2017 թվականի հոգևոր հավաքներ
Մարգարեներ, առաջնորդություն և աստվածային օրենքներ


Մարգարեներ, առաջնորդություն և աստվածային օրենքներ

Երեկո Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետ

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար • Հունվարի 8, 2017 • Բրիգամ Յանգի համալսարան

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր. ես ձեզ բերել եմ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների քվորումի ողջույններն ու սերը: Մենք շնորհակալ ենք Ձեզ, որ այս երեկո մեզ հետ եք և ուսուցանվելու նպատակով պատրաստել եք ձեր սրտերն ու մտքերը:1

2016 թվականի հունվարից ի վեր, երբ ես խոսեցի ձեզ հետ այս համաշխարհային հավաքի ժամանակ, ես հանդիպել եմ ձեզանից շատերին, երբ եղել եմ Ճապոնիայում, Ֆիլիպիններում, Չինաստանում, Կանադայում, Անգլիայում, Ուելսում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում և Միացյալ Նահանգների շատ տարածքներում:

Սեպտեմբեր ամսին ես մի անմոռանալի փորձառություն ունեցա երեց Մ. Ռասսել Բալլարդի և Եկեղեցու այլ ղեկավարների հետ, երբ այցելեցինք Բեյտոն Ռուժ քաղաքը (Լուիզիանա), աղետալի ջրհեղեղից հետո մարդկանց հետ հանդիպելու նպատակով:  Կիրակի օրը յուրաքանչյուրս առանձին չորս խոշոր հաղորդության ժողով անցկացրինք. մեկը՝ տուժածների, իսկ երեքը՝ կամավորների համար, ովքեր եկել էին բազմաթիվ նահանգներից, որպեսզի օգնեն մաքրման աշխատանքներում: Հետևյալ լուսանկարները պատկերացում են տալիս այդ Հանգստության օրվա հարյուրավոր հավաքվածների մասին, ովքեր կրում էին «Մորմոնների օգնող ձեռքերը» մեր ապրանքանիշով վերնաշապիկներ:

Նայեքայս երիտասարդ տղաների ու աղջիկների երջանիկ դեմքերին, ովքեր Լուիզիանայի այդ կիզիչ ամառային տապին թողել էին իրենց տները, որպեսզի գան օգնեն հարևաններին, որոնց չէին ճանաչում, և ովքեր դադար էին վերցրել Հանգստության օրը, որպեսզի երկրպագեն Տիրոջը: Նայելով կամավորների այդ սքանչելի խմբերին, որոնց մեծ մասը ձեր տարիքի էին, ես անհաղթահարելի զգացում ունեցա , որ նայում եմ այն տղամարդկանց և կանանց , ովքեր շատ շուտով կլինեն այս Եկեղեցու առաջնորդները:

Այնպես որ, այս երեկո, պատկերացնելով ձեզ ողջ աշխարհում հավաքված, ես ցանկանում եմ հաստատել այդ տպավորությունը և խոսել՝ դրանից ոգեշնչված: Դուք իսկապես Տիրոջ Եկեղեցու ապագա առաջնորդներն եք: Արդյոք դուք պատրա՞ստ եք վերցնել առաջնորդության ղեկը:

Մի տարի առաջ, խոսելով ձեզ հետ, ես ձեզ կոչ արեցի ոտքի ելնել՝ որպես հազարամյակի իսկական սերունդ: Դուք պիտի օգնեք նախապատրաստել աշխարհը Փրկիչի Հազարամյա իշխանությանը՝ աջակցելով հավաքել ընտրյալներին աշխարհի չորս կողմերից, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ընտրում են այդպես վարվել, կարողանան ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանն իր բոլոր օրհնություններով: Այսօր ես ուզում եմ խոսել ձեզ հետ այն մասին, թե դուք ինչպես կարող եք իրականացնել այդ նախապատրաստությունը:

Նախ, կենտրոնացեք ձեր ամուսնության և ընտանիքի վրա: Հետևեք այն խորհուրդներին, որ լսեցիք «մորաքույր Ուենդիից» սիրո և ամուսնության չորս ճշմարտությունների մասին:

Ընտրյալների հավաքման և բարոյական քաոսից ու մեղքի գերակշող հորձանուտից նրանց դուրս բերելու գործում Տիրոջը օգնելու ձեր պարտականությունը մեր օրերում փոքր հանձնառություն չէ: Լյուցիֆերը և նրա ծառաները օգտագործում են տեխնոլոգիաների և կապի բոլոր տեսակները, որ ստեր տարածեն կյանքի և երջանկության իրական աղբյուրի մասին: Հետևաբար, երկիր գալու ձեր նպատակն իրագործելը կպահանջի առաջնորդության լավագույն հմտությունները, որ ձեր սերունդը կարող է ձեռք բերել:

Բարեբախտաբար, մենք ունենք հետևելու հոյակապ օրինակներ: Թեև աշխարհը կարող է հետևել առաջնորդ լինելու մեծ կարողությունների տեր այնպիսի տղամարդկանց և կանանց, ինչպիսիք են Նապոլեոնը, Ժաննա դ’Արկը, Ջորջ Վաշինգտոնը, Մահաթմա Գանդին, Մայր Թերեզան և ուրիշներ, ես հավատացած եմ, որ երկրի վրա ապրած լավագույն առաջնորդները Աստծո մարգարեներն են եղել:

Մինչ օրս, Տիրոջ կողմից 16 տղամարդիկ ընտրվել են նախագահելու Իր Եկեղեցում, որը վերականգնվել է արդի տնտեսությունում՝ երկրագնդի պատմության այս վճռական տնտեսությունում: Այդ 16 տղամարդկանցից 10-ին ես անձամբ ճանաչել եմ: (Ինչը ավելին է ասում իմ տարիքի մասին, քան որևէ այլ բան: Թույլ տվեք ասել այս կերպ. ես այլևս կանաչ բանան չեմ գնում):

Այսպիսով, եթե դուք լրջորեն ցանկանում եք ոտքի կանգնել որպես հազարամյակի իրական սերունդ, ես կոչ եմ անում ձեզ ուսումնասիրել Աստծո այդ 16 մարգարեների կյանքը և ուսմունքները:2 Այդ ուսումնասիրությունը կփոխի ձեր կյանքը: Թույլ տվեք կիսվել առաջնորդ լինելու մի քանի սկզբունքներով, որ ես սովորել եմ նրանցից:

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը՝ Եկեղեցու 10-րդ նախագահը, ապրում էր իմ հայրական տնից ընդամենը մի քանի տուն հեռու: Նրա երկու կրտսեր որդիներն իմ մանկության ընկերներն էին: Նրանք հաճախ էին ինձ իրենց տուն հրավիրում:

Նախագահ Սմիթը Եկեղեցու նախագահն էր 1971 թվականին, երբ ես կանչվեցի ծառայելու որպես կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահ: Այդ տարի ավելի ուշ, երբ իմ հանգուցյալ կինը՝ Դենտզելը, և ես նրան ուղեկցում էինք առաջին տարածքային համաժողովի, որը տեղի ունեցավ Մանչեստրում (Անգլիա), ես արդյունավետ ղեկավարության մի հզոր դասի ականատես եղա, երբ Նախագահ Սմիթը մի փոքրիկ սենյակում, նախքան համաժողովը, հաշվետվություն խնդրեց հավաքված Բարձրագույն Իշխանավորներից:

Երբ բոլորն ավարտեցին զեկույցը, հրամայական թելադրանքի փոխարեն, Նախագահ Սմիթը, նախագահական արժանապատվությանը համապատասխան կանգնեց, հրավիրելով նրանց օգտվել 94 տարիների իր իմաստությունից, արտահայտեց իր սերն ու նրանց օգնելու անկեղծ ցանկությունը: Ես հիանում էի, թե ինչ զորությամբ էր այդ առաջնորդն իր սերն ու վստահությունն արտահայտում իր ժողովրդի հանդեպ: Տարածքային համաժողովից հետո, երբ մենք հաճոյախոսություններ էինք ասում Նախագահ Սմիթին իր գերազանց պատգամի համար, նա պարզապես պատասխանեց. «Ես չեմ եկել այստեղ, որ թերանամ»:3

Նախագահ Սմիթը հավատացած էր, որ Տերը կառաջնորդեր այդ համաժողովը, քանի որ օգտագործել էր իր լավագույն ուժերը աշխատանքն առաջ տանելու համար: Այդ հաղթանակը գալիս է հավատքի, աղոթքի, ուսումնասիրության և քրտնաջան աշխատանքի համադրությունից: Ճիշտ, ինչպես Նախագահ Սմիթը չէր գնացել Անգլիա, որ թերանար, այնպես էլ մեր Հայրը այս վերջին տնտեսությունում ձեզ ուղարկել է երկիր ոչ թե թերանալու, այլ հաջողության հասնելու և այդ ճանապարհին ուրախություն վայելելու համար:

Ընդամենը երկու տարի էր, որ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր, երբ 1945թ. դեկտեմբերին, Երկրորդ Աշխարհամարտի ավարտից ոչ շատ անց, Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթը կանչեց այն ժամանակ դեռ Երեց Բենսոնին Եվրոպայի միսիայում նախագահելու: Պայմանները շատ ծանր էին: Պատերազմը ծանր իրավիճակի մեջ էր դրել անդամներին և, Երեց Բենսոնը, ճամփորդելով Գերմանիայով, Լեհաստանով, Չեխոսլովակիայով և Սկանդինավիայի երկրներով, 10-ամսյա սիրո առաքելություն կատարեց՝ ուտելիք, հագուստ և անկողնային պարագաներ բաժանելով տառապող սրբերին:4 Նա բազմիցս հայտնվեց անհաղթահարելի թվացող արգելքների առաջ, սակայն կրկին ու կրկին «խոչընդոտները հաղթահարելու Տիրոջ զորության հանդեպ անխոնջ հավատք» դրսևորեց:5

Քառասուն տարի անց՝ 1985թ. նոյեմբերին, Նախագահ Բենսոնը, արդեն որպես Եկեղեցու նոր կարգված նախագահ, հանձնարարեց ինձ՝ որպես Տասներկուսի կրտսեր անդամ, բացել Արևելյան Եվրոպայի դռները, որն այդ ժամանակ կոմունիստական լծի տակ էր:

Ես պատրաստ չէի նման դժվար հանձնարարությանը, սակայն Նախագահ Բենսոնն ինձնից առաջ արդեն անցել էր այդ կիզիչ անապատով: Ինչպե՞ս կարող էի ես չանել այնպես, ինչպես նա էր արել: Նրա օրինակը շարժիչ ուժ դարձավ, որ ես աղոթեմ և, որքան հնարավոր է, քրտնաջան աշխատեմ, իսկ հետո՝ Տիրոջ զարմանահրաշ օգնության ձեռքի ականատեսը լինեմ:6

Երբ մենք ճնշված ենք զգում, շատ բան կարող ենք սովորել Նախագահ Բենսոնից: Ութ տարի շարունակ նա միաժամանակ ծառայում էր որպես Առաքյալ և որպես գյուղատնտեսության նախարար՝ աշխատում էր ԱՄՆ-ի նախագահ Դուայթ Դ. Էյզենհաուերի վարչակազմում:

Ինչպե՞ս էր նա հասցնում: Ահա նրա խոսքերը. «Ես քրտնաջան աշխատում եմ և անում հնարավորը իմ ուժերի սահմանում: Եվ ես ջանում եմ պահել պատվիրանները: Այնուհետև, թողնում եմ, որ Տերն ավարտի»:7 Այս խոսքերը ուղեցույց են ամբողջ կյանքի համար:

Նախագահ Գորդոն  Բ. Հինքլին եռանդուն առաջնորդ և Եկեղեցու կառավարման յուրահատուկ դաստիարակ էր: Նախքան Եկեղեցու 15-րդ նախագահ դառնալը, նա երեք նախկին նախագահների խորհրդական էր ծառայել: Անգլիայի իր միսիայից վերադառնալուց հետո, նա, որպես երիտասարդ տղամարդ,՝ աշխատում էր Եկեղեցու տարբեր պաշտոններում՝ միշտ Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի ղեկավարության ներքո: Նրան բազմիցս խնդրում էին լուծել տարբեր խնդիրներ: Օրինակ՝ Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը նշանակել էր եղբայր Հինքլիին որոշելու, թե ինչպես կարելի է օժտման արարողությունը տեսանյութ դարձնել, որպեսզի հնարավոր լինի բավարարել ընդլայնվող Եկեղեցու թարգմանչական կարիքները:

Նախագահ Հինքլին գերազանցհաղորդակցող էր: Նա վստահորեն խոսում էր ավետարանի մասին բոլորի հետ՝ փորձառու լրագրողներից մինչև համաշխարհային առաջնորդները: Ես ականատես եմ եղել, թե ինչպես նա փափկացրեց Միխայիլ Գորբաչովի՝ Խորհրդային Միության նախկին նախագահի սիրտը, ով ի սկզբանե չէր ցանկանում հանդիպել Նախագահ Հինքլիի հետ նրա գրասենյակում: Փոխարենը, պարոն Գորբաչովը ցանկանում էր, որ Նախագահ Հինքլին գար Գորբաչովի հյուրանոցային սենյակ: Բայց երբ նրանք հանդիպեցին Եկեղեցու գլխավոր գրասենյակում, Նախագահ Հինքլին նրան ցույց տվեց Առաջին Նախագահության խորհրդի սենյակի չերքեզական ընկուզենու փայտով երեսապատված գեղեցիկ կահույքը: Երբ նախագահ Հինքլին պարոն Գորբաչովին պատմեց, թե որտեղից էր այդ փայտը, վերջինս զարմացած էր: Այդ փայտը հենց այն շրջանից էր, որն իր ծննդավայրն էր Ռուսաստանում:8 Նրա տրամադրությունն անմիջապես բարձրացավ:

Նախագահ Հինքլին անսահման լավատես էր, որը Տիրոջ հանդեպ լիակատար հավատքի արդյունքն էր: Նախագահելու գրեթե 13 տարիների ընթացքում նա Եկեղեցին առաջնորդեց նշանակալից նորամուծությունների միջով, որոնց թվում էին փոքր տաճարների նախագծումը, համաժողովների կենտրոնի կառուցումը, 79 նոր տաճարների հայտարարությունը և այն ժամանակ գործող 124 տաճարներից 95-ի նվիրագործումն ու վերանվիրագործումը: Նախագահ Հինքլիի հեռատեսությունը և այն, ինչ նա իրենից պահանջում էր այդ հեռատեսության հետևանքով, սահման չուներ:

Նախագահ Հինքլին հեղինակություն էր Եկեղեցու պատմության հարցերում: Նա նաև տեսանող էր: Որպես տեսանող՝ նա անվախ էր ապագայի մասին մարգարեանալիս: Լսեք նրա խոսքերը. «[Քրիստոսի] այս աշխատանքը վսեմությամբ ու զորությամբ առաջ կգնա, որպեսզի լցնի աշխարհը: Դռները, որ ներկայումս փակ են ավետարանը քարոզելու համար, կբացվեն: Եթե կարիք լինի, Ամենազորը կցնցի ազգերը, որպեսզի խոնարհեցնի և ստիպի նրանց լսել կենդանի Աստծո ծառաներին: Անհրաժեշտ բաները պիտի իրականանան»:9

Այժմ նախագահ Թոմաս  Ս. Մոնսոնն է Տիրոջ ապրող մարգարեն երկրի վրա: Մենք շա՜տ սիրում ենք նրան, աջակցում ենք նրան և աղոթում նրա համար: Մենք շա՜տ բան ենք սովորել նրանից: Մտածեք մի պահ: Նա կանչվեց եպիսկոպոս 22 տարեկանում: Նրա ծխում 80 այրի կար: 36 տարեկանում նա առաքյալ կանչվեց: Նախագահ Մոնսոնն իր կյանքն ապրել է հետևյալ կարգախոսով. «Եթե Տերը գործ ունի անելու, ես ցանկանում եմ, որ Նա վստահ լինի, որ Թոմ Մոնսոնն այդ գործը կանի»:10

Նա մեզ ցույց է տվել՝ ինչպես փրկության ձեռք մեկնել մեկին : Անձնական օրինակով նա մեզ ուսուցանել է, որ մարդկանց մասին հոգալը միշտ ավելի կարևոր է, քան ժամանակի կառավարումը, ժողովներն ու ծրագրերը:

Նախագահ Մոնսոնը երկար աշխատանքային օրվա վերջում հաճախ պատահական ճանապարհով է տուն գնում: Երբեմն նա կանգ է առնում հիվանդանոցում, որպեսզի մխիթարի վշտահարներին: Մեկ այլ անգամ նա ոգեշնչվում է և այցելում տարբեր տներ: Հաճախ, երբ նա անսպասելի թակում է մեկի դուռը, նրան դիմավորում են արցունքներով, դիմելով նման խոսքերով. «Ինչպե՞ս իմացաք, որ այսօր մեր դստեր մահվան տարելիցն է» կամ «Ինչպե՞ս իմացաք, որ այսօր իմ ծնունդն է»:

Իր կյանքի ընթացքում Նախագահ Մոնսոնը շարունակ երկու հիմնարար հատկանիշ է դրսևորել, որոնց շնորհիվ Աստծո մարգարեները յուրօրինակ առաջնորդ են համարվում. Նախ՝ նա օրինակելի պահել է առաջին և երկրորդ մեծ պատվիրանները՝ մեր ողջ հոգով Աստծուն սիրելը և մերձավորին՝ Աստծո զավակներին, մեր անձի պես սիրելը: Եվ երկրորդը՝ ինչպես յուրաքանչյուր մարգարե, նա գիտի ինչպես հայտնություն ստանալ և ինչպես արձագանքել, երբ հայտնությունը գալիս է: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը արդար առաջնորդի մարմնավորում է:

Աստծո մարգարեները ընդհանուր շատ հատկանիշներ ունեն: Մեկն այն է, որ նրանք հասկանում են աստվածային օրենքի կարևորությունը: Աստվածային օրենքների իմացությունը և արդյունավետ, արդար առաջնորդ լինելը փոխկապակցված են: Որքան շատ իմանաք Աստծո օրենքները, և որ ավելի կարևոր է, ինչքան լավ ապրեք դրանցով , այնքան արդյունավետ կլինի ձեր արդար առաջնորդությունը:

Երբ ես բժշկականի երիտասարդ ուսանող էի, մարդու մարմնի ճշգրիտ ուսումնասիրությունը ինձ համոզեց, որ Աստված ապրում է: Եվ երբ համոզվեցի, որ մարմինը Աստծո ստեղծագործությունն է, ինձ համար ավելի ու ավելի հետաքրքիր դարձան մարմնի գործառույթները կարգավորող Աստծո օրենքները: Ավելի ուշ, ծավալուն լաբորատոր հետազոտությունների շնորհիվ, ես սովորեցի այն օրենքը, որը ղեկավարում է մարդու սրտի բաբախումները: Բացի այդ, ես սովորեցի, որ նուրբ վիրաբուժական վիրահատությունները հեշտացնելու նպատակով սրտի բաբախումը հնարավոր է անվտանգ կերպով ժամանակավորապես դադարեցնել: Դա հնարավոր է կատարել սիրտը սնուցող արյան մեջ փոխելով նատրիում/կալիումի հարաբերակցությունը: Ավելի ուշ, երբ սիրտը սնուցվում է արյան մեջ նատրիում/կալիումի կանոնավոր հարաբերակցությամբ, սիրտը նորից սկսում է սովորականի նման բաբախել: Ապացուցվել է, որ այդ հայտնագործությունները կանխատեսելի են, ստույգ և կրկնվող:

Վերջերս ես հնարավորություն ունեցա սա բացատրելու բժշկական համալսարանի մի դասարանի: Մի խելացի պրոֆեսոր, ով ներկա էր, հարցրեց ինձ. «Իսկ ինչ կլինի, եթե հանկարծ այն չաշխատի»: Ես պատասխանեցի. «Այն միշտ աշխատում է: Այն աշխատում է՝ համաձայն աստվածային օրենքի»:

Աստվածային օրենքն անվիճարկելի է և անժխտելի : Աստվածային օրենքը հնարավոր չէ հերքել և վիճարկել: Եվ Աստծո օրենքներին հնազանդվելը միշտ համապատասխան օրհնություններ են հետևում: Օրհնությունները միշտ հիմնված են համապատասխան օրենքի հնազանդության վրա:11

Գոյապաշտները կարող են հիմնավորել իրենց տեսակետը. Հարաբերականության տեսության հետևորդները կարող են արդարացնել իրականության իրենց պատկերացումը, որ ճշմարտությունը միայն սուբյեկտիվ բնույթ ունի, սակայն օրենքը օրենք է: Աստծո ճշմարտությունն իրական ճշմարտություն է: Այն, ինչ Աստված ասում է ճիշտ է՝ ճիշտ է: Եվ այն, ինչ Նա ասում է, որ սխալ է՝ սխալ է:

Ահա թե ինչու ձեզ համար պարտադիր է իմանալ Աստծո օրենքները: Դրանք ղեկավարում են ամբողջ աշխարհը և բազմաթիվ այլ աշխարհներ: Երբ աստվածային օրենքները խախտվում են, գալիս են հետևանքները: Չնայած մեր սրտերը ցավում են աստվածային օրենքները խախտողների համար, հետևանքների համար պետք է վճարել: Աստվածային օրենքներին պետք է հնազանդվել:

Ես սովորեցի այդ մասին որպես Նախագահ Սփենսեր Վ. Քիմբալի վիրաբույժ: Երբ փոխպատվաստված արհեստական սրտամկանը հանկարծակի դադարեց աշխատել, Նախագահ Քիմբալը վերադարձավ ինձ մոտ՝ օգնության: Սակայն առաջինը նա խնդրեց, որ ես իրեն քահանայական օրհնություն տամ: Օրհնության ժամանակ նրան խոստում տրվեց, որ իր անսարք սրտամկանը կրկին կաշխատի, որից հետո նա ասաց ինձ. «Այժմ դու կարող ես անել, ինչ հնարավոր է՝ այդ օրհնությունն իրականություն դարձնելու համար»:

Ես սկսեցի վիրահատությունը: Արհեստական սրտամկանից դեպի սիրտ գնացող հաղորդալարի վրա ես մեկուսիչ շերտի վնասվածք հայտնաբերեցի: Երբ ես փոխարինեցի վնասված հաղորդալարը, արհեստական սրտամկանը կրկին սկսեց աշխատել, հնարավորություն տալով, որ Նախագահ Քիմբալի սիրտը բնականոն աշխատի: Այդպիսով, էլեկտրական հոսանքի փոխանցման օրենքը հնարավոր չէր շրջանցել անգամ Աստծո մարգարեի համար:

Նախագահ Քիմբալն իսկապես Աստծո մարգարե էր: Տարբեր առիթներով ես մոտիկից դիտարկել եմ նրան մի քանի հիվանդությունների ժամանակ և տեսել եմ նրա եռանդուն ու ազդեցիկ ուսումնասիրությունը, երբ նա հայտնություն էր փնտրում. նա եղել է իմ ուսուցիչը: Ես անսահման սեր եմ զգում նրա հանդեպ:

Մինչ աշխարհը լի է անորոշությամբ, ձեր սրտում և մտքում անորոշություն չպիտի լինի ճշմարիտի և կեղծիքի վերաբերյալ: Անորոշությունն առաջանում է, երբ մեր ունեցած տեղեկությունը կատարյալ չէ կամ անհայտ ծագում ունի: Որպես Առաքյալ՝ ես ձեզ խնդրում եմ սովորել Աստծո անփոփոխ օրենքները: Սովորեք դրանք ուսումնասիրությամբ և հավատքով: Մյուս բաների հետ մեկտեղ՝ դա նշանակում է. «ապրել Աստծո բերանից դուրս եկած ամեն մի խոսքով»:12

Աղոթեք, որպեսզի տարբերեք աստվածային օրենքները մարդկային փիլիսոփայությունից, այդ թվում նաև՝ բանսարկուի կեղծ ուսմունքները: Դարերի ընթացքում Լյուցիֆերը հմտացել է իր արհեստում: Նա արհեստավարժ է զվարճացնելու, աղավաղելու, խաբելու և մոլորեցնելու գործում: Ես խնդրո՛ւմ եմ ձեզ հեռու մնալ նրա խորամանկ որոգայթներից, ինչպես ժանտախտից:

Սատանայի կողմից մշակված ծուղակները ձեզ կբերեն միայն տառապանքներ, հոգևոր գերություն և մահ:13 Դա ճշմարիտ է բոլոր ժամանակներում: Լյուցիֆերի գայթակղություններին տրվելու տխուր հետևանքները կանխատեսելի են, կրկնվող են և ցավագին են:

Դրան հակառակ, ես խոստանում եմ, որ երբ դուք պահեք Աստծո պատվիրանները, երբ դուք ապրեք նրա օրենքներով, ավելի ազատ կդառնաք: Այդ ազատությունը ձեզ կօգնի տեսնել ձեր աստվածային էությունը և թույլ կտա, որ բարգավաճեք: Դուք կազատվեք մեղքի գերությունից: Դուք ազատ կլինեք ձեր իրական ինքնությանը հասնելու՝ լինելով արդյունավետ և արդար առաջնորդներ: Դուք պատրաստ կլինեք առաջնորդել սկզբունքով և օրինակով, որտեղ էլ որ ձեր կարիքը զգացվի: Բարեբախտաբար, Աստծո պատվիրանները պահելու օրհնությունները նույնպես կանխատեսելի են, ստույգ են և կրկնվող են:

Որպես Իր վերականգնված Եկեղեցու անդամներ՝ մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոսը՝ մեր Վարդապետը, մեր կատարյալ Դաստիարակն է: Որպես հազարամյակի իրական սերունդ՝ դուք ծնվել եք լինելու Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները: Փաստորեն, հազարամյակի իրական սերունդ լինելու միա՛կ ուղին Նրա ճշմարիտ հետևորդ լինելն է:

Ինչպե՞ս կարող եք զարգացնել ձեր աշակերտությունը: Ես մի հրավեր ու մի հանձնարարություն ունեմ ձեզ համար, որը կօգնի ձեզ, եթե ընդունեք: Սկսած այս երեկոյից ձեր ժամանակի մի մասը տրամադրեք, որպեսզի ամեն շաբաթ ուսումնասիրեք այն ամենը, ինչ ասել ու արել է Հիսուսը, ինչպես գրված է Հին Կտակարանում, որովհետև նա Հին Կտակարանի Եհովան է: Ուսումնասիրեք Նրա օրենքները, ինչպես արձանագրվել է Նոր Կտակարանում, որովհետև նա Նոր Կտակարանի Քրիստոսն է: Ուսումնասիրեք Նրա վարդապետությունը, ինչպես արձանագրված է Մորմոնի Գրքում, որովհետև չկա այլ սուրբ գիրք, որում Նրա առաքելությունը և Նրա ծառայությունը ավելի հստակ բացահայտված լինի: Եվ ուսումնասիրեք Նրա խոսքերը, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտերում, քանի որ Նա շարունակում է սովորեցնել իր ժողովրդին արդի տնտեսության ժամանակաշրջանում:

Սա կարող է մեծ հանձնարարություն թվալ, բայց ես խրախուսում եմ ձեզ ընդունել այն: Եթե դուք սկսեք սովորել Հիսուս Քրիստոսի մասին այն ամենը, ինչ կարող եք, խոստանում եմ ձեզ, որ ձեր սերը նրա հանդեպ և Աստծո օրենքների հանդեպ կաճի ավելի շատ, քան այժմ պատկերացնում եք: Ես նաև խոստանում եմ ձեզ, որ մեղքից շրջվելու ձեր ունակությունը կմեծանա: Պատվիրանները պահելու ձեր ցանկությունը վեր կսլանա: Դուք կարող եք հայտնաբերել, որ ավելի հեշտությամբ եք հեռանումնրանց ստեղծած զվարճալիքներից ու խճճված իրավիճակներից , ովքեր ծաղրում են Հիսուս Քրիստոսի հետևորդներին: Որպես օգնություն կարող եմ առաջարկել՝ սկսեք Սուրբ գրությունների ուղեցույցի «Հիսուս Քրիստոս» բառահոդվածից:14

Ուսումնասիրեք Հիսուս Քրիստոսի ով լինելը, աղոթքով և վճռականությամբ ձգտելով հասկանալ, թե անձամբ ձեզ համար ինչ նշանակություն ունեն Նրա տարբեր կոչումներից յուրաքանչյուրը: Օրինակ՝ նա իսկապես ձեր Բարեխոսն է Հոր մոտ: Նա ձեր կողմից կլինի: Նա կպաշտպանի ձեզ: Նա կխոսի ձեր անունից, ամեն անգամ, երբ դուք ընտրում եք ավելի շատ նմանվել Իրեն:15

Ճանաչեք Նրան, ուսումնասիրելով այն ամենը, ինչ Նա շարունակում է սովորեցնել Իր ապրող մարգարեների և առաքյալների միջոցով: Ուսումնասիրեք «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը: Ուսումնասիրեք «Կենդանի Քրիստոսը» փաստաթուղթը: Դրանք երկուսն էլ ստացվել են հայտնությամբ: Տեղադրեք դրանք համացանցում, որտեղ ամեն օր կարող եք տեսնել:

Յուրաքանչյուր ճշմարիտ Վերջին Օրերի Սուրբ հավատում է այդ հայտնված խոսքերին: Աղոթեք վկայության համար, որ այդ ճշմարտությունները աստվածային օրենք են ներկայացնում: Սովորեք արտասանել այդ ճշմարտությունները սեփական խոսքերով: Մտապահե՛ք այն: Հետո աղոթեք, որ հնարավորություններ ունենաք խոսելու այն մասին, ինչին հավատում եք: Առաջնորդելու ձեր ունակությունը և ձեր արդար ազդեցությունը կավելանա, երբ դուք անեք այդ:

Մի օր ապագայում դուք ներկայանալու եք Փրկիչի առաջ: Դուք արցունքներ թափելու աստիճանի հուզված կլինեք՝ գտնվելով Նրա սուրբ ներկայության մեջ: Դուք դժվարությամբ խոսքեր կգտնեք շնորհակալություն հայտնելու նրան ձեր մեղքերի փոխարեն վճարելու համար, մարդկանց հանդեպ բոլոր ոչ բարի արարքները ձեզ ներելու համար, այս կյանքում ստացած վնասվածքներից ու անարդարություններից ձեզ բուժելու համար:

Դուք Նրան շնորհակալություն կհայտնեք անհնարինը անելիս ձեզ ուժ տալու համար, ձեր թուլությունները ուժեղ կողմերի վերածելու համար և ձեր ու ձեր ընտանիքի Նրա հետ հավերժ ապրելը հնարավոր դարձնելու համար: Նրա ինքնությունը, Նրա Քավությունը և Նրա հատկանիշները անձնական ու իրական կդառնան ձեզ համար:

Սակայն դուք կարիք չունեք այդ օրվան սպասելու: Որոշեք այսօր դառնալ Նրա ճշմարիտ հետևորդը: Եղեք նա, ով իսկապես սիրում է Նրան, ով իսկապես ցանկանում է Նրա նման ծառայել և առաջնորդ լինել:16

Մենք նրա՛ ժողովուրդն ենք: Մենք ուխտ ունենք ավետարանի ուղերձը հասցնել ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի: Գիտակից ձևով ջանալով արդար ղեկավարներ դառնալ, մենք կարող ենք միացնել մեր սրտերը և երգել «Տեր Աստծո գործին բոլորս մասնակցենք»:17

Այժմ, որպես Իր առաքյալներից մեկը, ես գործադրում եմ բանալիները, որպեսզի օրհնեմ ձեզ: Ես օրհնում եմ ձեզ, որ սովորեք Աստծո օրենքները և ապրենք դրանցով: Ես օրհնում եմ ձեզ, որ Քրիստոսի ճշմարիտ աշակերտի լավ օրինակ լինեք՝ թե՛ խոսքով, թե՛ գործով: Ես օրհնում եմ ձեզ, որ մեղքից ազատ լինեք, բարություն և լույս ճառագեք այնպես, որը մարդկանց կհրապուրի ցանկություն ունենալ՝ իմանալու և զգալու այդ լույսի աղբյուրը: Ես օրհնում եմ ձեզ, որ հաջողություն ունենաք կրթական և մասնագիտական ձեր ջանքերում: Օրհնում եմ ձեզ, որ գտնեք և հոգատար լինեք ձեր առաքինի զուգընկերոջ նկատմամբ: Եվ օրհնում եմ ձեզ, որ արդար առաջնորդ լինեք ձեր ընտանիքում, համայնքում, երկրում և Եկեղեցում:

Այս ամենով ես օրհնում եմ ձեզ և հայտարարում, որ Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Սա նրա Եկեղեցին է: Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով. ամեն:

Հղումներ

  1. Տես Գործք 17.11, Ալմա 32.6

  2. Տես LDS.org: Gospel Library հավելվածը նույնպես բազմաթիվ աղբյուրներ ունի, որոնք կօգնեն ձեզ ուսումնասիրության ընթացքում:

  3. Տես Spencer J. Condie, Russell M. Nelson: Father, Surgeon, Apostle (2003), 165:

  4. Տես Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography (1987), 197–227:

  5. Harold B. Lee letter to Ezra Taft Benson, in Dew, Ezra Taft Benson, 224

  6. Տես 2 Նեփի 27.20–21:

  7. Ezra Taft Benson, in Dew, Ezra Taft Benson, viii:

  8. Տես Condie, Russell M. Nelson, 279

  9. Գորդոն Բ. Հինքլի, «Look to the Future», Ensign, Nov. 1997, 68

  10. Անձնական զրույց Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետ:

  11. Տես Վարդապետություն և Ուխտեր 130.20–21

  12. Վարդապետություն և Ուխտեր 84.44:

  13. Տես 2 Նեփի 2.27

  14. Տես Topical Guide, “Jesus Christ.” In addition to the text under that major heading, there are 57 subtitles about Him. For non-English language editions of the scriptures, use the Guide to the Scriptures. Let this resource become your personal core curriculum.

  15. Տես 3 Նեփի 27.27

  16. Աբինադին զգուշացրեց իր ամբարիշտ գերողներին. «Դուք ձեր սրտերը չեք նվիրել հասկանալուն» (Մոսիա 12.27): Դուք կարող եք այդ նույն գիծը ձեր սերնդի այլախոհների մեջ նկատել:

  17. «Տեր Աստծո գործին բոլորս մասնակցենք», Հիմներ և մանկական երգեր, էջ  10: