Գլուխ 15
Հիսուսը հայտարարում է, որ Մովսեսի օրենքը կատարվել է իրենով – Նեփիացիներն ուրիշ ոչխարներն են, որոնց մասին նա խոսեց Երուսաղեմում – Անօրինության պատճառով, Տիրոջ ժողովուրդը Երուսաղեմում, չգիտի Իսրայելի ցրված ոչխարների մասին: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:
1 Եվ այժմ եղավ այնպես, որ երբ Հիսուսն ավարտեց այս խոսքերը, նա աչք ածեց շուրջբոլորը բազմության վրա, և ասաց նրանց. Ահա՛ դուք լսեցիք այն բաները, որոնք ես սովորեցրեցի, մինչև իմ Հոր մոտ համբարձվելը. ուստի, ով որ հիշի իմ այս խոսքերը և կատարի դրանք, նրան ես կբարձրացնեմ վերջին օրը:
2 Եվ եղավ այնպես, որ երբ Հիսուսն ասաց այս խոսքերը, նա զգաց, որ նրանց մեջ կային ոմանք, ովքեր ապշած էին ու զարմացած, թե ինչ էր կամենում նա Մովսեսի օրենքի առնչությամբ. քանզի նրանք չէին հասկացել այն խոսքը, թե հին բաներն անցել են, և որ բոլոր բաները դարձել են նոր:
3 Եվ նա ասաց նրանց. Մի՛ ապշեք, որ ես ասացի ձեզ, որ հին բաներն անցել են, և որ բոլոր բաները դարձել են նոր:
4 Ահա, ես ասում եմ ձեզ, որ օրենքը կատարվել է, որը տրված էր Մովսեսին:
5 Ահա, ես եմ նա, որ տվեց օրենքը, և ես եմ նա, որն ուխտեց իմ Իսրայել ժողովրդի հետ. ուստի օրենքն ինձանով կատարված է, քանզի ես եկել եմ՝ օրենքը կատարելու. հետևաբար այն վերջանում է:
6 Ահա, ես չեմ ջնջում մարգարեներին, քանզի այն ամենն ինչ չի կատարվել ինձանում, ճշմարիտ եմ ասում ձեզ, բոլորը պիտի կատարվի:
7 Եվ քանի որ ես ասացի ձեզ, որ հին բաներն անցել են, ես չեմ ջնջում այն, ինչ խոսվել է այն բաների վերաբերյալ, որոնք պիտի գան:
8 Քանզի ուխտը, որը ես արել եմ իմ ժողովրդի հետ, ամբողջը չի կատարվել. բայց օրենքը, որը տրված էր Մովսեսին, վերջանում է ինձանում:
9 Ահա, ես եմ օրենքը, և լույսը: Նայեք ինձ, և համբերեք մինչև վերջ, և դուք կապրեք. քանզի նրան, որ համբերում է մինչև վերջ, ես հավերժական կյանք կտամ:
10 Ահա, ես տվել եմ ձեզ պատվիրանները. ուստի, պահեք իմ պատվիրանները: Եվ այս է օրենքը և մարգարեները, քանզի նրանք ճշմարտացիորեն վկայեցին իմ մասին:
11 Եվ այժմ եղավ այնպես, որ երբ Հիսուսը խոսեց այս խոսքերը, նա ասաց այն տասներկուսին, որոնց նա ընտրել էր.
12 Դուք իմ աշակերտներն եք. և դուք լույս եք այս ժողովրդի համար, ովքեր Հովսեփի տան մի մնացորդ են:
13 Եվ ահա, այս է ձեր ժառանգության հողը. և Հայրն է տվել դա ձեզ:
14 Եվ ոչ մի անգամ Հայրն ինձ չի տվել պատվիրան, որ ես դա ասեի ձեր եղբայրներին Երուսաղեմում:
15 Ոչ էլ երբևէ Հայրը պատվիրան է տվել, որ ես ասեի նրանց Իսրայելի տան մյուս ցեղերի մասին, որոնց Հայրը տարել էր երկրից դուրս:
16 Այսքանն էր Հայրը պատվիրել ինձ, որ ես ասեի նրանց.
17 Որ ուրիշ ոչխարներ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց նույնպես ես պիտի բերեմ, և նրանք կլսեն իմ ձայնը. և կլինի մեկ հոտ և մեկ հովիվ:
18 Եվ արդ, խստապարանոցության և անհավատության պատճառով նրանք չհասկացան իմ խոսքը. ուստի Հոր կողմից ինձ պատվիրվեց այլևս նրանց ոչինչ չասել այս բանի վերաբերյալ:
19 Բայց, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Հայրը պատվիրել է ինձ, և ես ասում եմ ձեզ, որ դուք առանձնացվել եք նրանց միջից՝ նրանց անօրինության պատճառով. հետևաբար, նրանց անօրինության պատճառով է, որ նրանք չգիտեն ձեր մասին:
20 Եվ ճշմարիտ եմ ասում ձեզ կրկին, որ մյուս ցեղերին Հայրն առանձնացրել է նրանցից. և դա նրանց անօրինության պատճառով է, որ իրենք չգիտեն նրանց մասին:
21 Եվ ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք եք նրանք, ում մասին ես ասացի. Ուրիշ ոչխարներ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց նույնպես ես պիտի բերեմ, և նրանք կլսեն իմ ձայնը. և կլինի մեկ հոտ և մեկ հովիվ:
22 Եվ նրանք չհասկացան ինձ, քանզի նրանք ենթադրեցին, որ դա հեթանոսներն էին. քանզի նրանք չհասկացան, որ հեթանոսները պետք է դարձի գային՝ նրանց քարոզելու միջոցով:
23 Եվ նրանք չհասկացան ինձ, երբ ես ասացի. նրանք կլսեն իմ ձայնը. և նրանք չհասկացան ինձ, որ հեթանոսները երբևէ չեն լսի իմ ձայնը, որ ես չպիտի ինքս հայտնվեմ նրանց, բացի դա լինի Սուրբ Հոգու միջոցով:
24 Բայց ահա, դուք և՛ լսեցիք իմ ձայնը, և՛ տեսաք ինձ. և դուք իմ ոչխարներն եք, և դուք համարվում եք նրանց թվում, որոնց Հայրը տվել է ինձ: