Ամենամյա հեռարձակումներ
Անձնական հայտնության զորությունը


Անձնական հայտնության զորությունը

2019թ. Եկեղեցու Կրթական Համակարգի ուսուցողական հեռարձակում • Հունիսի 12, 2019 • Եկեղեցու Գրասենյակի շենք հիմնահարկի դահլիճ

Այսօր, մինչև իմ ելույթի սկսելը, ես կկամենայի արտահայտել ձեզ իմ երախտագիտությունն ու սերը: Ուրախ եմ, որ ձեզ հետ մասնակցում եմ աճող սերնդին Հիսուս Քրիստոսի ավետարանը խորապես ուսուցանելու գործին: Ես սիրում եմ ձեզ և աղոթում, որ Տիրոջ օրհնությունները ձեր և ձեր ընտանիքների վրա լինեն:

Այսօր ես կկամենայի խոսել Մորմոնի Գրքում անձնական հայտնությունների երեք ձևերի մասին:

Առաջինը սրբազան հիշատակարաններն են, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի և Հոր ծրագրի մասին: Երկրորդը՝ Սուրբ Հոգու վկայությունն է, որը հավատք է զորացնում առ Հիսուս Քրիստոս և խորացնում դարձը դեպի Նա: Երրորդը` ապրող մարգարեներն են, ովքեր վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և դեմ կանգնում չարին:

Այս ձևերը վառ և հզոր ձևով ներկայացված են Մորմոնի Գրքում, որովհետև դրանք կարևոր են, նույնիսկ վճռորոշ, մեր օրերում Հիսուս Քրիստոսի հանդեպ աճող հավատքի և Նրա հանդեպ ավելի խորը դարձի համար:1

Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ ամբարիշտ և մոլորված տղամարդիկ և կանայք անում են այն ամենը, ինչ կարող են, համոզելու աճող սերնդին, որ բարին չար է և չարը բարի: Նրանք օգտագործում են միջոցներ, ինչպես Մորմոնի Գրքից Սերեմի, Նեորի և Կորիհորի` խորամանկ փաստարկները, հաճելի գաղափարներ և խնամքով պատրաստված պիտակներ ու պատկերներ` ստեղծելով կեղծ վարդապետություններ Աստծո հետ մեր կապի, սիրո, հանդուրժողականության, ամուսնության, հավերժական ինքնության, ընտանիքի և շատ այլ բաների մասին: Մարդկանց այդ գաղափարախոսությունների և վարդապետությունների մեծ մասն ունեն «աստվածայնության կերպարանք, բայց դրանք [բոլորը] ուրանում են նրա զորությունը»:2

Մեր ուսանողները յուրաքաչյուր օրվա ամեն րոպեն հարձակման են ենթարկվում այսպիսի ուղերձներով, և նրանք անձնական հայտնության կարիք ունեն` զորացնելու իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս և խորացնելու իրենց դարձը դեպի Նա: Ես հույս ունեմ և աղոթում եմ, որ դուք կանեք ձեզանից կախված ամեն ինչ` օգնելու մեր ուսանողներին խորապես սովորել անձնական հայտնության այս ձևերը։

Սրբազան հիշատակարաններ, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։

Ես սկսում եմ սրբազան հիշատակարաններից, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին: Սա մի թեմա է, որն անցնում է ամբողջ Մորմոնի Գրքով: Այն սկսվեց արույրե թիթեղներից:3

Նեփիի փորձառությունը Լաբանի հետ էական իրադարձություն էին նրա կյանքում: Նեփին սովորեց, թե որքան կարևոր էին այդ հիշատակարանները իր և իր ընտանիքի համար. «Աստծո իմաստությամբ է, որ մենք պետք է ձեռք բերենք այս հիշատակարանները, որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր զավակների համար մեր հայրերի լեզուն, … և այն խոսքերը, որոնք ասվել են բոլոր սուրբ մարգարեների բերանով»:4

Արույրե թիթեղները խորը ազդեցություն թողեցին Նեփիի ժողովրդի հոգևոր, կրոնական և հասարակական զարգացման վրա: Դրանք դարձան Աստծո Որդու` Իսրայելի Սուրբի գալստյան անձնական հայտնության և փառահեղ մարգարեությունների աղբյուր: Դրանք նաև հզոր վկայություն են բերում Հոր փրկության սքանչելի ծրագրի մասին: Արույրե թիթեղներում մեջբերված սուրբ մարգարեները վկայել են, որ Մեսիան կքավի աշխարհի մեղքերը, կտառապի ու կմահանա և կրկին կբարձրանա մեղքի և մահի վրա հաղթանակած:5

Արույրե թիթեղները պարունակում են նաև Հոր ուխտերը Աբրահամի և ողջ Իսրայելի տան հետ: Լեքին հայտնաբերեց, որ նա Հովսեփի հետնորդն էր, և նրա սերունդը ուխտի զավակներ են լինելու, ժառանգներ բոլոր խոստումների, որոնք Աստված տվել է Աբրահամին, ներառյալ Իսրայելի հավաքումը վերջին օրերին:

Լեքին օգտագործեց արույրե թիթեղները` ուսուցանելու իր զավակներին Փրկիչի և ուխտերի մասին, որոնք Հայրը կապել էր Իսրայելի տան հետ: Նեփին և նրա եղբայր Հակոբը շարունակեցին այդ գործը և հետագայում ավելացրին իրենց սեփական հիշատակարանները Տիրոջ կողմից՝ պատվիրանի համաձայն:6 Նեփին իսկապես համոզված էր մշտապես հիշատակարաններ պահելու կարևորության վերաբերյալ, հատկապես այն բաների մասին, որոնք սրբազան էին:7

Խոստումի երկրում այն վաղ օրերի հիմնադրումից ի վեր, Նեփիացիները զարգացրին մի մշակույթ, որը փայփայում էր սրբազան հիշատակարանների պահպանումը, ընթերցումը և ուսուցումը՝ որպես բարձր և սուրբ պարտականություններ: Հիսուս Քրիստոսի հավատքով և Նրա խոսքը փայփայելու և պահպանելու պարտավորությամբ, Նեփիացիները դարձան սրբազան հիշատակարաններ պահողների, կարդացողների և ուսուցանողների մի հասարակություն:8 Պաշտոնական արձանագրությունները պահվում էին թիթեղների վրա, բայց ժամանակի ընթացքում Նեփիացիները զարգացրին մի հրատարակչական համակարգ, որպեսզի սրբազան հիշատականները կարողանային արտագրվել և գրվել ավելի թեթև նյութերի վրա ու լայն տարածում ունենալ:9

Սրբազան հիշատակարանների լայն տարածումը ծնողների համար հնարավոր դարձրեց իրենց երեխաներին ուսուցանել Տիրոջ պատվիրանները, իսկ նրանց երեխաների համար՝ ուսուցանել իրենց երեխաներին և այդպես շարունակ՝ դարերի ընթացքում:10 Միսիոներները, ինչպես օրինակ Մոսիայի որդիները, կարողանում էին վերցնել հիշատակարաններն իրենց հետ և օգտագործում դրանք` Լամանացիներին հիանալի արդյունավետությամբ ուսուցանելու համար:11 Ինչպես Ալման է ուսուցանել Հելամանին, սրբազան հիշատակարնները ստեղծում են հայտնության փորձառություն, որը (մեջբերում) «ընդլայնեց այդ ժողովրդի հիշողությունը, այո և…բերեց [շատ հազարավոր Լամանացիների] նրանց Տիրոջ`իրենց Աստծո իմացությանը, և ցնծալու Հիսուս Քրիստոսով`իրենց Քավիչով»:12

Այդ ցնծությունը հասավ գագաթնակետին, երբ հարություն առած Փրկիչը հայտնվեց ժողովրդին Լիառատ երկրի տաճարում:13 Մենք այսօր ունենք կենդանի Քրիստոսի քավիչ զոհաբերության և փառահեղ հարության այս սքանչելի, ցնցող վկայությունը Մորմոնի Գրքում` Աստծո ողորմածության, պարգևի և զորության միջոցով:14 Նեփիացիների նման և նրանց շնորհիվ մենք ունենք սրբազան հիշատակարաններ, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի և Հոր փրկության ծրագրի մասին: Ինչպես Ալման էր մարգարեացել իր որդի Հելամանին շատ վաղուց, Տերը «պահպանել [էր] այս բաներն իր մի իմաստուն նպատակի համար, որպեսզի նա կարողանա ցույց տալ իր զորությունն ապագա սերունդներին»:15

Այդ ապագան այժմ է: Տերը ցույց է տալիս Իր զորությունը աճող սերնդին սքանչելի ձևով: Երբ մենք ուսուցանում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը Մորմոնի Գրքում, մեր ուսանողները կարողանում են զգալ այդ զորությունը: Երբ մեր ուսանողները անձնական հայտնություն են որոնում` սնվելով Մորմոնի Գրքից, այն դառնում է նրանց համար այն, ինչ արույրե թիթեղներն էին Նեփիի ժողովրդի համար՝ վկայություն Հիսուս Քրիստոսի և Նրա փրկագնող զորության, անձնական հայտնության և ուրախության աղբյուր::

Սուրբ Հոգու վկայությունը, որը հավատք է զորացնում առ Հիսուս Քրիստոս և խորացնում դարձը դեպի Նա

Այժմ վերադառնանք Սուրբ Հոգուն Լեքիի ճամփորդությունը դեպի խոստումի երկիր հոգևոր ուժի ճամփորդություն էր: Դա ժամանակ էր, որի ընթացքում Տերն ուսուցանեց, ուղղորդեց և մխիթարեց Լեքիին, Սարիային և բոլոր նրանց երեխաներին Սուրբ Հոգու զորությամբ` ոգեշնչման, երազների և տեսիլքների միջոցով, Իր սեփական ձայնով և երկնային սուրհանդակների հայտնվելով: Նեփին հայտարարեց, որ հոգևոր զորության այդ օրհնությունները գալիս էին «Սուրբ Հոգու զորությամբ, որը Աստծո պարգևն է բոլոր նրանց, ովքեր ջանասիրաբար որոնում են Իրեն»16:

Նեփին ճշմարտապես որոնեց Տիրոջը, և ստացավ մեծ հայտնություններ Սուրբ Հոգու միջոցով: Ինքնուրույն իմանալու Նրա փնտրտուքը մի ձև է, որը մենք տեսնում ենք ամբողջ Մորմոնի Գրքում: Նեփին «մեծ իղձեր [ուներ]՝ իմանալու Աստծո խորհուրդները»:17 Այդ ցանկությունը գործեց նրա մեջ և նա «կանչեց առ Տերը»18 աղոթքով անկեղծ միտումով: Այս փնտրտուքի վերաբերյալ Տերն ասաց նրան. «Օրհնված ես դու, Նեփի, քո հավատքի համար, քանի որ դու փնտրեցիր ինձ ջանասիրաբար՝ սրտի խոնարհությամբ»:19

Սա է ձևը. իմանալու ցանկությունը, սրտի ջերմեռանդ աղոթքը, խոնարհությամբ և հավատքով Հիսուս Քրիստոսին որոնելը և Սուրբ Հոգու պարգևը:20 Մենք տեսնում ենք այդ ձևը Ենովսի, Ալմայի, Մոսիայի որդիների, Լամոնի թագավորի և նրա հոր, Ամմոնի ժողովրդի և Հելամանի և նրա պատանի ռազմիկների և շատ ուրիշների կյանքում:21 Իսկապես, արդարակեցության ժամանակներում Նեփիացիների և Լամանացիների մեջ, Սուրբ Հոգու միջոցով անձնական հայտնությունը լայն տարածում ուներ նրանց մեջ:22

Երբ հավատարիմ Նեփիացիները և Լամանացիները գործում էին` հիմնվելով և գրի առնելով այն, ինչ սուրբ Հոգին էր հայտնում իրենց, Տերն ավելի շատ էր օրհնում նրանց: Քանի որ նրանքբարձր էին 23 այն, ինչ Նա տվել էր իրենց, Տերն օրհնեց նրանց Իր հանդեպ մեծացող հավատքով, ավելի խորը դարձով և հայտնության ոգով: Նրանք աճեցին Սուրբ Հոգու զորությամբ հայտնություն ստանալու իրենց կարողությունով:

Ալմայի փորձառությունը այս ձևի հրաշալի օրինակ է: Դուք հիշում եք, որ Նա տեսել էր հրեշտակներ և ստացել էր նշանավոր հայտնություններ, և այնուամենայնիվ, նա շարունակեց որոնել Տիրոջից Հոգու վկայությունը. «Ահա, վկայում եմ ձեզ, որ ես գիտեմ, որ այս բաները, որոնց մասին խոսել եմ, ճշմարիտ են: Եվ ի՞նչ եք դուք կարծում, ինչպե՞ս ես գիտեմ դրանց հավաստիության մասին:

Ահա ես ասում եմ ձեզ՝ դրանք հայտնի են դարձվել ինձ Աստծո Սուրբ Հոգու կողմից։ Ահա, ես ծոմ եմ պահել ու աղոթել շատ օրեր, որ ես ինքս կարողանայի իմանալ այս բաները։ Եվ այժմ, ես ինքս գիտեմ, որ դրանք ճշմարիտ են. քանզի Տեր Աստված դրանք հայտնի դարձրեց ինձ Սուրբ Հոգու միջոցով. և դա հայտնության ոգին է, որն իմ մեջ է»:24(Մեջբերման ավարտը:)

Սուրբ Հոգու վկայությունը կարևոր ազդեցություն ունեցավ Նեփիի ժողովրդի վրա և այն հասարակության վրա, որում նրանք ապրում էին:25 Չկա ավելի լավ օրինակ, քան Լամանացիների մոտ Մոսիայի որդիների միսիայի պատմությունը` Փրկիչի ծննդից 91 տարի առաջ: Սուրբ գրությունների ջանասեր հետազոտության, ծոմի և աղոթքի միջոցով այդ մեծ միսիոներներն «ունեին մարգարեության ոգին ու հայտնության ոգին»:26

Նրանց աշխատանքը Լամանացիների մեջ հիմնարար ազդեցություն ունեցավ Նեփիացիների և Լամանացիների պատմության ընթացքի վրա: 500 տարիների ընթացքում առաջին անգամ հազարավոր [Լամանացիներ] բերվեցին Տիրոջ մասին իմացությանը, … և նրանց սովորեցնում էին հիշատակարանները և մարգարեությունները»:27 Այս փորձառության Մորմոնի նկարագրությունը մարգարեական խոստում է, թե ինչ կարող է պատահել Աստծո զավակներից յուրաքանչյուրի հետ, ովքեր հետևում են Սուրբ Հոգու միջոցով անձնական հայտնությանը. «Բոլոր նրանք, ովքեր բերվեցին ճշմարտության իմացությանը`Ամմոնի և նրա եղբայրների քարոզելու միջոցով, համաձայն հայտնության և մարգարեության ոգու, և Աստծո զորության, գործելով հրաշքներ նրանց մեջ… դարձի եկան առ Տերը, երբեք չհեռացան»:28

Քույրեր և եղբայրներ, դա Սուրբ Հոգու վկայությունն ու զորությունն է, որն ամրացնում է հավատք առ Հիսուս Քրիստոս և խորացնում է դարձը դեպի Նա:

Մարգարեներ, ովքեր վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և կանգնում չարի դեմ

Անձնական հայտնության երրորդ ձևը ապրող մարգարեներն են, ովքեր օժտված են զորությամբ և իշխանությամբ ասելու ճիշտ ժամանակին ողջ ժողովրդին. «Այսպես է ասում Տերը»: Սա մարգարեական մեծ գործելակերպ է, որը մենք տեսնում ենք ամբողջ Մորմոնի Գրքում` մարգարեները վկայություն են բերում Հիսուս Քրիստոսի մասին, ուսուցանում են Նրա ավետարանը, կանչում ժողովրդին ապաշխարության և զգուշացնում և կանգնում չարի դեմ իրենց օրերում:29 Հայտնության միջոցով, հատկապես հրեշտակների կողմից, Մորմոնի Գրքի մարգարեները տվել են մեզ հսկայական խորություն և սքանչելի ներըմբռնում Հիսուս Քրիստոսի, Նրա վարդապետության և Նրա Քավության մասին:30

Մարգարեները համարձակ և վճռական էին ժողովրդին ապաշխարության կանչելիս: Այսպիսով, մենք Մորմոնի Գրքում ունենք Նեփիի, Հակոբի, Բենիամին թագավորի, Ալմայի, Ամուղեկի, Մոսիայի որդիների, Զորավար Մորոնիի, Մորմոնի և Մորոնիի սքանչելի ուսմունքերը ապաշխարության վերաբերյալ:31 Այդ մեծ մարգարեներն ուսուցանել են հստակությամբ, ուղղամտությամբ, սիրով և հույսով: Նրանց ուսմուքները դեռ հնչում են մեր ականջներում Սուրբ Հոգու զորությամբ:

  • «Ծնվե՞լ եք դուք Աստծուց հոգևորապես»:32

  • «Եթե դուք տրամադրված եք եղել երգելու քավիչ սիրո երգը, ես կկամենայի հարցնել, այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում»:33

  • «Ահա, արդյոք դուք զե՞րծ եք հպարտությունից»:34

  • «Ապաշխարե՛ք, ապաշխարե՛ք, քանզի Տեր Աստված է խոսել այս … նա ուղարկում է մի հրավեր բոլոր մարդկանց, քանզի ողորմության բազուկները մեկնված են դեպի նրանց, և նա ասում է. Ապաշխարե՛ք, և ես կընդունեմ ձեզ»:35

Մորմոնի Գրքի մարգարեները դեմ կանգնեցին չար մարդկանց, ովքեր ձգտում էին հեռու տանել ժողովրդին Հիսուս Քրիստոսից և կործանել Եկեղեցին: Սերեմի, Նեորի, Ամղիկիի, Կորիհորի, Ամաղիկիայի նման մարդիկ և շատ ուրիշներ առաջնորդվոււմ էին հակառակորդի կողմից՝ մեծ հմտությամբ շփոթեցնելու և խաբելու համար:36 Նրանք ունեին նշանակալի լեզվական գիտելիքներ և օգտագործում էին խորամանկ միջոցներ կամ փաստարկներ` դարձնելով բարին՝ չար, իսկ չարը` բարի:

Նրանք հաճոյախոսում էին մարդկանց, հրապուրելով նրանց սնապարծությամբ, հպարտությամբ, իշխանության տենչով և իրենց ախորժակները հագեցնելու ցանկությամբ: Սուրբ գրություններն ասում են, որ նրանք ունեին «խոսքի մեծ զորություն` ըստ դևի զորության»37 և «ոտքի կանգնեց[ին] մեծ փքուն խոսքերով»:38 Չնայած այդ բոլոր ուսմունքները, փաստարկները և խոստումները կեղծ էին, դրանք շատ հրապուրիչ էին բնական մարդու համար, և շատ մարդիկ հեռացան Եկեղեցուց ու կորցրին իրենց ճանապարհը, մինչև մարգարեները կանգնեցին հանդիմանելու և հակադրվելու չարին:39

Այժմ, երբ խոսքերը բավարար չէին, չար մարդիկ վերսկսեցին ահաբեկչությունը, սպանությունը և ավազակությունը և ստեղծեցին գաղտնի խմբակցություններ՝ թաքցնելով իրենց չար գործերը:40

Մարգարեները կանգնեցին չարի այդ ձևերի դեմ Աստծո անկեղծ և պարզ խոսքով, Սուրբ Հոգու զորությամբ ծնված իրենց վկայություններով և Տիրոջ ձեռքով գործված հրաշքների միջոցով: Ինչպես Հակոբն է ասել Սերեմի հետ իր հանդիպման մասին. «Տեր Աստված իմ հոգին լցրեց իր Հոգով, այնպես որ ես կարկամեցրի նրան իր բոլոր խոսքերում»:41

Ապրող մարգարեները մեր օրերում խոսում են Տիրոջ անունից: Երբ նրանց խոսքերը լսում ենք Հոգով, ստանում ենք անձնական ուղիղ վկայություն, ներառյալ հաստատող հայտնություն, որ ինչ որ մարգարեն ասել է, ճշմարիտ է:42 Երբ ուսուցանում ենք մեր ուսանողներին որոնել ապրող մարգարեների խոսքերը` իրենց հարցերին պատասխանելու համար, մենք առաջնորդում ենք նրանց դեպի բացահայտված ճշմարտության մի հզոր աղբյուր: Մեր ուսանողները սովորում են, որ անձնական հայտնությունը հորդում է իրենց կյանք, երբ նրանք հետևում են ապրող մարգարեներին, ովքեր վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և դեմ կանգնում չարին:43

Խորապես սովորել անձնական հայտնության սկզբունքը:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք միասին քննարկեցինք անձնական հայտնությունը սրբազան հիշատակարանների, Սուրբ Հոգու վկայության և ապրող մարգարեների միջոցով, որն այնքան հզոր ներկայացված է Մորմոնի Գրքում:44 Մենք առանձին քննարկեցինք դրանք, բայց դրանք խորապես կապված են: Իրականում, դրանք մասն են կազմում այն մեծ հավաքումի, «որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»:45 այս տնտեսությունում:

Անձնական հայտնության այս ձևերը միասին վկայում են, զորացնում հավատք և խորացնում դարձը առ Հիսուս Քրիստոս: Մեր ուսանողները պետք է խորապես սովորեն անձնական հայտնության սկզբունքը, որպեսզի իմանան և հասկանան այն իրենց մտքում և սրտում: Մեր ուսանողները պետք է իմանան՝ ինչպես կատարել արդյունավետ արդար գործողություն` այն ձեռք բերելու համար, աճել անձնական հայտնության այդ սկզբունքում և ավելի նմանվել իրենց Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Այժմ կարո՞ղ եմ առաջարկել մի քանի բան, որոնք հույս ունեմ, որ դուք կսովորեցնեք ձեր ուսանողներին, երբ նրանք ձգտեն խորապես սովորել անձնական հայտնության այդ հավերժական սկզբունքը:

Առաջինը` անձնական հայտնությունը անհատական է:

Եթե մեր ուսանողները կենտրոնացնեն, իրենց սրտերը և մտքերը Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի վրա, Նրանք կզգան Նրա սերը, կցնծան Նրա Ավետարանով և ավելի կմոտենան Նրան: Նրա ձայնը լսելու և Նրա լույսը ստանալու ցանկությունը կաճի նրանց մեջ։ Անձնական հայտնությունը անձնական է։ Տերը ճանաչում է մեր ուսանողներին մտերիմ և անձնական ձևով։ Նա կխոսի նրանց հետ անձնապես՝ ըստ իրենց կարիքի՝ կատարյալ սիրով, կարեկցանքով և գիտելիքով։ Հայտնությունը գալիս է Սուրբ Հոգու միջոցով, սակայն դա Տիրոջ խոսքն է։ Նա սիրում է։ Նա խոսում է։ Նա առաջնորդում է։ Նա պաշտպանում է։ Դա անձնական է։

Երկրորդը` մեր բոլոր ուսանողները անձնական հայտնություն ստանալու կարողություն ունեն:

Անձնական հայտնությունը տեղի է ունենում, Հոգու և ոգու հետ` այն աստվածային հաղորդակցություն է Սուրբ Հոգու կողմից դեպի մեր ուսանողների հավերժական հոգիները:46 Մեր ուսանողներից ամեն մեկը Աստծուց անձնական հայտնություն ստանալու ներքին կարողություն ունի: Այն աշխատում է համաձայն աստվածային օրենքի: Այն աշխատանք է պահանջում` աղոթքով ջանասիրաբար հայտնության որոնում, ծոմապահություն, ուսումնասիրում, ունկնդրում, գրառում և առ Հիսուս Քրիստոս հավատքով գործելով: Սա այն աշխատանքն է և անձնական արդարակեցությունը, որ բացում է անձնական հայտնության ուղին, որը նրանք բոլորն ունեն:

Երրորդ` մեր ուսանողների հայտնություն ստանալու կարողությունը կարող է և պետք է աճի:

Մեր ուսանողների անձնական հայտնություն ստանալու կարողությունը կարող է աճել: Իրականում, այն պետք է աճի, եթե նրանք պիտի հոգևորապես գոյատևեն և ստանան հավերժական կյանք: Դա ճիշտ է մեզ համար ևս: Ահա թե ինչու է Նախագահ Նելսոնը աղերսում նրանց (և մեզ) «մեծացնել հայտնություն ստանալու մեր հոգևոր ունակությունը»:47 Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Աստծո Հոգին ճանաչելու և այն հասկանալու միջոցով» [մեր ուսանողները] կարող են աճել հայտնության սկզբունքի մեջ, մինչև որ [նրանք] կատարյալ դառնան Հիսուս Քրիստոսում:48

Ի վերջո, երբեք, երբևիցե մի թերագնահատեք մարգարեին հետևելու հայտնության զորությունը:

Մեր ուսանողներն ապրում են սքանչելի, բայց դժվարին ժամանակներում: Նրանք պաշտպանված կլինեն և օրհնված և հայտնությունը կհորդի նրանց կյանք, եթե նրանք հետևեն Տիրոջ մարգարեի խորհրդին և հրավերներին: Մարգարեն խոսում է Տիրոջ համար: Ահա այսօրվա մի օրինակ․ Մեր ուսանողներին դիմելով Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը գրել է. «Աշխարհի վրա ավելի շատ ազդեցություն գործելու, քան նախկին որևէ այլ սերնդի, ձեր կարողությունը, ամբողջովին կախված է Հիսուս Քրիստոսին նվիրված լինելու ձեր մակարդակից: Ձեզանից յուրաքանչյուրը պարտավոր է` օգնել ուսուցանել ավետարանը ձեր տներում նրանց, ում հետ դուք ապրում եք: Սեմինարիան և ինստիտուտը կօգնեն ձեզ վերաձևավորել ձեր տունը որպեսզի այն դառնա հավատքի սրբավայր, մի տեղ, որտեղ ուսուցանում են, սովորում, ապրում և սիրում Հիսուս Քրիստոսի ավետարանը»:49

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, խնդրում ենք, օգնեք մեր ուսանողներին հետևել մարգարեին: Ուսուցանեք նրանց աջակցել իրենց ծնողներին՝ իրենց տները դարձնել ավետարանը սովորելու կենտրոններ: Ուսուցանեք նրանց Տիրոջ և Նրա ավետարանի հանդեպ իրենց սիրով կիսվել ընտանիքի և ընկերների հետ: Երբ նրանք անեն այդ, կստանան «հայտնություն հայտնության վրա … որոնք բերում են ուրախություն, որոնք բերում են կյանք հավերժական»:50 Նրանք կլինեն Հելամանի բանակի նման` ոգեշնչում բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում են իրենց, հատկապես նրանց համար, ովքեր իրենց սեփական տներում են:

Վկայություն

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես բերում եմ վկայություն մեր սիրառատ Երկնային Հոր մասին: Նա ապրում է: Հիսուսը Քրիստոսն է` մեր Փրկիչն ու Քավիչը: Ես գիտեմ՝ Նա ապրում է: Սուրբ Հոգին գործում է մեր կյանքում: Երկինքները բաց են: Սա հրաշքների օր է, հայտնության օր «Հոգու[զորությամբ]… առաջ ուղարկված Հոր կամքով Հիսուս Քրիստոսի` նրա Որդու միջոցով»:51 Ես գիտեմ, որ դա ճշմարիտ է։ Թող մեզանից յուրաքանչյուրը ձգտի Տիրոջից հայտնություն ստանալ` օգնելով յուրաքանչյուր ուսանողի, խորապես սովորելու այս փառահեղ սկզբունքը և ստանալու անձնական հայտնություն իրենց կյանքում այժմ և հավիտյանս:

Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն:

Հղումներ

  1. Այս երեք ձևերը հաստատվել են Լեքիի ընտանիքում` դեպի խոստումի երկիր նրանց ճամփորդության ընթացքում: Լեքին մարգարե էր և մարգարեացավ իր ընտանիքի համար, նա վկայեց Հիսուս Քրիստոսի մասին, կանչեց նրանց ապաշխարության և հակադրվեց չարին նրանց մեջ, Նեփին ձգտեց անձնական հայտնության, ինչպես նրա հայրն էր արել և ստացավ այն երազներում և տեսիլքներում, Հոգու հուշումներում, Տիրոջ ձայնով և հրեշտակների սպասավորումով: Եվ նրանք ունեին սրբազան հիշատակարաններ արույրե թիթեղների վրա, որոնք վկայում էին Հիսուս Քրիստոսի մասին:

  2. Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.19:

  3. Նեփին պարզաբանում է, որ իր հայր Լեքին գիտելիք և լեզու իմացող մարդ էր: Իր հիշատակարանի սկզբում նա ասում է. «Ես` Նեփիս, ծնված լինելով լավ ծնողներից, հետևաբար, ինչ-որ չափով սովորեցվել էի հորս բոլոր գիտելիքներից, …ես գրում եմ հիշատակարան` իմ հոր լեզվով, որը բաղկացած է հրեաների դպրությունից և Եգիպտացիների լեզվից:… Ես՝ Նեփիս, չեմ անում լրիվ պատմությունն այն բաների, որոնք հայրս գրել է» (1 Նեփի 1.1–2, 16):

    Լեքին գրագետ մարդ էր, ով գրում էր իր սեփական պատմությունները իր երազների և տեսիլքների ու իր մարգարեությունների մասին: Սակայն, Տերը պատվիրեց նրան իր որդիներին ետ ուղարկել Երուսաղեմ որոնելու հրեաների հիշատակարանները, որոնք պահվում էին Լաբանի մոտ:

  4. 1 Նեփի 3.19-20:

  5. Տես 1 Նեփի 19.10-ը, որպես օրինակ մարգարեների այն գրվածքների, որոնք պարունակվում էին արույրե թիթեղներում, որոնք մատչելի չեն մեզ Աստվածաշնչում:

  6. Տես 1 Նեփի 6.4, 19.1, 21: Արույրե թիթեղները շարունակում էին լինել ներըմբռնման և հայտնության աղբյուր Նեփիացիների ողջ պատմության ընթացքում: Մորոնին, գրելով 1000 տարի Լեքիից հետո, մեջբերեց Եսայիային արույրե թիթեղներից Հոր ուխտերի մասին և մեջբերեց Հիսուս Քրիստոսի փրկագնող զորության մասին. «Զարթնի՛ր և ելի՛ր փոշուց, ով Երուսաղեմ, այո, և հագիր գեղեցիկ հանդերձներդ, ո՛վ Սիոնի դուստր, … որ հավերժական Հոր ուխտերը, որոնք նա արել է քեզ հետ, ո՛վ Իսրայելի տուն, կատարվեն:

    Այո, եկեք Քրիստոսի մոտ, և կատարելագործվեք նրանում, և հրաժարվեք ամեն անաստվածությունից» (Մորոնի 10.31-32):

  7. Sես 1 Նեփի 6․4, 19.21:

  8. Լեզվի և ուսման կարևորությունը, կարդալու, գրելու և հիշատակարաններ պահելու ունակությունը, այնքան խորն էր արմատացած Նեփիացիների հասարակության մեջ, որ նույնիսկ անհավատները զարգացնում էին այդ կարողությունը: Օրինակ, Ամուղոնը՝ Թագավոր Նոյի ամբարիշտ քահանաներից մեկը, դարձավ Լամանացիների ուսուցիչ և ուսուցանեց նրանց կարդալ և գրել ու հիշատակարաններ պահել: Նույնիսկ Գադիանթոնի ավազակները նամակներ էին գրում և կարդում: Դեռ ավելին, հիշատակարան պահողների, կարդացողների և ուսուցիչների հասարակություն ստեղծելը վճռորոշ էր Նեփիացի ժողովրդի մեջ օրենքով ղեկավարելու համար դատավորների կառավարման ընթացքում: Հիշատակարաններ և արձանագրություններ գրելը, ինչպես նաև կարդալն ու ուսուցանելը կարևոր ուղի էր, որով Տերն օրհնում էր Նեփիացի ժողովրդին` ինչպես ինչպես նյութապես, այնպես էլ հոգևորապես: Այդ փորձառության մեջ մեզ համար օրինակ` կա մեր օրերի մասին:

  9. Մենք տեսնում ենք այդ հիշատակարանները գործողության մեջ Թագավոր Բենիամինի ուղերձում, երբ նա իր խոսքերը գրեց և բաժանեց իր ժողովրդին, ովքեր չկարողացան լսել իր ձայնը: Մենք տեսնում ենք այդ, երբ Աբինադին կարդաց արույրե թիթեղներից Տիրոջ պատվիրանները թագավոր Նոյի ամբարիշտ քահանաների համար: Մենք տեսնում ենք դա Ամոնիայի մարդկանց մեջ, ովքեր հավատացին Ալմային և Ամուղեկին և ովքեր «սկսեցին ապաշխարել և հետազոտել սուրբ գրությունները» (Ալմա 14.1): Հավատացյալ կանանց և տղամարդկանց «իրենց հիշատակարանների հետ միասին, որոնք պարունակում էին սուրբ գրությունները» (Ալմա 14.8) գցեցին կրակի մեջ և կործանեցին:

  10. Տես Մոսիա 1.2–5:

  11. Տես Ալմա 18.36-ը, որտեղ Ամմոնը [թագավոր Լամոնիի] առջև դրեց հիշատակարանները և սուրբ գրությունները»:

  12. Տես Ալմա 37․8-9:

  13. Տես 3 Նեփի 11․8-17։ Ժողովուրդը ցնծում էր ուրախությունից և վկայություն բերեցին Հիսուս Քրիստոսի մասին հենց այդ գիշեր և սերունդների համար՝ հետագայում: Նեփին` Ալմա Կրտսերի ծոռի ծոռը, արձանագրեց այդ սրբազան իրադարձությունները, և դրանք կազմում են մի նշանավոր վկայություն Աստծո Որդու հարության և քավիչ զոհաբերության վերաբերյալ:

  14. Տերն ասաց Ջոզեֆին, որ նրան զորություն էր տրվել թարգմանելու Մորմոնի Գիրքը «Աստծո ողորմությամբ» (Վարդապետություն և Ուխտեր 1.29): Իր կյանքի վերջում Նեփին շեփորի ձայնով մի կոչ հրապարակեց` բարձր գնահատել Քրիստոսի խոսքը, որն ուղղված էր բոլոր նրանց, ովքեր մտնում են ուխտի արահետ: Այդ կոչը արձագանքեց Նեփիացիների պատմության միջով դարերի ընթացքում` տներում, սրբավայրերում և մարգարեների ուսմունքներում: Մեր վարդապետությունը, ինչպես ուսուցանվում է Մորմոնի Գրքում, ազդու կերպով հաստատում է. «Ուստի, դուք պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ՝ ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. դուք կունենաք հավերժական կյանք» (2 Նեփի 31.20, շեղագիրն ավելացված է):

  15. Ալմա 37.18, տես նաև Ալմա 37.14-19: Արույրե թիթեղները պահպանվել են և Մորոնիի խնամքի ու պահպանության ներքո են: Դեյվիդ Ուիթմերը վկայեց, որ այդ ճշմարիտ է, Ջոզեֆ Ֆ. Սմիթի և Օրսոն Պրատի հետ Ռիչմոնդում, Միսսուրիում 1878թ. մի հարցազրույցի ժամանակ. «Ես, Ջոզեֆը և Օլիվերը, մենք ոչ միայն տեսանք Մորմոնի Գրքի թիթեղները, այլ նաև Արույրե թիթեղները, Եթերի Գրքի թիթեղները … և ուրիշ շատ թիթեղներ: Փաստն այն է, որ կարծես Ջոզեֆը, Օլիվերը և ես նստած էինք հենց այստեղ՝ գերանին, երբ ստվերվեցինք մի լույսով, այն նման չէր արևի լույսին … այլ ավելի փառահեղ էր և գեղեցիկ: … Այնտեղ, կարծես, հայտնվեց շատ Հիշատակարաններով կամ թիթեղներով մի սեղան, որի վրա, բացի Մորմոնի Գրքի թիթեղներից, կային նաև Լաբանի սուրը, Ուղեցույցը` այսինքն Գունդը, որը Լեքին ուներ, և Մեկնիչները: Ես դրանք այնպես հստակ տեսա ինչպես տեսնում եմ այս մահճակալը … և լսեցի Տիրոջ ձայնը այնպես հստակ, ինչպես երբևէ չէի լսել իմ կյանքում որևէ բան` հայտարարելով, որ Մորմոնի Գրքի Թիթեղների արձանագրությունները թարգմանվել են Աստծո պարգևով և զորությամբ» (David Whitmer, in Joseph F. Smith letter to John Taylor, Sept. 17, 1878, Joseph F. Smith papers, 1854–1918, Church History Library, Salt Lake City, 8–9):

  16. 1 Նեփի 10.17: 2-րդ Նեփիում, Նեփին նկարագրում է, թե ինչպես է մարդը որակավորվում է Սուրբ Հոգու պարգևի համար, և ինչ է անում Սուրբ հոգին. «Քանզի դուռը, որով դուք պիտի մտնեք ապաշխարությունը և ջրով մկրտությունն է, և ապա գալիս է ձեր մեղքերի թողությունը կրակով և Սուրբ Հոգով: … Դուք ստացել եք Սուրբ Հոգին, որը վկայում է Հոր և Որդու մասին՝ ի կատարումն խոստումի, որը նա արել է, որ, եթե դուք ներս մտնեք այդ ճանապարհով, դուք պիտի ստանաք» (2 Նեփի 17․-18

    «Քանզի ահա, ես կրկին ասում եմ ձեզ, որ եթե դուք մտնեք այդ ճանապարհով և ստանաք Սուրբ Հոգին, այն ձեզ ցույց կտա բոլոր բաները, որ դուք պետք է անեք» (2 Նեփի 32.5):

  17. 1 Նեփի 2.16։

  18. 1 Նեփի 2.16։

  19. 1 Նեփի 2.19։

  20. Անձնական հայտնության այս ձևը ակնհատ է Մորմոնի Գրքում գտնվող բազմաթիվ փորձառություններում: Դիտարկեք հետևյալը.

    Ինքնուրույն իմանալու ցանկություն

    Ճշմարտությունն իմանալու, պատասխաններ ստանալու, առաջնորդություն, մխիթարություն կամ ներում ստանալու ցանկությունը, հաճախ Աստծո խոսքով բռնկված, անձնական հայտնություն որոնելու դրդապատճառ է դառնում: Նեփին ուներ «մեծ իղձեր՝ իմանալու Աստծո խորհուրդները» (1 Նեփի 2.16): Ենովսի «հոգին քաղցում էր» ներման համար (Ենովս 1.4): Ալման գոչեց իր սրտում, «Ով Հիսուս, Աստծո Որդի, ողորմություն ունեցիր իմ հանդեպ» (Ալմա 36.18)։ Աստծուց հայտնություն ստանալը անկեղծ ցանկություն է։

    Աղոթել անկեղծ միտումով

    Անկեղծ ցանկությունը տանում է դեպի աղոթք, հաճախ որևէ խաղաղ տեղում: Մենք հայտնության ենք ձգտում մեր Երկնային Հորից և անում ենք դա սրտից բխող աղոթքով, որը ծնվում է գիտենալու ցանկությունից: Սուրբ Հոգին ոգեշնչում է մեզ գործել համաձայն մեր սովորածի։ Այդպիսին էին Նեփիի, Ենովսի, Ալմայի, Մոսիայի որդիների և Հելամանի ու նրա պատանի ռազմիկների աղոթքները (տես 1 Նեփի 2.16, Ենովս 1.4, Ալմա 17.3, Ալմա 58.10–12):

    Փնտրել ջանասիրաբար

    Հայտնություն որոնելը պահանջում է ջանասիրություն փնտրելու ընթացքում: Մտածեք Ալմայի մասին, ով «ծոմ պահեց ու աղոթեց շատ օրեր, որ [նա] կարողանար իմանալ այս բաները [ինքնուրույն] (Ալմա 5.46): Ջանասիրություն ցուցաբերել հայտնություն որոնելիս, նշանակում է՝ հետազոտել սուրբ գրությունները, խորհրդածել, աղոթել և ծոմ պահել նրա վերաբերյալ, ինչ կարդում ու սովորում ենք: Դա նշանակում է հաճախ դիմել Երկնային Հորը և վստահել Նրա ժամանակացույցին:

  21. Ինչպես Հակոբն է ուսուցանել, անձնական հայտնության պարգևը Սուրբ Հոգու միջոցով բերում է նաև հոգևոր պարգևներ, աճող հավատք առ Հիսուս Քրիստոս և ավելի խորը դարձ դեպի Տերը. «Ուստի, մենք ուսումնասիրում ենք մարգարեներին, և մենք ունենք շատ հայտնություններ և մարգարեության ոգի. և ունենալով բոլոր այս վկայությունները՝ մենք ձեռք ենք բերում հույս, և մեր հավատքը դառնում է անսասան, այնքան, որ մենք, իրոք, կարող ենք հրամայել Հիսուսի անունով և անգամ ծառերը հնազանդվում են մեզ, թե՛ լեռները, թե՛ ծովի ալիքները:

    Այնուամենայնիվ, Տեր Աստված մեզ ցույց է տալիս մեր թուլությունը, որ մենք կարողանանք իմանալ, որ նրա շնորհով և մարդկանց զավակների հանդեպ նրա մեծ բարեհաճություններով է, որ մենք զորություն ունենք անելու այս բաները:(Հակոբ 4.6–7):

  22. Դա ճշմարիտ էր բոլոր ուղիների համար, որոնցով Աստված հաղորդակցվում էր Իր ժողովրդի հետ: Օրինակ, հրեշտակների սպասավորումը տարածված էր արդարների մեջ: Ալման հայտարարեց.«Ահա, հրեշտակները հայտարարում են [ապաշխարություն] շատերին այս պահին մեր երկրում» (Ալմա 13.24): Եվ հրեշտակներ հայտնվեցին մարդկանց՝ իմաստուն մարդկանց, և հայտարարեցին նրանց մեծ ուրախության ավետիք» (Հելաման 16.14):

  23. Տես Վարդապետություն և Ուխտեր 84․85:

  24. Ալմա 5.45-46

  25. Երբ Ալման սովորեցնում էր Ամոնիայի ժողովրդին, նա ամփոփեց այն նշանավոր օրհնությունները, որոնք Նեփիացիները վայելեցին և ուխտի համայնքի բնույթը, որը Տերը ստեղծել էր նրանց մեջ: Ալմա 9.20–22-ը նշում է, որ նրանք «Տիրոջ մեծապես արտոնյալ ժողովուրդ» էին, «բոլոր բաներն իրենց հայտնի դարձված ըստ իրենց իղձերի և իրենց հավատքի և աղոթքների, այն մասին, ինչ եղել է, ինչ կա և ինչ պիտի գա», «Աստծո Հոգին այցելած լինելով, … հրեշտակների հետ զրուցած լինելով և Տիրոջ ձայնը խոսացած լինելով իրենց հետ», և ունեցել էին «մարգարեության ոգին և հայտնության ոգին և շատ պարգևներ»:

  26. Ալմա 17.3, տես նաև Ալմա 17.1-3:

  27. Ալմա 23.5, տես նաև Ալմա 23.5-7:

  28. Ալմա 23․6։

  29. Մենք այստեղ կենտրոնանում ենք մարգարեների դերի վրա, բայց ընդունում ենք, որ մարգարեները նաև տեսանողներ և հայտնողներ են: Ինչպես Ամմոնն է ուսուցանել. «Տեսանողը հայտնող է և մարգարե նույնպես, … տեսանողը կարող է իմանալ բաների մասին, որոնք անցյալ են և նաև բաների մասին, որոնք պետք է գան և նրանց միջոցով բոլոր բաները պետք է բացահայտվեն, կամ, ավելի շուտ, գաղտնի բաներ պիտի հայտնի դարձվեն, և թաքնված բաներ պետք է ի լույս գան, և բաներ, որոնք չեն իմացվել, պիտի իմացվեն նրանց միջոցով, և նաև նրանց միջոցով պիտի իմացվեն բաներ, որոնք այլ կերպ չէին կարող իմացվել» (Մոսիա 8․16-17):

  30. Նրանք այդպես արեցին այնպիսի հոգևոր ուժով, որ ուղերձը ներթափանցեց մարդկանց սրտերը, ովքեր պատրաստ էին լսելու: Ավելի քան 1000-ամյա պատմության ընթացքում մենք կարդում ենք մարդկանց մասին, ովքեր «լցված էին ուրախությամբ» (1 Նեփի 5.1, Մոսիա 4.3), «նրանց հոգիները լուսավորվեցին … հավիտենական խոսքի լույսով» (Ալմա 5.7), և «փրկագնվել էին Տիրոջ կողից, …ծնվել Հոգուց» (Մոսիա 27.24): Շատ դեպքեր եղան, երբ «հազարավորներ … միացան եկեղեցուն ու մկրտվեցին ապաշխարության համար» (Հելաման 3.24): Մարգարեներին տրվող հայտնության մեջ հրեշտակների դերի վերաբերյալ օրինակի համար, որը խորացնում է մեր գիտելիքը Քրիստոսի վարդապետության մասին, տես Մոսիա 3:

  31. Տես 2 Նեփի 31, Հակոբ 2, Մոսիա 3, Ալմա 5, Ալմա 18, Ալմա 34, Ալմա 46, Մորոնի 7, Մորոնի 8, Մորոնի 10:

  32. Ալմա 5.14։

  33. Ալմա 5․26։

  34. Ալմա 5․28։

  35. Ալմա 5.32-33։

  36. Տես Հակոբ 7.1–20 (Սերեմ), Ալմա 1.3–15 (Նեոր), Ալմա 2.1–31 (Ամղիկի), Ալմա 30.3–59 (Կորիհոր), Ալմա 46.3–11 (Ամաղիկիա):

  37. Տես Հակոբ 7․4:

  38. Տես Ալմա 30․31։

  39. Երբ Փրկիչի ծննդյան ժամանակը մոտեցավ, չար մարդիկ ձգտեցին նույնիսկ ավելի մեծ չարություն գործել` նրանք ստեղծեցին գաղտնի խմբակցություններ (տես Հելաման 1.9–12, Հելաման 2.4–5): Մի հնադարյան գործընթացում, որը Ադամի և Եվայի ժամանակին է պատկանում, այդ չար մարդիկ ստեղծեցին հրոսակախումբ, որը ձգտում էր իշխանություն ձեռք բերել, հարստություն դիզել և կործանել Եկեղեցին և կառավարությունը` գաղտնի սպանություններ և կողոպուտ անելով: Նրանց գործիքները բառեր չէին, այլ մահակներ, սրեր և դանակներ: Նրանք պաշտպանվում էին երդումներով և ուխտերով, որոնք նրանք կապում էին միմյանց հետ` իրենց չար գործերը գաղտնի պահելու համար մահվան պատժով, եթե որևէ մեկը թերանար (տես Հելաման 6.20–33, 3 Նեփի 1.27–30):

  40. Տես Հելաման 1.9–12, Հելաման 2.4–5, Հելաման 6.20–33, 3 Նեփի 1.27–30:

  41. Տես Հակոբ 7․8:

  42. Այս սկզբունքը քննարկելու համար, տես Հենրի Բ. Այրինգ, «Շարունակվող հայտնություն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 70–73:

  43. Սա է Տիրոջ ուղերձի իմաստը՝ ուղղված Մարգարե Ջոզեֆ Սմիթին. «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է. և նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում» (Վարդապետություն և Ուխտեր 50․24): Չնայած Նեփիացիները միշտ չէին արդարակյաց, և չնայած միշտ կային ուրացողներ, մարգարեները հավատքի բոցը պահպանում էին պայծառ վառվող: Խիզախությամբ և հայտնության զորությամբ նրանք համախմբում էին հավատքի մարդկանց, ովքեր հուսահատված էին և հալածված: Նրանք օգնում էին շատերին խարսխել իրենց կյանքը Փրկիչի վրա և ստանալ անձնական հայտնություն, որը բերում էր նրանց կամ վերականգնում առ Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանը:

  44. Մեր ուսանողները կարող են կարդալ այդ մասին և տեսնել, թե ինչպես Նեփիացիներն ու Լամանացիներն օրհնվեցին սրբազան հիշատակարաններով, անձնական հայտնությամբ և ապրող մարգարեներով: Հենց այն ժամանակ, երբ մեր ուսանողները կարդան այդ սքանչելի օրհնությունների մասին, նրանք կարող են զգալ դրանք իրենց համար, եթե նրանք ընդունեն դրանք: Ուսումասիրելով և հետազոտելով Մորմոնի Գիրքը և աղոթելով հոգևոր առաջնորդության համար, մեր ուսանողները կարող են գիտելիք և հասկացողություն ստանալ Հիսուս Քրիստոսի ավետարանի և Հոր ծրագրի մասին, նրանք կարող են սովորել, թե ինչպես ապրեն ավետարանով և նրանք կարող են վկայություն ստանալ, որ այն, ինչ իրենք կարդացել են ճշմարիտ է` բոլորը Սուրբ Հոգու զորությամբ:

  45. Տես Եփեսացիս 1.10:

  46. Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ երբ մենք մահկանացու մարմնում ենք, անձնական հայտնությունը գալիս է «մեր ոգիներին ճիշտ այնպես, կարծես մենք ընդհանրապես մարմին չունենք» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները, Ջոզեֆ Սմիթ [2007],475):

  47. Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 96:

  48. Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007),132։

  49. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ինստագրամի էջը, գրառում Մարտ 22, 2019: Այս գրառումը հայտարարում է 2020 թվականի հունվարից սկսած սեմինարիայի օրացույցի և ուսումնական ծրագրի փոփոխությունները:

  50. Վարդապետություն և Ուխտեր 42․61։

  51. Վարդապետություն և Ուխտեր 50․27։