Սեմինարիա
4․ Վերականգնում


4. Վերականգնում, Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ (2018)

4․ Վերականգնում

Նկար
ոսկե թիթեղները

4.1. Աստված վերականգնել է Իր ավետարանը այս վերջին օրերում՝ երկրի վրա վերահաստատելով Իր ճշմարտությունները, քահանայության իշխանությունը և Եկեղեցին։ Հնադարյան մարգարեները կանխագուշակել են վերջին օրերում ավետարանի Վերականգնումը (տես Եսայիա 29․13–14, Գոր․ 3․19–21

4.2. Վերականգնումը սկսվեց 1820 թվականին։ Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին ի պատասխան Ջոզեֆի աղոթքի, և Նրանք կանչեցին նրան լինելու Վերականգնման Մարգարեն (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․15–20

4.3. Աստված կանչեց Ջոզեֆ Սմիթին լինել կենդանի Քրիստոսի վկան վերջին օրերում։ Որպես Վերականգնման Մարգարե, Ջոզեֆ Սմիթը թարգմանեց Մորմոնի Գիրքը Աստծո պարգևով և զորությամբ (տես ՎևՈւ 135․3)։ Աստվածաշնչի հետ միասին Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և պարունակում է ավետարանի լրիվությունը (տես Եզեկիել 37․15–17)։ Մորմոնի Գիրքը նաև Ջոզեֆ Սմիթի մարգարեական կոչման և Վերականգնման ճշմարտացիության վկան է։

4.4. Որպես Վերականգնման մաս, Աստված ուղարկեց հրեշտակ սուրհանդակների, որպեսզի վերականգնեն Ահարոնյան և Մելքիսեդեկյան Քահանայությունները։ Ապա Նա պատվիրեց, որ Իր Եկեղեցին կրկին կազմավորվեր երկրի վրա 1830 թվականի ապրիլի 6-ին։ Քանի որ այն հաստատվել է հենց Աստծո կողմից, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է ողջ երկրի երեսին» (ՎևՈւ 1.30):

Առնչվող հղումներ․ Ամովս 3․7, Եփեսացիս 2․19–20, Եփեսացիս 4․11–14, ՎևՈւ 13․1, ՎևՈւ 76․22–24, ՎևՈւ 107․8

Առնչվող թեմաներ․ Աստվածագլուխ, Մարգարեներ և Հայտնություն

Ուրացություն

4.5. Աստվածային ճշմարտությունները, քահանայության իշխանությունը և Եկեղեցին վերջին օրերում Վերականգնելու կարիքն առաջացել է ուրացության պատճառով։ Ուրացություն է տեղի ունենում, երբ մեկ կամ մի քանի անհատներ հեռանում են ավետարանի ճշմարտություններից։

4.6. Փրկիչի խաչելությունից և Նրա Առաքյալների մահից հետո շատերը հեռացան Փրկիչի հաստատած ճշմարտություններից (տես Բ Թեսաղոնիկեցիս 2․1–3)։ Ավետարանի սկզբունքները և սուրբ գրությունների մասերը աղավաղվել կամ կորսվել էին։ Չարտոնված փոփոխություններ էին կատարվում Եկեղեցու կազմակերպություններում և քահանայության արարողություններում։ Այդ համատարած անարդարության պատճառով Տերը երկրի վրայից վերցրեց քահանայության իշխանությունը և քահանայության բանալիները: Չնայած կային շատ լավ ու անկեղծ մարդիկ, ովքեր երկրպագում էին Աստծուն իրենց մեջ եղած լույսի համաձայն և պատասխաններ էին ստանում իրենց աղոթքներին, աշխարհը մնացել էր առանց կենդանի մարգարեների կողմից տրվող աստվածային հայտնության։ Այդ ժամանակահատվածը հայտնի է որպես Մեծ Ուրացություն։

4.7. Աշխարհի պատմության ընթացքում եղել են համատարած ուրացության այլ ժամանակաշրջաններ:

Առնչվող թեմաներ․ Մարգարեներ և հայտնություն, Քահանայությունը և քահանայության բանալիները, Արարողություններ և ուխտեր

Ավետարանի տնտեսությունները

4.8. Երբ Աստծո զավակները հայտնվել են ուրացության պայմաններում, Նա սիրով օգնության է հասել նրանց՝ կանչելով մարգարեներ և մարդկանց կրկին շնորհելով ավետարանական օրհնություններ Իր մարգարեների միջոցով։ Այն ժամանակաշրջանը, որի ընթացքում Տերը հայտնում է Իր ճշմարտությունը, քահանայության իշխանությունը և արարողությունները, կոչվում է տնտեսություն։ Դա ժամանակաշրջան է, որի ընթացքում Տերը երկրի վրա ունենում է առնվազն մեկ լիազորված ծառա, որը կրում է սուրբ քահանայությունը և աստվածային հանձնարարություն է կատարում, տարածելով ավետարանը և կատարելով ավետարանի արարողությունները:

4.9. Տնտեսությունները ներկայացվել են Ադամի, Ենովքի, Նոյի, Աբրահամի, Մովսեսի, Հիսուս Քրիստոսի և այլոց միջոցով: Վերջին օրերում ավետարանի Վերականգնումը, որը Տերը սկսեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, տնտեսությունների այս օրինաչափության մի մասն է կազմում։

4.10. Յուրաքանչյուր տնտեսությունում Տերը և Նրա մարգարեները ձգտել են հաստատել Սիոնը։ Սիոնը Տիրոջ ուխտյալ ժողովուրդն է, ովքեր ունեն մաքուր սիրտ, միավորված են արդարությամբ և հոգ են տանում միմյանց մասին (տես Մովսես 7․18)։ Սիոնը նաև այն վայրն է, որտեղ ապրում են սրտով մաքուրները։

4.11. Այսօր մենք ապրում ենք վերջին տնտեսությունում՝ ժամանակների լրության տնտեսությունում: Դա միակ տնտեսությունն է, որը չի ավարտվի ուրացությամբ։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, ի վերջո, կլցնի ողջ երկիրը և հավերժ կգոյատևի (տես Դանիել 2․44):

Առնչվող թեմաներ․ Մարգարեներ և հայտնություն, Քահանայությունը և քահանայության բանալիները, Արարողություններ և ուխտեր