2010–2019 թթ․
«Մի վախենար, որովհետև ես քեզ հետ եմ»
Ապրիլ 2014


«Մի վախենար, որովհետև ես քեզ հետ եմ»

Նկար

Երբ մենք ավելի մեծ հավատք ու վստահություն ենք դրսևորում առ Տերը, մեզ օրհնելու ու ազատելու Նրա զորությունը հասանելի է դառնում մեզ համար:

Ծնող դառնալու քնքուշ հույզերի հետ քիչ զգացմունքներ են համեմատվում: Չկա ավելի քաղցր բան, քան անմիջապես երկնքից թանկագին բալիկ ստանալը: Իմ եղբայրներից մեկը խորապես ապրեց այս զգացումը: Նրա առաջին փոքրիկ որդին ժամանակից շուտ էր ծնվել ու ընդամենը կշռում էր 2 ֆունտ և 14 ունցիա (1.3 կգ): Հանթերն իր կյանքի առաջին երկու ամիսն անցկացրեց հիվանդանոցի նորածինների վերակենդանացման բաժանմունքում: Այս ամիսները հուզումնալից էին ողջ ընտանիքի համար, քանզի մենք հույս ունեինք ու աղերսում էինք Տիրոջ օգնությունը:

Փոքրիկ Հանթերն այնքա՜ն պաշտպանության կարիք ուներ: Նա պայքարում էր, որպեսզի ձեռք բերեր ապրելու համար անհրաժեշտ ուժ: Նրա սիրառատ հայրիկի ամուր ձեռքը հաճախ հպվում էր իր որդու փոքրիկ ձեռքին, որպեսզի քաջալերեր իր անպաշտպան փոքրիկ երեխային:

Այսպես է նաև Աստծո բոլոր զավակների դեպքում: Մեր Երկնային Հայրն Իր անսահման սիրով օգնության ձեռք է մեկնում մեզանից յուրաքանչյուրին: Նա զորություն ունի ամեն բանի վրա և կամենում է օգնել մեզ սովորել, աճել ու վերադառնալ Իր մոտ: Սա սահմանում է մեր Հոր նպատակը. «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:1

Երբ մենք ավելի մեծ հավատք ու վստահություն ենք դրսևորում առ Տերը, մեզ օրհնելու ու ազատելու Նրա զորությունը հասանելի է դառնում մեզ համար:

Մորմոնի Գրքի էջերում խոսվում է Իր զավակներին ազատելու Տիրոջ զորության մասին գեղեցիկ թեմայի շուրջ: Նեփին ներկայացրեց դա գրքի հենց առաջին գլխում: 20-րդ հատվածում մենք կարդում ենք. «Բայց ահա, ես՛ Նեփիս, ցույց կտամ ձեզ, որ Տիրոջ գորովագութ ողորմությունները բոլոր նրանց վրա են, ում նա ընտրել է, նրանց հավատքի շնորհիվ, դարձնելու նրանց հզոր՛ մինչև իսկ ի զորությունն ազատվելու»:2

Շատ տարիներ առաջ ես ինքս հասկացա այս հատվածում արտահայտված ճշմարտությունները: Ես հասկացա, թե իրականում որքան մոտ է մեր Երկնային Հայրը, և որքան շատ է Նա ցանկանում մեզ օգնել:

Մի երեկո, երբ արդեն մութն ընկնում էր, ես երեխաներիս հետ մեքենա էի վարում, երբ նկատեցի մի տղայի, ով քայլում էր դատարկ փողոցով: Նրա կողքով անցնելուց հետո ես յուրահատուկ զգացում ունեցա, որ պետք է հետ վերադառնամ ու օգնեմ նրան: Բայց մտածելով, որ հնարավոր է նա վախենա, երբ ինչ-որ անծանոթ գիշերը մեքենան կանգնեցնի իր կողքին, ես շարունակեցի ճանապարհս: Ես կրկին ուժեղ տպավորություն ունեցա, որին ուղեկցում էին հետևյալ բառերը. «Գնա և օգնիր այդ տղային»:

Ես հետ վերադարձա նրա մոտ ու հարցրեցի. «Օգնության կարիք ունե՞ս: Ես զգացի, որ պետք է օգնեմ քեզ»:

Նա մեր կողմ դարձավ և այտերի վրայով վայր հոսող արցունքներով ասաց. «Կօգնե՞ք: Ես աղոթում էի, որ ինչ-որ մեկն ինձ օգներ»:

Նրա օգնության համար աղոթքը պատասխանվեց ինձ ուղարկված ոգեշնչմամբ: Սուրբ Հոգու կողմից նման հստակ ուղղորդում ստանալու այս փորձառությունն անմոռանալի հետք է թողել իմ սրտում:

Եվ ահա, 25 տարի անց, գորովագութ ողորմության շնորհիվ, առաջին անգամ, մի քանի ամիս առաջ ես կրկին հանդիպեցի այդ տղային: Ես պարզեցի, որ այդ փորձառությունը միայն իմ պատմությամբ չի սահմանափակվում, դա նաև նրա պատմությունն է: Դերիք Նանցն այժմ հայր է, ով ունի իր սեփական ընտանիքը: Նա նույնպես երբեք չի մոռացել այս փորձառության մասին: Դա մեզ օգնեց դնել հավատքի հիմք, որ Աստված լսում ու պատասխանում է մեր աղոթքներին: Մենք երկուսս էլ կիրառել ենք դա մեր երեխաներին ուսուցանելիս, որ Աստված հոգ է տանում մեր մասին: Մենք մենակ չենք:

Այդ գիշեր Դերիքը դասերից հետո մնացել էր մի միջոցառման և բաց էր թողել վերջին ավտոբուսը: Լինելով դեռահաս երիտասարդ՛ նա վստահ է եղել, որ ոտքով կարող է տուն հասնել, այսպիսով, սկսել է քայլել:

Դատարկ փողոցով քայլել սկսելուց հետո անցել է մեկ ու կես ժամ: Լինելով տնից կիլոմետրեր հեռավորության վրա ու տեսադաշտում ոչ մի տուն չնշմարելով՛ նա վախեցել է: Հուսահատ վիճակում անցնելով մի քարակույտի հետև, նա ծնկի է իջել ու Երկնային Հորից օգնություն խնդրել: Դերիքի փողոց վերադառնալուց մի քանի րոպե անց ես կանգնեցրեցի նրան, որպեսզի տրամադրեմ այն օգնությունը, որի համար նա աղոթել էր:

Եվ հիմա, այսքան տարիներ անց, Դերիքը հիշում է. «Մի լղար ու անհեռատես տղա, ում մասին Տերը հոգ էր տանում: Եվ անկախ այն ամենից, ինչ տեղի էր ունենում աշխարհում, Նա տեղյակ էր իմ իրավիճակի մասին, և սիրում էր ինձ բավականաչափ, որպեսզի օգնություն ուղարկեր: Այդ լքված փողոցի միջադեպից հետո Տերը շատ անգամ է պատասխանել իմ աղոթքներին: Նրա պատասխանները միշտ չէ, որ այդքան արագ ու հստակ են լինում, բայց Նրա իրազեկությունն իմ մասին այնքան ակնհայտ է այսօր, որքան որ ակնհայտ էր այդ մեկուսի գիշերը: Երբ կյանքի խավար ստվերները ծածկում են իմ աշխարհը, ես գիտեմ, որ Նա միշտ ծրագիր ունի ինձ կրկին ապահով տուն ուղեկցելու համար»:

Ինչպես Դերիքն ասաց, ոչ բոլոր աղոթքներն են, որ արագ են ստանում պատասխան: Բայց իրոք մեր Երկնային Հայրը ճանաչում է մեզ ու լսում է մեր սրտի աղերսները: Նա իրականացնում է Իր հրաշքները մեկ առ մեկ:

Մենք կարող ենք վստահ լինել, որ Նա մեզ կօգնի, ոչ հենց այնպես, ինչպես մենք ենք կամենում, այլ լավագույն կերպով, որը մեզ կօգնի աճել: Մեր կամքը Նրա կամքին ենթարկելը կարող է դժվար լինել, բայց դա անհրաժեշտ է Նրան նմանվելու ու Նրա առաջարկած խաղաղությունը գտնելու համար:

Մենք կարող ենք զգալ նույնը, ինչ նկարագրել է Ք. Ս. Լյուիսը. «Ես աղոթում եմ, որովհետև ես չեմ կարող օգնել ինքս ինձ: … Ես աղոթում եմ, որովհետև միշտ զգում եմ դրա անհրաժեշտությունը՛ գիշեր ու ցերեկ: Այն չի փոխում Աստծուն: Այն փոխում է ինձ»:3

Սուրբ գրություններում շատ պատմություններ կան այն մարդկանց մասին, ովքեր դրել են իրենց վստահությունը Տիրոջ վրա, և Նրանից օգնություն ու ազատություն են ստացել: Խորհեք երիտասարդ Դավթի մասին, ով վստահելով Տիրոջը, ազատվեց հզոր Գողիաթի ձեռքից: Մտածեք Նեփիի մասին, ում հավատքով լցված աղերսանքներն՛ուղղված Աստծուն, ազատեցին նրան իր եղբայրներից, ովքեր ուզում էին սպանել նրան: Հիշեք երիտասարդ Ջոզեֆ Սմիթին, ով աղոթքով փնտրում էր Տիրոջ օգնությունը: Նա ազատվեց խավարի զորությունից և ստացավ հրաշալի պատասխան: Նրանցից յուրաքանչյուրը կանգնած էր իրական ու բարդ դժվարության առջև: Նրանցից յուրաքանչյուրը գործեց հավատքով ու դրեց իր վստահությունը Տիրոջ վրա: Նրանցից յուրաքանչյուրը ստացավ Նրա օգնությունը: Եվ մինչև հիմա, մեր օրերում, Աստծո զորությունն ու սերը դրսևորվում է Նրա զավակների կյանքում:

Ես վերջերս դա տեսել եմ հավատքով լցված Սրբերի կյանքում Զիմբաբվեյում ու Բոտսվանայում: Մի փոքր ճյուղի ծոմապահության ու վկայության ժողովի ժամանակ ես խոնարհվեցի ու ոգեշնչվեցի երեխաների, երիտասարդների ու մեծահասակաների վկայություններով: Նրանցից յուրաքանչյուրը կիսվեց առ Տեր Հիսուս Քրիստոսը հավատքի զորեղ դրսևորմամբ: Շրջապատված լինելով դժվար ու բարդ իրավիճակներով՛ նրանք յուրաքանչյուր օրն ապրում են իրենց վստահությունը Աստծո վրա դնելով: Նրանք ընդունում էին իրենց կյանքում Նրա ձեռքի առկայությունը և հաճախ նշում էին դա հետևյալ արտահայտությամբ՛ «Ես այնքան երախտապարտ եմ Աստծուն»:

Մի քանի տարի առաջ մի հավատարիմ ընտանիք օրինակ հանդիսացավ մեր ծխի համար՛ դրսևորելով այդ նույն վստահությունը Տիրոջ նկատմամբ: Արն ու Վենիտա Գաթրելները երջանիկ կյանքով էին ապրում, երբ Արնի մոտ ախտորոշվեց ագրեսիվ քաղցկեղ: Բժշկական եզրակացությունը դրական չէր – նրան մնացել էր միայն մի քանի շաբաթ ապրելու համար: Ընտանիքի անդամները ցանկանում էին վերջին անգամ միասին լինել: Այսպիսով, բոլոր երեխաները հավաքվեցին՛ մի քանիսը եկան հեռավոր վայրերից: Նրանք միայն 48 թանկագին ժամ ունեին միասին անցկացնելու համար: Գաթրելները զգուշորեն ընտրեցին այն, ինչն ամենակարևորն էր իրենց համար. ընտանեկան լուսանկար, ընտանեկան ճաշ ու Սոլթ Լեյքի տաճարում մեկ նիստ: Վենիտան ասաց. «Երբ մենք դուրս եկանք տաճարի դռներով, դա վերջին անգամն էր, որ մենք երբևէ միասին էինք լինելու այս կյանքում»:

Բայց նրանք դուրս եկան այն հավաստիացմամբ, որ նրանց համար շատ ավելին կա, քան միայն այս կյանքը: Տաճարային սրբազան ուխտերի շնորհիվ նրանք հույս ունեն Աստծո խոստումների նկատմամբ: Նրանք հավերժ կարող են միասին լինել:

Հաջորդ երկու ամիսները լի էին այնքան շատ օրհնություններով, որ դժվար էր դրանք հաշվել: Արնի ու Վենիտայի հավատքն ու վստահությունն առ Տերն աճում էր, ինչպես վկայում է Վենիտան իր խոսքերում. «Ես աջակցություն էի զգում: Ես սովորեցի, որ հնարավոր է խաղաղություն զգալ՛ նույնիսկ եթե հուզումնալից իրավիճակում ես: Ես գիտեի, որ Տերը պաշտպանում էր մեզ: Եթե վստահենք Տիրոջը, իսկապես կկարողանանք հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն»:

Նրանց դուստրերից մեկն ասաց. «Մենք հետևել ենք մեր ծնողներին ու տեսել ենք նրանց օրինակը: Մենք տեսել ենք նրանց հավատքը, ու թե ինչպես էին նրանք գործադրում այն: Ես երբեք չէի խնդրի նման փորձություն, բայց երբեք էլ չէի խուսափի դրանից: Մենք շրջապատված էինք Աստծո սիրով»:

Իհարկե, Արնի հեռանալն այն արդյունքը չէր, որի համար Գաթրելները հույս ունեին: Սակայն նրանց ճգնաժամը հավատքի ճգնաժամ չէր: Հիսուս Քրիստոսի ավետարանը որոշ բաների ցանկ չէ, որ պետք է լրացնենք, այլ այն ապրում է մեր սրտերում: Ավետարանը «չի ծանրացնում մեր բեռը, այլ թեթևացնում է այն»:4 Այն աջակցում է մեզ: Այն աջակցեց Գաթրելներին: Նրանք անդորր զգացին՛ լինելով փոթորիկի մեջ: Նրանք ամուր բռնեցին իրար ու այն տաճարային ուխտերը, որոնք կապել ու պահել էին: Նրանք աճեցին Տիրոջը վստահելու իրենց ունակությունների մեջ ու ամրացան իրենց հավատքով առ Հիսուս Քրիստոս ու Նրա քավիչ զորություն:

Մեր առաքելության ճանապարհի որ մասում էլ որ լինենք, ինչպիսի անհանգստության կամ դժվարության էլ որ հանդիպենք, մենք մենակ չենք: Դուք մոռացված չեք: Դերիքի, Աֆրիկայի Սրբերի ու Գաթրելների ընտանիքի նման մենք կարող ենք ընտրել փնտրել Տիրոջ ձեռքը մեր կարիքների լուծման մեջ: Մենք կարող ենք դեմ առ դեմ կանգնել մեր դժվարություններին՛ աղոթքով ու վստահությամբ առ Տերը:

Խոսելով մեզանից յուրաքանչյուրի հետ՛ Տերն ասում է. «Մի վախենար, … ես քեզ հետ եմ. մի վեհերիր, որովհետև ես քո Աստուածն եմ. ես զօրացրել եմ քեզ, … նաև օգնել եմ քեզ. նաև քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը»:5

Ես կիսվում եմ իմ խոնարհ, սակայն վստահ վկայությամբ, որ Աստված՛ մեր Հայրը, ճանաչում է մեզ անհատապես և օգնության է հասնում: Նրա Սիրելի Որդու՛Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք հաղթահարել այս աշխարհի դժվարություններն ու ապահով տուն հասնել: Թող որ մենք Նրան վստահելու հավատք ունենանք, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: