Ամենամյա հեռարձակումներ
Նրա սիրո լույսով


Նրա սիրո լույսով

Եկեղեցու կրթական համակարգի ուսուցման հեռարձակում • 2019, հունիսի 12 • Եկեղեցու գրասենյակի շենքի առաջին հարկի լսարան

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, անսահման ուրախ եմ այսօր ձեզ հետ լինելու համար։

Մենք շատ օրհնվեցինք՝ լսելով Եղբայր Չադի ելույթը: Զարմանալի է, թե որքան շատ է Տերը սիրում մեզ։ Սիրո այս թեման հուզեց Եղբայր Վեբի ու նաև իմ սիրտը: Հետաքրքիր է, ինչպես ենք մենք խոսում այդ մասին երկուսով: Հուսով եմ, որ դուք կկարողանաք մի քանի րոպե հատկացնել և գրի առնել որոշ տպավորություններ, որոնք այսօր կստանաք սիրո թեմայի շուրջ:

Կցանկանայի իմ մեծ երախտագիտությունն արտահայտել Երեց Քիմ Բ. Քլարկին և Եղբայր Չադ Վեբին իրենց մշտական, բարեպաշտ աղոթքներում Հոգու հուշումներին հետևելու համար, որոնք ուղղված են ամրացնելու մեր երիտասարդներին: Երբ մենք ստացանք ավետարանի տնակենտրոն ուսուցման շեշտադրման հորդորը, այս հավատարիմ եղբայրները հարցրեցին. «Երիտասարդներն ինչպե՞ս կարող են դառնալ տունը ամրապնդելու ավելի հրաշալի գործիքներ»: Դուք տեղյակ եք, թե ինչ տեղի ունեցավ հաջորդիվ: Ամբողջ աշխարհում նրանք աշխատեցին տասնմեկ տարբեր դպրոցների դասացուցակների միջոցով, որպեսզի սեմինարիայի դասընթացները հավասարեցնեն այն սուրբ գրության գրքի հետ, որն ամեն տարի օգտագործվում է Եկ, հետևիր ինձ ձեռնարկի ուսումնական ծրագրի համար: Այս ոգեշնչող փոփոխությունը իրոք հրաշք էր:

Ես հրճվում եմ, երբ պատկերացնում եմ, որ չափահաս երիտասարդները ավետարանի ճշմարտությունները իրենց դասերից տանում են իրենց տները: Նրանք վստահություն ձեռք կբերեն ոչ միայն իրենց սեփական հասկացողությամբ, այլև ավետարանով կիսվելու իրենց կարողությամբ: Լսելով իրենց սեփական ձայնը Փրկիչի ճշմարտության մասին հայտարարելիս, նրանք կշարունակեն ձեռք բերել հզոր վկայություն կառուցելու փորձառությունը:

Որքա՜ն երախտապարտ եմ ավետարանի մշտական վերականգնման և աճի այս հրաշալի ժամանակաշրջանի համար:

Կցանկանայի նաև իմ երախտագիտությունը հայտնել ամուսիններին, կանանց և ուրիշներին, ովքեր աջակցում են այս հրաշալի ուսուցիչներին. դու՛ք, որ հետևում եք դասերի գաղափարներին և ձեր անձնական պատմություններով կիսվում են ուրիշները (հուսով եմ ձեր թույլտվությամբ), ում խոհանոցներն ու ավտոտնակներն օգտագործվում են որպես առարկայական դասերի վայրեր: Հուսով եմ, դուք երբեք չեք թերագնահատում ձեր ազդեցությունը:

Ասում են, որ. «Ամուսնությունը, թերևս, ամենաանխուսափելին է բոլոր ուսուցողական իրավիճակներից: … Երբ մարդիկ ամուսնանում են, ինչ-որ իմաստով նրանք համաձայնվում են սովորել միմյանցից»:1 Իմ ամուսին Դերեկը իմ վստահելի ապավենն ու ազդեցությունն է, չնայած նա հազվադեպ է կանգնում իմ կողքին ուսուցման հնարավորությունների դեպքում: Երբ դուք միասին խորհրդակցեք և սովորեք, չափահաս երիտասարդները և նրանց ընտանիքները գոհ կլինեն ձեր ազդեցությունից: Դուք այս մեծ աշխատանքի շատ կարևոր մասն եք:

Այսօրվա իմ ուղերձը սկսվում է Երեխաների Միության հայտնի երգի տողով: Ես կսկսեմ, իսկ դուք ավարտեք: «Ցույց տուր ինձ»

«Նրա սիրո լույսով:»

«Ցույց տուր, ինչպես նրա սիրո լույսով քայլեմ»:2 Այս երկու սկզբունքները՝ լույսը և սերը, իմ մտավոր ուղեկիցներն են, երբ ես խորհում եմ այսօր միասին անցկացրած մեր ժամանակի մասին: Բառերի այս համակցությունը կա նաև Նախագահ Հենրի Բ. Այրինգի ելույթի առաջին տողում. «Այսօր ես հույս եմ տածում, որ մենք բոլորս կզգանք Աստծո սերն ու լույսը»:3 Ինչպիսի պարզ, այնուամենայնիվ, հզոր ցանկություն է ցանկացած դասը սկսելու համար: Հուսով եմ, որ յուրաքանչյուր ուսանող կզգա Աստծո սերն ու լույսը: Մեծ հավերժական խոստումներ են պահված նրանց ու նրանց ընտանիքների համար, երբ նրանք զգան Նրա լույսն ու սերը:

Ես հարցրի իմ որդի Դալլինին. «Ի՞նչն էր կարևոր քեզ համար սեմինարիայում»: Ես ակնկալում էի, որ նա կպատասխաներ՝ Վարդապետության սերտումը կամ Մորմոնի Գիրքը: Ես զարմացա, լսելով նրա խորամիտ պատասխանը:

«Ուսուցիչները»:

«Ուսուցիչնե՞րը»: Հարցրի ես:

Նա պատասխանեց. «Կային մի քանի ուսուցիչներ, որոնք, կարող եմ ասել, իրոք սիրում էին մեզ»:

Այս փորձառությունը ինձ համար հաստատեց այն տևական ազդեցությունը, որ սերը կարող է ունենալ անհատների սրտերի վրա:

Դուք վայելում եք Եկեղեցու հրաշալի երիտասարդներին ու չափահաս երիտասարդներին ուսուցանելու ուրախությունը և Աստծո սիրո մասին նրանց վկայելու ուրախությունը: Ես սիրում եմ նրանց և գիտեմ, որ դուք ևս, սիրում եք նրանց: Հիրավի, ինչպես Նախագահ Նելսոնն է ասել. «Նրանք մեր Երկնային Հոր «ազնվազարմ հոգիներն են, … Նրա հրաշալի թիմը՝ [պահպանված] այս վերջնական փուլի համար»:4

Մի քանի տարի առաջ ես մի կարճ ժամանակով ծառայեցի որպես սեմինարիայի ուսուցիչ: Ես սիրով եմ հիշում ձեզ և քիչ բան եմ հասկանում ձեր պարտականություններից: 2008թ.-ին ես կանչվեցի որպես վաղ առավոտյան սեմինարիայի ուսուցիչ Յուտայում: Երբ ցցի նախագահը կանչեց ինձ, ես մտածեցի. «Մի՞թե նրանք Յուտայում մարդիկ չունեն, որոնք ուսուցանում են լրիվ դրույքով»: Բարեբախտաբար, ես չբարձրաձայնեցի իմ խոհերը, և հայտնվեցի այսպիսի իրավիճակում՝ բանալիների խրձով և ամեն առավոտ 5:45 սեմինարիայի շենքի դուռը բացելու պարտականությամբ: Կարո՞ղ եմ ուղղակի ասել, որ Յուտայի ձմեռները ցուրտ են առավոտյան 5:45-ին:

Սեմինարիայում իմ ուսուցման փորձառության ժամանակ ես ինձ համար հաստատեցի, թե Տերը որքան շատ է սիրում Իր յուրաքանչյուր ուսանողին: Ես հասկացա, թե որքան երջանիկ են որոշ ուսանողներ, քանի որ ունեն հավատարիմ, սիրող ծնողներ: Ես նաև խորապես ճանաչեցի այն երիտասարդներին, ովքեր չեն ստանում այն սերն ու ուշադրությունը, որի կարիքը նրանք ունեն և հուսահատ ցանկանում են այն: Մեր երիտասարդ ամուրիները ևս ունեն այդպիսի սիրո մեծ կարիքը:

Ես ընդունեցի, ես ընդունում եմ, որ ուսուցիչների ամենակարևոր առանձնահատկություններից մեկը սիրելու կարողությունն է, սերը, որի մասին խոսել է Հովհաննես ավետարանիչը. «Սիրելիներ, իրար սիրենք, որ սէրն Աստուածանից է. Եւ ամեն ով որ սիրում է Աստուածանից է ծնուած, եւ ճանաչում է Աստուծուն։ Նա որ չէ սիրում, Աստուծուն չէ ճանաչել. որովհետեւ Աստուած սէր է»։5

Որպես ուսուցիչներ, մեր կարևոր նպատակը պետք է լինի մեծացնել Աստծո հանդեպ մեր սերը, ապա փոխանցել Աստծո սերը այն երիտասարդներին և չափահաս երիտասարդներին, ում մենք կանչված ենք ուսուցանել:

Հսկայական ուժ կա Աստծո սիրո մեջ: Ես կկամենայի խոսել այս սիրո երեք հստակ դրսևորումների մասին՝ սերը մեր կյանքում, սերը մեր տներում և սերը մեր դասարաններում:

Առաջինը՝ սիրո ուժն է մեր անձնական կյանքում: Անհրաժեշտ է, որ ինքներս հավատանք ու վստահենք, որ Աստված սիրում է մեզ: Մեր ուսանողները մեր միջոցով չեն զգա Տիրոջ սերը, եթե մենք առաջինը չզգանք Տիրոջ սերը մեր մեջ: Ես հիանում եմ այս սուրբ գրությունով. «Աստված այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»:6 Արդյո՞ք մենք խորհում ենք ու զգում ենք այս սիրո մեծությունը: Ես երբեմն մտածում եմ՝ արդյո՞ք մենք ձգտում ենք բավականաչափ զգալ այդ սերը: Արդյո՞ք մենք գիտենք, թե ով ենք մենք և ու՞մ ենք պատկանում:7 Ես հրավիրում եմ ձեզ դիմել Նրան խոնարհ, անկեղծ աղոթքով՝ օգնություն խնդրելով Նրա աստվածային սերը ձեր հանդեպ զգալու համար:

Նկար
Քրիստոսը Գեթսեմանի պարտեզում

Copyright Simon Dewey 2019 Permission Altus Fine Art

Քանի որ աշխարհը վատթարանում է, շեղվում է և պահանջում է, ապա հեշտ է մեկուսանալ և անգիտակցաբար դադարել մտածել մեր ընտրությունների և գործողությունների մասին: Անհրաժեշտ է, որ մենք ջանասիրաբար մեզ վրա վերցնենք Նրա լուծը8 և ձգտենք զգալ Նրա սերը: Երբ մենք գործադրենք այս ջանքերը, Նա առատությամբ կհեղի Իր սերը:

Երկրորդ՝ Աստծո սերը պետք է մշտապես ներկա լինի մեր տներում: Թույլ տվեք մի պատմությունով լուսաբանել այս սկզբունքը։ Մի երեկո ես և իմ ամուսինը՝ Դերեկը, չկարողացանք համաձայնության գալ մի հարցի շուրջ: Մենք պառկեցինք քնելու առանց որոշում կայացնելու, սակայն ես գիտեի, որ ճիշտ եմ:

Հաջորդ առավոտյան ես ծնկի իջա աղոթելու, խնդրելով, որ Հոգին ինձ հետ լինի, երբ պատրաստվեմ ուսուցանել սեմինարիայի դասը: Ես խնդրեցի, որ երիտասարդներն իմ միջոցով զգան Տիրոջ սերը: Մինչ ես պատրաստվում էի այդ օրվան, իմ միտքը բազմիցս անդրադարձավ նախորդ երեկոյի անհամաձայնությանը: Երբ հպարտությունը սրտումս նստեցի մեքենան, իմանալով, որ ճիշտ էի, ես տրամաբանորեն հիմնավորեցի, որ կարող եմ դեռևս ուսուցանել և սիրել Հոգով: Ես շարունակեցի աստվածային առաջնորդություն փնտրել, մինչ վարում էի մեքենան դեպի սեմինարիայի շենքը: Ամբողջ ճանապարհին, իմ արտահայտված և ինքնավստահ արդարացումներով, ես շարունակ փորձում էի խլացնել Հոգու համառ ձայնը: Սակայն, որքան էլ որ լավ լինեին իմ արդարացումները, հոգին շշնջում էր. «Վերադարձի՛ր: Ներողություն խնդրիր։ Նշանակություն չունի, թե ով է ճիշտ, ապաշխարիր և շտկիր իրավիճակը»:

«Լա՛վ»: Վերջապես ես դժկամորեն մեղմացա և շրջեցի ավտոմեքենան: Մտնելով ննջասենյակ, տեսա, որ ժամացույցը ցույց էր տալիս 5:20, և իմ թանկագին Դերեկը քնած էր: Իմ սիրտը սկսեց փափկել, երբ ես ներս մտա. «Դերեկ, ներիր ինձ երեկվա համար»: Իրեն բնորոշ խաղաղությամբ, Դերեկն ասաց. «Ես արդեն ներել եմ ու մոռացել»: Սիրտս լցվեց սիրով, և ես զգացի Տիրոջ անսահման ողորմածությունը։

Այդ օրը դասարանը լցված էր սիրով ու Հոգով: Մեր տան սերը ազդեցություն ունի նաև պատերից դուրս:

Երրորդ՝ սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչներն Աստծո սիրով կիսվելու հատուկ հնարավորություն ունեն: Ձեր դասը հնարավորություն է տալիս սիրել անհատներին: Ես ուսուցանեցի ոչ թե 34 հոգանոց դասարանին, այլ ուսուցանեցի 34 անհատի: Կարծում եմ, դա այն սերն է, որը զգացել էր իմ որդի Դալլինը՝ ոչ թե պարզապես սեր ողջ դասարանի համար, այլ անհատապես ճանաչված և սիրված լինելու զգացումը: Քանի որ այդպես է սիրում Երկնային Հայրը: Որպեսզի իրոք սիրենք մեր ուսանողներին, մենք պետք է տեսնենք նրանց այնպես, ինչպես Փրկիչն է տեսնում: Ի՞նչն է Նրան դուր գալիս նրանցից յուրաքանչյուրի մեջ: Ի՞նչ պարգևներ է Նա տվել նրանց: Ի՞նչ ներուժ է Նա տեսնում նրանց մեջ: Իսկապես սիրելով նրանց, մենք նրանց կօգնենք և կբերենք Փրկիչի մոտ:

Նկար
սեմինարիայի դասարան

Երբ հիշում ենք, որ Քրիստոսն է ողջ սիրո աղբյուրը, մենք դիմում ենք Նրան, որպեսզի զգանք աճող սերը մեր անձնական կյանքում, սերը մեր տներում և իսկապեսզգանք սերը մեր դասարաններում: Մենք չենք կարող սեր ստեղծել, սերը գալիս է միայն Նրանից դեպի մեզ և հաղորդվում է մեր միջոցով: Մորոնին ուսուցանում է.«Աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են»։9 Ես աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն ընդունի Մորոնիի հրավերը։

Նախագահ Այրինգը հրավիրում էր զգալ «թե՛ Աստծո սերը, թե՛ Աստծո լույսը»:10 Հեշտ է մեկտեղել սերն ու լույսը, երբ մենք հիշում ենք, որ Նա ոչ միայն ամբողջ սիրո աղբյուրն է, այլև Նա է լույսը: Հիսուս Քրիստոսն Ինքը վկայել է.«Ես եմ լույսն ու կյանքն աշխարհի»:11 Երբ ավելի ենք մոտենում Նրան, Նա մեզ համար բացահայտում է ավելի շատ լույս, ճշմարտություն և սեր:

Այժմ, եկեք հակիրճ անդրադառնանք սիրո երեք ոլորտներին, որոնք մենք քննարկեցինք և խոսենք սիրո ու լույսի ազդեցության մասին:

  • Ինչպիսի՞ լույս եք ստացել, երբ զգացել եք Աստծո սերը ձեր կյանքում: Ինչպիսի՞ հասկացողություն և գաղափար եք ձեռք բերել:

  • Ինչպե՞ս է աճել ձեր ամուսնությունը և ձեր ընտանիքը, երբ զգացել եք Աստծո սերն ու աճող լույսը:

  • Ինչպիսի՞ լույս կստանան ձեր դասարանի ուսանողները, երբ նրանք զգան Աստծո սերը ձեր միջոցով: Նրանք ինչպե՞ս կաճեն ու կփոխվեն:

  • Ինչպիսի՞ խավարը կանհետանա, երբ նրանք սկսեն անձամբ ճանաչել և փնտրել լույսը:

    Նկար
    Քրիստոսի լույսը

    Copyright Simon Dewey 2019 Permission Altus Fine Art

Զարմանալի չէ, որ մեր մարգարե, Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրել է մեզ «մեծացնել [մեր] հոգևոր կարողությունը հայտնություն ստանալու համար»:12 Երբ մենք զգում ենք Աստծո սերը, լցվում ենք Նրա լույսով և հույսով: Երբ մենք փնտրում ենք Աստծո լույսն ու ոգեշնչումը, մենք զգում ենք Նրա մեծ սերը: Ինչպիսի՜ հզոր համադրություն:

Իմ վաղ առավոտյան ուսուցողական փորձառությունը մի հավատարիմ մարդու հետ էր, ում անունն է Ջոն Լունդ: Այս հոգևոր (և ֆիզիկական) հսկան ինձ որոշ բաներ ուսուցանեց սիրո և լույսի միջև կապի մասին: Թույլ տվեք այսօր ձեզ հետ կիսվել երկու օրինակներով:

Նկար
Քույր Քորդոնը և Ջոն Լանդը

Մեր վաղ առավոտյան սեմինարիայի ուսանողներից մեկի հետ երբեմն դժվարություններ էի ունենում: Իմ արձագանքը թերևս այն էր, որ, երբեմն, փախցնում էի աչքերս: Սակայն Ջոնն ընտրեց սիրել և փնտրեց լույսը: Երբ մենք հանդիպեցինք՝ խորհրդակցելու այս հատուկ ուսանողի համար, Ջոնը սկսեց՝ ասելով. «Երեկ երեկոյան ես աղոթում էի նրա համար»: Այսպիսի սկիզբը՝ համարյա պատճառաբանված հայտարարությունը, ստիպեց ինձ դադար տալ: Ջոնը մտածել է այս տղայի մասին տանը, որտեղ առատ սեր կար, և հարցրել էր Երկնային Հորը, թե ինչպես կարող էր ավելի լավ ճանաչել ու հասկանալ այս ուսանողին: Որպեսզի սիրենք մեր ուսանողներին, հատկապես սիրենք այնպես, ինչպես Տերն է սիրում նրանց, պահանջվում է փնտրել ու գործել ըստ հայտնության:

Հաջորդ պատմությունը ես կպատմեմ Ջոնի բառերով.

«Տերն իրոք ճանաչում է Իր ուսանողներին: Ես հիշում եմ մի երիտասարդի, ով մաքառումների մեջ էր: Երկար ամիսներ ես փորձում էի անտեսել նրա ծաղրական մեկնաբանությունները, բայց ազնվորեն ասած, նա ձանձրացրել էր ինձ:

Ես պատրաստել էի մի դաս և իրոք ոգևորված էի, թե ինչպես էր ամեն բան համընկնում: Ես նույնիսկ գտել էի մի առարկայական դաս, որը հրաշալի էր լինելու: Երբ հասա սեմինարիայի շենքը, Հոգին հուշեց ինձ. «Ջո՛ն, դու պետք է ուսուցանես աղոթքի մասին»: Աղոթքի՞: Ես իրոք ցանկանում էի ուսուցանել իմ հրաշալի դասը: Ես դաս չէի պատրաստել աղոթքի մասին:

Ես կանգնեցի դասարանի առաջ և ասացի. «Ես չգիտեմ, թե ով ունի սրա կարիքն այսօր, բայց ես պատրաստվում եմ փոխել դասը: Ինչ-որ մեկն այս սենյակում կարիք ունի, որ բոլորս խոսենք աղոթքի մասին: Այս պարզ դասը սկսվեց մի հարցով. «Մենք ինչո՞ւ ունենք աղոթքի կարիքը»:

Այդ երեկո Ջոնի դուռը թակեցին: Նրա դռան մուտքի մոտ կանգնած էր ինչ-որ մեկը, ով պատմել է այս պատմության մնացած մասը։ Ըստ երևույթին, նախորդ երեկոյան Ջոնի դժվար ուսանողի ընկերուհին խնդրել էր նրան աղոթել՝ իմանալու՝ արդյո՞ք Եկեղեցին ճշմարիտ է: Նրա հրավերը, որին այժմ միացել էր Եղբայր Ջոնի անսպասելի դասը աղոթքի մասին, ստիպել էին այս երիտասարդ տղամարդուն գործել: Ժամանակի ընթացքում Ջոնը վկա եղավ փոփոխություններին, որոնք կատարվում էին իր ուսանողի հետ, երբ նա ամուր վկայություն էր ձեռք բերում վերականգնված ավետարանի մասին և, ի վերջո, տաճարում կնքվեց իր հավատարիմ և քաջալերող ընկերուհու հետ:

Մենք հազվադեպ ենք հասկանում, թե այդպիսի տպավորություններն ինչպես են գալիս, բայց եթե մենք վստահենք այն սիրուն, որ Տերն ունի մեր ուսանողների հանդեպ, մենք կարող ենք գործել համաձայն հզոր հայտնության և տանք Նրա լույսը Նրա սիրելի զավակներին:

Երբ մենք հայտնություն ենք փնտրում, որպեսզի սիրենք՝ ինչպես Աստված է սիրում, մենք ուղղորդվում ենք հասնել և ուսուցանել յուրաքանչյուր ուսանողի անհատապես: Արդյունքը շատ անհատական է: Տերը ցույց է տվել այս անհատական մոտեցումը Նեփիի հանդեպ, երբ նա ձգտում էր ձեռք բերել թիթեղները: Նեփին վկայել է. «Եվ ես առաջնորդվում էի Հոգու կողմից՝ նախապես չիմանալով բաները, որոնք պետք է անեի: Այնուամենայնիվ ես առաջ գնացի»:13

Նկար
Նեփին պատրաստվում է սպանել Լաբանին

Լաբանը թույլ չէր տալիս Նեփիին վերցնել թիթեղները: Տերը հրահանգեց Նեփիին՝ սպանել Լաբանին: Մեծ տառապանքի գնով նա հնազանդվեց: Այդ նույն երեկո Զորամը նույնպես թույլ չտվեց Նեփիին վերցնել թիթեղները: Ուստի ինչո՞ւ Զորամի դեպքում Նեփին չկիրառեց նույն հայտնությունը, որը ստացել էր Լաբանի վերաբերյալ: Ինչո՞ւ Նեփին կրկին պատյանից չհանեց իր սուրը:

Տերը ճանաչում էր Զորամին, Իսկ Նեփին ճանաչում էր Տիրոջը և վստահում էր Հոգու առաջնորդությանը: Տերը գիտեր, որ Զորամը «ճշմարիտ ընկեր կլին[եր] … Նեփիի համար»:14 Մի՞թե մենք երախտապարտ չենք այն բանի համար, որ Նեփին սկզբում փնտրեց անհատական հայտնություն՝ «առաջնորդվելով Սուրբ Հոգով»:15

Նկար
Զորամ

Ուսուցչի համար կարող է դժվար լինել պատասխանատվություն կրել յուրաքանչյուր ուսանողի համար, որ զգա Աստծո սերը և հայտնություն ստանա այն մասին, թե ինչպես օգնել յուրաքանչյուր անհատի: Սփոփիչ է, երբ մեր կոչման և պարտականության մասին մտածում ենք որպես ընկերակցություն Քրիստոսի հետ:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հրավիրել է մեզ «աշխատել կողք կողքի՝ այգու Տիրոջ հետ, տալով Աստծուն և մեր Հորը մեր օգնող ձեռքը Նրա փայլուն հանձնարարության մեջ՝ պատասխանել աղոթքներին, մխիթարել, սրբել արցունքները և ամրապնդել թուլացած ծնկները: Եթե այդպես անենք, ավելի նման կլինենք Քրիստոսի ճշմարիտ աշակերտներին [և ուսուցիչներին], ինչպիսին պիտի լինենք»:16

Մեր երիտասարդներն ու չափահաս երիտասարդները պետք է զգան, իմանան և վստահեն Տիրոջ սիրուն և լույսին: Երբ դուք թույլ տաք, ձեր ուսանողները կստանան Փրկիչի սերը ձեր միջոցով: Եվ երբ ուսանողները զգան նրա սերը, նրանք կսկսեն ճանաչել և ստանալ անձնական հայտնություն: Նրանք կբացահայտեն, թե ինչ է նշանակում՝ «քայլել նրա սիրո լույսով»:17 Ես վկայում եմ, որ այդ սերն ու լույսը կօգնեն նրանց նմանվել մեր Երկնային Հորը և մեր սիրելի Փրկիչին և ուխտի արահետով վերադառնալ Նրանց մոտ: Այդ մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։