2010–2019 թթ․
Ո՞ր կողմ եք դուք նայում
Հոկտեմբեր 2014


Ո՞ր կողմ եք դուք նայում

Աստծուն գոհացնելու փոխարեն փորձելով գոհացնել մյուսներին՝ մենք երեսնիվայր շրջում ենք առաջին երկու մեծ պատվիրանները:

«Ո՞ր կողմ ես դու նայում»,- Նախագահ Բոյդ Ք. Փաքերը զարմացրեց ինձ այս շփոթեցնող հարցով, երբ մենք ճամփորդում էինք միասին որպես Յոթանասունական իմ առաջին հանձնարարության ժամանակ: Չհասկանալով հարցի էությունը ես շփոթվեցի: «Յոթանասունականը, - շարունակեց նա,- ոչ թե մարդկանց է ներկայացնում մարգարեին, այլ մարգարեին է ներկայացնում մարդկանց: Երբեք մի մոռացիր՝ որ կողմ ես դու նայում»: Դա մի զորեղ դաս էր:

Աստծուն գոհացնելու փոխարեն փորձելով գոհացնել մյուսներին՝ մենք երեսնիվայր շրջում ենք առաջին երկու մեծ պատվիրանները (տես Մատթեոս ԻԲ.37–39): Մենք մոռանում ենք՝ որ կողմ ենք նայում: Սակայն, մենք բոլորս էլ արել ենք այդ սխալը, մարդկանցից վախենալու պատճառով: Եսայիայում Տերը զգուշացնում է մեզ. «Մի վախենաք մարդկանց նախատինքից» (Եսայիա ԾԱ.7, տես նաև 2 Նեփի 8.7): Լեքիի երազում այս վախը սկսվում էր մեծ և ընդարձակ շենքից պարզված արհամարհանքի մատից, պատճառ դառնալով, որ շատերը մոռանային որ կողմ են իրենք նայում և «ամաչելով» հեռանային ծառից (տես 1 Նեփի 8.25–28):

Հասակակիցների այս ճնշումը փորձում է փոխել մարդու վերաբերմունքը, եթե ոչ վարքագիծը, ստիպելով նրան մեղավոր զգալ չհամաձայնելու համար: Մենք հարգալից գոյակցություն ենք փնտրում նրանց հետ, ովքեր պարզում են մատը, բայց երբ մարդկանց վախը գայթակղում է մեզ ընդունել մեղքը, ըստ Առակաց գրքի դա դառնում է «որոգայթ» (տես Առակաց ԻԹ.25): Այդ որոգայթը կարող է հմտորեն ներկայացվել, որպեսզի մեր կարեկցող բնույթից ելնելով հանդուրժենք կամ անգամ հավանության արժանացնենք այն, ինչը դատապարտվում է Աստծո կողմից: Հավատքից թույլ մարդկանց համար դա մեծ գայթակղության քար է: Օրինակ, որոշ երիտասարդ միսիոներներ մարդկանցից վախը իրենց հետ տանում են միսիայի դաշտ և թերանում են միսիայի նախագահին զեկուցել իրենց զուգընկերջ աղաղակող անհնազանդության մասին, որովհետև չեն ցանկանում վիրավորել իրենց քմահաճ ընկերոջը: Սկզբունքային որոշումները պետք է կատարվեն հիշելով առաջին և երկրորդ մեծ պատվիրանների ճիշտ հերթականությունը (տես Մատթեոս ԻԲ.37–39): Երբ այդ շփոթված միսիոներները գիտակցեն, որ իրենք հաշվետու են ոչ թե իրենց զուգընկերոջ, այլ Աստծո առաջ, քաջություն կստանան փոխելու իրենց հայացքի ուղղությունը:

22 տարեկանում անգամ երիտասարդ Ջոզեֆ Սմիթը մոռացավ, թե որ կողմ էր նայում, երբ անընդհատ խնդրանքներով դիմում էր Տիրոջը, որպեսզի 116 ձեռագիր էջերը Մարտին Հարրիսին տալու համար թույլտվություն ստանար: Հավանաբար, դրանով Ջոզեֆն ուզում էր իր երախտագիտությունը հայտնել Մարտինին՝ նրա ցուցաբերած օգնության համար: Մենք գիտենք նաև, որ Ջոզեֆն անչափ մտահոգ էր այլ ականատեսներ գտնելու հարցում, ովքեր կկանգնեին իր կողքին տանջող կեղծիքների և իր դեմ տարածվող ստերի դեմ:

Ինչպիսին էլ լինեին Ջոզեֆի պատճառները, կամ որքան էլ արդարացված լինեին դրանք, միևնույն է, Տերը չներեց դա և խիստ հանդիմանեց նրան. «Որքա՜ն հաճախ ես դու զանց առել … և հետևել մարդկանց համոզմունքներին: Քանզի ահա դու մարդուց չպետք է ավելի շատ վախենայիր, քան Աստծուց» (ՎևՈՒ 3.6–7, շեշտադրումն ավելացված է): Այդ դառը փորձն օգնեց Ջոզեֆին ընդմիշտ հիշել՝ որ կողմ պետք է նայեր:

Երբ մարդիկ փորձում են իրենց դեմքը պահել մարդկանց մոտ, ակամայից կարող են դեմքը կորցնել Աստծո մոտ: Մտածել, թե կարող ես գոհացնել Աստծուն և միևնույն ժամանակ հանդուրժել մարդկանց անհնազանդությունը, ոչ թե չեզոքություն, այլ երկերեսանիություն և կեղծավորություն է, կամ էլ «երկու տերերի ծառայելու» փորձ է (Մատթեոս Զ.24, 3 Նեփի 13.24):

Չնայած քաջություն է պահանջվում վտանգներին դիմակայելու համար, քաջության իրական ապացույց է հանդիսանում մարդկանցից վախը հաղթահարելը: Օրինակ, Դանիելի աղոթքներն օգնեցին նրան առյուծների դեմ կանգնել, սակայն նրա քաջությունը դրսևորվեց, երբ նա չենթարկվեց Դարեհ թագավորին (տես Դանիել 6): Նման քաջությունը որպես Հոգու պարգև տրվել է Աստվածավախ մարդկանց, ովքեր ասել են իրենց աղոթքները: Եսթեր թագուհու աղոթքները ևս նրան նման քաջություն պարգևեցին, երբ նա ընդդիմացավ իր ամուսնուն, Ասուերոս թագավորին, իմանալով, որ դրանով նա իր կյանքն էր վտանգում (տես Եսթեր Դ.8–16):

Քաջությունը հիմնական արժանիքներից մեկն է, և ինչպես Ք.Ս. Լյուիսն է նկատել. «Քաջությունն … արժանիք է, որը դրսևորվում է փորձվելու պահին: … Պիղատոսը ողորմած էր, մինչև որ իր համար վտանգ զգաց»:1 Հերովդես թագավորը վշտացավ Հովհաննես Մկրտչին գլխատելու խնդրանքին ի պատասխան, բայց ցանկացավ գոհացնել «իր սեղանակիցներին» (Մատթեոս ԺԴ.9): Նոյ թագավորը պատրաստ էր ազատ արձակել Աբինադիին, բայց նենգ քահանաների ճնշման տակ ընկրկեց (տես Մոսիա 17.11–12): Սավուղ թագավորը չհնազանդվեց Տիրոջ խոսքին՝ պահելով պատերազմի ավարը, որովհետև նա «ժողովրդից վախեցավ և նրանց խոսքը լսեց» (Ա Թագ. ԺԵ.24): Սինայ սարի ստորոտին ըմբոստ Իսրայելին հանդարտեցնելու համար Ահարոնը ոսկե հորթ ձուլեց, մոռանալով, թե որ կողմ ինքը պետք է նայեր (տես Ելից ԼԲ): Նոր Կտակարանում իշխաններից շատերը «հավատացին [Տիրոջը]. սակայն Փարիսեցիների պատճառովը չէին դավանում, որ ժողովարաններիցը դուրս չգցվին. Որովհետև մարդկանց փառքն ավելի սիրեցին, քան թէ Աստուծոյ փառքը» (Հովհ. ԺԲ.42–43): Սուրբ գրությունները լի են նման օրինակներով:

Այժմ լսեք մի քանի ոգեշնչող օրինակներ.

  • Առաջինը, Մորմոն. «Ահա, ես խոսում եմ համարձակորեն՝ ունենալով իշխանություն Աստծուց. և ես չեմ վախենում՝ ինչ կարող է անել մարդը. Քանզի կատարյալ սերը հեռացնում է ամեն վախ» (Մորոնի 8.16, շեշտադրումն ավելացված է):

  • Նեփի. «Ուստի ես չեմ գրում բաները, որոնք հաճելի են աշխարհին, այլ այն՝ այն բաները, որոնք հաճելի են Աստծուն և նրանց, ովքեր այս աշխարհիցը չեն» (1 Նեփի 6.5):

  • Զորավար Մորոնի. «Ահա ես Մորոնին եմ՝ ձեր գլխավոր զորապետը: Ես չեմ փնտրում իշխանություն, այլ՝ տապալել այն: Ես չեմ փնտրում աշխարհի հարգանքը, այլ իմ Աստծո փառքը, և իմ երկրի ազատությունն ու բարօրությունը» (Ալմա 60.36):

Մորոնին այնքան մեծ քաջությամբ էր միշտ հիշում, թե որ կողմ պետք է նայեր, որ նրա մասին ասվեց. «Եթե բոլոր մարդիկ եղած լինեին, և մնային, և երբևէ լինեին Մորոնիի նման, ահա, նույնիսկ դժոխքի զորությունները հավիտյանս կսասանվեին. այո, դևը երբեք զորություն չէր ունենա մարդկանց զավակների սրտերի վրա» (Ալմա 48.17):

Բոլոր դարերում մարգարեները միշտ դարձել են արհամարհական մատի հարձակման թիրախ: Ինչո՞ւ: Որովհետև, ըստ սուրբ գրությունների, «մեղավորները դժվար են ընդունում ճշմարտությունը, քանի որ այն խոցում է նրանց՝ հենց կենտրոնից» (1 Նեփի 16.2), կամ ինչպես Հարոլդ Բ. Լին է նկատել. «Խփված թռչունն է դողդողում»:2 Իրականում, նրանց արհամարհական արձագանքը ոչ այլ ինչ է, քան մեղքի ինքնավստահեցման փորձ, ինչպես եղավ Կորիհորի դեպքում, ով ի վերջո ընդունեց. «Ես միշտ գիտեի, որ Աստված կա» (Ալմա 30.52): Կորիհորն այնքան համոզիչ էր իր խաբեության մեջ, որ նա հավատացել էր իր իսկ ստին (տես Ալմա 30.53):

Ծաղրողները հաճախ մեղադրում են մարգարեներին, որ նրանք կարծես 21-րդ դարում չեն ապրում կամ հանդուրժող չեն: Նրանք փորձում են համոզել կամ անգամ ճնշել Եկեղեցուն, որ իջեցնեն Աստծո չափանիշները հավասարեցնելով իրենց ոչ պատշաճ վարքի մակարդակին, որը Երեց Նիլ Ա. Մաքսվելի խոսքերով, «կզարգացնի ինքնաբավարարություն, չփնտրելով ինքնաբարելավում3 և ապաշխարություն»: Տիրոջ չափանիշները հասարակության ոչ պատշաճ վարքին համապատասխանեցնելը ուրացություն է: Փրկչի այցելությունից երկու դար անց Նեփիացիների մեջ շատ եկեղեցիներ սկսեցին «պարզեցնել» վարդապետությունը, եթե փոխ առնենք Երեց Հոլլանդի արտահայտությունը:4

4 Նեփիից այս հատվածը լսելիս զուգահեռներ գտեք մեր օրերից. «Եվ եղավ այնպես, որ երբ երկու հարյուր տասը տարի անցավ, եղան շատ եկեղեցիներ երկրում. այո, եղան շատ եկեղեցիներ, որոնք ձևացնում էին, թե գիտեին Քրիստոսին, և սակայն նրանք ուրացել էին նրա ավետարանի շատ մասերը, այնպես որ նրանք ընդունեցին ամեն ձևի ամբարշտություն, և սպասավորեցին այն, ինչը սրբազան էր, նրան՝ ում դա արգելված էր, անարժանիության պատճառով» (4 Նեփի 1.27):

Կրկնվող տեսիլք է վերջին օրերում: Որոշ անդամներ չեն հասկանում, որ ընկնում են նույն որոգայթը, երբ ջանքեր են գործադրում, որպեսզի ընդունվեն տեղական կամ էթնիկ «ավանդույթներն իրենց հայրերի» (ՎևՈՒ 93.39), որոնք ավետարանի մշակույթին համահունչ չեն: Մինչդեռ մյուսները, իրենք իրենց խաբելով և ուրանալով, խնդրում կամ պահանջում են, որ եպիսկոպոսներն իջեցնեն տաճարային երաշխավորագրի, կրթական հավաստագրի կամ միսիոներական դիմումի չափանիշները: Հեշտ բան չէ նման ճնշման տակ եպիսկոպոս լինելը: Ինչևէ, Փրկչի նման, ով մաքրեց տաճարը դրա սրբությունը պաշտպանելու համար (տես Հովհ. Բ.15–16), եպիսկոպոսներն այսօր կանչված են համարձակորեն պաշտպանելու տաճարային չափանիշները: Փրկիչն ասաց. «Ես ողորմությամբ կհայտնվեմ իմ ժողովրդին … եթե իմ ժողովուրդը պահի իմ պատվիրանները և չպղծի այս սուրբ տունը» (ՎևՈՒ 110.7–8):

Փրկիչը, մեր մեծ Օրինակը, միշտ նայում էր Իր Հոր կողմը: Նա սիրեց և ծառայեց Իր ընկերներին, բայց ասաց. «Ես մարդկանցից փառք չեմ առնում» (Հովհ. Ե.41): Նա ցանկացավ, որ նրանք, ում ուսուցանում էր, Իր ետևից գնային, բայց չձգտեց արժանանալ նրանց բարեհաճությանը: Երբ նա գթասրտություն էր դրսևորում, օրինակ բժշկելով հիվանդին, ընծան հաճախ տրվում էր «ոչ մեկին չասես» խնդրանքով (Մատթ. Ը.4, Մարկոս Է.36, Ղուկաս Ե.14, Ը.56): Մասամբ, դրանով նա պետք է որ խույս տար Իրեն հետևող համբավից, չնայած որ Նա զգուշանում էր դրանից (տես Մատթեոս Դ.24): Նա մեղադրեց Փարիսեցիներին, որ բարի գործեր էին կատարում միայն մարդկանց երևալու համար (տես Մատթեոս Զ.5):

Փրկիչը, միակ կատարյալ էակը, որ երբևէ ապրել է, ամենաանվախն էր: Իր կյանքում Նա շատ մեղադրողների հանդիպեց, բայց երբեք տեղի չտվեց նրանց ծաղրող մատին: Նա միակ մարդն է, ով երբեք չմոռացավ, թե որ կողմ պետք է նայեր. «Ես միշտ Հորը հաճելի բաներն եմ անում» (Հովհ. Ը.29, շեշտադրումն ավելացված է) և «իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հոր կամքը» (Հովհ. Ե.30):

3 Նեփի 11 գլխից մինչև 3 Նեփի 28 գլուխը Փրկիչը առնվազն 150 անգամ օգտագործում է Հայր անունը, հստակ ցույց տալով, որ այնտեղ Նա ներկայացնում էր Իր Հորը: Իսկ Հովհաննեսի ԺԴ-ԺԷ գլուխներում Փրկիչը Հոր անունն է տալիս առնվազն 50 անգամ: Ամեն կերպ Նա Իր Հոր կատարյալ աշակերտը եղավ: Նա այնքան կատարյալ էր Իր Հորը ներկայացնելիս, որ Փրկչին ճանաչելով կարելի էր ճանաչել Հորը: Տեսնել Փրկչին նշանակում էր տեսնել Հորը (տես Հովհ. Ե.36): Լսել Որդուն նշանակում էր լսել Հորը (տես Հովհ. Ե.36): Նա ըստ էության չէր զանազանվում Իր Հորից: Նա և Հայրը մեկ էին (տես Հովհ. ԺԷ.21–22): Նա անվարան գիտեր, որ կողմ էր նայում:

Թող որ Նրա ոգեշնչող օրինակն ամրացնի մեզ մյուսների կամ մեր ներքին շողոքորթության որոգայթների դեմ: Թող որ այն մեզ քաջություն տա երբեք չխոնարհվել կամ չքծնել նրանց, ովքեր կվախեցնեն մեզ: Թող որ այն ոգեշնչի մեզ շրջել բարիք գործելով՝ որքան հնարավոր է անանուն և «չտենչանք մարդկանց գովասանքները» (ՎևՈՒ 121.35): Եվ թող Նրա անզուգական օրինակն օգնի մեզ միշտ հիշել, որն է «առաջին և մեծ պատվիրանը» (Մատթեոս ԻԲ.38): Երբ մյուսները պահանջում են հաստատում ի պաշտպանություն Աստծո պատվիրանների, թող որ միշտ հիշենք ում աշակերտներն ենք մենք, և որ կողմ ենք նայում, իմ աղոթքն է Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. C. S. Lewis, The Screwtape Letters, rev. ed. (1982), 137–38.

  2. Harold B. Lee, in Mine Errand from the Lord: Selections from the Sermons and Writings of Boyd K. Packer (2008), 356.

  3. Neal A. Maxwell, “Repentance,” Ensign, Nov. 1991, 32.

  4. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, “The Call to Be Christlike,” Լիահոնա, հունիս 2014, 35: