Գլուխ 8
Ալման քարոզում է և մկրտում Մելեքում – Նա մերժվում է Ամմոնիայում ու հեռանում է – Հրեշտակը պատվիրում է նրան վերադառնալ և ապաշխարություն աղաղակել ժողովրդին – Նա ընդունվում է Ամուղեկի կողմից և նրանք երկուսով քարոզում են Ամմոնիայում: Մոտ 82թ. Ք.ծ.ա.:
1 Եվ արդ, եղավ այնպես, որ Ալման վերադարձավ Գեդեոնի երկրից, Գեդեոնի ժողովրդին շատ բաներ սովորեցնելուց հետո, որոնք չեն կարող գրվել, հաստատած լինելով եկեղեցու կարգը, ինչպես որ նա արել էր մինչ այդ Զարահեմլայի երկրում, այո, նա վերադարձավ իր սեփական տունը Զարահեմլայում՝ հանգստանալու այն գործերից, որոնք նա կատարել էր:
2 Եվ այսպես վերջացավ Նեփիի ժողովրդի վրա դատավորների կառավարման իններորդ տարին:
3 Եվ եղավ այնպես, Նեփիի ժողովրդի վրա դատավորների կառավարման տասներորդ տարվա սկզբում, Ալման հեռացավ այնտեղից և կրկին ձեռնարկեց իր ճամփորդությունը դեպի Մելեքի հողը՝ Սիդոն գետի արևմտյան ափը, դեպի արևմուտք՝ անապատի սահմաններին մոտիկ:
4 Եվ նա սկսեց սովորեցնել ժողովրդին Մելեքի երկրում, համաձայն Աստծո սուրբ կարգի, որով նա կանչված էր. և նա սկսեց սովորեցնել ժողովրդին ամենուրեք՝ Մելեքի ողջ երկրում:
5 Եվ եղավ այնպես, որ ժողովուրդը եկավ նրա մոտ ամեն կողմից՝ երկրի բոլոր սահմաններից, որը մոտ էր անապատի կողմին: Եվ նրանք մկրտվեցին ողջ երկրով մեկ.
6 Այնպես որ, երբ նա վերջացրեց իր աշխատանքը Մելեքում, նա հեռացավ այնտեղից, և ճանապարհորդեց երեք օրվա ճանապարհ Մելեքի երկրից դեպի հյուսիս. և նա եկավ մի քաղաք, որը կոչվում էր Ամմոնիա:
7 Արդ, Նեփիի ժողովրդի սովորույթն էր կոչել իրենց երկրները, և իրենց քաղաքները, և իրենց գյուղերը, այո, նույնիսկ բոլոր իրենց փոքր գյուղերը նրա անունով, որն առաջինն էր տիրացել դրանց. և դա այդպես էր Ամմոնիա երկրի հետ:
8 Եվ եղավ այնպես, որ երբ Ալման եկավ Ամմոնիա քաղաքը, նա սկսեց նրանց քարոզել Աստծո խոսքը:
9 Արդ, Սատանան մեծ ազդեցություն էր ձեռք բերել Ամմոնիա քաղաքի ժողովրդի սրտերի վրա. հետևաբար, նրանք չէին կամենում ականջ դնել Ալմայի խոսքերին:
10 Այնուամենայնիվ, Ալման շատ տքնեց հոգով, գոտեմարտելով Աստծո հետ հզոր աղոթքում, որպեսզի նա դուրս թափի իր Հոգին ժողովրդի վրա, ովքեր քաղաքում էին. որպեսզի նա նաև թույլ տա, որ նա կարողանա մկրտել նրանց ապաշխարության համար:
11 Սակայն նրանք կարծրացրեցին իրենց սրտերը՝ ասելով նրան. Ահա, մենք գիտենք, որ դու Ալման ես. և մենք գիտենք, որ դու քահանայապետ ես եկեղեցու վրա, որը դու հիմնադրել ես երկրի շատ մասերում, ըստ քո ավանդության. և մենք քո եկեղեցուց չենք ու չենք հավատում այդպիսի հիմար ավանդությունների:
12 Եվ արդ, մենք գիտենք, որ քանի որ մենք քո եկեղեցուց չենք, մենք գիտենք, որ դու իշխանություն չունես մեզ վրա. և դու հանձնել ես դատավորի աթոռը Նեփիային. հետևաբար, դո՛ւ չես գլխավոր դատավորը մեզ վրա:
13 Արդ, երբ ժողովուրդն ասաց այս, և դեմ կանգնեց բոլոր նրա խոսքերին, և անարգեց նրան, և թքեց նրա վրա, և ստիպեց, որ նա դուրս գցվի իրենց քաղաքից, նա հեռացավ այնտեղից ու ձեռնարկեց իր ճամփորդությունը դեպի քաղաքը, որը կոչվում էր Ահարոն:
14 Եվ եղավ այնպես, որ մինչ նա ճամփորդում էր դեպի այդ տեղը, կքված լինելով վշտից, անցնելով շատ նեղությունների ու հոգու տվայտանքի միջով՝ ժողովրդի ամբարշտության պատճառով, ովքեր Ամմոնիա քաղաքում էին, եղավ այնպես, մինչ Ալման այսպես տառապանքից կքված էր, ահա, Տիրոջ հրեշտակը հայտնվեց նրան՝ ասելով.
15 Օրհնվա՛ծ ես դու, Ալմա. հետևաբար, բարձրացրու գլուխդ և ուրախացիր, քանզի դու մեծ պատճառ ունես ուրախանալու. քանի որ դու հավատարիմ եղար Աստծո պատվիրանները պահելիս այն ժամանակից ի վեր, երբ դու ստացար քո առաջին պատգամը նրանից: Ահա ես նա եմ, որ հանձնեց դա քեզ:
16 Եվ, ահա ես ուղարկված եմ՝ պատվիրելու քեզ, որ դու վերադառնաս Ամմոնիա քաղաքը և նորից քարոզես քաղաքի ժողովրդին. այո, քարոզի՛ր նրանց: Այո, ասա նրանց՝ եթե նրանք չապաշխարեն, Տեր Աստված կկործանի նրանց:
17 Քանզի, ահա նրանք ջանում են այս պահին, որ կարողանան կործանել քո ժողովրդի ազատությունը (քանզի այսպես է ասում Տերը), որը հակառակ է այն կանոններին և դատաստաններին, և պատվիրաններին, որոնք նա տվել է այս ժողովրդին:
18 Արդ, եղավ այնպես, որ հետո, երբ Ալման ստացավ իր պատգամը Տիրոջ հրեշտակի կողմից, նա շտապ վերադարձավ Ամմոնիա երկիրը: Եվ նա մտավ քաղաք մեկ այլ ճանապարհով, այո, ճանապարհով, որն Ամմոնիա քաղաքի հարավում է:
19 Եվ երբ նա մտավ քաղաք, նա անոթի էր, և նա ասաց մի մարդու. Կտա՞ս Աստծո խոնարհ ծառային որևէ բան ուտելու:
20 Եվ մարդն ասաց նրան. Ես Նեփիացի եմ, և ես գիտեմ, որ դու Աստծո մի սուրբ մարգարե ես, քանի որ դու ես այն մարդը, ում մասին հրեշտակն ասաց տեսիլքում. Դու պետք է ընդունես: Հետևաբար, գնանք ինձ հետ իմ տուն, և ես քեզ բաժին կհանեմ իմ ուտելիքից. և ես գիտեմ, որ դու օրհնություն կլինես իմ և իմ տան համար:
21 Եվ եղավ այնպես, որ մարդն ընդունեց նրան իր տանը. և մարդուն կոչում էին Ամուղեկ, և նա դուրս բերեց հաց ու միս և դրեց Ալմայի առջև:
22 Եվ եղավ այնպես, որ Ալման հաց կերավ ու կշտացավ. և նա օրհնեց Ամուղեկին ու նրա տունը և գոհություն հայտնեց Աստծուն:
23 Եվ հետո, երբ նա կերել էր ու կշտացել, նա ասաց Ամուղեկին. Ես Ալման եմ և քահանայապետն եմ Աստծո եկեղեցու վրա ողջ երկրում:
24 Եվ ահա, ես կանչվել եմ՝ քարոզելու Աստծո խոսքը բոլոր այս ժողովրդի մեջ, համաձայն հայտնության և մարգարեության ոգու. և ես այս երկրում էի, և նրանք չկամեցան ընդունել ինձ, այլ նրանք դուրս գցեցին ինձ, և ես մոտ էի մեջքս դարձնելուն դեպի այս երկիրը, հավիտյան:
25 Բայց, ահա ինձ պատվիրվել է, որ ես կրկին ետ դառնամ և մարգարեանամ այս ժողովրդին, այո, և վկայեմ նրանց դեմ՝ իրենց անօրինությունների վերաբերյալ:
26 Եվ արդ, Ամուղե՛կ, քանի որ դու կերակրեցիր ինձ ու ներս առար, դու օրհնված ես. քանզի ես անոթի էի, քանի որ ծոմ էի պահել շատ օրեր:
27 Եվ Ալման մնաց շատ օրեր Ամուղեկի հետ մինչև նա սկսեց քարոզել ժողովրդին:
28 Եվ եղավ այնպես, որ մարդիկ դարձան ավելի ծայրահեղ իրենց անօրինություններում:
29 Եվ խոսքը եկավ Ալմային՝ ասելով. Գնա. և ասա նաև իմ ծառա Ամուղեկին. առաջ գնա և մարգարեացիր այս ժողովրդին՝ ասելով. Ապաշխարեք, քանզի այսպես է ասում Տերը, եթե դուք չապաշխարեք, ես կայցելեմ այս ժողովրդին իմ բարկության մեջ. այո, և ես մեկդի չեմ դարձնի իմ կատաղի բարկությունը:
30 Եվ Ալման գնաց առաջ, և Ամուղեկը նույնպես, ժողովրդի մեջ, հայտարարելու Աստծո խոսքը նրանց. և նրանք լցված էին Սուրբ Հոգով:
31 Եվ նրանք ունեին զորություն՝ տրված իրենց, այնպես որ նրանք չէին կարող բանտարկվել գուբերում. ոչ էլ հնարավոր էր, որ որևէ մարդ կարողանար սպանել նրանց. սակայն նրանք չէին գործածում իրենց զորությունը, մինչև նրանք կապվեցին կապերով և գցվեցին բանտ: Արդ այս արվեց, որ Տերը կարողանար ի ցույց դնել իր զորությունը նրանց մեջ:
32 Եվ եղավ այնպես, որ նրանք առաջ գնացին, և սկսեցին քարոզել, և մարգարեանալ ժողովրդին՝ համաձայն ոգու ու զորության, որ Տերը տվել էր նրանց: