Աստծո որդին կամ դուստրն է, և մեզանից յուրաքանչյուրը նախաերկրային և մահկանացու եզակի պատմություն ունի: Ուստիև, չեն կարող լինել միանման լուծումներ տարբեր իրավիճակների համար: Այսպիսով, ես ընդունում եմ փորձվելու և սխալվելու կյանքի բնույթը, և՝ ամենակարևորը, ավետարանի երկրորդ սկզբունքի, այսինքն՛ ապաշխարության մշտական կարիքը:

Ճիշտ է, պապիկիս ժամանակներն ավելի հանգիստ ժամանակներ էին, հատկապես ճիշտը սխալից տարբերելու առումով: Գուցե կրթված և խորաթափանց մարդիկ հավատան, որ մեր ավելի բարդ ժամանակները պահանջում են թերևս ավելի բարդ լուծումներ, ինչևէ ես այդքան էլ չեմ ընդունում, որ նրանք ճիշտ են: Փոխարենը, ես հավատում եմ, որ այսօրվա բարդությունը պահանջում է ավելի մեծ պարզություն, ինչպիսին պապիկիս պատասխանն էր ճիշտը սխալից տարբերելու իմ անկեղծ հարցին: Ես գիտեմ, որ այսօր իմ առաջարկը մի պարզ բանաձև է, բայց կարող եմ վկայել, թե որքան լավ է աշխատում այն իմ կյանքում: Ես առաջարկում եմ ձեզ և անգամ կոչ եմ անում փորձարկել իմ խոսքերը, և այդ դեպքում խոստանում եմ, որ դրանք կհստակեցնեն ընտրության գործընթացը, երբ ձեր գլխին թափվեն բազում ընտրություններ, և դրանք կհանգեցնեն հարցերի պարզ պատասխանների, որոնք կշփոթեցնեն ուսյալին և իրենց իմաստուն համարողներին:

Շատ հաճախ մտածում ենք, որ հնազանդվել նշանակում է հեզ ու առանց մտածելու ենթարկվել ավելի բարձր դիրք ունեցող մարմնի հրամանին կամ կարգադրություններին: Ի դեպ, իր լավագույն դրսևորումներով, հնազանդությունը ներկայացնում է մեր հավատքը բարձրյալի իշխանության, այսինքն՛ Աստծո իմաստության և զորության հանդեպ: Երբ Աբրահամն առ Աստված իր անսասան հավատքը և հնազանդությունը դրսևորեց, անգամ երբ նրան պատվիրվել էր զոհաբերել իր որդուն, Աստված փրկեց նրան: Նմանապես, երբ հնազանդորեն մեր հավատարմությունը դրսևորենք, Աստված, ի վերջո, կփրկի մեզ:

Ովքեր ապավինում են լոկ իրենք իրենց և հետամուտ լինում միայն իրենց ցանկություններին և ինքնակառավարվող հակումներին, շատ սահմանափակ են, համեմատած նրանց հետ, ովքեր հետևում են Աստծուն և օգտվում Նրա իմաստությունից, զորությունից և պարգևներից: Ասում են, որ ով մտահոգվում է միայն իր համար, շատ փոքրոգի մարդ է: Ամուր, գործուն հնազանդությունը ամենևին էլ թույլ կամ պասսիվ չէ: Դրանով մենք արտահայտնում ենք մեր հավատքն առ Աստված և արժանանում երկնային զորությունների օգնությանը: Հնազանդությունը ընտրություն է: Դա ընտրություն է մեր անձնական սահմանափակ գիտելիքի ու զորության և Աստծո անսահման իմաստության ու ամենազորության միջև: Ըստ պապիկիս ուսուցանած դասի դա հոգևոր հուշումը զգալու և Տիրոջ առաջնորդությանը հետևելու ընտրությունն է:

Թող որ մեր հավատարմությամբ և վերականգնված ավետարանի արարողությունները ստանալու միջոցով մենք դառնանք Աբրահամի ուխտի և սերնդի ժառանգները: Ես խոստանում եմ ձեզ, որ հավերժական կյանքի օրհնությունները հասու են բոլոր հավատարիմներին և հնազանդներին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: