Եկեղեցու պատմություն
Առաջին Տեսիլքի պատմությունները


Նկար
արևի շող ծառերի արանքից

Առաջին Տեսիլքի պատմությունները

Ակնարկ

Ջոզեֆ Սմիթն արձանագրել է, որ Հայր Աստված և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին նրան իր ծնողների տան մերձակայքի մի պուրակում՝ Նյու Յորք նահանգի արևմուտքում, երբ նա մոտ 14 տարեկան էր։ Մտահոգված իր մեղքերով և անվստահ, թե հոգևոր ինչ ուղու հետևի, Ջոզեֆն առաջնորդություն էր փնտրում՝ ժողովներ այցելելով, սուրբ գրություններ կարդալով և աղոթելով։ Ի պատասխան՝ նա ստացավ երկնային հայտնություն։ Տարբեր առիթներով Ջոզեֆը պատմել և արձանագրել է Առաջին Տեսիլքը, ինչպես այն հայտնի է դարձել. նա անձամբ գրել է կամ հանձնարարել է դպիրներին գրել այդ պատմության չորս առանձին նկարագրություն:

Ջոզեֆ Սմիթն իր կենդանության օրոք տպագրել է Առաջին Տեսիլքի երկու պատմություն։ Առաջինը, որն այսօր հայտնի է որպես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն, որպես կանոնիկ աշխատություն ընդգրկվել է Թանկագին Մարգարիտում և այդպիսով դարձել ամենահայտնի պատմությունը։ Երկու չտպագրված պատմություններ, որոնք ավելի վաղ գրվել են Ջոզեֆ Սմիթի ինքնակենսագրականում, իսկ ավելի ուշ՝ օրագրում, հիմնականում մոռացվել էին, մինչև որ պատմաբանները, ովքեր աշխատում էին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համար, վերագտան և հրատարակեցին դրանք 1960-ականներին։ Այդ ժամանակից ի վեր այս փաստաթղթերը շարունակ քննարկվել են Եկեղեցու ամսագրերում, Եկեղեցուն պատկանող և Եկեղեցու հետ համագործակցող տպարանների կողմից տպագրված գործերում և Վերջին Օրերի Սուրբ գիտնականների այլ աշխատություններում։1 Ի լրումն այդ անձնական պատմությունների, կան նաև Ջոզեֆ Սմիթի տեսիլքի հինգ նկարագրություններ՝ գրառված նրա ժամանակակիցների կողմից։2

Առաջին Տեսիլքի տարբեր պատմությունները ներդաշնակ են, չնայած որ, բնականաբար, իրականում դրանք տարբերվում են շեշտադրումներով և մանրամասներով։ Պատմաբաններն ակնկալում են, որ երբ անհատը վերապատմում է մի փորձառություն բազմաթիվ միջավայրերում տարբեր ունկնդիրների համար երկար տարիների ընթացքում, յուրաքանչյուր պատմություն կարևորելու է փորձառության տարբեր կողմերը և պարունակելու է առանձնահատուկ մանրամասներ։ Իսկապես, այնպիսի տարբերություններ, ինչպիսիք առկա են Առաջին Տեսիլքում, գոյություն ունեն սուրբ գրքերի բազմաթիվ պատմություններում, ինչպես օրինակ Դամասկոսի ճանապարհին Պողոսի տեսիլքում և Այլակերպության Սարի վրա՝ Առաքյալների փորձառության մեջ։3 Չնայած տարբերություններին՝ Առաջին Տեսիլքի բոլոր պատմություններում պահպանվում է հիմնական հետևողականությունը։ Ոմանք սխալ կարծիք կազմելով վիճաբանում են, թե պատմությունը վերապատմելիս ցանկացած տարբերություն փաստում է կեղծիքի մասին։ Սակայն հակառակը, հարուստ պատմական գրառումը մեզ թույլ է տալիս ավելին սովորել այս նշանակալից իրադարձության մասին, քան կկարողանայինք, եթե այն ավելի քիչ փաստագրված լիներ։

Առաջին Տեսիլքի պատմությունները

Ջոզեֆ Սմիթի և նրա ժամանակակիցների կողմից Առաջին Տեսիլքի յուրաքանչյուր պատմություն ունի իր ուրույն պատմությունը և համատեքստը, որն իր ազդեցությունն է ունեցել այդ իրադարձության հետ կապված հիշողությունների, պատմությունների և արձանագրությունների վրա։ Ստորև քննարկվում են այդ պատմությունները։

1832 թվականի պատմությունը։ Առաջին Տեսիլքի ամենավաղ շրջանի պատմությունը՝ Ջոզեֆ Սմիթի կողմից անձամբ գրված միակ պատմությունը, գտնվում է Ջոզեֆ Սմիթի հակիրճ, չտպագրված ինքնակենսագրականում, որը նա գրել է 1832 թվականի երկրորդ կեսին։ Պատմության մեջ Ջոզեֆ Սմիթը նկարագրել է իր սեփական մեղքերի գիտակցումը և իր հիասթափությունը, որ չի կարողացել գտնել որևէ եկեղեցի, որը համապատասխանում է Նոր Կտակարանում իր կարդացած եկեղեցուն և որը նրան կտաներ դեպի փրկագնում։ Նա շեշտել է Հիսուս Քրիստոսի Քավությունը և դրա առաջարկած անձնական փրկագնումը։ Նա գրել է, որ «Տերը» հայտնվեց և ներեց նրան իր մեղքերը։ Տեսիլքի արդյունքում Ջոզեֆը ուրախություն և սեր զգաց, չնայած, ինչպես նշել էր, չկարողացավ գտնել մեկին, ով կհավատար իր պատմությանը։ 1832 թվականի պատմությունը կարդացեք այստեղ։

1835 թվականի պատմությունը։ 1835 թվականի աշնանը Ջոզեֆ Սմիթն իր Առաջին Տեսիլքի մասին պատմեց Ռոբերտ Մեթյուսին՝ Կիրթլենդի (Օհայո) մի այցելուի։ Ջոզեֆի օրագրում իր դպիր Ուորեն Փարիշի կողմից արձանագրված վերապատմումն ընդգծում է նրա փորձը պարզելու, թե որ եկեղեցին էր ճիշտ, այն հակադրությունը, որը նա զգացել էր աղոթելիս, և մի աստվածային անձնավորության հայտնվելը, որին շատ չանցած հաջորդեց մյուսը։ Այս պատմության մեջ նաև նշվում է տեսիլքում հրեշտակների հայտնվելու մասին։ 1835 թվականի պատմությունը կարդացեք այստեղ։

1838 թվականի պատմությունը։ Այսօր Վերջին Օրերի Սրբերին առավել հայտնի Առաջին Տեսիլքի պատմությունը 1838 թվականի պատմությունն է։ Իլինոյսում (Նավու) 1842 թվականին առաջին անգամ Եկեղեցու Times and Seasons թերթում հրատարակված պատմությունը վերցված էր բուռն ընդդիմությունների ընթացքում Ջոզեֆ Սմիթի թելադրած ավելի ծավալուն պատմությունից։ Մինչդեռ 1832 թվականի պատմությունը կենտրոնանում է Ջոզեֆ Սմիթի ավելի անձնական պատմության վրա, երբ պատանին ներում էր փնտրում, 1838 թվականի պատմությունը կենտրոնանում է տեսիլքի վրա որպես «Եկեղեցու երևան գալու և աճի» սկիզբ։ Ինչպես 1835 թվականի պատմության մեջ, առանցքային հարցն այն է, թե որ եկեղեցին է ճշմարիտ։ 1838 թվականի պատմությունը կարդացեք այստեղ։

1842 թվականի պատմությունը։ Գրված ի պատասխան Chicago Democrat-ի խմբագիր Ջոն Ուենթվորթի՝ Վերջին Օրերի Սրբերի մասին տեղեկություններ ստանալու խնդրանքին, այս պատմությունը տպագրվել է Times and Seasons-ում 1842 թվականին։ («Ուենթվորթի նամակը», ինչպես հիմնականում հայտնի է, նաև Հավատո Հանգանակի սկզբնաղբյուրն է)։4 Պատմությունը, որը նախատեսված էր հրապարակելու մորմոնների համոզմունքներին անծանոթ լսարանի համար, հակիրճ է և պարզ։ Ինչպես ավելի վաղ պատմություններում, Ջոզեֆ Սմիթը նշել է իր շփոթմունքի և երկու անձնավորությունների հայտնվելու մասին՝ ի պատասխան իր աղոթքի: Հաջորդ տարի Ջոզեֆ Սմիթը աննշան փոփոխություններով այս պատմությունն ուղարկեց Իսրայել Դանիել Ռուպ անունով մի պատմաբանի, որն այն հրատարակեց որպես իր գրքի մի գլուխ՝ He Pasa Ekklesia [Ամբողջ Եկեղեցին]․ An Original History of the Religious Denominations at Present Existing in the United States (Բնագիր պատմություն այն կրոնական կազմակերպությունների, որոնք ներկայումս գոյություն ունեն Միացյալ Նահանգներում)։5 1842 թվականի պատմությունը կարդացեք այստեղ։

Անուղղակի պատմած պատմությունները։ Բացի Ջոզեֆ Սմիթի անձնական պատմություններից, հինգ պատմություններ են գրվել ժամանակակիցների կողմից, ովքեր լսել են տեսիլքի մասին Ջոզեֆ Սմիթի խոսքերը։ Կարդացեք այդ պատմություններն այստեղ։

Հակասություններ Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի պատմությունների վերաբերյալ

Առաջին Տեսիլքի վերաբերյալ պատմությունների բազմազանությունն ու քանակը որոշ քննադատների առիթ են տվել հարցականի տակ առնել, թե արդյո՞ք Ջոզեֆ Սմիթի նկարագրությունները համապատասխանում են իրականում իր ունեցած փորձառություններին։ Նրա արժանահավատության դեմ հաճախակի են բերվում երկու փաստարկներ. հարցերի առաջին խումբը վերաբերում է իրադարձությունների մասին Ջոզեֆ Սմիթի հիշողություններին, երկրորդը՝ արդյո՞ք նա ժամանակի ընթացքում չէր ուռճացնում պատմության տարրերը։

Հիշողություն։ Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի պատմությունների վերաբերյալ մի փաստարկ պնդում է, որ պատմական ապացույցները չեն հաստատում Ջոզեֆ Սմիթի նկարագրությունը՝ Պալմիրայում (Նյու Յորք) և դրա հարևանությամբ 1820 թվականի կրոնական վերածննդի մասին։ Ոմանք պնդում են, որ դա խարխլում է ինչպես Ջոզեֆի պնդումը կրոնական անսովոր հուզումների, այնպես էլ բուն տեսիլքի մասին։

Փաստաթղթային ապացույցները, այնուամենայնիվ, հաստատում են Ջոզեֆ Սմիթի հայտարարությունները վերածննդի վերաբերյալ։ Այն տարածքը, որտեղ նա ապրում էր, հայտնի դարձավ իր կրոնական հուզումներով և անկասկած կրոնական վերածննդի օջախներից մեկն էր: Պատմաբանները տարածաշրջանը անվանում են «հրդեհված տարածք», քանի որ քարոզիչները 1800-ականների սկզբին այդ տարածքը կլանել էին վերածննդի ճամբարներով և նորադարձներ էին փնտրում։6 1818 թվականի հունիսին, օրինակ, Պալմիրայում տեղի ունեցավ մեթոդականների ճամբարի հանդիպում, իսկ հետևյալ ամռանը, մեթոդականները կրկին հավաքվեցին Վիենայում (այժմ՝ Ֆելպս), Նյու Յորք, Սմիթ ընտանիքի ֆերմայից 24 կիլոմետր հեռավորության վրա։ Մեթոդական շրջիկ քարոզչի օրագրերը փաստում են, որ շատ կրոնական հուզումներ են առաջացել Ջոզեֆի աշխարհագրական տարածքում` 1819 և 1820 թվականներին։ Դրանք հայտնում են, որ վերածննդի մեթոդական քահանա Սրբազան Ջորջ Լեյնը այդ երկու տարիների ընթացքում գտնվում էր այդ տարածաշրջանում՝ խոսելով «Բարեփոխումներ իրականացնելու Աստծո մեթոդի մասին»։7 Այս պատմական իրադարձությունը համապատասխանում է Ջոզեֆի նկարագրությանը։ Նա ասել է, որ իր բնակավայրում կամ տարածաշրջանում անսովոր կրոնական հուզումը «սկսվեց Մեթոդականներից»։ Իսկապես, Ջոզեֆը հայտարարել է, որ նա «ինչ-որ չափով» համակրում էր մեթոդականներին։8

Ուռճացում։ Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի պատմությունների վերաբերյալ հաճախ արվող երկրորդ փաստարկն այն է, որ նա ժամանակի ընթացքում ուռճացնում էր իր պատմությունը։ Այս փաստարկը կենտրոնանում է երկու մանրամասների վրա. երկնային էակների թիվը և ինքնությունը, որ Ջոզեֆ Սմիթը հայտարարել է, թե տեսել է։ Ջոզեֆի Առաջին Տեսիլքի պատմությունները ժամանակի ընթացքում ավելի մանրամասն են նկարագրում երկնային էակներին։ 1832 թվականի պատմությունում ասվում է. «Տերը բացեց երկինքներն ինձ համար, և ես տեսա Տիրոջը»։ Նրա 1838 թվականի պատմությունում ասվում է․ «Ես տեսա երկու Անձնավորություն», որոնցից մեկը մյուսին ներկայացրեց որպես «Իմ Սիրելի Որդին»։ Արդյունքում, քննադատները պնդում են, որ Ջոզեֆ Սմիթը սկզբում ասում էր, որ տեսել է մեկ էակի՝ «Տիրոջը», իսկ վերջում հայտարարում, թե տեսել է և՛ Հորը, և՛ Որդուն:9

Փաստերը տեսնելու այլ, ավելի հետևողական եղանակներ կան։ Ի սկզբանե պետք է ընդունել ժամանակի ընթացքում տրված պատմությունների բովանդակության հիմնական ներդաշնակությունը. չորս պատմություններից երեքում հստակ նշվում է, որ Առաջին Տեսիլքում Ջոզեֆ Սմիթին երկու անձնավորություն են հայտնվել։ Բացառություն է կազմում Ջոզեֆ Սմիթի 1832 թվականի պատմությունը, որը կարող ենք ընկալել, որ նա դիմում է մեկ կամ երկու անձնավորության։ Եթե կարդանք, որ նա դիմում է երկնային մեկ անձնավորության, հավանաբար դա կլինի այն անձնավորությունը, ով ներեց նրա մեղքերը։ Համաձայն ավելի ուշ տրված պատմությունների, աստվածային առաջին անձնավորությունն ասաց Ջոզեֆ Սմիթին, որ «լսի» երկրորդին՝ Հիսուս Քրիստոսին, ով դրանից հետո հաղորդեց հիմնական ուղերձը, որը ներառում էր ներման ուղերձը։10 Այսպիսով, Ջոզեֆ Սմիթի 1835 թվականի պատմությունը գուցե կենտրոնացած էր Հիսուս Քրիստոսի, ով ներում էր շնորհում։

1832 թվականի պատմությունը կարդալու մեկ այլ եղանակ է այն, որ Ջոզեֆ Սմիթը նկատի ուներ երկու անձնավորության, որոնցից յուրաքանչյուրին կոչում էր «Տեր»։ Ուռճացման փաստարկը կախված է այն ենթադրությունից, որ 1832 թվականի պատմությունը նկարագրում է միայն մեկ աստվածային էակի տեսքը։ Սակայն 1832 թվականի պատմությունում չի ասվում, որ միայն մեկ անձնավորություն է հայտնվել։ Ուշադրություն դարձրեք, որ «Տիրոջ» երկու հիշատակումները ժամանակի առումով տարանջատված են. Նախ «Տերը» բացում է երկինքը, ապա Ջոզեֆ Սմիթը տեսնում է «Տիրոջը»։ Պատմության այս տեսակետը համահունչ է Ջոզեֆի 1835 թվականի պատմությանը, ըստ որի նախ հայտնվում է մի անձնավորություն, որին շուտով հաջորդում է մեկ ուրիշը։ Ուստի, 1832 թվականի պատմությունը ողջամտորեն կարելի է կարդալ այն իմաստով, որ Ջոզեֆ Սմիթը տեսավ մի էակի, որն այնուհետև ներկայացրեց մեկ ուրիշին, և որ նա երկուսին էլ անվանեց «Տեր». «Տերը բացեց երկինքներն ինձ համար, և ես տեսա Տիրոջը»։11

Այսպիսով, Ջոզեֆի ավելի ու ավելի որոշակի նկարագրությունները կարող են հստակ ընկալվել որպես փորձի հիման վրա ժամանակի ընթացքում կուտակվող ներըմբռնման ապացույց։ Մասամբ, 1832 թվականի և հետագա պատմությունների միջև եղած տարբերությունները կարող են կապ ունենալ գրավոր և բանավոր խոսքի միջև եղած տարբերությունների հետ։ Առաջին անգամ 1832 թվականին էր, որ Ջոզեֆ Սմիթը փորձեց գրել իր պատմությունը։ Նույն թվականին նա գրել է իր ընկերոջը, որ իրեն թակարդված էր զգում «գրչածայրի, թանաքի և կցկտուր, ցրված ու անկատար լեզվի» պատճառով։ Գրավոր խոսքը նա անվանում էր «փոքր նեղ բանտ»։12 Հետագա պատմությունների ծավալուն լինելը հեշտությամբ է ընկալվում և նույնիսկ ակնկալվում, երբ մենք գիտակցում ենք, որ դրանք, հավանաբար, թելադրված պատմություններ են. Ջոզեֆ Սմիթի համար հեշտ, հարմարավետ միջավայր և մեկը, ով թույլ էր տալիս բառերը ավելի հեշտ հոսեն։

Եզրակացություն

Ջոզեֆ Սմիթը բազմիցս վկայել է, որ տեսել է ուշագրավ տեսիլք՝ Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին։ Միայն պատմական հետազոտությունները չեն կարող ապացուցել ոչ Առաջին Տեսիլքի ճշմարտացիությունը, ոչ էլ դրա դեմ փաստարկները։ Ջոզեֆ Սմիթի վկայության ճշմարտությունն իմանալը պահանջում է, որ ճշմարտությունը ջանասիրաբար փնտրող յուրաքանչյուր ոք ուսումնասիրի գրառումը և այնուհետև բավարար հավատ գործադրի Քրիստոսի հանդեպ, որպեսզի անկեղծ, խոնարհ աղոթքով հարցնի Աստծուն՝ արդյո՞ք արձանագրությունը ճշմարիտ է։ Եթե փնտրողը հարցնում է Սուրբ Հոգու կողմից հայտնի դարձված պատասխանի համաձայն գործելու անկեղծ միտումով, Ջոզեֆ Սմիթի տեսիլքի ճշմարտացիությունը հայտնի կդարձվի։ Այդ եղանակով յուրաքանչյուր ոք կարող է իմանալ, որ Ջոզեֆ Սմիթն անկեղծ է խոսել, երբ հայտարարել է․ «Ես տեսել էի տեսիլք. ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա, և չէի կարող ուրանալ»։13

Եկեղեցին ընդունում է գիտնականների ներդրումը սույն հոդվածում ներկայացված պատմական բովանդակության մեջ. նրանց աշխատանքը օգտագործվում է թույլտվությամբ։

Բնօրինակը հրատարակվել է 2013 թվականի նոյեմբերին։

Առնչվող թեմաներ

  • Պատասխաններ ավետարանի հարցերին

  • Աստվածագլուխ

  • Հայր Աստված

  • Հիսուս Քրիստոս

  • Ջոզեֆ Սմիթ

  • Եկեղեցու վերականգնումը

  • Քահանայության վերականգնումը

Սուրբ գրություններ

Սուրբ գրությունների հղումներ

Եկեղեցու ղեկավարների ուղերձները

Տեսանյութեր

«Վերականգնումը»

«Ջոզեֆ Սմիթ․ Վերականգնման Մարգարեն»

«Միսիայի նախապատրաստություն․ Կետ 14․ Գորդոն Բ․ Հինքլի»

Ուսումնական նյութեր

Հիմնական աղբյուրներ

History, circa Summer 1832,” The Joseph Smith Papers

Journal, 1835–1836,” The Joseph Smith Papers

History, circa June 1839–circa 1841 [Draft 2],” The Joseph Smith Papers

‘Church History,’ 1 March 1842,” The Joseph Smith Papers

‘Latter Day Saints,’ 1844,” The Joseph Smith Papers

Primary Accounts of Joseph Smith’s First Vision of Deity,” The Joseph Smith Papers

Եկեղեցու ամսագրեր

Preparing for the Restoration,” Ensign, June 1999

Book of Mormon Personalities Known by Joseph Smith,” Ensign, December 1983

Ուսումնական ձեռնարկներ

  1. Տես օրինակ, James B. Allen, “Eight Contemporary Accounts of the First Vision—What Do We Learn from Them?” Improvement Era, 73 (1970): 4–13; Richard L. Anderson, “Joseph Smith’s Testimony of the First Vision,” Ensign, Apr. 1996, 10–21; Milton V. Backman, Joseph Smith’s First Vision: The First Vision in Its Historical Context (Salt Lake City: Bookcraft, 1971; 2nd ed., 1980); Steven C. Harper, Joseph Smith’s First Vision: A Guide to the Historical Accounts (Salt Lake City: Deseret Book, 2012).

  2. Այս բոլոր պատմությունները կարելի է գտնել հետևյալ աղբյուրներում․ Dean C. Jessee, “The Earliest Documented Accounts of Joseph Smith’s First Vision,” John W. Welch, ed., Erick B. Carlson, Opening the Heavens: Accounts of Divine Manifestations, 1820–1844 (Provo and Salt Lake City: Brigham Young University Press and Deseret Book, 2005), 1–33։

  3. Գոր․ 9․3–9, 22․6–21, 26․12–18, Մատթեոս 17․1–13, Մարկոս 9․2–13, Ղուկաս 9․28–36։

  4. Նամակն ամբողջությամբ․ Joseph Smith, “Church History,” Times and Seasons 3 (Mar. 1, 1842): 706–10․

  5. Joseph Smith, “Latter Day Saints,” in I. Daniel Rupp, He Pasa Ekklesia: An Original History of the Religious Denominations at Present Existing in the United States (Philadelphia: J. Y. Humphreys, 1844), 404–10.

  6. Whitney R. Cross, The Burned-Over District: The Social and Intellectual History of Enthusiastic Religion in Western New York, 1800–1850 (Ithaca, N.Y.: Cornell University Press, 1950); Paul E. Johnson, A Shopkeeper’s Millennium: Society and Revivals in Rochester, New York, 1815–1837 (New York: Hill and Wang, 1983); Nathan O. Hatch, The Democratization of American Christianity (New Haven: Yale University Press, 1989).

  7. Benajah Williams diary, July 15, 1820, copy in Church History Library, Salt Lake City; spelling regularized.

  8. 1838 թվականի պատմությունը (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․5, 8

  9. 1832 թվականի պատմությունը (Joseph Smith History, ca. Summer 1832, 3, in Joseph Smith, “Letter Book A,” Joseph Smith Collection, Church History Library, Salt Lake City), 1838 թվականի պատմությունը (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․17

  10. 1838 թվականի պատմությունը (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․17), 1835 թվականի պատմությունը (Joseph Smith, “Sketch Book of the use of Joseph Smith, jr.,” Journal, Nov. 9–11, 1835, Joseph Smith Collection, Church History Library, Salt Lake City։

  11. 1832 թվականի պատմությունը (Joseph Smith History, ca. Summer 1832, 3, in Joseph Smith, “Letter Book A,” Joseph Smith Collection, Church History Library, Salt Lake City)։

  12. Joseph Smith to William W. Phelps, Nov. 27, 1832, Joseph Smith Collection, Church History Library, Salt Lake City; available at www.josephsmithpapers.org.

  13. 1838 թվականի պատմությունը (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․25