Գրադարան
Ներում


«Ներում», Թեմաներ և հարցեր (2023)

աղոթող կինը

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Ներում

Հույս և բժշկություն ստանալ Հիսուս Քրիստոսի միջոցով

Ներելը պարգև է մեզ Աստծուց: Մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք ներում ստանալ, երբ ապաշխարում ենք: Երբեմն դժվար է թվում ներում խնդրել այն բաների համար, որոնց համար զղջում ենք։ Բայց երբ թողնում ենք մեր մեղքերը և զգում ենք սրտի փոփոխություն Հիսուս Քրիստոսի քավիչ զորության միջոցով, մենք գտնում ենք բժշկություն, խաղաղություն և ուրախության նոր զգացում:

Այս կյանքում մենք սովորում ենք նաև ներում շնորհել նրանց, ովքեր գուցե ցավ են պատճառել կամ վիրավորել են մեզ։ Ուրիշներին ներելը կարող է դժվար լինել, հատկապես երբ ինչ-որ մեկը խորապես վիրավորել է մեզ։ Սակայն, հետևելով ներելու Տիրոջ պատվիրանին և ապավինելով Հիսուս Քրիստոսին, մենք կարող ենք թեթևացում գտնել ցավից և ապագայի հույս ունենալ: Ուրիշներին ներելն օգնում է նաև զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ, և մենք ավելի պատրաստ ենք լինում ստանալ հավերժական կյանք և կրկին ապրել մեր Երկնային Հոր հետ:

Ի՞նչ է ներումը:

Ներում ստանալը նշանակում է, որ մեր մեղքերն ու սխալները՝ մեծ թե փոքր, ամբողջությամբ ներվում են: Այս պարգևը հնարավոր է դառնում Հիսուս Քրիստոսի քավության միջոցով: Քանի որ Նա տառապեց մեր մեղքերի համար, մենք կարող ենք կրկին մաքրվել, երբ անկեղծորեն ապաշխարում ենք և հավատում, որ Փրկիչը կարող է բուժել մեզ։ Աստծո ողորմության շնորհիվ մենք կարող ենք խաղաղություն, ուժ և ուրախություն զգալ, երբ թողնենք մեր մեղքերը: Փրկիչը նաև պատվիրել է մեզ ներել ուրիշներին, ինչպես Նա է ներում մեզ:

Թեմայի ակնարկ․ Ներում

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Հավատք առ Հիսուս Քրիստոս, Ապաշխարություն, Մկրտություն, Դատաստան, Գթություն

Բաժին 1

Տերը խոստանում է ներում, երբ անկեղծորեն ապաշխարում ենք մեր մեղքերից

չափահաս երիտասարդ տղա

Երկնային Հայրը տվել է մեզ պատվիրաններ, որպեսզի օգնի մեզ մնալ ուխտի ճանապարհին և կրկին վերադառնալ Նրա հետ ապրելու: Կամքի ազատության պարգևի միջոցով մենք ընտրում ենք հետևել մեր Փրկչի օրինակին և պահել պատվիրանները, ինչպես Նա արեց: Իհարկե, մենք կատարյալ չենք լինի պատվիրանները պահելիս. մենք հաճախ սխալներ ենք թույլ տալու մեր անձնական դժվարությունների, թուլությունների և գայթակղությունների պատճառով: Բայց երբ մենք գործադրում ենք մեր հավատքը Փրկչի և Նրա քավիչ զոհաբերության հանդեպ, մենք կարող ենք հաղթահարել մեր մեղքերն ու թերությունները: Մենք կարող ենք նաև խաղաղություն գտնել այն գիտելիքի մեջ, որ Աստված ներում է խոստանում բոլոր նրանց, ովքեր ապաշխարում են և պահում պատվիրանները (տես Ա Հովհաննես 1.9, Վարդապետություն և Ուխտեր 1.31-32):

Երբ ապաշխարում ենք, մկրտվում ու հաստատվում, մենք ստանում ենք մեղքերի թողություն և ձեռք ենք բերում Սուրբ Հոգու պարգևը (տես Գործք առաքելոց 2.38)։ Ամեն անգամ, երբ ճաշակում ենք հաղորդությունը, մենք ուխտ ենք կապում Տիրոջ հետ և կարող ենք մեղքերի թողություն ստանալ՝ Տիրոջն առաջարկելով կոտրված սիրտ և փշրված հոգի (տես Մորոնի 6.1-4

Ապաշխարության ընթացքում մեր սրտերը փոխվում են, և մենք ցանկանում ենք բարիք անել և ծառայել ուրիշներին (տես Մոսիա 5.2, Ալմա 36.24): Մենք ուրախություն ենք զգում Աստծո ողորմածության շնորհիվ և ձգտում ենք պահպանել մեր մեղքերի թողությունը (տես Մոսիա 4.10-12, 26)։ Երբ մենք անկեղծորեն ապաշխարում ենք, կապում և պահում մեր ուխտերը և համբերում մինչև վերջ, մենք սրբագործվում ենք և դառնում արժանի՝ վերադառնալու մեր Երկնային Հոր ներկայություն (տես 3 Նեփի 27.19-22):

Մտորելու հարցեր

  • Բենիամին թագավորի ժողովուրդը լցվեց ուրախությամբ և խղճի խաղաղությամբ, երբ ստացավ մեղքերի թողություն։ Կարդացեք Մոսիա 4.1-3 և խորհեք, թե ինչպես կարող է ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության հանդեպ ուրախություն և խաղաղություն բերել ձեր կյանք։ Կա՞ն ուղիներ, որոնցով կարող եք ձեր կամքն ամբողջությամբ հանձնել Աստծուն, երբ թողնեք ձեր մեղքերը:

  • Երբ Ալմա Կրտսերը դարձի եկավ դեպի ավետարանը, նա այլևս չզգաց իր նախկին մեղքերի ցավը (տես Ալմա 36.12-14, 17-24)։ Դիտեք այս տեսանյութը, որտեղ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրում է, թե ինչ է սրտի հզոր փոփոխությունը և ինչպես մենք կարող ենք իսկապես դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ինչպե՞ս եք ձգտում դարձի գալ դեպի Տերը: Ինչպե՞ս է դարձի գալն օրհնել ձեր կյանքը և ձեր շրջապատի մարդկանց կյանքը:

Միասին սովորելու միջոցառումներ

  • Երբ ներում ենք փնտրում, մենք հնարավորություններ ենք փնտրում աճելու, նույնիսկ փոխակերպվելու, մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Դիտեք արագացված տեսանյութ բնության որոշ բաների մասին, որոնք փոխակերպվում են, օրինակ՝ թրթուրը վերածվում է թիթեռի կամ սերմը վերածվում ծաղկի: Քննարկեք, թե ինչպես կարող ենք Հիսուս Քրիստոսի և Նրա քավության միջոցով մի գեղեցիկ բան դառնալ:

  • Նախագահ Նելսոնն ուսուցանել է, որ բոլորս պետք է ապաշխարենք, և երբ դա անենք ամեն օր, մենք կդառնանք մեր լավագույն տարբերակը: Վերանայեք նրա «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել» ելույթը և քննարկեք, թե ինչպես կարող եք ամեն օր ապաշխարել, որպեսզի ձեռք բերեք ձեր, Աստծո և աշխարհի նոր հեռանկար (տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Ապաշխարել, ապաշխարություն», Ավետարանի գրադարան):

Իմացեք ավելին

Բաժին 2

Տերը պատվիրել է մեզ ներել ուրիշներին

երիտասարդ տղամարդիկ խոսում են

Երբ Քրիստոսը խաչի վրա էր, Նա խնդրեց Հորը ներել Իրեն խաչած զինվորներին: Սիրո այս արարքը ներման կատարյալ օրինակ է և հիշեցնում է մեզ ներել այնպես, ինչպես Նա արեց:

Իր մահկանացու ծառայության ընթացքում Փրկիչը սովորեցրեց մեզ սիրել մեր թշնամիներին և «բարիք [անել մեզ] ատողներին և աղոթե[լ մեզ] չարչարողների ու հալածողների համար» (Մատթեոս 5.44): Մենք կարող ենք զգալ, որ անհնար է աղոթել նրանց համար, ովքեր խորապես ցավ են պատճառել մեզ, սակայն դա անելը ցույց է տալիս Աստծուն, որ մենք դնում ենք մեր վստահությունը Նրա վրա։ Նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է․ «Անկեղծորեն աղոթելով նրանց համար, ովքեր կարող են համարվել մեր թշնամիներ, ցույց ենք տալիս մեր հավատքը, որ Աստված կարող է փոխել ինչպես մեր, այնպես էլ ուրիշների սրտերը»:

Վարդապետություն և Ուխտեր 64.8-11 հատվածներում սովորում ենք, որ եթե մենք ընտրում ենք չներել, մենք ավելի մեծ մեղքի մեջ ենք, քան այն մարդը, ով սխալ է վարվել մեր հանդեպ: Երբ մենք ներում ենք բոլորին, մենք ոչ միայն ցույց ենք տալիս Աստծուն, որ պատրաստ ենք պահել Նրա պատվիրանները, այլև վստահում ենք Նրան, որ նա կանի այն, ինչ լավագույնն է Իր զավակների համար:

Մտորելու հարցեր

  • 2023 թվականի Զատկի պատվին նախագահ Նելսոնը հրավիրեց մարդկանց ամբողջ աշխարհում զգալ ներման հրաշքը։ Նա ասաց․ «Ես խոստանում եմ, որ երբ դուք ներեք, Փրկիչը կազատի ձեզ զայրույթից, վրդովմունքից և ցավից: Խաղաղության Իշխանը ձեզ խաղաղություն կբերի»: Կա՞ արդյոք մի ոխ, որը դուք պահում եք կամ ցավ, որը զգում եք, որովհետև չեք կամենում ներել ինչ-որ մեկին։ Մտածեք, թե ինչ քայլեր կարող եք ձեռնարկել ներման համար, և խորհեք, թե ինչպես Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կառաջնորդեն ձեզ։

  • Մինչ մենք ջանասիրաբար աղոթում ենք Նրա օգնության համար, Փրկիչը կարող է մեզ տալ այն ուժը, որն անհրաժեշտ է ուրիշներին ներելու համար, նույնիսկ, երբ դա անհնար է թվում։ Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Փրկիչը ձեզ կշնորհի բոլորին ներելու ունակությունը, ովքեր որևէ կերպ վատ են վերաբերվել ձեզ։ Ապա, նրանց վնասակար արարքներն այլևս չեն կարող թունավորել ձեր հոգին»։ Խորհեք, թե ինչպես է ներելը պարգև Փրկչի կողմից, և թե ինչպես է Նա հնարավոր դարձնում ձեզ համար ներել նույնիսկ այն ժամանակ, երբ դա անհասանելի է թվում։ Ինչպե՞ս է ձեզ հույս ներշնչում այն միտքը, որ ներումը պարգև է։

Միասին սովորելու միջոցառումներ

  • Երբեմն ներելու համար նույնքան քաջություն է հարկավոր, որքան ներում խնդրելու համար։ Քննարկեք որոշ մարդկանց օրինակներ, ովքեր ներել են դժվարին հանգամանքներում։ Ի՞նչ օրհնություններ են գալիս, երբ ներում ենք ուրիշներին: Հրավիրեք բոլորին մտածել մեկի մասին, ով ինչ-որ ձևով ցավ է պատճառել կամ վիրավորել է նրանց, և աղոթել այդ անհատի համար մի հարմար ժամանակ։ Կարող եք նաև առաջարկել, որ նրանք փորձեն ծառայել այդ անձնավորությանը, եթե դա տեղին է իրենց իրավիճակի համար, և հրավիրեք նրանց տեսնել, թե արդյոք դա փոխում է իրենց զգացմունքները տվյալ անհատի հանդեպ:

  • Երբ խնդրում ենք Փրկչին զորացնել մեզ Իր քավիչ զոհաբերության միջոցով, մենք կարող ենք ստանալ այն հոգևոր լիցքը, որն անհրաժեշտ է ուրիշներին ներելու համար: Բացատրեք, թե ինչ է լիցքը՝ ցույց տալով ընթացք հավաքող գնացքի կամ տպավորիչ հնարք կատարող մարզիկի տեսանյութ։ Կարդացեք նախագահ Նելսոնի ելույթի հատվածները և քննարկեք, թե ինչպես է Փրկիչը զորացնում մեզ՝ ներելու նրանց, ովքեր խորապես ցավ են պատճառել մեզ, երբ մենք կենտրոնանում ենք մեր հոգևոր լիցքի վրա:

Իմացեք ավելին