Հետևենք Հիսուսին. լինենք խաղաղարար
Խաղաղարարները պասիվ չեն. նրանք համոզիչ են՝ Փրկիչի ձևով:
Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, երբ ունենում ենք իրարանցման, վեճի և, շատերի համար, ծանր տառապանքի սթափեցնող օրեր, մեր սրտերը լցվում են խորը երախտագիտությամբ մեր Փրկիչի և Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի հավերժական օրհնությունների հանդեպ: Մենք սիրում ենք Նրան, մենք վստահում ենք Նրան և աղոթում ենք, որ հավերժ հետևենք Նրան:
Սոցիալական լրատվամիջոցների մարտահրավերը
Համացանցի հզոր ազդեցությունը և՛ օրհնություն է, և՛ մարտահրավեր, ինչը բնորոշ է մեր ժամանակներին:
Սոցիալական լրատվամիջոցների և տեղեկատվական հոսքերի աշխարհում մեկ մարդու ձայնը կարող է աճել երկրաչափական պրոգրեսիայով: Այդ ձայնը՝ ճշմարիտ, թե կեղծ, արդար, թե կանխակալ, բարի, թե դաժան, ակնթարթորեն տարածվում է աշխարհով մեկ:
Սոցիալական լրատվամիջոցների խոհեմ ու բարի գրառումները հաճախ աննկատ են մնում, մինչդեռ արհամարհանքի և զայրույթի խոսքերը որոտում են մեր ականջներում՝ քաղաքական փիլիսոփայության, լրահոսի կամ համավարակի վերաբերյալ կարծիքների միջոցով: Ոչ ոք և ոչ մի թեմա, այդ թվում՝ Փրկիչը և Նրա վերականգնված ավետարանը, պաշտպանված չեն բևեռացված ձայների այս սոցիալական երևույթից:
Դառնանք խաղաղարար
Լեռան քարոզը ուղերձ է բոլորի համար, բայց հատկապես տրվել էր Փրկիչի աշակերտներին՝ այն մարդկանց, ովքեր հետևում էին Նրան:
Տերն ուսուցանել է, թե ինչպես ապրել արհամարհական վերաբերմունք ունեցող աշխարհում՝ թե՛ այն ժամանակ և թե՛ հիմա։ «Երանի խաղաղութիւն անողներին, որ նորանք Աստուծոյ որդիք կկոչվին»։ 1
Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի վահանով մենք դառնում ենք խաղաղարար՝ մարելով, այսինքն՝ հանգստացնելով, հանգցնելով կամ մեկուսացնելով հակառակորդի բոլոր կրակոտ նետերը:2
Երբ մենք կատարում ենք մեր բաժինը, Նա խոստանում է, որ մենք կկոչվենք «Աստծո որդիք»: Երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդ Աստծո «ազգիցն» է 3, բայց «Աստծո որդիք» կոչվելը շատ ավելին է: Երբ մենք գալիս ենք Հիսուս Քրիստոսի մոտ և ուխտեր ենք կապում Նրա հետ, դառնում ենք «նրա սերունդը» և «արքայության ժառանգները» 4, «Քրիստոսի զավակներ՝ նրա որդիներն ու նրա դուստրերը»:5
Ինչպե՞ս է խաղաղարարը հանդարտեցնում և հանգցնում կրակոտ նետերը։ Անշուշտ, պետք չէ, որ չեզոք դիրք ընդունենք նրանց առաջ, ովքեր նվաստացնում են մեզ: Այլ պետք է վստահ լինենք մեր հավատքում՝ համարձակ ասենք մեր համոզմունքները, միշտ խուսափելով զայրույթ կամ չարություն առաջացնելուց:6
Վերջերս եկեղեցու հասցեին խիստ քննադատական հոդված տեսնելուց հետո քաղաքացիական իրավունքների ազգային ղեկավար և Սան Ֆրանցիսկոյի Երրորդ բապտիստական եկեղեցու հովիվ վերապատվելի Ամոս Ք․ Բրաունն այսպես է արձագանքել.
«Ես հարգում եմ այդ խոսքերի հեղինակի փորձառությունն ու տեսլականը: Ճիշտ է, ես չեմ կիսում նրա կարծիքը»:
«Ես իմ կյանքի երջանիկ էջերից մեկն եմ համարում, որ ճանաչում եմ [այս եկեղեցու] ղեկավարներին, այդ թվում՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնին: Նրանք, իմ գնահատմամբ, ղեկավարի լավագույն օրինակն են մեր երկրում»։
Այնուհետև նա հավելել է. «Մենք կարող ենք դժգոհել իրադարձություններից: Մենք կարող ենք մերժել բոլոր լավ բաները, որոնք այժմ տեղի են ունենում: … Բայց այդ մոտեցումները չեն բուժի մեր ազգային պառակտումները։ … Ինչպես Հիսուսն է ուսուցանել, մենք չենք կարող արմատախիլ անել չարիքը ավելի մեծ չարիքով։ Մենք մեծահոգությամբ ու ողորմածությամբ ենք վերաբերվում նույնիսկ նրանց, ում համարում ենք մեր թշնամին»:7
Վերապատվելի Բրաունը խաղաղարար է։ Նա հանգստությամբ ու հարգանքով հանգցրեց կրակոտ նետերը։ Խաղաղարարները պասիվ չեն. նրանք համոզիչ են՝ Փրկիչի ձևով:8
Ի՞նչն է մեզ ներքին ուժ տալիս՝ հանգցնելու կրակոտ նետերը, որոնք ուղղված դեպի մեր սիրելի ճշմարտությունները: Ուժը գալիս է Հիսուս Քրիստոսի և Նրա խոսքերի հանդեպ մեր հավատքից։
«Երանի է ձեզ, երբոր կ’նախատեն ձեզ եւ կ’հալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կ’ասեն ձեր վերայ իմ պատճառովը։
… Ձեր վարձքը շատ է երկնքումը. Որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային»:9
Ազատ կամքի կարևորությունը
Խաղաղարար լինելու մեր ցանկությունը պայմանավորված է երկու կարևոր սկզբունքներով։
Առաջինը՝ մեր Երկնային Հայրը յուրաքանչյուրին տվել է բարոյական ազատ կամք՝ սեփական ճանապարհն ընտրելու ունակությամբ:10 Այս ազատ կամքը Աստծո մեծագույն պարգևներից է:
Երկրորդ՝ ազատ կամքի հետ մեկտեղ, մեր Երկնային Հայրը թույլ է տվել, որ «հակադրություն լինի բոլոր բաներում»:11 Մենք «դառնություն են[ք] ճաշակում, որպեսզի սովորեն[ք] գնահատել բարին»:12 Հակադրությունը մեզ չպիտի զարմացնի։ Մենք սովորում ենք տարբերել բարին չարից։
Մենք ցնծում ենք ազատ կամքի օրհնությամբ, հասկանալով, որ շատերը չեն հավատա նրան, ինչին հավատում ենք մենք։ Իրականում, վերջին օրերին քչերը կլինեն, որ իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս կդարձնեն առանցքային այն ամենի մեջ, ինչ մտածում և անում են:13
Սոցիալական լրատվամիջոցների հարթակների պատճառով անհավատության մեկ ձայնը կարող է թվալ բազմաթիվ բացասական ձայներ14, բայց եթե նույնիսկ ձայները բազմաթիվ են, մենք ընտրում ենք խաղաղարարների ճանապարհը։
Տիրոջ առաջնորդները
Ոմանք համարում են, որ Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի ղեկավարները աշխարհիկ դրդապատճառներ ունեն, օրինակ՝ քաղաքական, գործարարական կամ մշակութային։
Այնուամենայնիվ, մենք շատ տարբեր ենք վերաբերվում մեր պարտականություններին: Մենք չենք ընտրվում մեր դիմումների հիման վրա։ Առանց հատուկ մասնագիտական պատրաստվածության, մենք կանչված և կարգված ենք վկայություն տալու Հիսուս Քրիստոսի անվան մասին ամբողջ աշխարհում, մինչև մեր վերջին շունչը: Մենք ջանում ենք օրհնել հիվանդներին, միայնակներին, վհատվածներին և աղքատներին՝ ամրապնդելով Աստծո արքայությունը: Մենք ձգտում ենք իմանալ Տիրոջ կամքը և հռչակել այն հատկապես նրանց համար, ովքեր հավերժական կյանք են փնտրում։15
Չնայած մեր խոնարհ ցանկությունն է, որ բոլորը պատվեն Փրկիչի ուսմունքները, Իր մարգարեների միջոցով ասված Տիրոջ խոսքերը հաճախ հակասում են աշխարհի մտածելակերպին և միտումներին: Միշտ է այդպես եղել։16
Փրկիչն ասել է Իր առաքյալներին․
«Եթէ աշխարհքը ձեզ ատում է, գիտացէք, որ ինձ ձեզանից առաջ է ատել։ …
Այս ամենը կ’անեն ձեզ իմ անունի համար. Որովհետեւ չ’ճանաչեցին ինձ ուղարկողին»։17
Հոգատարություն բոլորի հանդեպ
Մենք սրտանց սիրում և հոգ ենք տանում մեր բոլոր մտերիմների համար, անկախ այն բանից՝ նրանք մեր նման հավատք ունեն, թե՝ ոչ։ Բարի սամարացու առակով Հիսուսը մեզ ուսուցանել է, որ տարբեր համոզմունքների տեր մարդիկ պետք է սրտանց օգնության հասնեն կարիքավորին` լինելով խաղաղարար, հետապնդելով բարի և ազնիվ նպատակներ:
Փետրվարին Արիզոնա Ռիփաբլիքի հոդվածներից մեկն այսպիսի գլխագիր ուներ՝ «Վերջին օրերի սրբերը աջակցում են երկկուսակցական օրինագծին, որը կպաշտպանի գեյ և տրանսգենդեր արիզոնացիներին»:18
Մենք՝ որպես վերջին օրերի սրբեր, «ուրախ ենք լինել հավատքի, գործարարության, ԼԳԲՏՔ մարդկանց և համայնքի ղեկավարների միասնության մաս, ովքեր միասին աշխատում են վստահության և փոխադարձ հարգանքի ոգով»:19
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մի անգամ խորիմաստ հարց է տվել. «Արդյոք չե՞ն կարող գոյություն ունենալ սահմանագծեր, որոնք չեն դառնա մարտական գծեր»:20
Մենք ջանում ենք լինել «Քրիստոսի խաղաղ հետևորդներ»։21
Ժամանակներ, երբ չպետք է արձագանքենք
Փրկիչի վրա որոշ հարձակումները շատ դաժան էին, բայց Նա ոչինչ չասաց: «Քահանայապետները եւ դպիրները … ամբաստանութիւն էին անում նորանից … ծաղր [անում]», բայց Հիսուսը «ոչինչ պատասխան չ’տուաւ [նրանց]»։22 Լինում են պահեր, երբ խաղաղարար լինելը ենթադրում է՝ դիմադրել արձագանքելու մղմանը և փոխարենը՝ արժանապատվորեն լռել:23
Բոլորիս համար ցավալի է, երբ Փրկիչի, Նրա հետևորդների և եկեղեցու մասին կոշտ կամ նվաստացուցիչ խոսքեր են ասում կամ հրապարակում այն մարդիկ, ովքեր ժամանակին մեզ հետ են եղել, մեզ հետ հաղորդություն են ընդունել և մեզ հետ վկայել են Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելության մասին։24
Դա եղել է նաև Փրկիչի առաքելության ժամանակ։
Հիսուսի աշակերտներից ոմանք, ովքեր Նրա հետ էին մեծագույն հրաշքների ժամանակ, «այլեւս ման չէին գալիս նորա հետ»։25 Ցավոք, ոչ բոլորն են ամուր կանգնելու Փրկիչի հանդեպ սիրո և Նրա պատվիրանները պահելու իրենց վճռականությամբ։26
Հիսուսը մեզ սովորեցրել է հեռանալ զայրույթի և վեճի միջավայրից: Օրինակ՝ մի անգամ, երբ փարիսեցիները վիճաբանում էին Հիսուսի հետ, այնուհետև միասին խորհրդակցեցին, թե ինչպես կործանեն Նրան, սուրբ գրությունն ասում է, որ Հիսուսը հեռացավ նրանց մոտից27։ Ապա հրաշքներ եղան, երբ «շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւից. Եւ նա նորանց ամենին բժշկեց»:28
Օրհնենք ուրիշների կյանքերը
Մենք նույնպես կարող ենք հեռանալ վեճերից և օրհնել մարդկանց կյանքը29, առանց մեկուսանալու։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ Մբուջի-Մայիում, սկզբում ոմանք քննադատում էին եկեղեցին՝ չհասկանալով մեր համոզմունքները և չճանաչելով մեր անդամներին:
Վերջերս ես և Քեթին ներկա էինք Մբուջի-Մայիի եկեղեցու մի շատ հատուկ ծառայությանը: Երեխաները անթերի հագնված էին, պայծառ աչքերով և լայն ժպիտներով։ Ես հույս ունեի խոսել նրանց հետ կրթության մասին, բայց իմացա, որ շատերը դպրոց չեն հաճախում: Մեր ղեկավարները կարողացան օգնել նրանց մարդասիրական օգնության շատ համեստ գումարներով։30 Այժմ այնտեղ կան 400-ից ավելի ուսանողներ՝ աղջիկներ և տղաներ, անդամներ և մարդիկ, որոնք մեր հավատքից չեն։ Նրանց ուսուցանում են 16 ուսուցիչներ, որոնք Հիսուս Քրիստոսի եկեղեցու անդամներն են:
Տասնչորսամյա Կալանգա Մույան ասել է. «[Քանի որ քիչ գումար ունեի], ես չորս տարի դպրոց չէի գնում: … Ես այնքան երախտապարտ եմ նրա համար, ինչ եկեղեցին արեց։ … Ես այժմ կարող եմ կարդալ, գրել և խոսել ֆրանսերեն»։31 Խոսելով այս նախաձեռնության մասին՝ Մբուջի-Մայիի քաղաքապետն ասել է. «Ես ոգեշնչված եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ջանքերից, քանի որ մինչ [մյուս] եկեղեցիները յուրաքանչյուրն իր անկյունում է … [դուք աշխատում եք] [մյուսների հետ]՝ օգնելով կարիքավոր համայնքին»:32
Սիրեք միմյանց
Ամեն անգամ, երբ կարդում եմ Հովհաննեսի 13-րդ գլուխը, ես հիշում եմ Փրկիչի կատարյալ օրինակը՝ որպես խաղաղարար: Հիսուսը սիրով լվաց առաքյալների ոտքերը: Այնուհետև մենք կարդում ենք, որ Նա «տրտմեց հոգովը»33, մտածելով մեկի մասին, ում սիրում էր, և ով պատրաստվում էր դավաճանել Իրեն։ Ես փորձել եմ պատկերացնել Փրկիչի մտքերն ու զգացմունքները, երբ Հուդան հեռացավ: Հետաքրքրական է, որ այդ դժվար պահին Հիսուսն այլևս չխոսեց Իր «տրտում» զգացմունքների կամ դավաճանության մասին: Նա Իր առաքյալների հետ խոսեց սիրո մասին, Նրա խոսքերն արձագանքում են դարերի միջով:
«Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք: …
Սորանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք»։34
Եկեք սիրենք Նրան և սիրենք միմյանց: Եկեք լինենք խաղաղարար, որպեսզի կոչվենք «Աստծո որդիք»: Ես աղոթում եմ այս մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: