Բայց մենք ուշադրություն չդարձրեցինք նրանց վրա
Ուխտերն ու արարողությունները մատնանշում և օգնում են մեզ միշտ հիշել մեր կապը Տեր Հիսուս Քրիստոսի հետ, մինչ մենք առաջ ենք ընթանում ուխտի ճանապարհով:
Կինս՝ Սյուզանը, մեր երեք որդիներն ու նրանց կանայք, մեր բոլոր թոռները և երեց Քվենթին Լ. Քուքը, որի հետ Տասներկուսի քվորումում գրեթե 15 տարի միասին ենք՝ բոլորը վստահաբար կվկայեն, որ ես լավ չեմ երգում։ Բայց, չնայած իմ ձայնային տաղանդի բացակայությանը, ես սիրում եմ երգել վերականգնման օրհներգերը։ Ոգեշնչված խոսքերի և հոյակապ մեղեդիների համադրությունն օգնում է ինձ սովորել ավետարանի կարևոր սկզբունքները և հուզում է հոգիս:
Դրանցից մեկը, որը հրաշալի կերպով օրհնել է իմ կյանքը՝ «Տեր Աստծո գործին բոլորս մասնակցենք» օրհներգն է։ Վերջերս ես խորհում էի այդ օրհներգի կրկներգում հնչող մի արտահայտության մասին: «Չարերի խոսքերը չլսենք, մենք միայն Աստծուն ենթարկվենք»։1
Չարերի խոսքերը չլսենք։
Երբ երգում եմ «Տեր Աստծո գործին բոլորս մասնակցենք» օրհներգը, ես հաճախ մտածում եմ Լեքիի տեսիլքի մարդկանց մասին, որոնք առաջ էին մղվում դեպի կյանքի ծառը տանող ճանապարհով, և ոչ միայն ձողից «կառչել» էին 2, այլ գնում էին՝ «անընդհատ ամուր բռնած երկաթյա ձողից, մինչև առաջ եկան ու երեսնիվայր ընկան և ճաշակեցին ծառի պտղից»։3 Լեքին նկարագրել է մեծ ու ընդարձակ շենքում գտնվող բազմությունները, որոնք «ուղղել [էին] արհամարհանքի մատը դեպի [իրեն], և նրանց, ովքեր նույնպես ճաշակում էին պտղից»:4 Նրա արձագանքը ծաղրանքներին և վիրավորանքին հոյակապ է և հիշարժան․ «Բայց մենք ուշադրություն չդարձրեցինք նրանց վրա»:5
Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին օրհնի և լուսավորի յուրաքանչյուրիս, երբ միասին մտածենք, թե ինչպես կարող ենք զորանալ, որպեսզի «ուշադրություն չդարձնենք» ժամանակակից աշխարհի չար ազդեցություններին և ծաղրող ձայներին:
Ուշադրություն չդարձնենք
Ուշադրություն բառը նշանակում է նկատել կամ ուշադրությունը կենտրոնացնել ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա: Այսպիսով, «Տեր Աստծո գործին բոլորս մասնակցենք» օրհներգի բառերը մեզ հորդորում են վճռականորեն ուշադրություն չդարձնել «չարերի խոսքերին»։ Լեքին ու նրա հետ եղած մարդիկ, ովքեր ճաշակում էին ծառի պտղից, լավ օրինակ են այն բանի, թե ինչպես ուշադրություն չդարձնել ծաղրին ու արհամարհանքին, որոնք հաճախ են գալիս մեծ ու ընդարձակ շենքից:
Քրիստոսի վարդապետությունը, գրված «կենդանի Աստուծոյ Հոգովը. … սրտի մարմնեղէն տախտակների վերայ»6, մեծացնում է մեր կարողությունը՝ «ուշադրություն չդարձնել» մեր ընկած աշխարհում առկա բազմաթիվ շեղումներին, ծաղրին և խափանումներին: Օրինակ՝ Տեր Հիսուս Քրիստոսի վրա և Նրանում կենտրոնացած հավատքը մեզ հոգևոր ուժ է տալիս։ Քավիչի հանդեպ հավատքը զորության և գործողության սկզբունք է: Երբ գործում ենք Նրա ավետարանի ճշմարտությունների համաձայն, ապա օրհնվում ենք՝ մահկանացու կյանքի մարտահրավերների միջով առաջ մղվելու հոգևոր կարողությամբ՝ կենտրոնանալով Փրկիչի պարգևած ուրախ պահերի վրա։ Իսկապես՝ «Վախենալն է զուր, եթե ճիշտը գործենք, քանի որ մենք միշտ Տեր Աստծո հետ ենք»։7
Անձնական կապ ուխտերի միջոցով
Սրբազան ուխտեր կապելով և քահանայության արարողություններն արժանիորեն ստանալով՝ մենք կապվում ենք Տեր Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր հետ և Նրանց հետ լծվում նույն գործին։8 Սա պարզապես նշանակում է, որ մենք վստահում ենք Փրկիչին՝ որպես մեր Բարեխոսի9 և Միջնորդի10, և ապավինում ենք Նրա արժանիքներին, ողորմությանը և շնորհին11՝ այս կյանքի ճամփորդության ընթացքում։ Երբ մենք հաստատուն ենք Քրիստոսի մոտ գալու հարցում և լծված ենք Նրա հետ, մենք ստանում ենք Նրա անսահման և հավերժական Քավության մաքրող, բժշկող և զորացնող օրհնությունները:12
Ուխտի պարտավորությունները պահելն ու սիրելը կապ է ստեղծում Տիրոջ հետ, որը խիստ անձնական է և հոգևորապես զորեղ: Պատվելով սուրբ ուխտերի և արարողությունների պայմանները՝ մենք աստիճանաբար մոտենում ենք Նրան13 և զգում Նրա սրբության և կենդանի գոյության ազդեցությունը մեր կյանքում: Հիսուսն այնուհետև ավելին է դառնում, քան սուրբգրային պատմությունների գլխավոր հերոսը. Նրա օրինակը և ուսմունքները ազդում են մեր յուրաքանչյուր ցանկության, մտքի և գործողության վրա:
Անկեղծ ասած, ես չեմ կարող ինչպես հարկն է նկարագրել հարություն առած և ապրող Աստծո Որդու հետ մեր ուխտյալ կապի ստույգ բնույթն ու զորությունը: Բայց ես վկայում եմ, որ Նրա և Երկնային Հոր հետ կապերն իրական են և դրանք վստահության, խաղաղության, ուրախության և հոգևոր ուժի անսահման աղբյուրներ են, որոնք մեզ հնարավորություն են տալիս չվախենալ՝ «որքան էլ թշնամին մեզ ծաղրի»:14 Որպես Հիսուս Քրիստոսի ուխտեր կապող և ուխտեր պահող աշակերտներ՝ մենք կօրհնվենք քաջությամբ, քանզի «մեր կողմն է Աստվածը բարի»15, և ուշադրություն չենք դարձնի չար ազդեցություններին և աշխարհի ծաղրին:
Երբ ես այցելում եմ եկեղեցու անդամներին ամբողջ աշխարհում, հաճախ եմ նրանց հարցնում, թե ի՞նչն է օգնում նրանց «ուշադրություն չդարձնել» աշխարհիկ ազդեցություններին, ծաղրին և արհամարհանքին: Նրանց պատասխանները շատ ուսանելի են։
Առաքինի անդամներն ընդգծում են Սուրբ Հոգու զորությունն իրենց կյանք հրավիրելու կարևորությունը՝ սուրբ գրությունների իմաստալից ուսումնասիրության, ջերմեռանդ աղոթքի և հաղորդության արարողությանը պատշաճ նախապատրաստվելու միջոցով: Հիշատակում են նաև ընտանիքի հավատավոր անդամների և վստահելի ընկերների հոգևոր աջակցությունը, Տիրոջ վերականգնված եկեղեցում ծառայելու միջոցով սովորած կենսական դասերը և մեծ ու ընդարձակ շենքից եկող ազդակների բացարձակ դատարկությունը նկատելու կարողությունը:
Այս անդամների պատասխաններում ես մի հստակ օրինաչափություն եմ նկատել, որը շատ կարևոր է: Նախ և առաջ՝ այս աշակերտները հաստատուն վկայություններ ունեն Երկնային Հոր երջանկության ծրագրի և Հիսուս Քրիստոսի դերի մասին՝ որպես մեր Քավիչ և Փրկիչ: Եվ երկրորդ՝ նրանց հոգևոր գիտելիքներն ու համոզմունքները անհատական են, անձնական և որոշակի. դրանք ընդհանուր և վերացական չեն: Ես լսում եմ, թե ինչպես են այս նվիրյալ հոգիները խոսում ուխտերի մասին, որոնք ուժ են տալիս հաղթահարելու հակառակությունը։ Կենդանի Տիրոջ հետ նրանց կապն օգնում է ինչպես լավ, այնպես էլ վատ ժամանակներում: Այս անհատների համար Հիսուս Քրիստոսն իսկապես անձնական Փրկիչ է:
Ավետարանի ուխտերն ու արարողությունները կողմնացույցի պես են գործում մեր կյանքում։ Կողմնացույցը սարք է, որն օգտագործվում է գլխավոր ուղղությունները՝ հյուսիսը, հարավը, արևելքը և արևմուտքը ցույց տալու համար, նավագնացության և աշխարհագրական կողմնորոշման նպատակով: Նմանապես, մեր ուխտերն ու արարողությունները մատնանշում և օգնում են մեզ միշտ հիշել մեր կապը Տեր Հիսուս Քրիստոսի հետ, մինչ մենք առաջ ենք ընթանում ուխտի ճանապարհով:
Մահկանացու կյանքում բոլորիս գլխավոր ուղղությունը Քրիստոսի մոտ գալն է և կատարելագործվելը Նրանում:16 Սուրբ ուխտերն ու արարողությունները օգնում են մեզ կենտրոնանալ Փրկիչի վրա և ձգտել Նրա շնորհով17 ավելի շատ նմանվել Նրան: Անկասկած, «մի անտես ուժ կօգնի մեզ, գիտենք, կռվում ճշմարտության»:18
Ամուր բռնել երկաթյա ձողը
Մեր ուխտի կապը Աստծո և Հիսուս Քրիստոսի հետ այն ալիքն է, որի միջոցով մենք կարող ենք ստանալ «ուշադրություն չդարձնելու» կարողությունն ու ուժը: Եվ այս կապն ամրանում է, երբ մենք մշտապես ամուր կառչում ենք երկաթյա ձողից: Բայց ինչպես Նեփիի եղբայրները հարցրին. «Ի՞նչ է նշանակում երկաթյա ձողը, որը տեսել էր մեր հայրը …
Եվ ես ասացի նրանց, որ դա Աստծո խոսքն է, և նրանք, ովքեր ականջ կդնեն Աստծո խոսքին և ամուր կբռնեն դրանից, երբեք չեն կորչի. ոչ էլ գայթակղությունները և հակառակորդի կրակոտ նետերը կարող են հաղթել նրանց՝ կուրացնելով, տանելով նրանց դեպի կործանում»:19
Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ գայթակղություններին և հակառակորդի կրակոտ նետերին դիմակայելու կարողությունը խոստացված է այն մարդկանց, ովքեր «ամուր բռնում են» Աստծո խոսքը, և ոչ թե պարզապես «դիպչում» դրան:
Հետաքրքիր է, որ Հովհաննես Առաքյալը նկարագրել է Հիսուս Քրիստոսին որպես Բան:20
«Սկզբումն էր Բանը. Եւ Բանն Աստուծոյ մօտ էր. Եւ Բանն Աստուած էր։ …
Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չեղաւ, ինչ որ եղաւ։ …
Եւ Բանը մարմին եղաւ՝ եւ բնակուեց մեր մէջ. եւ նորա փառքը տեսանք՝ ինչպէս Հօրից եղած միածնի փառք՝ շնորհքով եւ ճշմարտութիւնով լիքը»։21
Ուստի Հիսուս Քրիստոսի անուններից մեկը «Բան» է։22
Բացի այդ, հավատո ութերորդ հանգանակում ասվում է․ «Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչն Աստծո խոսքն է, որքան որ այն ճիշտ է թարգմանված. մենք հավատում ենք նաև, որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է»։23
Այսպիսով, սուրբ գրություններում արձանագրված Փրկիչի ուսմունքները նույնպես «խոսք» են։
Թույլ տվեք ասել, որ Աստծո խոսքից ամուր կառչելը ենթադրում է (1) հիշել, պատվել և ամրապնդել այն անձնական կապը, որը մենք ունենք Փրկիչի և Նրա Հոր հետ, վերականգնված ավետարանի ուխտերի և արարողությունների միջոցով, և (2) աղոթքով, ջանասիրաբար, և հետևողականորեն օգտագործել սուրբ գրությունները և կենդանի մարգարեների ու առաքյալների ուսմունքները՝ որպես բացահայտված ճշմարտության հավաստի աղբյուրներ: Երբ մենք կապված ենք Տիրոջ հետ, «ամուր ենք բռնում» Նրան և փոխակերպվում ենք՝ ապրելով Նրա վարդապետությամբ24, ես խոստանում եմ, որ թե՛ անհատապես և թե՛ բոլորս միասին, մենք կօրհնվենք «կանգնել[ով] սուրբ տեղերում և [չենք] շարժվի»:25 Եթե մենք մնանք Քրիստոսում, ապա Նա կմնա և կքայլի մեզ հետ:26 Իսկապես՝ «համոզված ենք, հաղթությամբ կավարտենք գործը ճշմարտության»։27
Վկայություն
Առաջ մղվեք։ Ամուր բռնեք։ Ուշադրություն մի՛ դարձրեք։
Ես վկայում եմ, որ Փրկիչի վերականգնված ավետարանի ուխտերին և արարողություններին հավատարիմ լինելով, մենք հնարավորություն ենք ստանում առաջ մղել Տիրոջ գործը, ամուր կառչել Նրանից՝ որպես Աստծո Խոսք, և ուշադրություն չդարձնել հակառակորդի հրապուրանքներին: Արդարության պայքարում, եկեք բոլորս սուր ունենանք՝ «սուրը ճշմարտության»28, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: