Գերագույն համաժողով
Քրիստոսը բժշկում է այն, ինչ կոտրված է
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Քրիստոսը բժշկում է այն, ինչ կոտրված է

Նա կարող է բժշկել կոտրված հարաբերությունները Աստծո հետ, կոտրված հարաբերությունները ուրիշների հետ և մեր կոտրված մասերը:

Մի քանի տարի առաջ մի ընտանեկան հավաքի ժամանակ իմ ութ տարեկան զարմիկը` Վիլյամը, հարցրեց մեր ավագ որդուն` Բրիթոնին, թե արդյոք կուզենար գնդակով խաղալ իր հետ: Բրիթոնը ոգևորված ասաց, «Այո, Ես շատ կցանկանայի»։ Բավականին երկար խաղալուց հետո հանկարծ գնդակը թռավ Բրիթոնի ձեռքից և պատահաբար կոտրեց նրա պապիկի և տատիկի հնաոճ անոթներից մեկը:

Բրիթոնը շատ վատ զգաց: Երբ նա կռացավ և սկսեց դանդաղ հավաքել կտորները, փոքրիկ Վիլյամը քայլեց դեպի իր զարմիկը և սիրով թփթփացրեց նրա մեջքին: Ապա նա սփոփեց. «Մի անհանգստացիր Բրիթո՛ն: Մի անգամ ես ինչ-որ բան կոտրեցի տատիկի ու պապիկի տանը, և տատիկը գրկեց ինձ ու ասաց. «Ոչինչ, Վիլյամ: Դու ընդամենը հինգ տարեկան ես»:

Իսկ Բրիթոնը պատասխանեց. «Վիլյամ, բայց ես 23 տարեկան եմ»:

Մենք շատ բան կարող ենք սովորել սուրբ գրություններից այն մասին, թե մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն ինչպես կօգնի մեզ հաջողությամբ կողմնորոշվել այն ամենում, ինչը կոտրված է մեր կյանքում՝ անկախ մեր տարիքից: Նա կարող է բժշկել կոտրված հարաբերությունները Աստծո հետ, կոտրված հարաբերությունները ուրիշների հետ և մեր կոտրված մասերը:

Կոտրված հարաբերությունները Աստծո հետ

Մինչ Հիսուսն ուսուցանում էր տաճարում, մի քանի դպիրներ և փարիսեցիներ Նրա մոտ բերեցին մի կնոջ: Մենք չգիտենք նրա լրիվ պատմությունը, գիտենք միայն, որ նա «բռնվել էր շնության մեջ»:1 Հաճախ սուրբ գրությունները տալիս են միայն մի փոքրիկ հատված ինչ-որ մեկի կյանքից, և հիմնվելով դրա վրա, մենք երբեմն միտված ենք վեհացնել կամ դատապարտել այդ մարդուն: Ոչ մեկի կյանքը լիովին չի կարող հասկացվել մի վեհաշուք պահով կամ մի ափսոսալի հանրային հիասթափությամբ: Այս սուրբ գրությունների պատմությունների նպատակն է օգնել մեզ տեսնել, որ Քրիստոսն էր պատասխանը, այն ժամանակ, և Նա է պատասխանը` այժմ: Նա գիտի մեր ամբողջական պատմությունը և ճշգրիտ գիտի, թե ինչից ենք տառապում, գիտի նաև մեր ունակություններն ու խոցելի կողմերը:

Հիսուսի պատասխանը Աստծո այդ թանկագին դստերը հետևյալն էր. «Ես էլ չեմ քեզ դատապարտում. Գնա, եւ այսուհետեւ մեղք մի գործիր»։2 «Գնա և այլևս մեղք մի գործիր» արտահայտության մեկ այլ ձևը կարող է լինել՝ «առաջ գնա և փոխվիր»: Փրկիչը հրավիրում էր նրան ապաշխարել՝ փոխել իր վարքը, իր կապերը, իր սիրտը և իր վերաբերմունքն իր հանդեպ:

Հիսուս Քրիստոսի շնորհիվ, «առաջ գնալու և փոխվելու» մեր որոշումը կարող է նաև թույլ տալ մեզ «առաջ գնալ և բժշկվել», քանզի Նա է բժշկման աղբյուրը բոլոր բաների, որոնք կոտրված են մեր կյանքում: Որպես մեծ Միջնորդ և Բարեխոս Հոր մոտ, Քրիստոսը մաքրագործում է և վերականգնում կոտրված հարաբերությունները, և ամենակարևորը՝ մեր հարաբերությունը Աստծո հետ:

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը հստակեցնում է, որ այդ կինը իսկապես հետևեց Փրկիչի խորհրդին և փոխեց իր կյանքը. «Եվ կինը փառաբանում էր Աստծուն այդ պահից սկսած և հավատում նրա անվանը»:3 Դժբախտաբար մենք չգիտենք նրա անունը, կամ այլ մանրամասներ նրա կյանքի մասին այդ պահից հետո, քանի որ ապաշխարելու և փոխվելու համար նրանից կպահանջվեր մեծ վճռականություն, խոնարհություն և հավատք առ Տեր Հիսուս Քրիստոսը: Ինչը մենք հաստատ գիտենք, դա այն է, որ նա կին էր, որը «հավատաց Նրա անվանը»՝ հասկանալով, որ ինքը Նրա անսահման և հավերժական զոհաբերության հասանելիության սահմաններից դուրս չէր:

Կոտրված հարաբերություններ ուրիշների հետ

Ղուկաս 15-րդ գլխում մենք կարդում ենք մի առակ մի մարդու մասին, որն ուներ երկու որդի: Կրտսեր որդին հորից խնդրեց իր ժառանգությունը, ուղևորվեց մի հեռու երկիր և վատնեց իր ունեցվածքը անբարո կյանք վարելով:4

«Եւ երբոր բոլորը հատեցրեց, սաստիկ սով եղաւ այն երկրումը և ինքն սկսեց չքաւորել:

Եւ գնաց այն երկրի քաղաքացիների մէկի մոտ մտաւ. եւ նա նորան ուղարկեց իր յանդը որ խոզ արածեցնէ:

Եւ նա ուզում էր` իր փորը լեցնել այն եղջիւրներոովն, որ խոզերն ուտում էին, բայց ոչ ով չէր տալիս նորան:

Եւ ինքն իրան գալով ասեց. Քանի՜ վարձկաններ ունի իմ հայրը` հացով լցուած եւ ես այստեղ սովամահ կորչում եմ:

Վեր կենամ գնամ իմ հոր մօտ, եւ նորան ասեմ. Հայր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջին:

Եւ այլեւս արժանի չեմ քո որդի կոչուելու. Ինձ քո վարձկանների մէկի պէս արա:

Եվ վերկացավ և եկավ իր հոր մոտ: Եվ դեռ որ նա հեռու էր, հայրը տեսավ նորան և գութը շարժեց. և վազեց՝ նորա վզովն ընկավ, և համբուրեց նորան»:5

Այն փաստը, որ հայրը վազեց իր որդուն ընդառաջ, համոզված եմ, որ կարևոր է: Անձնական ցավը, որ որդին էր պատճառել իր հորը, անկասկած խորն էր և ուժեղ: Նմանապես, հայրը կարող էր անկեղծորեն ամաչել որդու արարքներից։

Այսպիսով, ինչո՞ւ հայրը չսպասեց, որ որդին ներողություն խնդրեր: Ինչո՞ւ նա չպահանջեց փոխհատուցման և հաշտության առաջարկ, նախքան ներողամտություն ու սեր կցուցաբերեր: Սա մի բան է, որի շուրջ ես հաճախ եմ խորհել:

Տերն ուսուցանում է մեզ, որ ուրիշներին ներելը համընդհանուր պատվիրան է. «Ես Տերս կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց»:6 Ներելը կարող է հսկայական քաջություն և խոնարհություն պահանջել: Դա նաև կարող է ժամանակ պահանջել: Այն մեզանից պահանջում է հավատալ ու վստահել Տիրոջը, երբ մենք պատասխանատվություն ենք կրում մեր սրտերի վիճակի համար: Այստեղ է գտնվում մեր ազատ կամքի նշանակությունն ու ուժը:

Անառակ որդու առակի հոր պատկերումով Փրկիչը շեշտել է, որ ներումը ամենաազնիվ պարգևներից մեկն է, որը մենք կարող ենք տալ մեկս մյուսին և ամենաշատը, հատկապես, ինքներս մեզ: Մեր սրտերի բեռնաթափումը ներման միջոցով միշտ չէ, որ հեշտ է, բայց Հիսուս Քրիստոսի արտոնող զորությամբ՝ հնարավոր է:

Մեր կոտրված մասերը

Գործք 3-րդ գլխում մենք իմանում ենք մի մարդու մասին, որը կաղ էր ծնվել և «ում վերկալած՝ ամեն օր դնում էին տաճարի այն դռան մօտ, որ Գեղեցիկ էր կոչվում տաճարը մտնողներիցը ողորմութիւն խնդրելու համար»։7

Կաղ մուրացկանն ավելի քան 40 տարեկան էր8 և իր ողջ կյանքն անցկացրել էր անվերջ թվացող չքավորության և սպասման մեջ, քանի որ նա կախված էր ուրիշների օգնությունից և առատաձեռնությունից:

Մի օր նա տեսավ «Պետրոսին եւ Յովհաննէսին, որ գնում էին մտնեն տաճարը, աղաչում էր, որ ողորմութիւն առնէ նորանցից։

Պետրոսը Յովհաննէսի հետ մտիկ արաւ նորան եւ ասեց. Մեզ նայիր։

Նա էլ ուշը դարձրեց դէպի նորանց, սպասելով որ մի բան առնէ նորանցից։

Պետրոսն էլ ասեց. Արծաթ եւ ոսկի չ’ունիմ. Բայց ինչ որ ունիմ, այն քեզ կ’տամ. Յիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունովը վեր կաց եւ ման եկ։

Եւ աջ ձեռքիցը բռնեց՝ վերկացրեց նորան. Եւ շուտով հաստատուեցան նորա սրունքը եւ բարձքը:

Եվ նա վեր թռաւ, կանգնեց եւ ման էր գալիս, եւ նորանց հետ մտաւ տաճարը ման գալով եւ վազ տալով եւ Աստուծուն օրհնելով»:9

Մեր կյանքի ընթացքում կաղ մուրացկանի նման մենք հաճախ ենք հայտնվում տաճարի դռան մոտ, համբերությամբ, իսկ երբեմն էլ անհամբերությամբ «սպասե[լով]» Տիրոջը:10 Ֆիզիկապես կամ հուզական առումով բժշկության սպասելով: Սպասելով պատասխանների, որոնք ներթափանցում են մեր սրտի ամենախորը մասերը: Սպասելով հրաշքի

Տիրոջը սպասելը կարող է հոգևոր մերձության վիճակի սրբազան վայր լինել՝ հղկման և զտման վայր, որտեղ մենք կարող ենք սկսել խորապես ճանաչել Փրկիչին: Տիրոջը սպասելը կարող է նաև լինել մի վայր, որտեղ մենք կարող ենք ինքնաբուխ ասել. «Ով Աստված, որտեղ ես Դու»11, մի վայր, որտեղ հոգևոր հաստատակամությունը մեզանից պահանջում է հավատք գործադրել առ Քրիստոս՝ միտումնավոր ընտրելով Նրան կրկին ու կրկին: Ես ճանաչում եմ հոգևոր մերձության վիճակի այդ վայրը և հասկանում եմ այդպիսի սպասումը:

Ես անթիվ ժամեր անցկացրի քաղցկեղի բուժման հաստատությունում՝ իմ տառապանքների մեջ միավորվելով շատ ուրիշների հետ, որոնք բժշկում էին տենչում: Ոմանք ապրեցին, մյուսները՝ ոչ: Ես խորապես հասկացա, որ մեր փորձություններից ազատումը տարբեր է մեզանից յուրաքանչյուրի համար, և այդ պատճառով մեր կիզակետը պետք է ավելի քիչ լինի նրա վրա, թե ինչպես ենք ազատվում, և ավելի շատ՝ հենց Նրա՝ Ազատարարի վրա: Մեր շեշտադրումը պետք է միշտ լինի Հիսուս Քրիստոսի վրա։

Հավատք գործադրել առ Քրիստոս նշանակում է վստահել ոչ միայն Աստծո կամքին, այլ նաև Նրա ժամանակացույցին: Քանզի Նա ճշգրիտ գիտի, թե ինչի կարիք ունենք, և երբ ունենք դրա կարիքը: Երբ մենք ենթարկվենք Տիրոջ կամքին, մենք, ի վերջո, կստանանք էականորեն ավելին, քան այն, ինչ ցանկանում էինք:

Իմ սիրելի ընկերնե՛ր, մենք բոլորս ունենք ինչ-որ բան մեր կյանքում, որը կոտրված է, որը պետք է նորոգվի, ուղղվի կամ բժշկվի: Երբ մենք դառնում ենք դեպի Փրկիչը, երբ մենք ներդաշնակեցնում ենք մեր սրտերը և մտքերը Նրա հետ, երբ ապաշխարում ենք, Նա գալիս է այնտեղ՝ «բժշկություն Իր թեւերում»,12 սիրով օղակում է մեզ Իր բազուկներով և ասում. «Ամեն ինչ լավ է: Դու ընդամենը 5 կամ 16, 23, 48, 64, 91 տարեկան ես: Մենք կարող ենք միասին ուղղել այն, ինչ կոտրված է քո կյանքում»:

Ես վկայում եմ ձեզ, որ ձեր կյանքում կոտրված ոչինչ չկա, որը վեր է Հիսուս Քրիստոսի բուժիչ, փրկագնող և արտոնող զորությունից: Հիսուս Քրիստոսի սուրբ ու նվիրական անունով, ով հզոր է բժշկելիս, ամեն: