Ամենամյա հեռարձակումներ
«Ամեն բանից վեր»


«Ամեն բանից վեր»

Եկեղեցու Կրթական Համակարգի ուսուցման հեռարձակում • հունիսի 12, 2019 • Եկեղեցու գրասենյակի շենքի գլխավոր հարկի դահլիճը

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Փրկիչի վրա կենտրոնանալու ձեր բոլորի ջանքերի համար՝ որպես ավետարանի ձեր ուսումնասիրության և ուսուցման կենտրոն: Երբ ես մոտիկից դիտել ու հետևել եմ, թե ինչպես եք դուք և ձեր աշակերտները բացահայտում Նրա կոչումները և դերերը, ուսումնասիրում Նրա հատկանիշներն ու բնավորության գծերը և սովորում Նրա կատարյալ օրինակից,1 ես զգացել եմ Երկնային Հոր երախտագիտությունը, որ դուք վկայում եք Նրա Սիրելի Որդու մասին: Հետևելով Երեց Քլարկի խորհրդին, որպեսզի օգնեք ձեր ուսանողներին սովորել ճանաչել Նրան և սովորել Նրանից,2 ես եմ տեսել, որ Սուրբ Հոգին ավելի է շատ է ներկա գտնվել ձեր ուսուցումների և հրավերների ժամանակ։ Ինչպես մի ուսուցիչ ինձ ասաց, «Հիսուսին դնելով իմ ուսուցման կենտրոնում, նորից ուրախություն է տիրում իմ դասարանում: Խորհուրդ եմ տալիս շարունակ փնտրել ոգեշնչում այն մասին, թե ինչպես ամեն օր արդյունավետ անել դա:

Այսօր ես կցանկանայի, որ դուք շարունակեիք ձեր ջանքերը՝ օգնելով ձեր ուսանողներին տեսնել Փրկիչին ոչ միայն սուրբ գրությունների իրենց ուսումնասիրության մեջ, այլ նաև ձեր մեջ, երբ դուք ձգտում եք ընդօրինակել Նրա օրինակը և Նրա սերը։ Գուցե հիշեք Նախագահ Բոյդ Ք. Փաքերի այս միտքը, որը ես համարում եմ թե՛ ոգեշնչող, թե՛ զարմանալի․

«Հատկանիշները, որոնք իմ ընտրության արտոնությունն են եղել, որ ճանաչեմ ձեր մեջ, եղբայրնե՛ր և քույրե՛ր, ոչ ավել, ոչ պակաս, Վարպետ Ուսուցչի ցուցաբերած հատկանիշներն են: Ես համոզված եմ, որ այնքանով, որքանով որ դուք գործում եք ձեր պարտավորվածության ու ստանձնած պատասխանատվության համաձայն, Քրիստոսի պատկերը կփորագրվի ձեր դեմքին: Եվ բոլոր գործնական նպատակների համար այդ դասարանում, այդ ժամանակ, և այդ արտահայտությամբ ու այդ ոգեշնչմամբ, դուք Նա եք և Նա դուք եք»։3

Փրկիչի համապարփակ հատկանիշներից մեկը, որը, կարծես, մյուսների համար ապահովում է ինչպես դրդապատճառ, այնպես էլ հիմք, Նրա կատարյալ սերն է․ Նրա սերը Իր Երկնային Հոր հանդեպ և Նրա սերը մեր հանդեպ։

Պողոս Առաքյալը գրել է․ «Եւ եթէ մարգարէութիւն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտութիւնը. եւ եթէ ամեն հաւատքն ունենամ … , բայց սէր չունիմ, ոչինչ եմ»:4 Սեմինարիայի և ինստիտուտի խմբին, Պողոս Առաքյալը կարող էր ասել․ «Եւ եթէ խարիզմայի պարգևն ունենամ, եւ գիտենամ ուսուցանման, ուսանելու և դասավանդելու հիմունքները. եւ եթէ ամեն առարկայական դասերն ունենամ … , բայց սէր չունիմ, ոչինչ եմ»: Այժմ խնդրում ենք, որ այդ հայտարարությունը չօգտագործեք որպես պատրվակ և ջանասիրաբար չաշխատեք շատ հմուտ ուսուցիչ լինելու համար: Սակայն հիշեք, որ հասկացողություն, գիտելիք և հավատք ունենալու համար աղոթելիս, եթե մենք չաղոթենք սեր ունենալու համար, մենք կլինենք «ձայն հանող պղինձի, կամ հնչեցող ծնծղայի» նման:5

«Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է»

Պողոս Առաքյալը գրել է նաև․ «Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է»։6

Փրկիչի բարության մեկ օրինակ գրված է Ղուկաս 19 գլխում։ Զաքեոսը մի մաքսապետ էր, ով հարստացել էր հռոմեացիներին ծառայելու արդյունքում, բայց նրան ատում էին հրեաները, ովքեր մտածում էին, որ նա դավաճանում էր հարկ հավաքելով: Մի օր Զաքեոսը փորձում էր տեսնել Հիսուսին, բայց չէր կարողանում, քանի որ նա փոքր էր հասակով և չէր կարողանում իր ճանապարհը բացել ամբոխի միջով, որը չէր ցանկանում նրան ճանապարհ տալ: Այսպիսով, Զաքեոսն առաջ վազեց այն ճանապարհով, որով Հիսուսը քայլում էր և բարձրացավ ժանտաթզենու ծառի վրա, որ տեսնի Նրան անցնելիս։

Նկար
Զաքեոսը ծառի վրա

Սուրբ գրություններում ասվում է․ «Եւ երբոր այն տեղն եկաւ, Յիսուսը վեր նայեց եւ նորան ասեց. Զաքէ, շուտ արա իջիր. Որովհետեւ ինձ այսօր պէտք է քո տանը կենալ։

Նա էլ շտապելով իջաւ եւ ուրախութիւնով ընդունեց նորան»։7

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում Զաքեոսի համար, և Փրկիչի հրավերն ինչ ներգործություն թողեց մեկի վրա, ով սովորաբար մերժված էր։ Բարության այդ փոքր արարքը պետք է որ մեծ ազդեցություն թողներ։

Մեր ուսանողները մեր երկայնամտության և բարության կարիքն ունեն։ Վատ վարքագիծը, դասը խանգարելը և վատ վերաբերմունքը կարող են, երբեմն, ավելի բարդացնել դասավանդումը: Բայց այդ պահերին ես կոչ եմ անում նայել այդ վարքագծից այն կողմ և տեսնել մարդուն։ Խնդրում եմ դադար տվեք և հարցրեք․ «Ուրիշ ի՞նչը կարող է առաջ բերել այդպիսի վարքագիծ կամ վերաբերմունք»։

Ինչպես ուսուցանել է Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը․ «Եթե այդ երեխաները չեն արձագանքում այսօր, գուցե դուք դեռ չեք կարող ուսուցանել նրանց, սակայն սիրել կարող եք: Եվ եթե դուք սիրեք նրանց այսօր, միգուցե կարողանաք ուսուցանել նրանց վաղը։

… Դրանցից և ոչ մեկը կախված չէ նրանցից։ Մենք կարող են սիրել նրանց սկզբից մինչև վերջ և հրաշքները տեղի կունենան»։8

Բայց ինչպե՞ս դա անել, հատկապես, երբ ինչ-որ մեկին կարծես դժվար է սիրել։ Երեց Հոլլանդը նույնպես օգնել է այդ հարցում, երբ ասել է․ «Դուք կարող եք սկզբում սիրել Աստծուն։ Ապա դուք կարող եք խնդրել, որ Նա օգնի ձեզ Իր հանդեպ ձեր սերը տարածել նրանց վրա, ովքեր ունեն ձեր սիրո կարիքը:9 Դուք կարող եք «աղոթե[լ] Հորը սրտի ողջ կորովով, որպեսզի կարողանաք լցված լինել այդ սիրով»։10 Դուք կարող եք աղոթել, որ տեսնեք նրանց այնպես, ինչպես Նա է տեսնում նրանց։ Դուք կարող եք լսել և փորձել հասկանալ։ Եվ ինչպես Նախագահ Հենրի Բ․ Այրինգն է ավելացրել․ «Ծառայեք նրանց, փոքր գործեր արեք նրանց համար։ Վճարեք ծառայության վճարը և Աստված կպատվի այն։ Ես ձեզ խոստանում եմ։ Մի անհանգստացեք, եթե ձեր ուսանողներին երբեմն չեք կարող սիրել: Պարզապես նրանց համար ինչ-որ բան արեք, և նրանք ձեզ մի փոքր ավելի հաճելի կթվան։ Դա կլինի պարգև Աստծուց»։11

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հաճախում են իրենց ուսանողների երաժշտական ներկայացումներին ու սպորտային միջոցառումներին, կամ գտնում են ծառայելու այլ ձևեր: Նույնիսկ, եթե նրանք չեն տեսնում ձեզ, նրանք կզգան, որ ձեր սերը նրանց հանդեպ աճում է, քանի որ Տերը ձեզ սեր կշնորհի, որովհետև դուք ծառայում եք նրանց:12

Փրկիչի բարության մեկ այլ օրինակ գտնվում է Մարկոսի 5-րդ գլխում։

Նկար
Հիսուսը բուժում է արյան հիվանդություն ունեցող կնոջը

Մտածեք մի պահ, թե ինչ է արել Հիսուսն այն կնոջ համար, ով ուներ արյան խնդիր։ Բացի ֆիզիկապես բժշկելուց, Նա արեց շատ ավելին։ Նա պետք է որ ուժասպառ լիներ ցավից, մարդկանց կողմից մերժված լինելուց և ֆինանսական մտահոգությունից: Ուստի, երբ Հիսուսը հասկացավ, որ Իրենից այդ զորությունը դուրս է եկել, Նա «նայում էր չորս կողմը, որ տեսնի այս բանն անողին»։13 Այդ պահին ֆիզիկական ապաքինումն արդեն տեղի էր ունեցել։ Հիսուսը պատրաստվում էր բավարարել մեկ այլ անհրաժեշտ կարիք, բայց Նա կանգ առավ։ Նա ընդունեց այդ կնոջ հավատքը և Նա քնքշորեն կոչեց նրան «դուստր»։14 Փրկիչը տեսավ նրան, ոչ թե տեսավ նրա հիվանդությունը։ Նա տեսավ մի մարդու, ով կարիք ուներ սիրո և բարձրացված զգալու, ոչ թե խնդիր, որը պետք է լուծել կամ առաջադրանք, որը պետք է կատարվեր։15

Ինչ առաջադրանք էլ որ դուք կատարելու լինեք, անկախ նրանից, թե ինչ դաս պետք է պատրաստեք կամ ուսուցանեք, ինչ կարգապահական խնդրի էլ որ բախվեք, դա միշտ էլ հնարավորություն է տալիս բարձրացնել մարդկանց:

Եվ ես հուսով եմ, որ մեր սերը կտարածվի նրանց վրա, ովքեր ներկայումս չեն ընդգրկված կամ չեն հաճախում: Զաքեոսի և այդ կնոջ նման շատ մարդիկ կան ամբոխի հետևում սպասելիս։ Այնպես որ, հետևեք Փրկիչի օրինակին և գտեք դրանք:16 Խնդրում ենք աղոթել և խորհուրդ անել միասին, երբ դուք ոգեշնչում եք փնտրում, թե ինչպես օգնեք, որ ավելի շատ երիտասարդներ իմանան Փրկիչի և Նրա ուսմունքների մասին: Մասնակցության և ավարտին հասցնելու ջանքերը պետք է առաջնահերթ և շարժիչ ուժ հանդիսանան մեր գործում՝ Երկնային Հոր ավելի շատ զավակներին օրհնելու համար:

«Եվ ամեն բանից վեր, ձեր վրա հագեք գթության կապը, ինչպես մի թիկնոց»

Տերն ասել է մարգարե Ջոզեֆ Սմիթին․ «Ամեն բանից վեր, ձեր վրա հագեք գթության կապը, ինչպես մի թիկնոց, որը կատարելության և խաղաղության կապն է»։17 Ի՞նչ է նշանակում հագնել գթության կապը։

Նկար
անառակ կինը

Հովհաննես 8 գլխում մենք կարդում ենք մի կնոջ մասին, ում Փարիսեցիները բերեցին տաճար և ներկայացրին Հիսուսին։ Նրանք ասացին Փրկիչին․

«Վարդապետ, այս կինը բռնուել է յայտնապէս շնանալիս։

Եւ օրէնքումը Մովսէսը պատուիրեց մեզ, որ այսպիսիները քարկոծուին. Հիմա դու ի՞նչ ես ասում»։

Հիսուսն էլ ցած նայելով գրեց հողի վրա, կարծես նա նրանց չէր լսում։ Երբ նրանք շարունակեցին հարցնել, Նա ոտքի ելավ և ասաց․ «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցէ դորա վերայ»։ Եվ դարձյալ ներքև նայեց ու գրեց հողի վրա։

Երբ փարիսեցիները սկսեցին մեղքի զգացում ունենալ, նրանք մեկ-մեկ հեռացան: Երբ Հիսուսն ու այդ կինը մնացին մենակ, Նա նրբորեն հարցրեց. «Ով կին, ո՞ւր են [քեզ ամբաստանողները]. Ոչ ով քեզ չ’դատապարտե՞ց:

Նա էլ ասեց. Ոչ, ով Տէր. Եւ Յիսուսն էլ ասեց նորան. Ես էլ չեմ քեզ դատապարտում. Գնա, եւ այսուհետեւ մեղք մի գործիր»։18

Երբ մտածեք այս իրադարձության մասին, դուք կարո՞ղ եք մտածել այն բազմաթիվ դասերից երեքի մասին, որ կարող ենք սովորել Փրկիչի կատարյալ օրինակից:

Նախ, Հիսուս Քրիստոսի Քավությունը մեզ թույլ է տալիս սովորել մեր սխալներից և ապաշխարությունից, այլ ոչ թե դատապարտվել նրանց կողմից: Մեր դասարաններում կան ուսանողներ, ովքեր սխալներ են կատարում։ Երբ մենք կարեկցանքով ուսուցանենք, որ մեր Երկնային Հայրը ցանկանում է ներել և ուսուցանենք ապաշխարության ուրախության մասին,19 մենք կօգնենք մեր ուսանողներին (և մեր երեխաներին) հավատալ, որ Փրկիչի քավությունը նրանց համար է, քանի որ դա այդպես է։

Ի դեպ, այս խորհուրդը հավասարապես վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին: Նաև կարիք ունենք Փրկիչի քավության, որ օգնի մեզ ներում և բուժում ստանալ Իսկ հետո, երբ մենք անձամբ զգանք ապաշխարության ուրախությունը, մենք կկարողանանք ոգեշնչել մեր ուսանողներին դառնալ դեպի Փրկիչը, քանի որ այդ հրավերը կբխի մեր փոխված սրտերից:

Երկրորդ, սերը մեծ շարժառիթ է հանդիսանում, որ օգնի մեզ ճիշտ գործեր անել։ Երեց Դեյլ Գ․ Ռենլանդն ասել է․ «Անշուշտ, Փրկիչը չէր խրախուսում շնությունը: Բայց Նա նաև չդատապարտեց կնոջը: Նա խրախուսեց նրան վերափոխել իր կյանքը: Նրա կարեկցանքն ու ողորմածությունը դարձան այն շարժառիթը, որի շնորհիվ կինը գիտակցաբար փոխվեց: Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը վկայում է նրա սկսված աշակերտության մասին. «Եվ կինը փառաբանում էր Աստծուն այդ պահից սկսած և հավատում նրա անվանը» [Հովհաննես 8․11, ծանոթագրություն գ]»։20

Որպես ուսուցիչներ կամ ծնողներ, մենք միգուցե խուսափենք սիրո անհրաժեշտ դրսևորումներից՝ վախենալով, որ դա կարող են շփոթել մեղքը կամ սխալ վարքագիծն արդարացնելու հետ։ Մեր ուսանողները և մեր երեխաները սովորաբար արդեն գիտեն, թե ինչպես ենք մենք վերաբերվում Տիրոջը և Նրա պատվիրաններին: Հաճախ, ինչի կարիքը նրանք ունեն, այն է, որ համոզվեն, որ սիրված են և արժեքավոր: Սերը և հույսը, որն այս կինը պետք է որ զգար, երբ օրհնվեց Փրկիչի «գթության կապով» այն է, ինչ մենք հուսով ենք, որ մեր բոլոր ուսանողները կզգան, երբ նրանք սովորեն Նրա և Նրա ավետարանի մասին:

Երրորդ, Փրկիչը սիրում է Հոր վարդապետությունը, բայց այն երբեք չի օգտագործել որպես պատժամիջոց: Փարիսեցիները լավ գիտեին և նույնիսկ մատնանշեցին Մովսեսի օրենքը՝ վկայակոչելով թե՛ օրենքը, և թե՛ հետևանքները: Բայց փոխարենն այդ նույն օրենքը Տվողը, ում առաքելությունն էր «կոտրած սիրտ ունեցողներին բժշկել և գերիներին ազատութիւն հրատարակել»,21 որոշեց ողորմածություն շնորհել։ Նա այդ կնոջը պաշտպանեց փարիսեցիների դատապարտող ձեռքերից և սրտերից, մինչդեռ նրանց փոխանցեց իրենք իրենց փոխելու անհրաժեշտությունը և գիտակցումը։

Երբեմն մենք հանդիպում ենք ուսանողների և ուսուցիչների, որոնք վարդապետություն կիրառում են այնպես, որ հրավիրում են մեղադրանքի և դատապարտման ոգի: Խրախուսելու և կատարելագործելու փոխարեն, այս մոտեցումը նսեմացնում է և նույնիսկ կարող է ոչնչացնել: Վարդապետի օրինակին հետևելով, պետք է ուսուցանվի այնպիսի ձևով, որը բերում է հույս և բուժում է կոտրված սրտով մարդուն:

Բացի մեղքից, սրտերը կոտրվում են տարբեր պատճառներով: Բազմաթիվ ուսանողներ առնչվում են դժվարին, նույնիսկ, տրավմատիկ իրավիճակների, որոնք կասկածի տակ են դնում, թե արդյոք իրենք սիրված և արժևորված են: Ոմանք մաքառում են անհանգստության կամ կատարյալ լինելու բնավորության հետ, որի պատճառով հույսի փոխարեն լսում են դատապարտում: Ուրիշները զգում են ոչ պետքական, քանի որ նրանք սեռական ինքնության հետ կապված գայթակղություններ կամ մարտահրավերներ ունեն և թակարդված ու մտահոգված են զգում, որ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցում տեղ ու ապագա չունեն:

Որպես ուսուցիչ, մենք պետք է ձգտենք հասկանալ, թե նմանատիպ ինչպիսի փորձառություններ կարող են ունենալ մեր ուսանողները։ Թույլ տվեք պատմել մեկ օրինակ նախկին ուսանողի տեսանկյունից, ով բացատրում է իր զգացմուքները սեմինարիայի փորձառության մասին։ Նա ասել է․ «Պատվիրանն է» «սիրել ձեր մերձավորին, բայց տպավորությունն այն է, որ կարծես մարդիկ մտածում են, որ պետք է սիրել մերձավորին, եթե նա համասեռամոլ չէ։ Ընդհանրական ուղերձն այն է, որ դա ամենավատ բանն է, և այն ստիպում է ինձ կասկածի տակ դնել, թե ինչպե՞ս կարող եմ ինքնագնահատական ունենալ և ինչպե՞ս Երկնային Հայրը կարող է սիրել ինձ»:

Ինչպիսի անձնական դժվարությունների էլ ուսանողները հանդիպեն, մենք պետք է լսենք, որպեսզի հասկանանք և անկեղծ կարեկցանք ու սեր փոխանցենք։ Մենք պետք է ստեղծենք դասարաններ, որտեղ հարցերը ողջունելի են և խնդիրները քննարկվում են հարգանքով և խոհեմությամբ: Մենք պետք է հստակորեն ճշմարտությունն ուսուցանենք և օգնենք յուրաքանչյուր ուսանողի ճանաչել իր հավերժական ինքնությունը՝ որպես սիրող երկնային ծնողների զավակներ:22 Եվ պետք է օգնենք ուսանողներին հասկանալ, որ նրանք միայնակ չեն։ Ցույց տալով նրանց ավելի շատ սեր և ըմբռնում, մենք կհրավիրենք Սուրբ Հոգուն, կավելացնենք ուսման ձգտումը և կբժշկենք կոտրված սրտերը։23

Նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է․ «Մենք պարտականություն ունենք «կրելու մեկս մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն» [Մոսիա 18.8]: Թեև մենք չենք կարող փոխել Տիրոջ վարդապետությունը, մենք ուզում ենք, որ մեր անդամները և մեր քաղաքականությունը նրբանկատ գտնվեն մահկանացու կյանքի մարտահրավերների դեմ պայքարող մարդկանց հանդեպ»: Նա նաև ավելացրել է, որ «ավելի շատ հասկացողություն, կարեկցանք և սեր ցուցաբերելու մեր անդամների ջանքերը պետք է մեծացնեն … հարգանքը և ըմբռնումը և նվազեցնեն այսօրվա տարածված ատելությունն ու հակասությունը: … Դա, անշուշտ, մեր ցանկությունն է, և մենք ձգտում ենք օգնության հասնել մեր անդամներին և ուրիշներին»:24

Կարևոր է, որ յուրաքանչյուր ուսուցիչ հասկանա վարդապետությունը, իմանա, թե ինչ են ասում Տիրոջ մարգարեներն այդ թեմաների մասին և իմանա, թե ինչպես արձագանքել օգտակար և կարեկից ձևերով:25 Մենք մեծապես ցանկանում ենք առաջընթաց ունենալ այդ ոլորտներում և լրացուցիչ ուսուցում և միջոցներ կտրամադրենք ձեզ օգնելու համար:

Եթե կան պահեր, երբ ինչ-որ բան ասվում է ձեր կամ ուսանողների կողմից, որը կարող է ստիպել որևէ մեկին ոչ պետքական զգալ, ապա արդյո՞ք կաղոթեք ուժի և հասկացողության համար, թե ինչպես նվազեցնել մեղադրական վերաբերմունքը։ Օգնեք ձեր ուսանողներին հիշել, որ մենք բոլորս շարունակում ենք աճել և կարիք ունենք Փրկիչի ողորմածությանը: Լյուցիֆերն էր, որ հայտնի էր Մեղադրող անունով, ով «օր ու գիշեր մեղադրում էր [մեզ] Աստծո առաջ»։26 Ի տարբերություն դրա, Տիրոջ ձեռքերը, բազուկները և սերը դեռևս պարզված են։

Աստվածային սիրո մեկ ուրիշ հատկանիշը Երկնային Հոր ցանկությունն է, որ մենք դառնանք Իր նման և ստանանք Նրա օրհնությունները, որոնք Նա պատրաստել է Իր զավակների համար:

Մեր Երկնային Հայրը մեծ ակնկալիքների Աստված է:

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է. «Մեր Երկնային Հայրը մեծ ակնկալիքների Աստված է»։27 Նա հույսը չի կտրում մեզանից։ Նա կրում է մեզ հետ, երբ մենք տատանվում ենք, հույս է տածում, երբ մենք կատարելագործվում ենք և համբերատար դիմանում է, երբ աճում ենք: Ուսուցիչը, ով սիրում է իր ուսանողներին, նույնպես մեծ ակնկալիքներ ունի և ավելի շատ հոգ կտանի նրանց հավերժական առաջընթացի մասին, քան այն մասին, թե ինչպես անցավ այսօրվա դասը կամ որքան շատ է նա սիրված իր աշակերտների կողմից:

Հիսուսը խորապես հոգ էր տանում Իր հետևորդների առաջընթացի մասին:

Նկար
Հիսուսը և Պետրոսը քայլում են ջրի վրա

Օրինակ, Պետրոսի մեջ Հիսուսը տեսավ այն, որը Պետրոսը չտեսավ իր մեջ։ Նա Պետրոսին հրավիրեց հավատքով գործել, և երբ Պետրոսը տատանվեց, Փրկիչը նրան բարձրացրեց, միշտ կենտրոնանալով, թե, ի վերջո, Պետրոսն ով է դառնալու:

Մեծ ակնկալիքներն ուսանողներին ոգեշնչում է հավատքով գործել, թույլ տալով նրանց զգալ Տիրոջ խոստացած օրհնությունները: Երեց Նիլ Լ. Անդերսենն ուսուցանեց, որ երբ մենք առաջնորդում և ուսուցանում ենք առանց սիրո և փոքր ակնկալիքներ ենք ունենում, խրախուսում ենք աբստամբության ոգին: Մեծ ակնկալիքներն առանց սիրո նպաստում են սխալ պահվածքի։ Մեծ սերը, բայց փոքր ակնկալիքները ստեղծում են եղբայրական զգացում, բայց քիչ առաջընթաց: Սակայն, մեծ սերը և մեծ ակնկալիքները ստեղծում են հրաշքներ։28 Դա այն սերն է, որը Փրկիչն ունի, և դա այն տեսակ սերն է, որը մենք պետք է ունենանք, եթե ցանկանում ենք փոխել մեր ուսանողների կյանքը։

Երբ ես հարցնում եմ սեմինարիայի և ինստիտուտի ուսանողներին, թե ինչպես է իրենց ուսուցչի սերն օրհնել նրանց, նրանք արագ պատասխանում են, որոնք լի են երախտագիտությամբ: Ահա մի քանի թարմ օրինակներ:

Մի երիտասարդ աղջիկ ասաց. «Ինձ դուր է գալիս, երբ մտնում են սեմինարիա և տեսնում եմ, որ իմ ուսուցիչը երջանիկ է և ժպտում է: Ես նույնիսկ չգիտեմ, թե խոսքերով ինչպես արտահայտեմ այն, թե որքան է նրա սերն օգնել ինձ։ Քիչ առաջ նա ինձ մի հաճոյախոսություն ասաց և ես դուրս եկա շենքից չկարողանալով զսպել արցունքներս, դա ինձ շատ ուրախացրեց: Այդ հասարակ հաճոյախոսությունը մեծ նշանակություն ուներ ինձ համար։ Ամեն օր ոգևորված եմ սեմինարիա գնում: Դա իմ օրվա ամենալավ պահն է։ Իմ հանդեպ ուսուցչիս սերն ինձ սովորեցրեց սիրել բոլորին՝ որպես Աստծո որդի կամ դուստր»:

Ձևակերպելով այս մեկ օրինակը․ «Այսօրվա մեր դասն իսկապես փոխեց ինձ: Ես քաջություն հավաքեցի և մի դժվարին հարց տվեցի, և իմ ուսուցիչն իսկապես լսեց ու փորձեց հասկանալ, թե ինչ էի ցանկանում իմանալ: Ապա նա ժամանակ խնդրեց իմ հարցին պատասխանելու համար։ Այն, ինչ նա ասաց, իսկապես բացեց իմ աչքերն այն բաների նկատմամբ, որոնց մասին նախկինում չէի մտածել»։

Վերջապես, մի երիտասարդ տղա գրել է. «Այս կիսամյակը սկսեցի վատ վերաբերմունքում։ Ես չէի մտածում ավետարանի կամ իմ մասին և շատ հեռու էի երջանիկ լինելուց։ Ես ասացի ծնողներիս, որ ցանկանում եմ թողնել սեմինարիան։ Իսկ հետո գնացի դասարան։ Եվ իմ ուսուցիչը գիտեր իմ անունը, նույնիսկ, երբ ես այնտեղ նախկինում չէի եղել։ Մեր դասարանում տիրող հոգին դրական տրամադրությամբ լցրեց իմ օրը, և կյանքը մի փոքր ավելի լավը դարձավ։ Ես փոխեցի իմ սովորությունները, սկսեցի ավելի հաճախ այցելել եկեղեցի, կարդալ իմ սուրբ գրությունները և սկսեցի մտածել: Ավետարանի և իմ հանդեպ նրա սիրո և Քրիստոսի լույսի շնորհիվ, որը ես տեսա նրա մեջ, ես ցանկացա այդ լույսը և այդ սերը: Ես կավարտեմ սեմինարիան, կծառայեմ միսիայում և մի օր կամուսնանամ տաճարում, քանի որ իմ ուսուցիչը հրավիրեց Հոգին և ուսուցանեց Նրա հետ, ինչպես իր ամենօրյա զուգընկերը»:

Այժմ եզրափակելով, ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Տիրոջ և ձեզ համար: Ես երախտապարտ եմ Տիրոջ համապարփակ և անմիջական սիրո համար: Ես երախտապարտ եմ Նրա համբերության համար, մինչ ես ձգտում եմ սովորել այն դասերը, որոնք մենք այսօր քննարկեցինք։ Նրա սերը և կարեկցանքն օգնում են ինձ ավելի լավը դառնալ։ Եվ ես ուզում եմ, որ իմանաք, թե որքան շատ ենք սիրում ձեզ։ Մենք գնահատում ենք ձեր անխոնջ ծառայությունն այն մարդկանց, ում դուք ուսուցանում և օգնում եք։ Մենք գիտենք, թե որքան եք աղոթում նրանց համար, և ինչպես եք տառապում, երբ նրանք դժվարանում են, և ինչպես եք ուրախանում, երբ նրանք հաջողության են հասնում: Մենք գիտենք, որ դուք ունեք ձեր դժվարությունները և ամեն օր ապավինում եք Տիրոջը Նրա ուժի համար՝ ձեր և ձեր ընտանիքների համար: Հուսով ենք, որ դուք գիտեք, որ մենք աղոթում ենք ձեզ համար, և որ մենք սիրում ենք ձեզ:

Շարունակեք օգնել յուրաքանչյուր ուսանողի ճանաչել և սիրել Փրկիչին՝ օգնելով տեսնել Նրան թե՛ իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության, և թե՛ ձեր մեջ։ Ես աղոթում եմ, որ մենք պարզապես բարի լինենք, տեսնելով մարդկանց և ոչ թե խնդիրները, որ մենք կարողանանք օրհնել Երկնային Հոր ավելի շատ զավակների, որ մենք պակասեցնենք մեղադրանքները և օգնենք բոլորին զգալ, որ նրանք ունեն իրենց տեղը և ապագան Տիրոջ Եկեղեցում, որ մենք խրախուսենք մեր ուսանողներին ամբողջ կյանքում հետևել Փրկիչի ուսմունքներին՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, կառչելով ուխտի ճանապարհից, որ կարողանան ստանալ մեր Երկնային Հոր բոլոր օրհնությունները: Թող որ մենք օգնենք նրանց զգալ և ապավինել մեր Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի սիրուն։ Եվ երբեք չմոռանաք, որ «Քրիստոսի պատկերը [կարող է] փորագրվել ձեր դեմքի վրա: Եվ բոլոր գործնական նպատակների համար այդ դասարանում, այդ ժամանակ, և այդ արտահայտությամբ ու այդ ոգեշնչմամբ, դուք Նա եք և Նա դուք եք»:29

Հիսուս Քրիստոսի անունով. ամեն:

Հղումներ

  1. Տես Չաս Հ Վեբ, «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով» (Եկեղեցու կրթական համակարգի ամենամյա ուսուցման հեռարձակման ուղերձ, հունիսի 12, 2018թ․)։

  2. Տես Քիմ Բ․ Քլարկ․«Սովորեք ինձանից» (Երեկո Բարձրագույն Իշխանավորի հետ, հունվար 26, 2018):

  3. Boyd K. Packer, “The Ideal Teacher” (address to seminary and institute teachers, June 28, 1962), 5–6.

  4. Ա Կորնթացիս 13․2

  5. Ա Կորնթացիս 13․1

  6. Ա Կորնթացիս 13․4

  7. Ղուկաս 19․5–6, տես Ղուկաս 19․1–6։

  8. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Ուսուցանել և ուսանել Եկեղեցում», Ensign, հունիս, 2007թ, 102, Լիահոնա, հունիս 2007թ․, 70։

  9. Անձնական նամակագրություն

  10. Մորոնի 7.48

  11. Հենրի Բ. Այրինգ, «Մորմոնի Գիրքը կփոխի ձեր կյանքը», Ensign, փետ. 2004, 14, Լիահոնա, փետրվար 2004, 18։

  12. Տես Ա Հովհաննես 4.19:

  13. Մարկոս 5․32, շեշտադրումն ավելացված է։

  14. Մարկոս 5.34

  15. «Երբեք թույլ մի տվեք, որ այն խնդիրը, որը պետք է լուծվի, ավելի կարևոր դառնա, քան մարդը, որին պետք է սիրել» (Թոմաս Ս․ Մոնսոն, «Ուրախություն գտնենք ճանապարհին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 86)։

  16. Տես Հովհաննես 9․1-38։

  17. Վարդապետություն և Ուխտեր 88․125, շեշտադրումն ավելացված է:

  18. Հովհաննես 8․1–11:

  19. «Շատ մարդիկ ապաշխարությունը դիտարկում են որպես պատիժ, մի բան, որից պետք է խուսափել, բացառությամբ՝ առավել լուրջ հանգամանքների: Սակայն պատժի ենթարկվելու այս զգացմունքն առաջացնում է սատանան: Նա փորձում է խանգարել մեզ ապավինել Հիսուս Քրիստոսին, ով կանգնած է գրկաբաց՝ հուսալով և ցանկանալով բժշկել, ներել, մաքրել, զորացնել, մաքրագործել և սրբացնել մեզ։ …

    Ոչինչ ավելի ազատագրական, ավելի ազնվացնող կամ ավելի կարևոր չէ մեր անհատական առաջընթացի համար, քան կանոնավոր, ամենօրյա կենտրոնացումն ապաշխարության վրա: Ապաշխարությունը մեկ իրադարձություն չէ, այն գործընթաց է։ Այն բանալին է երջանկության և խաղաղ մտքի։ Զուգորդվելով հավատքի հետ, ապաշխարությունը հնարավորություն է տալիս օգտվել Հիսուս Քրիստոսի քավության զորությունից (Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել» Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 67)։

  20. Դեյլ Գ. Ռենլանդ, «Մեր Բարի Հովիվը», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2017թ․, 30:

  21. Եսայիա 61․1

  22. Տես «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2017թ․, 145։

  23. Բրիգամ Յանգի համալսարանի հետազոտողները բացահայտել են մի ուսուցչակազմ, որը շատ բարձր գնահատականներ է ստացել հոգևոր ամրացման և ինտելեկտուալ ընդլայնման հետազոտության հարցաշարից: Նրանք խնդրեցին պրոֆեսորներին կիսվել, թե ինչպես են սովորեցնում և համագործակցում ուսանողների հետ: Այդ ուսուցչակազմի պատմած տվյալների հիման վրա հետազոտողները ստեղծեցին 15 հարցանոց հարցաշար։ Այնուհետև նրանք այդ հարցումն ուղարկեցին մեծ թվով ուսանողների և խնդրեցին նրանց ցույց տալ, թե ուսուցչակազմի ո՞ր վարքագիծն է մեծ ազդեցություն ունենում նրանց հոգևոր ամրացման և ինտելեկտուալ ընդլայնման վրա: Հետազոտության համաձայն, ուսանողներն արձագանքեցին, որ այս արդյունքների թիվ մեկ գործոնն այն էր, որ ուսուցիչներն «արտահայտում էին, որ նրանք հավատում են ուսանողների ներուժին»: Ամենակարևոր վեցերորդ գործոնն ուսուցիչներն էին, «որոնք զգում և արտահայտում էին մտահոգություն և կարեկցանք ուսանողների համար»։ Այս հարցման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տես՝ Alan L. Wilkins and A. Jane Birch, “Spiritually Strengthening and Intellectually Enlarging Faculty: What Students Want,” Perspective, Spring 2017, 30–37։

  24. «Առաջին նախագահությունն կիսվում է ուղերձներով գերագույն համաժողովի ղեկավարների նիստից» ապրիլի 4, 2019թ․, mormonnewsroom.org։

  25. Տես Ռոնալդ Ա. Ռասբենդ, «Հիսուս Քրիստոսն է պատասխանը» (երեկո Բարձրագույն Իշխանավորի հետ, փետ. 8, 2019թ․), «Ինքնասպանություն․ հրահանգներ ծառայող ղեկավարների համար»։ Եկեղեցու “Hope and Help” էջը առաջարկում է միջոցներ, որոնք կօգնեն ուսուցիչներին մի շարք թեմաների շուրջ, ներառյալ՝ բռնությունը, կախվածությունը, պոռնոգրաֆիան, մահը, վիշտը և կորուստը, հաշմանդամությունը, ամուսնալուծությունը, հուզական և մտավոր առողջությունը, մորմոն և համասեռամոլ, հղի կին և ամուրի և ինքնասպանությունը:

  26. Հայտնություն 12.10

  27. Դ. Թոդ Քրիստոֆերսոն,[«Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում և խրատում եմ», Ensign և Լիահոնա, մայիս, 2011թ․,97:

  28. See Neil L. Andersen, “The Faith to Find and Baptize Converts” (seminar for new mission presidents, June 25, 2016).

  29. Boyd K. Packer, “The Ideal Teacher,” 6.