Սեմինարիա
7. Արարողություններ և ուխտեր


7. Արարողություններ և ուխտեր, Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ (2018)

7. Արարողություններ և ուխտեր

Նկար
մկրտվող աղջիկը

Արարողություններ

7.1. Արարողությունը սրբազան գործողություն է, որը կատարվում է քահանայության իշխանությամբ։ Յուրաքանչյուր արարողություն նախատեսվել է Աստծո կողմից՝ հաճախ հոգևոր խորհրդանիշերի միջոցով ճշմարտություններ ուսուցանելու համար:

7.2. Որոշ արարողություններ էական նշանակություն ունեն վեհացման համար և կոչվում են փրկող արարողութուններ: Միայն փրկարար արարողություններ ստանալու և դրանց հետ կապված ուխտերը պահելու միջոցով մենք կարող ենք ստանալ բոլոր օրհնությունները, որոնք հնարավոր են դարձվել Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ։ Առանց այս փրկարար արարողությունների մենք չենք կարող դառնալ մեր Երկնային Հոր նման կամ վերադառնալ ու հավերժ ապրել Նրա ներկայության մեջ (տես ՎևՈւ 84․20–22)։ Փրկարար արարողությունները կատարվում են նրանց ղեկավարության ներքո, ովքեր կրում են քահանայության բանալիները:

7.3. Ավետարանի առաջին փրկող արարողությունը ջրի մեջ ընկղմումով մկրտությունն է, որը կատարվում է մեկի կողմից, ով ունի իշխանություն: Անհատի համար մկրտությունն անհրաժեշտ է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ դառնալու և սելեստիալ արքայություն մտնելու համար (տես Հովհաննես 3.5):

7.4. Երբ անձը մկրտվում է, մեկ կամ ավելի թվով Մելքիսեդեկյան Քահանայություն կրողներ հաստատում են նրան որպես Եկեղեցու անդամ և շնորհում նրան Սուրբ Հոգու պարգևը (տես 3 Նեփի 27․20): Սուրբ Հոգու պարգևը տարբերվում է Սուրբ Հոգու ազդեցությունից: Մկրտությունից առաջ մարդը կարող է զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը և ստանալ ճշմարտության մասին վկայություն: Սուրբ Հոգու պարգևը ստանալուց հետո այն անձնավորությունը, ով պահում է իր ուխտերը, ստանում է Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունն ունենալու իրավունքը:

7.5. Փրկարար մյուս արարողությունները ներառում են Մելքիսեդեկյան Քահանայության կարգումը (տղամարդկանց համար), տաճարային օժտումը և ամուսնության կնքումը: Տաճարում այս փրկող արարողությունները կարող են նաև կատարվել մահացածների համար: Մահացածների համար կատարվող արարողությունները հասնում են իրենց նպատակին միայն այն դեպքում, երբ մահացածներն ընդունում են դրանք հոգևոր աշխարհում և պատվում են դրանց հետ կապված ուխտերը:

7.6. Մյուս արարողությունները, օրինակ՝ մկրտության ուխտերը վերանորոգելու համար հաղորդությունից ճաշակելը, հիվանդների սպասավորումը, երեխաների անվանակոչումը և օրհնումը, նույնպես կարևոր են մեր հոգևոր զարգացման համար:

Առնչվող հղումներ․ Մաղաքիա 4․5–6, Մատթեոս 16․15–19, Ա Պետրոս 4․6, ՎևՈւ 131․1–4

Առնչվող թեմաներ․ Աստվածագլուխ․ Սուրբ Հոգի, Փրկության ծրագիրը․ Կյանք մահից հետո, Հիսուս Քրիստոսի Քավությունը, Քահանայությունը և քահանայության բանալիները

Ուխտեր

7.7. Ուխտը սուրբ համաձայնություն է Աստծո և մարդու միջև: Աստված տալիս է ուխտի պայմանները, իսկ մենք համաձայնվում ենք անել այն, ինչ Նա խնդրում է: Ապա մեր հնազանդության համար Աստված խոստանում է մեզ որոշակի օրհնություններ (տես Ելից 19.5-6, ՎևՈւ 82․10): Եթե մենք չենք պահում մեր ուխտերը, մենք չենք ստանա խոստացված օրհնությունները։

7.8. Քահանայության բոլոր փրկող արարողություններն ուղեկցվում են ուխտերով: Օրինակ՝ մենք ուխտ ենք կապում Տիրոջ հետ մկրտության միջոցով (տես Մոսիա 18․8–10)։ Մելքիսեդեկյան Քահանայություն ստացած եղբայրները մտնում են քահանայության երդման և ուխտի մեջ: Մենք վերանորոգում ենք մեր կապած ուխտերը հաղորդությունն ընդունելու միջոցով։

7.9. Մենք կապում ենք ավելի շատ ուխտեր, երբ տաճարում ստանում ենք օժտման փրկարար արարողությունները և ամուսնության կնքումը: Մենք պատրաստվում ենք կատարել արարողությունները և ուխտեր կապել տաճարում՝ ապրելով Տիրոջ հաստատած արժանավորության չափանիշներով (տես Սաղմոս 24․3–4)։ Կարևոր է, որ մենք արժանի լինենք մտնելու տաճար, քանի որ տաճարն իսկապես Տիրոջ տունն է։ Տաճարները երկրի վրա գոյություն ունեցող երկրպագության ամենասուրբ վայրերն են: