Գրադարան
Նվիրաբերում


«Նվիրաբերում», Թեմաներ և հարցեր (2023)

երիտասարդ զույգն ուսումնասիրում է սուրբ գրությունները

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Նվիրաբերում

Նվիրագործել ինչ-որ բան սուրբ նպատակի համար

Երբևէ հոգ տարե՞լ եք ինչ-որ մեկի մասին այնքան, որ պատրաստ էիք անել ամեն բան նրա համար։ Այդ մարդուն նվիրվելը ժամանակ և հաստատակամություն է պահանջում, սակայն այն նաև խորացնում է ձեր հարաբերությունները միմյանց միջև:

Կամավոր նվիրվածության այս տեսակը հիշեցնում է մեզ, թե ինչ է նշանակում նվիրաբերել մեր կյանքը Տիրոջը։ Նվիրաբերման միջոցով մենք նվիրվում ենք Աստծուն, քանի որ սիրում ենք Իրեն։ Եվ մինչ անում ենք դա, մենք ամրացնում ենք մեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Ի՞նչ է նվիրաբերումը

Նվիրաբերել նշանակում է ի սպաս դնել մի սուրբ բան՝ Տիրոջ աշխատանքի համար։ Վերջին Օրերի Սրբերը հոժարակամությամբ նվիրում են իրենց ժամանակը, տաղանդները և միջոցները Աստծո արքայությունը հաստատելու համար: Ինչպես ուսուցանել է երեց Դեյվիդ Ա. Բեդնարը, նվիրաբերումը «մոտիվացված է գթությամբ և ծառայելու ավելի մեծ ցանկություն է առաջացնում»: Տաճարում եկեղեցու անդամներն ուխտում են ապրել նվիրաբերման օրենքով։ Ամենավեհ նվիրաբերումը մեր ներկան և ապագան նվիրելն է Աստծո արքայությունը կառուցելու համար:

Թեմայի ակնարկ․ Նվիրաբերում

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Ուխտեր և արարողություններ, Զոհաբերություն, Տաճարային օժտում և կնքում, Հnգ տանել կարիքավորների համար

Բաժին 1

Նվիրաբերման միջոցով Տերն օգնում է մեզ Իր նման սուրբ դառնալ

Քրիստոսի նկարը բռնած կին

Երբ նվիրաբերում ենք ինչ-որ բան Աստծուն, մենք նվիրագործում ենք այն Տիրոջ արքայությունը կառուցելու համար: Երբ նվիրաբերում ենք ինչ-որ բան Աստծուն, Իր հանդեպ մեր սիրուց ելնելով, այն դառնում է սուրբ:

Մինչ մենք կարող ենք նվիրաբերել մեր ժամանակը, տաղանդները և միջոցները Տիրոջը, «մեծագույն նվիրաբերումն անձնատուր լինելն է Աստծուն»: Այս իմաստով նվիրաբերումն իրականում իրադարձություն կամ ինչ-որ բան հանձնելու ծես չէ, դա մի գործընթաց է, որն օգնում է մեզ ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Երբ մենք հետևենք Հիսուս Քրիստոսի նվիրաբերված կյանքով ապրելու օրինակին, մենք կարող ենք դառնալ սուրբ, ինչպես Նա է:

Մտորելու հարցեր

  • Ժամանակ և ջանքեր են պահանջվում, որպեսզի նվիրաբերենք մեզ Աստծուն։ Կարող եք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 4.2 և խորհել, թե ինչ է նշանակում ծառայել Աստծուն «ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով»: Ինչպե՞ս կարող եք մի փոքր ավելի մոտենալ ձեր «ամենը» Տիրոջը նվիրաբերելուն: Կարո՞ղ եք նվիրաբերել Նրան մի բան, որը կօգնի ձեզ ավելի լավ ճանաչել Նրան։ Գործեք՝ հիմնվելով ձեր ստացած ամեն մի տպավորության վրա:

  • Տերը կարող է նաև օրհնել մեզ՝ նվիրաբերելով կամ սուրբ դարձնելով մեր փորձությունները: Մորմոնի Գրքում Լեքին իր որդի Հակոբին ասաց, որ Տերը «կնվիրագործի քո չարչարանքները քո օգտի համար»: Կարդացեք իր խոսքերը 2 Նեփի 2.1-2 հատվածներում: Ինչպե՞ս է Տերը նվիրագործել ձեր դժվարությունները ձեր օգտի համար: Ինչպե՞ս է Նա օգնել ձեզ օգտագործել այդ փորձառությունները՝ ուրիշների կյանքն օրհնելու համար։ Գրի առեք ձեր բոլոր մտքերն այն մասին, թե ինչպես են փորձություններն ավելի սուրբ դարձրել ձեզ և ավելի մոտեցրել Քրիստոսին։

Սովորեք միասին

  • 2017 թվականի համաշխարհային հոգևոր հավաքի ուղերձում, որի վերնագիրն էր «Մարգարեներ, առաջնորդություն և աստվածային օրենքներ», նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրեց չափահաս երիտասարդներին նվիրագործել իրենց ժամանակի մի մասը Հիսուս Քրիստոսի մասին ուսումնասիրելու համար: Նա ասաց․ «Եթե դուք շարունակեք սովորել Հիսուս Քրիստոսի մասին այն ամենը, ինչ կարող եք, ես խոստանում եմ, որ ձեր սերը նրա հանդեպ և Աստծո օրենքների հանդեպ կաճի ավելի շատ, քան այժմ պատկերացնում եք: Խոստանում եմ, որ մեղքից խուսափելու ձեր կարողությունը նույնպես կաճի: Կաճի նաև պատվիրանները պահելու ձեր ցանկությունը: Դուք կհայտնաբերեք, որ ավելի հեշտությամբ եք հեռանում նրանց ստեղծած զվարճանքներից ու խճճված իրավիճակներից, ովքեր ծաղրում են Հիսուս Քրիստոսի հետևորդներին»։ Միասին վերհիշեք նախագահ Նելսոնի ելույթը, ապա լսեք կամ երգեք «Take Time to Be Holy» օրհներգը։ Հիսուս Քրիստոսի մասին ուսումնասիրելու համար ձեր ժամանակը նվիրաբերելը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ սուրբ դառնալ։ Կարող եք միմյանց հետ կիսվել մտքերով, թե ինչպես ավելի լավ նվիրագործել ձեր ժամանակը Նրա մասին սովորելու համար: Գործեք՝ հիմնվելով ձեր ստացած ամեն մի տպավորության վրա:

  • Աստծուն ինչ-որ բան նվիրաբերելն Իր օգտագործման համար կարող է դժվար թվալ, սակայն իրականում նվիրաբերված կյանքը կառուցվում է այն պարզ ընտրությունների միջոցով, որոնք անում ենք ամեն օր։ 2015 թվականի ապրիլի գերագույն համաժողովում նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է. «Համբերությամբ ու համառությամբ, աշակերտության ամենափոքր քայլը կամ հավատքի ամենափոքր կայծն անգամ կարող է վերածվել նվիրաբերված կյանքի բոցավառվող խարույկի։ Ի դեպ, խարույկների մեծ մասը սկսվում է հենց մի պարզ կայծից»: Դիտեք այս տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես է սկսվում խարույկը: Կամ, եթե գտնվում եք մի վայրում, որտեղ դա ապահով կլինի, խարույկ վառեք։ Քննարկեք թվացող փոքր, ամենօրյա բաներ, որոնք կարող եք նվիրաբերել Տիրոջը և որոնք կօգնեն ձեզ դառնալ ավելի սուրբ, ինչպես Նա է:

Իմացեք ավելին

Բաժին 2

Տաճարում Վերջին Օրերի Սրբերն ուխտում են հնազանդվել նվիրաբերման օրենքին

տաճարի տարածքում քայլող զույգ

Տիրոջ տանը Վերջին Օրերի Սրբերը ուխտում են ապրել նվիրաբերման օրենքով: Ապրելով նվիրաբերման օրենքով՝ անդամներն օգնում են հոգ տանել ուրիշների ֆիզիկական և հոգևոր կարիքների մասին և առաջ տանել Տիրոջ աշխատանքը երկրի վրա։ Նվիրաբերման օրենքին հնազանդվելու ուխտը պահելը կարող է շատ օրհնություններ բերել, այդ թվում՝ «Աստծո զորության և հարատև սիրո ավելի մեծ հասանելիություն, խաղաղություն, մխիթարություն և ուրախություն»։

Մտորելու հարցեր

  • Նվիրաբերման օրենքը հավերժական է: Տարբեր ժամանակներում Աստծո հետևորդներն ապրել են համաձայն այդ օրենքի և այն վերականգնվել է վերջին օրերում։ Նվիրաբերման մասին կարող եք կարդալ Գործք առաքելոց 4.32, 4 Նեփի 1.1–3 և Մովսես 7.18 հատվածներում։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում ունենալ «բոլոր բաներն ընդհանուր» և լինել «մեկ սրտի և մեկ մտքի» ուրիշների հետ: Ինչպե՞ս կարող եք հետևել այս իդեալներին, երբ ձգտում ես ապրել նվիրաբերման օրենքով։ Գրի առեք և գործեք՝ հիմնվելով ձեր ստացած ամեն մի տպավորության վրա:

Սովորեք միասին

  • Մենք կարող ենք ապրել նվիրաբերման օրենքով՝ օգնելով ուրիշներին բավարարել իրենց նյութական և հոգևոր կարիքները։ Որպես խումբ՝ կարդացեք Մոսիա 4.26 հատվածը, իսկ հետո երգեք Have I Done Any Good? օրհներգը։ Խոսեք այն մասին, թե ինչպես կարող եք օգնել կարիքավորներին՝ սպասավորության, տասանորդի, ծոմի նվիրատվություններ, մարդասիրական ծրագրերի և ծառայության այլ տեսակների միջոցով։ Կարող եք նույնիսկ պլանավորել ծառայություն խմբով։ Կարող եք նաև կիսվել անձնական փորձառություններով այն մասին, թե ինչպես է կարիքավորներին օգնելն օրհնել ձեր կյանքը և ավելի մոտեցրել ձեզ Հիսուս Քրիստոսին։

  • Մեկ այլ միջոց, որով կարող ենք ապրել նվիրաբերման օրենքով, այն է, երբ ներդնում ենք մեր լավագույն ջանքերը կատարելու մեր եկեղեցու կոչումներն ու հանձնարարությունները: Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է. «Ծառայության կոչումն առաջին հերթին վերաբերում է սրտին։ Մեր սրտերն ամբողջությամբ Արարչին տալով և Նրա պատվիրանները պահելով է, որ մենք սկսում ենք ճանաչել Նրան: Ժամանակի ընթացքում՝ քավության զորությամբ, մեր սրտերը փոխվում են, և մենք կարող ենք դառնալ Նրա նման»: Հրավիրեք խմբի անդամներին մտածել ինչ-որ մեկի մասին իրենց կյանքում, ով իր ողջ սրտով ծառայել է կոչման մեջ: Կիսվեք միմյանց հետ նրանով, ինչ սովորել եք նվիրաբերված կյանքի այդ օրինակից և թե ինչպես է այն փոխել ուրիշների կյանքը:

Իմացեք ավելին