2010–2019 թթ․
Եթե իմաստության պակաս ունեք
Ապրիլ 2014


Եթե իմաստության պակաս ունեք

Նկար

Աստված կհայտնի ճշմարտությունը նրանց, ովքեր փնտրում են այն, ինչպես գրված է սուրբ գրություններում:

Մի օր իմ տաս տարեկան որդին ուսումնասիրում էր համացանցում մարդու ուղեղի մասին: Նա ուզում է վիրաբույժ դառնալ: Դժվար չէ նկատել, որ նա ինձանից շատ ավելի խելացի է:

Մենք սիրում ենք համացանցը: Տանը մենք հաղորդակվում ենք սոցիալական մեդիայի, էլեկտրոնային փոստի և այլ միջոցներով մեր ընտանիքի և ընկերների հետ: Երեխաներս իրենց դպրոցական աշխատանքի մեծ մասը համացանցով են կատարում:

Ինչ հարց էլ որ ունենանք, եթե մենք լրացուցիչ տեղեկության կարիք ունենք, մենք փնտրում ենք այն համացանցում: Վայրկյանների ընթացքում մենք ծավալուն նյութ ենք ունենում: Սա հրաշալի է:

Համացանցը սովորելու շատ հնարավորություններ է տրամադրում: Սակայն Սատանան ցանկանում է, որ մենք լինենք թշվառ և խեղաթյուրում է բաների իրական նպատակները: Նա օգտագործում է այս մեծագույն գործիքը՝ կասկած ու վախ սերմանելու և հավատքն ու հույսը կործանելու համար:

Համացանցում այնքան շատ տեղեկություն է մատչելի, որ պետք է ուշադիր մտածել, թե որտեղ ջանքեր գործադրել: Սատանան մեզ զբաղեցնում է, շեղում և վարակում ցանկությամբ կարդալու և դիտելու այնպիսի տեղեկություն, որը կարող է կատարյալ աղբ լինել:

Չպետք է փորփրել աղբի մեջ:

Լսեք այս խորհուրդը սուրբ գրություններից. «Քրիստոսի Հոգին տրվում է ամեն մարդու, որպեսզի նա կարողանա բարին տարբերել չարից. ուստի, ես ցույց եմ տալիս ձեզ դատելու ուղին. քանզի ամեն բան, որ հրավիրում է անել բարիք, և համոզում է հավատալ Քրիստոսին, առաջանում է Քրիստոսի զորությամբ ու պարգևով. ուստի, դուք կարող եք … իմանալ՝ դա Աստծուց է»:1

Իրականում, մենք կանգնում ենք նույն խնդրի առաջ, որին հանդիպեց Ջոզեֆ Սմիթն իր պատանեկության տարիներին: Մենք շատ հաճախ հասկանում ենք, որ իմաստության պակաս ունենք:

Աստծո արքայությունում ճշմարտության որոնումը բարձր է գնահատվում, խրախուսվում, և ոչ մի դեպքում չի ճնշվում կամ վախերի առարկա դառնում: Եկեղեցու անդամներին Տերն Ինքը խստորեն խորհուրդ է տալիս գիտելիք փնտրել:2 Նա ասում է. «Ջանասիրաբար փնտրեք, … այո, իմաստության խոսքեր փնտրեք լավագույն գրքերից. ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով»:3 Սակայն ինչպե՞ս մենք կարող ենք ճանաչել ճշմարտությունը աշխարհում, որը գնալով ավելի է ուժեղացնում Աստծուն վերաբերող բաներին իր հարձակումները:

Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ ինչպես դա անել.

Նախ, մենք կարող ենք իմանալ ճշմարտությունը, տեսնելով դրա պտուղները:

Լեռան Քարոզում Տերն ասել է.

«Այսպէս ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, եւ չար ծառը չար պտուղ է բերում։ Չէ կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել …

Ուրեմն իրանց պտուղներիցը ճանաչեցէք նորանց»:4

Մորմոն մարգարեն ուսուցանել է նույն սկզբունքը. «Իրենց գործերով դուք պիտի ճանաչեք նրանց. քանզի, եթե նրանց գործերը բարի լինեն, ուրեմն նրանք նույնպես բարի են»:5

Մենք հրավիրում ենք բոլորին ուսումնասիրել այս Եկեղեցու պտուղները և գործերը:

Նրանք, ում հետաքրքրում է ճշմարտությունը, կկարողանան տեսնել այն փոփոխությունը, որը Եկեղեցին և Եկեղեցու անդամները կատարում են համայնքներում, որոնք հիմնում են: Նրանք նաև կնկատեն բարելավումներ այն մարդկանց կյանքում, ովքեր հետևում են Եկեղեցու ուսմունքներին: Նրանք, ովքեր կուսումնասիրեն այդ պտուղները, կհայտնաբերեն, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պտուղները համեղ են և ցանկալի:

Երկրորդ՝ մենք կարող ենք գտնել ճշմարտությունը, ինքներս փորձարկելով խոսքը:

Ալմա մարգարեն ուսուցանել է.

«Մենք կհամեմատենք խոսքը սերմի հետ: … Եթե դուք տեղ տաք, որ մի սերմ սերմանվի ձեր սրտում, ահա, եթե այն լինի մի ճշմարիտ սերմ, … եթե դուք դուրս չգցեք այն ձեր անհավատությամբ, … ահա, այն կսկսի ուռչել ձեր կրծքում … և դուք կսկսեք ասել ինքներդ ձեր մեջ. Պետք է որ … սա լավ սերմ լինի, … քանզի այն սկսում է մեծացնել իմ հոգին. այո, այն սկսում է լուսավորել իմ հասկացողությունը, այո, այն սկսում է հրաշալի լինել ինձ համար: …

… Եվ այժմ, մի՞թե այս չի զորացնի ձեր հավատքը: Այո, այն կզորացնի ձեր հավատքը …

… Քանզի ամեն սերմ առաջ է բերում իր իսկ նմանին»:6

Ինչպիսի անգնահատելի հրավեր Տիրոջ մարգարեի կողմից: Սա կարելի է համեմատել գիտական փորձի հետ: Մեզ հրավիրում են փորձել խոսքը, մեզ տալիս են չափորոշիչներ և հայտնում փորձի արդյունքները, եթե հետևենք հրահանգներին:

Այսպիսով, սուրբ գրություններն ուսուցանում են մեզ, թե ինչպես մենք կարող ենք իմանալ ճշմարտությունը, տեսնելով դրա պտուղները կամ փորձարկելով այն անձամբ, տեղ տալով խոսքին մեր սրտերում և սնուցելով այն, ինչպես սերմն են սնուցում:

Սակայն կա նաև ճշմարտությունն իմանալու երրորդ ճանապարհը, և դա անձնական հայտնությունն է:

Վարդապետություն և Ուխտերի բաժին 8-ը սովորեցնում է, որ հայտնությունը գիտելիք է՝ «իմացություն, ինչ բաների վերաբերյալ էլ որ [մենք խնդրենք] հավատքով, ազնիվ սրտով, հավատալով, որ կստանանք»:7

Եվ Տերն ասում է մեզ, թե ինչպես մենք կստանանք հայտնություն. «Ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով, որը կիջնի քո վրա և որը կմնա քո սրտում»:8

Այսպիսով, մենք սովորում ենք, որ հայտնությունը կարելի է ձեռք բերել հավատքով խնդրելու միջոցով՝ անկեղծ սրտով և հավատալով, որ կստանանք այն:

Սակայն նկատեք, որ Տերը սրա մասին հստակ ասել է, երբ նախազգուշացրել է. «Հիշիր, որ առանց հավատքի դու ոչինչ չես կարող անել. ուստի, հավատքով խնդրիր»:9 Հավատքը աշխատանք է պահանջում՝ ձեր մտքում ուսումնասիրելու, ապա աղոթքով դրա ճշմարտության մասին հարցնելու աշխատանքը:

Տերն ասել է.

«Եթե դա ճիշտ լինի, ես այնպես կանեմ, որ կուրծքդ կայրվի քո ներսում. ուստի, դու պիտի զգաս, որ դա ճիշտ է:

Բայց, եթե դա ճիշտ չլինի, դու նման զգացումներ չես ունենա, այլ կունենաս մտքի ընդարմացում, որի արդյունքում դու կմոռանաս այն, ինչը սխալ է»:10

Հավատքն առանց գործերի մեռած է:11 Այնպես որ՝ «խնդրէ առանց երկմտելու»:12

Ես մի ընկեր ունեմ, ոչ մեր հավատքից, որն ինձ ասաց, որ հոգևոր մարդ չէ: Նա չի ուսումնասիրում սուրբ գրությունները կամ աղոթում, որովհետև չի կարողանում հասկանալ Աստծո խոսքերը, ոչ էլ համոզված է, որ Աստված գոյություն ունի: Այս մոտեցումը խոսում է հոգևորության պակասի մասին և տանում է հայտնությանը հակառակ ուղղությամբ, ինչպես բացատրել է Ալման: Նա ասել է. «Եվ հետևաբար, ով կկարծրացնի իր սիրտը, նա կստանա խոսքի նվազագույն բաժինը»:

Սակայն Ալման շարունակում է. «Իսկ ով չի կարծրացնի իր սիրտը, նրան տրվում է խոսքի ավելի մեծ բաժինը, մինչև որ նրան տրվում է իմանալու Աստծո խորհուրդները՝ մինչև որ նա իմանա դրանք լիովին»:13

Ալման և Մոսիայի որդիները մարմնավորում են այն սկզբունքը, որ հավատքը աշխատանք է պահանջում: Մորմոնի Գրքում մենք կարդում ենք.

«Նրանք ջանասիրաբար քննել էին սուրբ գրքերը, որ կարողանային իմանալ Աստծո խոսքը:

Բայց դա բոլորը չէ. նրանք նվիրվել էին շատ աղոթքի ու ծոմի. այդ պատճառով նրանք ունեին մարգարեության ոգին ու հայտնության ոգին»:14

Անկեղծ սրտով խնդրելը հավասար կարևոր է այս գործընթացում: Եթե մենք անկեղծորեն փնտրում ենք ճշմարտությունը, ապա մենք կանենք մեր ուժերի սահմաններում ամեն-ինչ՝ այն գտնելու համար, այդ թվում՝ սուրբ գրությունները կարդալը, եկեղեցի հաճախելը և Աստծո պատվիրանները լավագույն ձևով պահելը: Դա նաև նշանակում է, որ մենք պատրաստ ենք կատարելու Աստծո կամքը, երբ ստանանք այն:

Իմաստություն փնտրելու Ջոզեֆ Սմիթի գործողությունները կատարյալ օրինակ են հանդիսանում նրա, թե ինչ է նշանակում ունենալ անկեղծ սիրտ: Նա ասաց, որ ցանկանում էր իմանալ, «թե բոլոր աղանդներից որն էր ճշմարիտը, որպեսզի իմանար, թե որին միանար»:15 Անգամ դեռ աղոթելուց առաջ նա արդեն պատրաստ էր գործելու ըստ պատասխանի, որը կստանար:

Մենք պետք է խնդրենք հավատքով և անկեղծ սրտով: Բայց սա ամենը չէ: Մենք պետք է նաև հավատանք, որ կստանանք այդ հայտնությունը: Մենք պետք է վստահենք Տիրոջը և հույս ունենանք Նրա խոստումների հանդեպ: Հիշեք, ինչ է գրված. «Եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան»:16 Ինչպիսի հիանալի խոստում:

Ես հրավիրում եմ ձեզ փնտրել ճշմարտությունը այս եղանակներից որևէ մեկի օգնությամբ, սակայն հատկապես Աստծուց ստացվող անձնական հայտնության միջոցով: Աստված կհայտնի ճշմարտությունը նրանց, ովքեր փնտրում են այն, ինչպես գրված է սուրբ գրություններում: Այն պահանջում է ավելի շատ ջանք, քան համացանցում պարզապես որոնելը, սակայն ջանքերն արժեն արդյունքին:

Ես բերում եմ իմ վկայությունը, որ սա Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին է: Ես տեսել եմ դրա պտուղները համայնքներում և հազարավոր մարդկանց, ներառյալ ընտանիքի անդամների կյանքում: Այսպիսով, ես գիտեմ, որ այն ճշմարիտ է: Ես նույնպես փորձել եմ խոսքը իմ կյանքում տարիների ընթացքում և զգացել եմ դրա ազդեցությունը իմ հոգու վրա: Այսպիսով, ես գիտեմ, որ այն ճշմարիտ է: Սակայն ամենից կարևորը՝ ես սովորել եմ դրա ճշմարիտ լինելու մասին ինքս՝ հայտնությամբ, Սուրբ Հոգու զորության միջոցով: Այսպիսով, ես գիտեմ, որ այն ճշմարիտ է: Ես հրավիրում եմ բոլորիդ անել նույնը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: