2010–2019 թթ․
Սիրել ուրիշներին և ապրել տարբերություններով հանդերձ
Հոկտեմբեր 2014


Սիրել ուրիշներին և ապրել տարբերություններով հանդերձ

Որպես Քրիստոսի հետևորդներ մենք պետք է խաղաղ ապրենք ուրիշների հետ, ովքեր չեն կիսում մեր արժեքները կամ ընդունում ուսմունքները, որոնց վրա դրանք հիմնված են:

I.

Իր մահկանացու ծառայության վերջին օրերին Հիսուսն Իր աշակերտներին տվեց, ինչպես Ինքն էր կոչում, «նոր պատուիրանք» (Հովհաննես ԺԳ.34): Կրկնվելով երեք անգամ՝ այդ պատվիրանը պարզ էր, սակայն դժվար. «Իրար սիրէք, ինչպէս որ ես ձեզ սիրեցի» (Հովհաննես ԺԵ.12, տես նաև հատված 17): Իրար սիրելու ուսմունքը եղել է Փրկչի ծառայության առանցքային ուսմունքը: Երկրորդ մեծ պատվիրանն է եղել՝ «սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մատթեոս ԻԲ.39): Հիսուսը նույնիսկ սովորեցրել է. «Սիրեցէք ձեր թշնամիներին» (Մատթեոս Ե.44): Եվ ուրիշներին սիրել այնպես, ինչպես Նա սիրեց Իր հոտին պատվիրանը ուղղված էր Իր աշակերտներին և մեզ, մարտահրավեր, որն առանձնահատուկ էր: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը սովորեցրել է մեզ անցած ապրիլին. «Փաստորեն, սերը ավետարանի հենց էությունն է, և Հիսուս Քրիստոսը մեր Օրինակն է: Նրա կյանքը սիրո ժառանգություն է»:1

Ինչո՞ւ է այդքան դժվար Քրիստոսանման սեր ունենալ իրար հանդեպ: Դա դժվար է, որովհետև մենք պետք է ապրենք նրանց մեջ, ովքեր չեն կիսում մեր համոզմունքները և արժեքները և ուխտի հետ կապված պարտավորությունները: Իր աշակերտների համար ասված հիանալի աղոթքում, որն ասվեց Նրա Խաչելությունից անմիջապես առաջ, Հիսուսն աղոթեց Իր հետևորդների համար. «Եւ քո խօսքը նորանց տուի, եւ աշխարհքը նորանց ատեց, որովհետեւ աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ» (Հովհաննես ԺԷ.14): Ապա Նա աղերսեց Հորը. «Ես չեմ աղաչում, որ աշխարհքիցը վեր առնես նորանց. այլ որ նորանց պահես չարիցը» (հատված 15):

Մենք պետք է ապրենք աշխարհում, սակայն չլինենք աշխարհից: Մենք պետք է ապրենք աշխարհում, քանի որ, ինչպես Հիսուսն է սովորեցրել առակում, Իր արքայությունը «նման է խմորի», որի դերը կայանում է իր ներգործությամբ ողջ զանգվածը բարձրացնելու մեջ (տես Ղուկաս ԺԳ.21, Մատթեոս ԺԳ.33, տես նաև Ա Կորնթացիս Ե.6–8): Նրա հետևորդները չեն կարողանա դա անել, եթե շփվեն միայն նրանց հետ, ովքեր կիսում են իրենց համոզմունքները և սովորությունները: Սակայն Փրկիչը նաև ուսուցանել է, որ եթե մենք սիրում ենք Նրան, մենք կպահենք Նրա պատվիրանները (տես Հովհաննես ԺԴ.15):

II.

Ավետարանն ունի բազում ուսմունքներ պատվիրանները պահելու վերաբերյալ՝ ապրելով տարբեր համոզմունքներ և սովորություններ ունեցող մարդկանց մեջ: Հակառակության մասին ուսմունքներն ամենակարևորներից են: Երբ հարություն առած Քրիստոսը տեսավ նեփիացիներին, որոնք մկրտության ձևի մասին էին վիճաբանում, Նա պարզ ցուցումներ տվեց, թե ինչպես պետք է կատարվեր այս արարողությունը: Ապա Նա սովորեցրեց այս մեծ սկզբունքը.

«Ձեր մեջ չպիտի լինեն վիճաբանություններ, ինչպես մինչև այժմ է եղել. ոչ էլ պիտի վիճաբանություններ լինեն ձեր մեջ ՝ իմ վարդապետության կետերի վերաբերյալ, ինչպես մինչև այժմ է եղել:

Քանզի ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա, որ ունի հակառակության ոգին, ինձանից չէ, այլ դևից է, որը հակառակության հայրն է, և նա դրդում է մարդկանց սրտերը՝ բարկությամբ վիճելու մեկը մյուսի հետ:

Ահա, … այս է իմ վարդապետությունը, որ այսպիսի բաները պետք է վերացվեն» (3 Նեփի 11.28–30, շեղագրերն ավելացված են):

Փրկիչը չէր սահմանափակում Իր նախազգուշացումը հակառակության դեմ նրանց հանդեպ, ովքեր չէին պահում մկրտվելու վերաբերյալ պատվիրանը: Նա արգելեց հակառակությունը ցանկացած մարդու հետ: Նույնիսկ նրանք, ովքեր պահում են պատվիրանները, չպետք է դրդեն մարդկանց սրտերը՝ բարկությամբ վիճելու: «Հակառակության հայրը» դևն է, Փրկիչը Խաղաղության Իշխանն է:

Նմանապես, Աստվածաշունչը սովորեցնում է, որ «իմաստունները բարկութիւնը կհանգստացնեն» (Առակաց ԻԹ.8): Առաջին Առաքյալներն ուսուցանել են, որ մենք պետք է «խաղաղութեան բաների ետեւից գնանք» (Հռովմայեցիս ԺԴ.19) և «[խոսենք] ճշմարիտ լինելով սէրի մեջ» (Եփեսացիս Դ.15), «որովհետեւ մարդի բարկութիւնն Աստուծոյ արդարութիւնը չէ գործում» (Հակոբոս Ա.20): Մեր օրերի հայտություններում Տերը պատվիրել է, որ վերականգնված ավետարանի բարի լուրը պետք է հայտարարի «ամեն մարդ իր մերձավորին, մեղմությամբ ու հեզությամբ» (ՎևՈՒ 38.41), «ողջ խոնարհությամբ, … չանարգելով անարգողներին» (ՎևՈՒ 19.30):

III.

Նույնիսկ երբ մենք փորձում ենք հեզ լինել և խուսափել հակառակությունից, մենք չպետք է փոխզիջման գնանք կամ նվազեցնենք մեր հավատարմությունն այն ճշմարտությունների հանդեպ, որոնք մենք հասկանում ենք: Մենք չպետք է հանձնենք մեր դիրքերը կամ մեր արժեքները: Հիսուս Քրիստոսի ավետարանը և մեր կապած ուխտերը անխուսափելիորեն պահանջում են, որ մենք պատերազմենք ճշմարտության և սխալի միջև առկա հավերժական պայքարում: Այդ պայքարում չկա չեզոք գոտի:

Փրկիչը ցույց տվեց ուղին, երբ, Նրան փորձելով, հակառակորդները Նրա մոտ բերեցին մի կնոջ, ով «բռնուել էր յայտնապէս շնանալիս» (Հովհաննես Ը.4): Իրենց իսկ կեղծավորության պատճառով ամաչելով՝ դատապարտողները հեռացան և Հիսուսին մենակ թողեցին կնոջ հետ: Նա բարի վերաբերմունք ցուցաբերեց նրա հանդեպ՝ հրաժարվելով դատապարտել նրան այդ պահին: Սակայն Նա նաև հաստատակամորեն կարգադրեց նրան՝ «այսուհետեւ մեղք մի գործիր» (Հովհաննես Ը.11): Պահանջվում է ողորմածություն, սակայն Քրիստոսի հետևորդը, ճիշտ ինչպես Ուսուցիչը, հաստատակամ կմնա ճշմարտության մեջ:

IV.

Ինչպես Փրկիչը, Նրա հետևորդները երբեմն փորձվում են մեղսալի վարքի միջոցով, և այսօր, երբ նրանք պաշտպանում են ճիշտն ու սխալն այնպես, ինչպես հասկանում են իրենք, նրանց երբեմն կոչում են «մոլեռանդներ»: Բազմաթիվ աշխարհիկ արժեքներ և սովորություններ նման մարտահրավերներ են նետում Վերջին Օրերի Սրբերին: Սրանց մեջ այսօր աչքի է ընկնում նույնասեռ ամուսնությունը, որը մեծ օժանդակության է արժանանում Միացյալ Նահանգների ու Կանադայի շատ նահանգներում ու մարզերում և աշխարհի շատ այլ երկրներում: Մենք նաև ապրում ենք ոմանց շրջապատում, ովքեր ընդհանրապես չեն հավատում ամուսնության կարևորությանը: Ոմանք չեն հավատում երեխաներ ունենալու կարևորությանը: Ոմանք առարկում են որևէ արգելքը մերկագրության կամ վտանգավոր թմրադեղերի դեմ: Մեկ այլ մարտահրավերի օրինակ, որը ծանոթ է հավատացյալներից շատերին, անհավատ ամուսնու կամ ընտանիքի անդամի հետ ապրելն է կամ անհավատ աշխատակիցների հետ շփվելը:

Նվիրագործված վայրերում, ինչպիսին են տաճարները, երկրպագության տները և մեր սեփական տները, մենք պետք է ուսուցանենք ճշմարտությունը և պատվիրանները պարզ և լիարժեք ձևով, ինչպես մենք հասկանում ենք դրանք փրկության ծրագրից, որը հայտնի է դարձվել վերականգնված ավետարանում: Դա անելու մեր իրավունքը պաշտպանվում է սահմանադրության միջոցով, որը երաշխավորում է խոսքի և կրոնի ազատություն, ինչպես նաև գաղտնիությամբ, որը հարգվում է նույնիսկ այն երկրներում, որոնք չունեն օրինական սահմանադրական երաշխիքներ:

Հասարակության մեջ կրոնավորների ասածը և արածը ներառում է այլ նկատառումներ: Կրոնի ազատ կիրառումը վերաբերվում է գրեթե բոլոր հասարակական գործողություններին, սակայն այն ենթակա է որակավորումների, որոնք անհրաժեշտ են ուրիշների համոզմունքները և սովորությունները հարմարեցնելու համար: Օրենքները կարող են արգելել այն դրսևորումները, որոնք ընդհանուր առմամբ ճանաչվել են որպես սխալ կամ անընդունելի, ինչպես սեռական շահագործումը, բռնությունը կամ ահաբեկչական գործողությունը, նույնիսկ երբ այն կատարվել է ծայրահեղականների կողմից կրոնի անվան տակ: Ավելի քիչ կարևորություն ունեցող դրսևորումները, նույնիսկ եթե անընդունելի են որոշ հավատացյալների համար, պարզապես պետք է տանելի համարվեն, եթե օրինականացված են, ինչպես Մորմոնի Գրքի մարգարեն է կոչում, «ժողովրդի ձայնով» (Մոսիա 29.26):

Ինչ վերաբերվում է հասարակական ճառերին, մենք պետք է հետևենք ավետարանի ուսմունքներին՝ սիրելու մեր մերձավորներին և խուսափելու հակառակություններից: Քրիստոսի հետևորդները պետք է լինեն քաղաքավարության օրինակներ: Մենք պետք է սիրենք բոլոր մարդկանց, լինենք լավ լսողներ և ցուցաբերենք մտահոգություն նրանց անկեղծ համոզմունքների հանդեպ: Չնայած որ մենք կարող ենք չհամաձայնվել, մենք չպետք է լինենք անբարյացակամ: Մեր դիրքորոշումները և հաղորդակցությունը վիճահարույց թեմաների շուրջ չպետք է հակառակություն առաջ բերեն: Մենք պետք է իմաստուն լինենք մեր դիրքորոշումները բացատրելիս և դրանց հետևելիս և մեր ազդեցությունը գործադրելիս: Դա անելիս մենք խնդրում ենք, որ ուրիշները չվիրավորվեն մեր անկեղծ կրոնական համոզմունքներից և մեր կրոնի ազատ գործադրումից: Մենք խրախուսում ենք մեզ բոլորիս կիրառել Փրկչի Ոսկե Կանոնը. «Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց» (Մատթեոս Է.12):

Երբ մեր դիրքորոշումները չեն ընդունվում, մենք պետք է ընդունենք ոչ դրական արդյունքները բարեհոգաբար և քաղաքակիրթ վերաբերմունք ցուցաբերենք մեր հակառակորդների հանդեպ: Ցանկացած իրավիճակում մենք պետք է լինենք բոլորի հանդեպ բարյացակամ անձնավորություններ, մերժելով ցանկացած տեսակի հալածանքը, ներառյալ հալածանքը հիմնված ազգային, էթնիկական պատկանելության, կրոնական համոզմունքների կամ անհավատության և սեռական կողմնորոշման վրա:

V.

Ես խոսեցի ընդհանուր սկզբունքների մասին: Այժմ ես կխոսեմ, թե ինչպես պետք է այդ սկզբունքները կիրառվեն զանազան ծանոթ իրավիճակներում, որտեղ Փրկչի ուսմունքներին պետք է ավելի հավատարմորեն հետևենք:

Ես սկսում եմ նրանից, թե ինչ են մեր փոքրիկները սովորում իրենց խաղերի ժամանակ: Շատ հաճախ ոչ մորմոններն այստեղ Յուտայում վիրավորվում են և իրենց մեկուսացված են զգում մեր որոշ անդամների կողմից, ովքեր թույլ չեն տալիս իրենց երեխաներին ընկերանալ այլ հավատքի երեխաների հետ: Իհարկե, մենք կարող ենք ուսուցանել մեր երեխաներին արժեքներ և վարքագծի չափանիշներ առանց իրենց հեռու պահելու անհրաժեշտության կամ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու որևէ մեկի հանդեպ, ով տարբերվում է մեզանից:

Շատ ուսուցիչների եկեղեցում և դպրոցում վշտացրել է իրար հանդեպ պատանիների՝ ներառյալ ՎՕՍ երիտասարդների ցուցաբերած վերաբերմունքը: Իրար սիրելու պատվիրանը անկասկած ներառում է սեր և հարգանք՝ անկախ կրոնական և նաև ազգային, մշակութային տարբերություններից և տնտեսական տարբեր իրավիճակներից: Մենք խրախուսում ենք բոլոր երիտասարդներին խուսափել կռվարար լինելուց, վիրավորանքներ հասցնելուց կամ այնպիսի խոսքերից ու արարքներից, որոնք միտումնավոր կերպով ցավ են պատճառում ուրիշներին: Այս ամենը ոտնահարում են իրար սիրելու Փրկչի պատվիրանը:

Փրկիչն ուսուցանել է, որ հակառակությունը դևի գործիքն է: Դա անկասկած ուսուցում է ներկայիս որոշ խոսելաձևերի և քաղաքականությունների դեմ: Տարբեր քաղաքականություններով ապրելն անհրաժեշտ է քաղաքական կյանքում, սակայն տարբեր քաղաքականությունները չպետք է ներառեն անձնական քննադատություններ, որոնք թունավորում են ղեկավարման գործընթացը և վնասում են մասնակիցներին: Մենք բոլորս էլ պետք է ազատվենք ատելություն սերմանող հաղորդակցություններից և քաղաքավարություն կիրառենք տարբեր կարծիքների դեպքում:

Հակառակությանը դիմակայելու և տարբերությունների հանդեպ հարգանք ցուցաբերելու համար ամենակարևոր միջավայրը մեր տներն են և ընտանեկան հարաբերությունները: Տարբերություններն անխուսափելի են, դրանցից ոմանք փոքր են, մյուսները՝ մեծ: Ինչ վերաբերվում է մեծ տարբերություններին, ենթադրենք, որ ընտանիքի անդամն առանց օրինական ամուսնության ապրում է մեկի հետ: Դա հակասության մեջ է դնում երկու կարևոր արժեքներ՝ մեր սերը ընտանիքի անդամի հանդեպ և պատվիրանների հանդեպ մեր պարտավորությունը: Հետևելով Փրկչի օրինակին, մենք կարող ենք սեր ցուցաբերել և շարունակել հավատարիմ մնալ ճշմարտությանը, դիմակայելով արարքներին, որոնք թեթևացնում կամ, թվում է, թե արդարացնում են այն, ինչը մենք գիտենք, որ սխալ է:

Վերջում ես ուզում եմ բերել ևս մեկ օրինակ ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ: Մոտավորապես 10 տարի առաջ հյուսիս-կենտրոնական շրջանում ցցի համաժողովի ժամանակ ես հանդիպեցի մի քրոջ, ով ասաց ինձ, որ իր ոչ անդամ ամուսինը իր հետ եկեղեցի էր գալիս 12 տարի, սակայն դեռևս չէր միացել Եկեղեցուն: Նա հարցրեց, թե ինչ պետք է ինքն աներ: Ես խորհուրդ տվեցի նրան շարունակել անել բոլոր ճիշտ բաները և համբերատար ու սիրալիր լինել իր ամուսնու հանդեպ:

Մոտ մեկ ամիս անց նա գրեց ինձ հետևյալը. «Ես կարծում էի, որ 12 տարիներն իմ համբերության վառ ապացույցն էին հանդիսանում, սակայն ես վստահ չէի, որ շատ բարի էի գտնվում այդ պայմաններում: Ուստի, ես մեծ ջանասիրություն գործադրեցի մոտ մեկ ամիս և նա մկրտվեց»:

Բարությունը զորեղ է, հատկապես ընտանիքում: Նրա նամակը շարունակվում էր. «Ես փորձում եմ նույնիսկ ավելի բարի լինել այժմ, քանի որ մենք այս տարի աշխատում ենք կնքվել տաճարում»:

Վեց տարի անց նա գրեց ինձ մեկ այլ նամակ. «Իմ ամուսինը [նոր] կանչվեց և կարգվեց որպես [մեր ծխի] եպիսկոպոս»:2

VI.

Կյանքում շատ հարաբերություններում և պայմաններում մենք պետք է շփվենք մարդկանց հետ, ովքեր տարբերվում են մեզանից: Կարևոր է, որ մեր կողմից այս տարբերությունները չմերժվեն կամ անտեսվեն, սակայն որպես Քրիստոսի հետևորդներ մենք պետք է սովորենք խաղաղ ապրել ուրիշների հետ, ովքեր չեն կիսում մեր արժեքները կամ ընդունում ուսմունքները, որոնց վրա դրանք հիմնված են: Հոր փրկության ծրագիրը, որի մասին մենք գիտենք մարգարեական հայտնությամբ, դնում է մեզ մահկանացու պայմաններում, որտեղ մենք պետք է պահենք Նրա պատվիրանները: Դա ներառում է տարբեր մշակույթներ և համոզմունքներ ունեցող մեր մերձավորներին այնպես սիրելը, ինչպես Նա սիրեց մեզ: Ինչպես ուսուցանել է Մորմոնի Գրքի մի մարգարե, մենք պետք է առաջ մղվենք՝ ունենալով «սեր Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ» (2 Նեփի 31.20):

Որքան էլ դժվար լինի ապրելը մեզ շրջապատող աղմուկի մեջ, հավանաբար մեր ամենամեծ մարտահրավերն է մեր Փրկչի պատվիրանը՝ իրար սիրելը, ինչպես Նա է սիրում մեզ: Ես աղոթում եմ, որ մենք կարողանանք հասկանալ սա և ջանանք ապրել այդ պատվիրանով մեր բոլոր հարաբերություններում և արարքներում, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Թոմաս Ս. Մոնսոն, «Սեր՝ ավետարանի էությունը», Լիահոնա, մայիս 2014, 91:

  2. Նամակներ Դալլին Հ. Օուքսին, հուն. 23, 2006 և հոկտ. 30, 2012: