Գրադարան
Համբերել մինչև վերջ


«Համբերել մինչև վերջ», Թեմաներ և հարցեր (2023)

երիտասարդ աղջիկը քաղաքում

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Համբերել մինչև վերջ

Հավատարիմ մնալ Աստծո հանդեպ ունեցած մեր պարտավորություններին՝ անկախ ամեն ինչից

Պատկերացրեք, որ շուտով մեծ մրցավազքի եք մասնակցելու։ Սկսելիս դուք լի եք էներգիայով և պատրաստ՝ ստանձնելու առջևում սպասվող առաջադրանքը: Բայց մրցավազքը երկար է և դժվար։ Առաջանում է հոգնածություն, անգամ ուժասպառ եք լինում։ Այնուամենայնիվ, դուք շարունակում եք մրցավազքը՝ մի ոտքը մյուսի առջև դնելով, մինչև ի վերջո անցնում եք վերջնագիծը, հպարտանալով, որ համբերել եք մինչև վերջ։

Երբ ստանում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանը, մենք սկսում ենք կյանքի տևողությամբ մի ճանապարհորդություն: Երբեմն մենք լցված կլինենք հույսով ու վճռականությամբ, երբեմն էլ՝ ճանապարհը երկար ու դժվար կթվա։ Բայց մենք չենք հանձնվում։ Փոխարենը, մենք ապավինում ենք Տիրոջ խոստմանը, որ Նա երբեք մեզ չի թողնի ու չի լքի (տես Եբրայեցիներին 13.5), և ընտրում ենք ամեն օր «առաջ [մղվել] Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ» (2 Նեփի 31.20):

Ի՞նչ է նշանակում համբերել մինչև վերջ:

Մինչև վերջ համբերել նշանակում է հավատարիմ մնալ Աստծո և Նրա պատվիրանների հանդեպ մեր նվիրվածությանը մեր ողջ կյանքի ընթացքում։ Այն ներառում է` ուխտեր կապել Նրա հետ, ապաշխարել ամեն օր և ապավինել Հիսուս Քրիստոսի զորությանը, որը կօգնի մեզ հաղթահարել փորձությունները, գայթակղությունները և հակառակությունը։ Բոլոր նրանք, ովքեր համբերում են մինչև վերջ, կստանան հավերժական կյանքի պարգևը և կվերադառնան` ապրելու Աստծո հետ (տես Մատթեոս 10.22):

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Կամքի ազատություն, Ուխտեր և արարողություններ, Մահկանացություն

Բաժին 1

Աստված խոստանում է, որ մենք կստանանք հավերժական կյանք, եթե համբերենք մինչև վերջ

Քրիստոսը և հարուստ երիտասարդ կառավարիչը

Աստծո ամենամեծ պարգևը մեզ հավիտենական կյանքի պարգևն է (տես Վարդապետություն և Ուխտեր 14.7): Այս պարգևը տրվում է նրանց, ովքեր ստանում են ավետարանը և հավատարիմ են մնում դրան (տես 3 Նեփի 15.9)։ Մինչև վերջ համբերելն ավելին է, քան փորձություն կամ դժվարություն հաղթահարելը։ Դա «Քրիստոսի մոտ գալու և Նրանում կատարելագործվելու» ամենօրյա ջանք է ողջ կյանքի ընթացքում: Երեց Քևին Փիրսոնը նշել է, որ «մինչև վերջ համբերելը աշակերտության մեծ ստուգարք է»:

Մտորելու հարցեր

  • Հիսուս Քրիստոսը զգաց մինչև վերջ համբերելու մեծագույն փորձությունը, երբ Նա տառապեց մեր մեղքերի համար Իր Քավության ժամանակ։ Կարդացեք Ղուկաս 22.42 և 3 Նեփի 11.11։ Ի՞նչ եք սովորում Քրիստոսի օրինակից, որը կարող է օգնել ձեզ համբերել մինչև վերջ: Ինչպե՞ս կարող եք ապավինել Նրա Քավությանը, մինչ ձգտում եք համբերել մինչև վերջ և ստանալ հավերժական կյանք։ Գրի առեք ձեր ստացած տպավորությունները և գործեք ըստ դրանց:

  • Մինչև վերջ համբերելը կարող է շատ երկար ժամանակ թվալ, այնքան երկար, որ իրականում այն կարող է նույնիսկ անհնար թվալ։ Բայց երբ հիշեք, որ մինչև վերջ համբերելը տեղի է ունենում քայլ առ քայլ, գուցե դա այդքան էլ դժվար չթվա։ Նախագահ Թոմաս Մոնսոնը ուսուցանել է. «Երկնային առաջնորդություն փնտրեք օրեցօր: Ապագայի մասին մտահոգվելը դժվար է, պահի մասին հոգ տանելը՝ հեշտ: Մեզանից յուրաքանչյուրը կարող է ճշգրիտ լինել միայն մեկ օր, ապա ևս մեկ օր, հետո ևս մեկ օր, մինչև որ կապրենք Հոգով առաջնորդված, Տիրոջը մոտ գտնվող կյանք, բարի գործերով և արդարակեցությամբ լի կյանք»: Ի՞նչ ամենօրյա ընտրություններ կարող եք կատարել, որպեսզի հավատարիմ լինեք Հիսուս Քրիստոսի ավետարանին։ Ինչպե՞ս կարող են այդ որոշումներն օգնել ձեզ համբերել մինչև վերջ։ Գուցե կարող եք ընտրել Քրիստոսանման մի հատկանիշ, որը կցանկանայիք կատարելագործել և ապա աղոթքով հրավիրել Տիրոջը, որ օգնի ձեզ ձեռք բերել այն, մինչ դուք ձգտեք ամեն օր հետևել Նրան։

Միասին սովորելու միջոցառումներ

  • Սուրբ գրություններն ուսուցանում են, որ մենք կստանանք հավերժական կյանք՝ համբերելով մինչև վերջ։ Բայց ինչպիսի՞ն է մինչև վերջ համբերելը։ Միասին կարդացեք Հռոմեացիներին 2.7, 2 Նեփի 31.19-20, և Վարդապետություն և Ուխտեր 59.23, ապա քննարկեք, թե ինչ եք սովորում այս հատվածներից մինչև վերջ համբերելու մասին: Կարող եք նաև խմբով երգել կամ կարդալ «Press Forward, Saints» օրհներգը (Hymns, no. 81), այնուհետև խոսել բառերի մասին, որոնք ոգեշնչում են ձեզ առաջ շարժվել և ստանալ հավերժական կյանքի պարգևը:

  • Իր «Արդյո՞ք ուրախանալու պատճառ չունենք» ուղերձում երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը ուսուցանել է, որ մենք չպիտի միայնակ համբերենք մինչև վերջ։ Նա ասել է․ «Հետևաբար, մինչև վերջ համբերելը լոկ կյանքի դժվարությունները պասիվորեն հանդուրժելու կամ «դիմանալու» խնդիր չէ։ Մերն ակտիվ կրոն է, որն օգնում է Աստծո զավակներին այս կյանքի ընթացքում նեղ ու անձուկ ճանապարհին զարգացնել իրենց ամբողջ ներուժը և մի օր վերադառնալ Նրա մոտ»։ Միասին դիտեք երեց Ուխդորֆի ուղերձի մի մասը «Համբերեք մինչև վերջ» (2․05) տեսանյութում: Այնուհետև կիսվեք գաղափարներով, որպեսզի օգնեք միմյանց մնալ դեպի հավերժական կյանք տանող ճանապարհին: Կարող եք նաև պատմել, թե ինչպես է ինչ-որ մեկն օգնել ձեզ հավատարմորեն համբերել փորձության ժամանակ։

Իմացեք ավելին