Մեր ողջ հոգիները
Եթե մենք ցանկանում ենք, որ Փրկիչը մեզ բարձրացնի դեպի երկինք, ապա Նրա հանդեպ և Նրա ավետարանի հանդեպ մեր պարտավորությունը չի կարող անփույթ կամ պատահական լինել:
Նվիրատվություն Նրան
Իր կյանքը մեզ համար տալուց ընդամենը մի քանի օր առաջ Հիսուս Քրիստոսը Երուսաղեմի տաճարում էր և դիտում էր, թե մարդիկ ինչպես են նվիրատվություններ կատարում տաճարի գանձարանին: «Եվ շատ հարուստներ շատ բաներ էին գցում», բայց հետո մի աղքատ այրի կին եկավ և «երկու լումայ գցեց»։ Այնքան փոքր գումար էր, որ դժվար թե արժեր արձանագրել։
Եվ այնուամենայնիվ, այս անհետևանք թվացող նվիրատվությունը գրավեց Փրկիչի ուշադրությունը: Իրականում, դա այնքան խորը տպավորեց Նրան, որ «իր աշակերտներին իրան մօտ կանչեց, եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ` թէ այս ազքատ որբեւայրին գանձանակը գցողների ամենից ավելի գցեց.
Որովհետեւ ամենքն իրանց աւելորդիցը գցեցին. Բայց սա իր չքաւորութիւնիցը ամեն ինչ որ ունէր գցեց, իր կեանքի բոլոր ապրուստը»:1
Այս պարզ դիտարկմամբ Փրկիչն ուսուցանեց մեզ, թե ինչպես են նվիրատվությունները չափվում Իր արքայությունում, և դա միանգամայն տարբերվում է այն եղանակից, որով մենք սովորաբար չափում ենք իրերը: Տիրոջ համար նվիրատվության արժեքը չափվում էր ոչ թե գանձարանի վրա ունեցած ազդեցությամբ, այլ նվիրատուի սրտի վրա ունեցած ազդեցությամբ:
Գովաբանելով այս հավատարիմ այրուն՝ Փրկիչը մեզ չափանիշ տվեց՝ չափել մեր աշակերտությունը իր բոլոր արտահայտումներով. Հիսուսն ուսուցանեց, որ մեր նվիրատվությունը կարող է լինել մեծ կամ փոքր, բայց ամեն դեպքում, այն պետք է լինի մեր ողջ հոգով:
Այս սկզբունքը կրկնվում է Մորմոնի Գրքի մարգարե Ամաղեկիի խնդրանքում. «Ես կկամենայի, որ դուք գաք Քրիստոսի մոտ, որը Սուրբն է Իսրայելի, և ճաշակեք նրա փրկությունից և նրա փրկագնման զորությունից: Այո, եկեք նրա մոտ և մատուցեք ձեր ողջ հոգիները նրան` որպես ընծա»:2
Բայց ինչպե՞ս է դա հնարավոր: Մեզանից շատերի համար ողջ հոգով նվիրվածության այդպիսի չափանիշը անհասանելի է թվում: Մեր կյանքում արդեն այնքան շատ բաներ կան, որոնք պահանջում են մեր ուշադրությունն ու ջանքերը։ Ինչպե՞ս կարող ենք հավասարակշռել կյանքի բազմաթիվ պահանջները մեր ցանկությունների հետ, որպեսզի մեր ողջ հոգին նվիրաբերենք Տիրոջը:
Թերևս մեր մարտահրավերն այն է, որ մենք կարծում ենք, թե հավասարակշռել նշանակում է մեր ժամանակը հավասարաչափ բաշխել մրցակցող շահերի միջև: Այս կերպ դիտարկելով՝ մեր նվիրվածությունը Հիսուս Քրիստոսին կլինի այն շատ բաներից մեկը, որը մենք պետք է տեղավորենք մեր զբաղված ժամանակացույցում: Բայց թերևս, գոյություն ունի դրա դիտարկման մեկ այլ եղանակ:
Հավասարակշռություն. ինչպես ենք վարում հեծանիվը
Ես և կինս՝ Հարիետը, սիրում ենք միասին հեծանիվ քշել։ Դա հիանալի միջոց է մարզվելու և միասին ժամանակ անցկացնելու համար: Մինչ մենք հեծանիվ ենք քշում, և ես շատ ծանր չեմ շնչում ու արտաշնչում, մենք վայելում ենք մեզ շրջապատող գեղեցիկ աշխարհը և նույնիսկ հաճելի զրույցի ենք բռնվում: Հազվադեպ մենք ստիպված ենք մեծ ուշադրություն դարձնել մեր հեծանիվներին՝ հավասարակշռությունը պահպանելու համար: Մենք այնքան երկար ենք հեծանիվ քշում, որ չենք էլ մտածում այդ մասին, դա մեզ համար սովորական և բնական է դարձել:
Բայց երբ դիտում եմ, թե ինչպես է ինչ-որ մեկը առաջին անգամ սովորում հեծանիվ քշել, հիշում եմ, որ հեշտ չէ հավասարակշռվել այդ երկու նեղ անիվների վրա: Դա ժամանակ է պահանջում: Դա վարժանք է պահանջում: Դա համբերություն է պահանջում: Նույնիսկ մի երկու անգամ պետք է վայր ընկնես:
Նրանք, ում հաջողվում է հավասարակշռել հեծանիվը, հիմնականում սովորում են այս կարևոր խորհուրդները.
Մի նայեք ձեր ոտքերին:
Նայեք առաջ:
Աչքերը պահեք ձեր առջև գտնվող ճանապարհի վրա: Կենտրոնացեք ձեր նպատակակետի վրա: Եվ աշխատեք ոտնակով: Հավասարակշռված մնալ՝ նշանակում է առաջ շարժվել:
Նմանատիպ սկզբունքներ կիրառվում են, երբ խոսքը վերաբերում է մեր կյանքում հավասարակշռություն գտնելուն` որպես Հիսուսի աշակերտներ: Ձեր ժամանակի ու եռանդի բաշխումը ձեր բազմաթիվ կարևոր խնդիրների միջև կարող է տարբեր լինել՝ կախված յուրաքանչյուր անձից և ձեր կյանքի տարբեր ժամանակահատվածներից: Բայց մեր ընդհանուր նպատակն է հետևել մեր Ուսուցչի՝ Հիսուս Քրիստոսի ճանապարհին, և վերադառնալ մեր սիրելի Երկնային Հոր ներկայություն: Այս նպատակը պետք է մնա հաստատուն և հետևողական՝ ով էլ որ լինենք, և ինչ էլ որ տեղի ունենա մեր կյանքում:3
Բարձրացեք՝ ինչպես ինքնաթիռով թռչելիս
Նրանց համար, ովքեր մոլի հեծանվորդներ են, աշակերտությունը հեծանիվ վարելու հետ համեմատելը կարող է օգտակար նմանություն լինել: Նրանց համար, ովքեր չեն սիրում հեծանիվ քշել, մի անհանգստացեք: Ես ունեմ ևս մեկ նմանություն, որի հետ վստահ եմ, որ յուրաքանչյուր տղամարդ, կին և երեխա կկարողանա առնչվել:
Աշակերտությունը, ինչպես կյանքում շատ բաներ, նույնպես կարելի է համեմատել ինքնաթիռով թռչելու հետ:
Երբևէ մտածե՞լ եք, թե որքան զարմանալի է, որ հսկայական մարդատար ինքնաթիռը կարող է իրականում կտրվել գետնից և թռչել: Ի՞նչն է ստիպում այս թռչող մեքենաներին նրբագեղորեն ճախրել երկնքում՝ հատելով օվկիանոսներն ու մայրցամաքները:
Պարզ ասած՝ ինքնաթիռը թռչում է միայն այն ժամանակ, երբ օդը շարժվում է նրա թևերի վրայով։ Այդ շարժումը ստեղծում է օդի ճնշման տարբերություններ, որոնք թույլ են տալիս, որ ինքնաթիռը բարձրանա: Իսկ ինչպե՞ս ենք ստանում այնքան օդ, որը կշարժվի թևերի վրայով՝ ապահովելով թռիչքը: Պատասխանն է՝ առաջ մղել ինքնաթիռը շարժիչների օգնությամբ:
Թռիչքուղու վրա նստած ինքնաթիռը բարձրություն չի ստանում: Նույնիսկ քամոտ օրը բավականաչափ ամբարձիչ ուժ չի ստեղծվում, քանի դեռ ինքնաթիռը դեռ առաջ չի շարժվում բավականաչափ մղումով, որպեսզի հակազդի իրեն հետ պահող ուժերին:
Ինչպես առաջընթաց շարժն է հեծանիվը պահում հավասարակշռված և ուղղահայաց վիճակում, այնպես էլ առաջ շարժվելն է օգնում ինքնաթիռին հաղթահարել ձգողականությունն ու քաշել:
Ի՞նչ է սա նշանակում մեզ համար՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ: Դա նշանակում է, որ եթե մենք ցանկանում ենք հավասարակշռություն գտնել կյանքում, և Փրկիչը մեզ երկինք բարձրացնի, ապա Նրա հանդեպ և Նրա ավետարանի հանդեպ մեր պարտավորությունը չի կարող անփույթ կամ պատահական լինել: Ինչպես Երուսաղեմի այրին, մենք ևս պետք է Նրան մատուցենք մեր ողջ հոգին: Մեր առաջարկը կարող է փոքր լինել, բայց այն պետք է բխի մեր սրտից և հոգուց:
Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը միայն այն քայլերը չեն, որոնք մենք կատարում ենք: Փրկիչն է մղիչ ուժը այն ամենի, ինչ մենք անում ենք: Նա մեր ճամփորդության համար հանգստավայր չէ: Նա գեղատեսիլ արահետ և նույնիսկ գլխավոր տեսարժան վայր չէ: Նա է «ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը, ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթե ոչ [Հիսուս Քրիստոսով]»:4 Դա է Ճանապարհը և մեր վերջնական նպատակակետը:
Հավասարակշռությունն ու բարձրացումը կգան, երբ մենք «առաջ մղվե[ն]ք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ»:5
Զոհաբերում և նվիրաբերում
Իսկ ի՞նչ կարելի է ասել բազմաթիվ խնդիրների ու պարտականությունների մասին, որոնք այնքան բազմազբաղ են դարձնում մեր կյանքը: Ժամանակ անցկացնել սիրելի մարդկանց հետ, գնալ դպրոց և մասնագիտական պատրաստություն ստանալ, վաստակել ապրուստը, հոգալ ընտանիքի մասին, ծառայել համայնքում. ինչպե՞ս կարող ենք հավասարակշռել այդ ամենը։ Փրկիչը հավաստիացնում է մեզ.
«Քանզի ձեր երկնային Հայրը գիտի, որ այս բոլոր բաները ձեզ պետք են:
Բայց փնտրեք, նախ, Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և բոլոր այս բաները կտրվեն ձեզ»:6
Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ այդքան հեշտ է:7 Դա պահանջում է՝ թե՛ զոհաբերություն, թե՛ նվիրաբերում:
Դա պահանջում է հրաժարվել որոշ բաներից, և ավելի շատ ժամանակ հատկացնել առավել կարևորներին:
Զոհաբերումն ու նվիրաբերումը երկու երկնային օրենքներ են, որոնց մենք ուխտում ենք հնազանդվել սուրբ տաճարում: Այս երկու օրենքները նման են, բայց ոչ նույնական: Զոհաբերել նշանակում է հրաժարվել ինչ-որ բանից՝ հանուն ավելի արժեքավոր բանի։ Հնում Աստծո ժողովուրդը զոհաբերում էր իր հոտերի առաջնեկներին՝ ի պատիվ գալիք Մեսիայի։ Պատմության ընթացքում հավատարիմ Սրբերը զոհաբերել են անձնական ցանկությունները, հարմարավետությունը և նույնիսկ իրենց կյանքը՝ հանուն Փրկիչի:
Մենք բոլորս ունենք մեծ ու փոքր բաներ, որոնք պետք է զոհաբերենք՝ Հիսուս Քրիստոսին լիովին հետևելու համար:8 Մեր զոհաբերությունները ցույց են տալիս, թե մենք ինչն ենք իսկապես գնահատում: Զոհաբերությունները սրբացվում և մեծարվում են Տիրոջ կողմից։9
Նվիրաբերումը տարբերվում է զոհաբերությունից առնվազն մեկ կարևոր առումով: Երբ մենք ինչ-որ բան ենք նվիրաբերում, մենք չենք թողնում, որ այն սպառվի զոհասեղանի վրա: Ավելի շուտ, մենք այն օգտագործում ենք Տիրոջ ծառայության մեջ: Մենք այն նվիրում ենք Նրան և Նրա սուրբ նպատակներին:10 Մենք ստանում ենք տաղանդները, որոնք Տերը տվել է մեզ, և ջանում ենք բազմապատկել դրանք, որպեսզի ավելի օգտակար լինենք Տիրոջ արքայության կառուցման գործին։11
Մեզանից շատ քչերին երբևէ կխնդրեն զոհաբերել կյանքը Փրկիչի համար: Բայց մենք բոլորս հրավիրված ենք նվիրաբերել մեր կյանքը Նրան:
Մեկ աշխատանք, մեկ ուրախություն, մեկ նպատակ
Երբ մենք ձգտում ենք մաքրել մեր կյանքը և բոլոր մտորումներում նայել Քրիստոսին,12 մնացած ամեն ինչ սկսում է հավասարվել: Կյանքն այլևս չի թվում առանձին ջանքերի երկար ցանկ, որոնք պահվում են թույլ հավասարակշռության մեջ:
Ժամանակի ընթացքում այդ ամենը դառնում է մեկ աշխատանք։
Մեկ ուրախություն:
Մեկ սուրբ նպատակ.
Դա Աստծուն սիրելու և ծառայելու գործն է: Դա Աստծո զավակներին սիրելն ու ծառայելն է:13
Երբ մենք նայում ենք մեր կյանքին և տեսնում հարյուրավոր անելիքներ, մեզ ծանրաբեռնված ենք զգում: Երբ մենք տեսնում ենք մի բան՝ սիրել և ծառայել Աստծուն ու Նրա զավակներին հարյուրավոր ձևերով, ապա կարող ենք ուրախությամբ կենտրոնանալ դրանց վրա:
Ահա թե ինչպես ենք մենք առաջարկում մեր ողջ հոգիները՝ զոհաբերելով այն ամենը, ինչը մեզ հետ է պահում, նվիրաբերելով մնացածը Տիրոջն ու Նրա նպատակներին:
Խրախուսանքի և վկայության խոսք
Իմ սիրելի՛ եղբայրներ ու քույրեր, իմ սիրելի՛ ընկերներ, կլինեն պահեր, երբ դուք կկամենաք ավելին անել: Ձեր սիրող Երկնային Հայրը ճանաչում է ձեր սիրտը: Նա գիտի, որ դուք չեք կարող անել այն ամենը, ինչը ձեր սիրտը ցանկանում է անել: Բայց դուք կարող եք սիրել և ծառայել Աստծուն: Դուք կարող եք անել հնարավոր ամեն բան՝ Նրա պատվիրանները պահելու համար։ Դուք կարող եք սիրել և ծառայել Նրա զավակներին: Իսկ ձեր ջանքերը մաքրում են ձեր սիրտը և պատրաստում ձեզ փառավոր ապագայի:
Սա այն է, ինչը, կարծես, հասկացավ այրին տաճարի գանձարանի մոտ: Նա, անշուշտ, գիտեր, որ իր նվիրաբերումը չի փոխի Իսրայելի ճակատագիրը, բայց այն կարող էր փոխել և օրհնել իրեն, որովհետև թեև փոքր էր, բայց իր ողջ ունեցածն էր:
Ուստի, իմ սիրելի՛ ընկերներ և Հիսուս Քրիստոսի սիրելի՛ աշակերտներ, եկեք «[չձանձրանանք] բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի»: Եվ փոքր բաներից է առաջանում «այն, ինչը մեծ է»:14
Ես վկայում եմ, որ դա ճշմարիտ է, ինչպես նաև վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Վարդապետն է, մեր Քավիչը և մեր մեկ ու միակ Ճանապարհը դեպի մեր սիրելի Երկնային Հայրը: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: