2010–2019 թթ․
Բարի գալուստ համաժողով
Հոկտեմբեր 2014


Բարի գալուստ համաժողով

Երբ լսենք, թող որ մեր սրտերը փափկեն և մեր հավատքը մեծանա:

Իմ եղբայրներ և քույրեր, որքան հաճելի է ողջունել ձեզ այս համաշխարհային մեծ համաժողովին: Մենք հավաքվել ենք միասին աշխարհի տարբեր վայրերում լսելու և սովորելու եղբայրներից և քույրերից, որոնց մենք հաստատել ենք որպես Եկեղեցու Բարձրագույն Իշխանություններ և գերագույն պաշտոնյաներ: Նրանք խնդրել են երկնային օգնություն իրենց ուղերձները ներկայացնելու համար, և նրանք ոգեշնչում են ստացել նրա վերաբերյալ, ինչ կասվի:

Այս համաժողովին լրանում է գերագույն համաժողովի ռադիոհեռարձակման 90-ամյակը: 1924թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ նիստերը առաջին անգամ հաղորդվեցին ռադիոկապով՝ Եկեղեցու KSL ռադիոկայանով: Այս համաժողովին լրանում է նաև համաժողովի հեռուստատեսային հեռարձակումների 65-ամյակը: 1949թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին նիստերը առաջին անգամ ցուցադրվեցին հեռուստաէկրաններին՝ Սոլթ Լեյք Սիթիի ամբողջ տարածքում KSL հեռուստատեսային ալիքով:

Մենք երախտապարտ ենք ժամանակակից մեդիայի օրհնությունների համար, որը թույլ է տալիս Եկեղեցու միլիոնավոր անդամների դիտել և ունկնդրել գերագույն համաժողովը: Այս շաբաթ և կիրակի օրերին նիստերը կհեռարձակվեն հեռուստատեսությամբ, ռադիոյով, կաբելային, արբանյակային և համացանցային միջոցներով, ներառյալ՝ շարժական կապի սարքերով:

Վերջին վեց ամիսների ընթացքում՝ մեր վերջին հանդիպումից հետո, նվիրագործվել է ևս մեկ նոր տաճար և վերանվիրագործվել է մեկ տաճար: Մայիսին Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը նվիրագործեց Ֆորտ Լոդերդեյլ Ֆլորիդա տաճարը: Հրաշալի երիտասարդական մշակութային տոնակատարություն անցկացվեց նվիրագործման նախօրեին: Հաջորդ օրը՝ կիրակի, մայիսի 4-ին, տաճարը նվիրագործվեց երեք նիստերով:

Միայն երկու շաբաթ առաջ ես պատիվ ունեցա վերանվիրագործելու Օգդեն Յուտա տաճարը, որը նվիրագործվել էր 1972 թվականին Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կողմից: Շքեղ մշակութային տոնակատարություն տեղի ունեցավ վերանվիրագործումից առաջ, երկու առանձին ներկայացումներին տարբեր դերասանական կազմով մասնակցում էին բազմաթիվ երիտասարդներ: Ընդհանուր առմամբ 16000 երիտասարդ մասնակցեց: Վերանվիրագործման ծառայությունները տեղի ունեցան հաջորդ օրը, որոնց մասնակցեցին բազմաթիվ Եղբայրներ, օժանդակ կազմակերպությունների ղեկավարներ և տաճարի նախագահը, նրա խորհրդականները և նրանց տիկնայք:

Մեր տաճարների կառուցման ջանքերը շարունակվում են: Հաջորդ ամիս կնվիրագործվի Ֆենիքս Արիզոնա նոր տաճարը, իսկ հաջորդ տարի՝ 2015-ին մենք ակնկալում ենք առնվազն հինգ տաճարների նվիրագործում կամ վերանվիրագործում, կախված ավարտման աշխատանքներից:

Ինչպես ես նշեցի ապրիլին, երբ արդեն հայտարարված բոլոր տաճարները կառուցվեն և նվիրագործվեն, ամբողջ աշխարհում մենք կունենանք 170 գործող տաճար: Քանի որ մենք կենտրոնացնում ենք մեր ջանքերը արդեն հայտարարված տաճարների ավարտման վրա, այս պահին մենք չենք հայտարարում նոր տաճարների մասին: Սակայն ապագայում, երբ մենք գնահատենք կարիքները և որոշենք տարածքները, կարվեն հայտարարություններ լրացուցիչ տաճարների մասին:

Եկեղեցին շարունակում է աճել: Այժմ մենք 15 միլիոնը գերազանցող ուժ ենք և շարունակում ենք աճել մեր թվով: Մեր միսիոներական ջանքերը առանց խոչընդոտների առաջ են ընթանում: Մենք ունենք ավելի քան 88000 ծառայող միսիոներ, որոնք տարածում են ավետարանը աշխարհով մեկ: Մենք վերահաստատում ենք, որ միսիոներական աշխատանքը քահանայության պարտականություն է, և խրախուսում ենք բոլոր արժանի և ունակ երիտասարդ տղամարդկանց ծառայել: Մենք շատ երախտապարտ ենք ծառայող երիտասարդ կանանց: Նրանք նշանակալից ներդրում են կատարում, թեև չեն կրում ծառայելու նույն պարտավորությունը, որ ունեն երիտասարդ տղամարդիկ:

Այժմ ես հրավիրում եմ ձեզ ուշադրությամբ լսել եղբայրներին և քույրերի, ովքեր կմասնակցեն այսօր և վաղը մեր համաժողովի նիստերին: Բոլոր նրանք, ում խնդրել են խոսել, մեծ պատասխանատվություն են զգում: Երբ լսենք, թող որ մեր սրտերը փափկեն և մեր հավատքը մեծանա, ես խոնարհաբար աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: