2010–2019 թթ․
Հոգևոր պտտահողմեր
Ապրիլ 2014


Հոգևոր պտտահողմեր

Նկար

Թույլ մի տվեք, որ պտտահողմերը տապալեն ձեզ: Սա որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներ ամուր կանգնելու ձեր ժամանակն է:

Ողջունում եմ ձեզ այս երեկո, հատկապես երիտասարդներին, ովքեր այստեղ են Համաժողովների Կենտրոնում և ողջ աշխարհում: Դուք ընտրյալ սերունդ եք, և ես խոսքս հիմնականում ուղղում եմ ձեզ:

Տարիներ առաջ, երբ մենք այցելել էինք մեր ընտանիքին Ֆլորիդայում, մի պտտահողմ բարձրացավ մեզանից ոչ շատ հեռու: Շարժական տնակում ապրող մի կին ապահովության համար մտել էր լողասենյակ: Տնակը սկսել էր ցնցվել: Մի քանի րոպե անցավ: Ապա նա լսեց իր հարևանի ձայնը. «Ես այստեղ եմ, նախասենյակում»: Լողասենյակից դուրս գալով, ի զարմանս իրեն, նա պարզել էր, որ պտտահողմը իր տնակը բարձրացրել էր և օդի միջով տեղափոխելով իջեցրել ուղիղ իր հարևանի տնակի վրա:

Իմ երիտասարդ ընկերներ, աշխարհը սահուն չի գնա դեպի Փրկչի Երկրորդ Գալուստը: Սուրբ գրություններն ասում են, որ «բոլոր բաները կլինեն խառնաշփոթության մեջ»:1 Բրիգամ Յանգն ասել է. «Այս Եկեղեցու կազմավորման սկզբում ինձ հայտնի է դարձվել, որ Եկեղեցին կտարածվի, կբարգավաճի, կաճի և կընդլայնվի, և երկրի ազգերի մեջ ավետարանի տարածմանը զուգընթաց սատանայի զորությունը կաճի»:2

Նկար
A tornado.

Մարգարեացած երկրաշարժերից և պատերազմներից3 առավել մտահոգիչ են հոգևոր պտտահողմերը, որոնք կարող են պոկել ձեզ ձեր հոգևոր հիմքից և ձեր հոգին իջեցնել ձեզ համար աներևակայելի վայրում, երբեմն էլ չնկատելով, որ տեղաշարժվել եք:

Այդ սոսկալի մրրիկները հակառակորդի գայթակղություններն են: Մեղքը միշտ գոյություն է ունեցել այս աշխարհում, բայց այն երբեք չի եղել այդքան հասանելի, անհագուրդ և ընդունելի: Անշուշտ, գոյություն ունի հզոր ուժ, որը կարող է զսպել մեղքի մրրիկները: Դա կոչվում է ապաշխարություն:

Կյանքում ոչ բոլոր մրրիկներն են ձեր պատճառով առաջանում: Որոշները գալիս են ուրիշների սխալ ընտրությունների արդյունքում, իսկ որոշներն էլ մահկանացու կյանքի արդյունք են:

Մանուկ հասակում Նախագահ Բոյդ Կ. Փաքերը հիվանդացել է պոլիոմելիտով: Երբ Երեց Դալլին Հ. Օուքսը յոթ տարեկան էր, նրա հայրը հանկարծամահ եղավ: Երբ Քույր Քերոլ Ֆ. Մակքոնկին՛ Երիտասարդ կանանց գերագույն նախագահը, դեռահաս էր, նրա ծնողները բաժանվեցին: Խնդիրներ կծառանան ձեր առաջ, բայց եթե դուք վստահեք Աստծուն, դրանք կամրացնեն ձեր հավատքը:

Նկար
Cutaway showing the roots of a tree growing in windy conditions.

Բնության մեջ, քամոտ տարածքում աճող ծառերն ամուր են լինում: Երբ քամիները հարվածում են նոր տնկված շյուղին, ծառի ներսում ուժերը երկու ուղղությամբ են աշխատում: Նախ, նրանք ուժ են տալիս արմատներին, որ արագ աճեն և տարածվեն: Երկրորդ, ծառի ուժերը սկսում են ստեղծել այնպիսի բջջային կառուցվածք, որի շնորհիվ բունը և ճյուղերը դառնում են ավելի հաստ և ճկուն՛ քամու ճնշմանը դիմակայելու համար: Ամուր արմատներն ու ճյուղերը պաշտպանում են ծառին քամիներից:4

Աստծո համար դուք ծառից շատ ավելի թանկ եք: Դուք Նրա որդին կամ դուստրն եք: Նա է ստեղծել ձեր հոգին՛ լինելու ամուր և ճկուն կյանքի պտտահողմերի դեմ: Ինչպես քամիները շյուղի համար, պտտահողմերը երիտասարդ տարիքում կարող են ավելացնել ձեր հոգևոր ուժը, պատրաստելով ձեզ գալիք տարիներին:

Ինչպե՞ս եք պատրաստվում ձեր պտտահողմերին: «Հիշե՛ք, … դա մեր Քավիչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, … իր նետերը պտտահողմում, … երբ նրա ողջ կարկուտը և նրա զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն չի ունենա զորություն … քաշելու ձեզ վար … այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք»:5 Դա է ձեր ապավենը պտտահողմից:

Նախագահ Թոմաս Ս. Մորսոնն ասել է. «Եթե մի ժամանակ Եկեղեցու չափանիշները և հասարակության չափանիշները հիմնականում համատեղելի էին, այժմ մի մեծ ճեղք է գոյացել դրանց մեջ, որը գնալով մեծանում է»:6 Ոմանց համար այդ ճեղքը հոգևոր ուժգին պտտահողմեր է բարձրացնում:

Անցյալ ամիս Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը մի նամակ հղեցին Եկեղեցու ղեկավարներին ամբողջ աշխարհում: Այնտեղ մասնավորապես ասվում է. «Քաղաքացիական օրենքում կատարվող փոփոխություններն իրականում չեն կարող փոխել Աստծո կողմից հաստատված բարոյական օրենքը: Աստված ակնկալում է, որ մենք պահենք և պահպանենք Նրա պատվիրանները, անկախ հասարակության տարամետ կարծիքներից կամ միտումներից: Նրա մաքրաբարոյության օրենքը հստակ է՛ սեռական հարաբերությունները պատշաճ են միայն տղամարդու և կնոջ միջև, ովքեր օրենքով և օրինապես ամուսնացած են որպես ամուսին և կին: Մենք կոչ ենք անում ձեզ՛ վերանայել … «Ընտանիք՛ հայտարարություն աշխարհին» հռչակագրում տրված վարդապետությունը»:7

Երբ աշխարհն ավելի ու ավելի է հեռանում Տիրոջ ողջախոհության օրենքից, մենք չենք հեռանում: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Մարդկության Փրկիչը՝ իր մասին խոսելով ասել է, որ լինելով աշխարհում, այս աշխարհից չէ: Մենք ևս կարող ենք լինել աշխարհում, սակայն ոչ աշխարհից, եթե մերժենք կեղծ հասկացողություններն ու կեղծ ուսմունքները, և հավատարիմ մնանք Աստծո պատվիրաններին»:8

Թեպետ շատ պետությունների կառավարություններ և բարեպաշտ անհատներ վերասահմանում են ամուսնությունը, Տերը՝ երբեք: Ի սկզբանե, Աստված հիմնեց ամուսնությունը տղամարդու և կնոջ՛ Ադամի և Եվայի միջև: Նա նախատեսեց, որ ամուսնության նպատակները պետք է վեր լինեն անձնական բավարարվածությունից և չափահասների կայացումից, իսկ որ առավել կարևոր է, պետք է զարգանան, ստեղծելով կատարյալ միջավայր՛ երեխաներ ունենալու, մեծացնելու և դաստիարակելու համար: Ընտանիքները երկնքի գանձն են:9

Ինչո՞ւ ենք մենք շարունակում խոսել այս մասին: Ինչպես Պողոսն է ասել. «Մենք երևող բաներին չենք մտիկ անում, այլ աներևույթներին»:10 Որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալների մեր պարտականությունն է ուսուցանել մեր Արարչի ծրագիրը Իր զավակներին և զգուշացնել Նրա պատվիրաններն արհամարհելու հետևանքների մասին:

Վերջերս, ես զրուցում էի Միացյալ Նահանգներից մի դափնի աղջկա հետ: Ես մեջբերում կանեմ նրա նամակից.

«Անցյալ տարի իմ մի քանի ընկերներ Facebook-ում սկսեցին գրել իրենց դիրքորոշումը ամուսնության վերաբերյալ: Շատերը կողմ էին համասեռ ամուսնությանը, իսկ մի քանի ՎՕՍ երիտասարդներ նշել էին, որ հավանում են այդ գրառումները: Ես ոչ մի կարծիք չգրեցի:

Որոշեցի ավանդական ամուսնության մասին իմ համոզմունքը հայտնել խելամիտ ձևով:

Նկար
Screenshot of a Facebook message taken on 4-14-14

Իմ անձնական տվյալների մեջ նկարիս տակ ես ավելացրեցի հետևյալ գրառումը՛ «Ես հավատում եմ տղամարդու և կնոջ միջև ամուսնությանը»: Գրեթե անմիջապես ես սկսեցի ստանալ հաղորդագրություններ: «Դու եսասեր ես»: «Դու քննադատող ես»: Նրանցից մեկն ինձ նմանեցրեց ստրկատիրոջ: Եվ ես ստացա հետևյալ գրառումը իմ ընկերոջից, ով Եկեղեցու ամուր անդամ է. «Դու պետք է ժամանակին համընթաց քայլես: Ժամանակները փոխվում են, դու ևս պետք է փոխվես»:

«Ես չպայքարեցի,- ասում է նա,- բայցև չհանեցի իմ գրառումը»:

Նա եզրափակում է. «Երբեմն, ինչպես Նախագահ Մոնսոնն է ասում, դու պետք է միայնակ կանգնես»: Հուսով եմ, որպես երիտասարդներ, մենք կկանգնենք միասին՛ հավատարիմ Աստծուն և Նրա ապրող մարգարեների ուսմունքներին»:11

Մենք հատկապես պետք է մտահոգվենք նրանց համար, ովքեր մաքառում են համասեռամոլության դեմ: Դա հսկայական արագությամբ պտտահողմ է: Ես ցանկանում եմ իմ սերն ու հիացմունքն արտահայտել նրանց, ովքեր խիզախորեն դիմակայում են հավատքի այդ փորձությանը և հավատարիմ են մնում Աստծո պատվիրաններին:12 Բայց անկախ իրենց որոշումներից և համոզմունքներից, ամեն ոք պետք է արժանանա մեր բարեկիրթ և հարգալից վերաբերմունքին:13

Փրկիչն ուսուցանել է մեզ, որ սիրենք ոչ միայն մեր ընկերներին, այլ նաև նրանց, ովքեր համաձայն չեն մեզ հետ, և անգամ չեն ընդունում մեզ: Նա ասել է. «Որովհետև՛ եթե ձեզ սիրողներին սիրեք, ի՞նչ վարձք ունիք … Եվ եթե միայն ձեր եղբայրներին բարև տաք, ի՞նչ ավելի բան եք անում»:14

Մարգարե Ջոզեֆ Սմիթը նախազգուշացրել է մեզ, որ «զգուշանանք ինքնահավան արդարակեցությունից» և սիրով ու հարգանքով վերաբերվենք բոլոր տղամարդկանց և կանանց, մինչև իսկ ցանկություն ունենանք «բարձրացնել նրանց մեր ուսերին»:15 Հիսուս Քրիստոսի ավետարանում տեղ չունեն ծաղր ու ծանակը, կռվարարությունը կամ մոլեռանդությունը:

Եթե Եկեղեցու ղեկավարների տված խորհուրդների վերաբերյալ հարցեր ունեք, խնդրում եմ ձեր անկեղծ մտահոգություններով կիսվեք ձեր ծնողների և ղեկավարների հետ: Դուք ուժի կարիք ունեք, որը գալիս է Տիրոջ մարգարեներին վստահելուց: Նախագահ Հարոլդ Բ. Լին ասել է. «Որպես այս եկեղեցու անդամներ … ապահով կլինենք միայն այն դեպքում, երբ … սովորենք ուշադրություն դարձնել խոսքերին և պատվիրաններին, որ Տերը տալիս է Իր մարգարեի միջոցով: … Կլինեն դեպքեր, երբ համբերություն և հավատք կպահանջվի: Գուցե ձեզ դուր չգա, այն ինչ կասվի: … Դա գուցե հակասի ձեր քաղաքական տեսակետներին, … ձեր սոցիալական տեսակետներին, … միջամտի … ձեր սոցիալական կյանքին: Բայց եթե լսեք այդ խոսքերը, ասես դրանք դուրս են եկել հենց Իր՛ Տիրոջ բերանից, … «դժոխքի դռները չեն հաղթի ձեզ … և Տեր Աստված ձեր առջևից կցրի խավարի զորությունները …» (ՎևՈւ 21.6)»:16

Կյանքի պտտահողմերից պաշտպանվելու հզոր միջոց է Մորմոնի Գիրքը:

Երբ Նախագահ Հենրի Բ. Այրինգը դեռահաս էր, նրա ընտանիքը տեղափոխվեց մի նոր քաղաք: Սկզբում նրա համար տեղափոխությունն անչափ տհաճ էր, և նա քիչ ընկերներ ուներ: Նա իրեն օտար էր զգում ավագ դպրոցի իր ընկերական միջավայրում: Պտտահողմերը մոլեգնում էին: Ի՞նչ արեց նա: Նա իր էներգիան դրեց Մորմոնի Գրքում, որը կարդաց մի քանի անգամ:17 Տարիներ անց, Նախագահ Այրինգը վկայել է. «Ես [հաճույքով] էի գնում ետ Մորմոնի Գրքին՛ անհագ ըմպելով դրանից»:18 «[Դա] մեր ունեցած առավել հզոր գրավոր վկայությունն է, որ Հիսուսը Քրիստոսն է»:19

Տերը ձեզ տվել է ամուր կանգնելու մեկ այլ եղանակ՛ հոգևոր պարգև, որը հակառակորդի պտտահողմերից առավել զորավոր է: Նա ասել է. «Կանգնեք սուրբ տեղերում և մի շարժվեք»:20

Երբ ես դեռահաս էի, Եկեղեցում կար միայն 13 տաճար: Այժմ կա 142 տաճար: Եկեղեցու անդամների ութսունհինգ տոկոսն ապրում են տաճարից 200 մղոն հեռավորության վրա: Աշխարհի պատմության մեջ ի տարբերություն մյուս սերունդների, Տերը ձեր սերնդի համար ավելի հասանելի է դարձրել Իր սուրբ տաճարները:

Երբևէ կանգնե՞լ եք տաճարում, ճերմակ հագած, մկրտություններ կատարելուն պատրաստ: Ինչպե՞ս եք ձեզ զգացել: Տաճարում առկա է սրբության զգացումը: Փրկչի խաղաղությունը ճնշում է աշխարհի պտտահողմերին:

Տաճարում ձեր զգացողությունն օրինակ է հանդիսանում, թե ինչպես կցանկանայիք ձեզ զգալ կյանքում:21

Գտեք ձեր մահացած պապիկներին, տատիկներին և բարեկամներին: Նրանց անունները ձեզ հետ տարեք տաճար:22 Ձեր նախնիների մասին սովորելիս կտեսնեք կյանքի, ամուսնության, երեխաների, արդարակեցության օրինակներ, իսկ երբեմն էլ այնպիսի օրինակներ, որ կուզենաք անտեսել»:23

Ավելի ուշ տաճարում դուք ավելին կսովորեք աշխարհի Արարման, Ադամի և Եվայի կյանքի օրինակի, իսկ, ամենակարևորն է, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին:

Իմ երիտասարդ եղբայրներ և քույրեր, մենք շատ ենք սիրում ձեզ, հիանում ենք ձեզանով և աղոթում ենք ձեզ համար: Թույլ մի տվեք, որ պտտահողմերը տապալեն ձեզ: Սա որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներ ամուր կանգնելու ձեր ժամանակն է:24

Ավելի ամուր կառուցեք ձեր հիմքը ձեր Քավչի վեմի վրա:

Ավելի լիարժեքորեն գնահատեք Նրա անզուգական կյանքը և ուսմունքները:

Ավելի ջանասիրաբար հետևեք Նրա օրինակին և Նրա պատվիրաններին:

Առավել խորը ընկալեք Նրա սերը, Նրա ողորմածությունն ու շնորհը, և Նրա Քավության զորավոր պարգևները:

Այդ դեպքում, ես խոստանում եմ ձեզ, դուք իրականում կտեսնեք, որ պտտահողմերն իրենցից ներկայացնում են փորձություններ, գայթակղություններ, շեղումներ կամ մարտահրավերներ, որոնք կօգնեն ձեզ աճել: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե տարեցտարի մշտապես արդար կյանքով ապրեք, ձեր փորձություններն ամեն անգամ կհաստատեն ձեզ, որ Հիսուսը Քրիստոսն է: Ձեր ոտքերի տակի հոգևոր վեմը կլինի ամուր և ապահով: Դուք ուրախ կլինեք, որ Աստված բերել է ձեզ այստեղ՛ Քրիստոսի փառահեղ վերադարձից առաջ վերջին նախապատրաստական գործի մասնակիցը լինելու:

Փրկիչն ասել է. «Ձեզ որբ չեմ թողիլ. կգամ ձեզ մոտ»:25 Սա ձեզ ուղղված Նրա խոստումն է: Ես գիտեմ, այդ խոստումն իրական է: Ես գիտեմ, որ Նա ապրում է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Վարդապետություն և Ուխտեր 88.91:

  2. Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe (1954), 72.

  3. Տես Dallin H. Oaks, “Preparation for the Second Coming,” Liahona, May 2004, 7–10:

  4. Տես A. Stokes, A. H. Fitter, և M. P. Coutts, “Responses of Young Trees to Wind and Shading: Effects on Root Architecture,” Journal of Experimental Botany, vol. 46, no. 290 (Sept. 1995), 1139–46:

  5. Հելաման 5.12:

  6. Թոմաս Ս. Մոնսոն, «Քահանայության զորություն», Լիահոնա, մայիս 2011, 66:

  7. Առաջին Նախագահության նամակ, մար. 6, 2014; տես նաև Դեյվիդ Ա. Բեդնար, «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Լիահոնա, մայ. 2013, 41–44; Դալլին Հ. Օուքս, «Ուրիշ աստվածներ չունենաս», Լիահոնա, նոյ. 2013, 72–75; Երիտասարդներին զորացնելու համար (գրքույկ, 2011), 35–37:

  8. Թոմաս Ս. Մոնսոն, Լիահոնա, մայիս 2011, 67:

  9. Երեց Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Ամուսնությունը սոցիալական կարգի ձուլվածքն է: … Այդ միությունը ոչ միայն ամուսնու և կնոջ միջև է, այն ընդգրկում է նաև Աստծո հետ ընկերակցությունը» (“Nurturing Marriage,” Liahona, May 2006, 36): Տես նաև Մատթեոս 19.5–6

  10. Բ Կորնթացիս 4.18:

  11. Անձնական նամակագրություն և զրույց, մար. 17, 2014; տես նաև Թոմաս Ս. Մոնսոն, «Խիզախություն ունեցեք կանգնելու միայնակ», Լիահոնա, նոյ. 2011, 60–67:

  12. Տես Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Օգնեւ նրանց, ովքեր պայքարում են համասեռամոլության դեմ», Լիահոնա, հոկտ. 2007, 40–43:

  13. Նույնիսկ երբ հակաքրիստոս Կորիհորը ջանում էր կործանել մարդկանց հավատքը, Աստծո օրենքները պաշտպանեցին նրան արժանի պատժի դեմ. «Մարդու հավատքի դեմ ոչ մի օրենք չկար, քանզի դա խստորեն հակասում էր Աստծո հրամաններին, որ լիներ օրենք, որը կբերեր մարդկանց անհավասար դիրքերի: … Եթե մարդը ցանկանում էր ծառայել Աստծուն, դա նրա արտոնությունն էր. … բայց, եթե նա չէր հավատում նրան, չկար օրենք նրան պատժելու համար» (Ալմա 30.7, 9): Հավատո տասնմեկերորդ հանագանակն ասում է. «Մենք պահանջում ենք մեր իսկ խղճի թելադրանքով Ամենազոր Աստծուն երկրպագելու արտոնությունը, և նույն արտոնությունը վերապահում ենք բոլոր մարդկանց. թող նրանք երկրպագեն ինչպե՛ս, որտե՛ղ կամ ինչ որ կամենում են»:

  14. Մատթեոս 5.46–47

  15. Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 427, 429:

  16. Teachings of Presidents of the Church: Harold B. Lee (2000), 84–85; տես նաև Ռոբերտ Դ. Հեյլս, «Գերագույն համաժողով. Ամրացնել հավատքը և վկայությունը», Լիահոնա, նոյ. 2013, 6–8:

  17. Տես Robert I. Eaton and Henry J. Eyring, I Will Lead You Along: The Life of Henry B. Eyring (2013), 40.

  18. Henry B. Eyring, Choose Higher Ground (2013), 38.

  19. Henry B. Eyring, To Draw Closer to God (1997), 118.

  20. Վարդապետություն և Ուխտեր 87.8; տես նաև Վարդապետություն և Ուխտեր 45.32:

  21. Տես Վարդապետություն և Ուխտեր 52.14:

  22. Տես Neil L. Andersen, “Find Our Cousins!” (address given at RootsTech 2014 Family History Conference, Feb. 8, 2014); lds.org/prophets-and-apostles/unto-all-the-world/find-our-cousins:

  23. Տես Դեյվիդ Ա Բեդնար, «Զավակների սրտերը կդառնան», Լիահոնա, նոյ. 2011, 24–27:

  24. Տես Հելաման 7.9:

  25. Հովհաննես 14.18: