Սեմինարիա
Ձեռք բերել հոգևոր գիտելիք


Ձեռք բերել հոգևոր գիտելիք, Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ (2018)

Ձեռք բերել հոգևոր գիտելիք

Նկար
սուրբ գրություններ կարդացող պատանին

Աստված բոլոր ճշմարտությունների աղբյուրն է

1․ Աստված գիտի ամեն բան և ամեն ճշմարտության աղբյուրն է (տես Մոսիա 4․9)։ Քանի որ մեր Երկնային Հայրը սիրում է մեզ և ցանկանում է, որ մենք զարգանանք ու դառնանք Իր նման, Նա խրախուսել է մեզ «ուսում փնտրել, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով» (ՎևՈւ 88.118): Ճշմարտության մեր որոնումներում մենք կարող ենք լիովին վստահել Նրան՝ ապավինելով Նրա իմաստությանը, Նրա սիրուն ու մեզ ուսուցանելու և օրհնելու Նրա զորությանը։ Աստված խոստացել է Սուրբ Հոգու միջոցով մեր մտքերին և սրտերին հայտնել ճշմարտությունը, եթե մենք ջերմեռանդորեն փնտրենք Նրան (տես ՎևՈւ 8.2-3):

2․ Մեզ օգնելու համար Երկնային Հայրն ուսուցանել է մեզ, թե ինչպես ձեռք բերել հոգևոր գիտելիք։ Նա սահմանել է պայմանները, որոնց մենք պետք է հետևենք նման գիտելիք ձեռք բերելու համար։ Աստծո կողմից հաստատված օրինաչափությունը պահանջում է, որ մենք անկեղծորեն ցանկանանք իմանալ ճշմարտությունը (տես Մորոնի 10․4–5) և պատրաստ լինենք ապրել համաձայն այն ամենի, ինչ Նա է հայտնել (տես Հովհաննես 7․17)։ Մեր անկեղծ ցանկության շնորհիվ մենք կփնտրենք ճշմարտությունը աղոթքի (տես Հակոբոս 1․5–6, 2 Նեփի 32․8–9) և Աստծո խոսքի լուրջ ուսումնասիրության միջոցով (տես Բ Տիմոթեոս 3․15–17, 2 Նեփի 32․3

Հարցեր տալ և պատասխաներ փնտրել

3․ Երբեմն մենք կարող ենք նոր տեղեկություններ բացահայտել կամ հարցեր ունենալ վարդապետության, սկզբունքների կամ Եկեղեցու պատմության վերաբերյալ, որոնք, կարծես, դժվար է հասկանալ։ Հարցեր տալը և պատասխաններ փնտրելը ճշմարտությունն իմանալու համար մեր գործադրած ջանքերի կարևոր մասն են կազմում։ Որոշ հարցեր, որոնք ծագում են մեր մտքում, կարող են ոգեշնչված լինել Սուրբ Հոգու կողմից։ Ոգեշնչված հարցերը պետք է ընդունվեն որպես Աստծո պարգևներ, որոնք հնարավորություններ են տալիս մեծացնելու մեր հասկացողությունը և ամրացնելու մեր վստահությունը, որ Տերը ցանկանում է ուսուցանել մեզ։ Ինչն էլ լինի մեր հարցերի աղբյուրը, մենք օրհնվում ենք մտածելու և տրամաբանելու ունակությամբ և Տիրոջ ազդեցությունը ընդլայնում է մեր միտքը և խորացնում մեր հասկացողությունը։ Հարցեր տալիս և պատասխաններ փնտրելիս մեր ունեցած վերաբերմունքը և նպատակը մեծապես կազդեն Սուրբ Հոգու միջոցով սովորելու մեր ունակության վրա։

4․ Հետևյալ երեք սկզբունքները կարող են առաջնորդել մեզ, երբ ձգտում ենք սովորել և հասկանալ հավերժական ճշմարտությունը և պարզաբանել հարցերն ու խնդիրները։

  • Գործեք հավատքով:

  • Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության տեսանկյունից։

  • Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով։

Սկզբունք 1․ Գործեք հավատքով

5․ Մենք գործում ենք հավատքով, երբ ընտրում ենք վստահել Աստծուն և ամենից առաջ դառնալ դեպի Նա անկեղծ աղոթքի, Նրա ուսմունքներն ուսումնասիրելու և Նրա պատվիրաններին հնազանդվելու միջոցով։

6․ Մինչ մենք ձգտում ենք զարգացնել մեր հասկացողությունը և լուծել մտահոգությունները, կարևոր է, որ մենք ապավինենք այն վկայությանը, որն արդեն իսկ ունենք Հիսուս Քրիստոսի, Նրա ավետարանի Վերականգնման և Նրա կարգված մարգարեների ուսմունքների վերաբերյալ։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ուսուցանել է․ «Երբ այդ պահերը գան ու խնդիրներ ջրի երես ելնեն, որոնց լուծումն անմիջապես չի ստացվում, ամուր կառչեք արդեն ունեցած գիտելիքից և ամուր կանգնեք, մինչև լրացուցիչ գիտելիքներ կտրվեն» («Հավատում եմ, Տէր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 94)։ Տերն անձամբ հրավիրել է մեզ նայել Իրեն բոլոր մտորումներում. չկասկածել, չվախենալ (ՎևՈւ 6․36):

7․ Երբ մենք չենք կարողանում անմիջապես պատասխաններ գտնել մեր հարցերին, օգտակար է հիշել, որ չնայած Երկնային Հայրը հայտնել է այն ամենը, ինչն անհրաժեշտ է մեր փրկության համար, Նա դեռևս չի հայտնել ամբողջ ճշմարտությունը։ Մինչ մենք շարունակում ենք պատասխաններ փնտրել, մենք պետք է ապրենք հավատքով, վստահելով, որ մենք, ի վերջո, կստանանք մեր փնտրած պատասխանները (տես Առակաց 3․5–6, Եթեր 12․6)։ Եթե մենք հավատարիմ ենք մեր արդեն իսկ ստացած ճշմարտությանը և լույսին, մենք կստանանք ավելին։ Մեր հարցերի և աղոթքների պատասխանները հաճախ գալիս են «տող առ տող, ցուցում առ ցուցում» (2 Նեփի 28․30

Սկզբունք 2. Քննեք հասկացությունները և հարցերը հավերժական տեսանկյունից

8․ Վարդապետական հասկացությունները, հարցերը և հասարակական խնդիրները հավերժական տեսանկյունից քննելու համար մենք խորհում ենք դրանց մասին փրկության ծրագրի և Փրկիչի ուսմունքների համատեքստում։ Մենք փնտրում ենք Սուրբ Հոգու օգնությունը, որպեսզի տեսնենք իրերն այնպես, ինչպես Տերն է տեսնում (տես Ա Կորնթացիս 2․5, 9–11)։ Սա մեզ թույլ է տալիս վերանայել հարցը (այլ տեսանկյունից նայել հարցին) և քննել գաղափարները, հիմնվելով ճշմարտության Տիրոջ չափանիշի վրա, ոչ թե ընդունելով աշխարհի նախադրյալները կամ ենթադրությունները։ Մենք կարող ենք դա անել նմանատիպ հարցեր տալով․ «Ես ի՞նչ գիտեմ Երկնային Հոր, Նրա ծրագրի և Իր զավակների հետ Նրա հարաբերությունների մասին» և «Ավետարանի ո՞ր ուսմունքներն են վերաբերում կամ պարզաբանում այդ հասկացությունը կամ խնդիրը»։

9․ Նույնիսկ այն հարցերը, որոնք վերաբերում են պատմական իրադարձություններին, կարող են քննվել հավերժության տեսանկյունից։ Մինչ մենք լիովին վստահում ենք մեր Երկնային Հորը և Նրա փրկության ծրագրին, մենք կարողանում ենք ավելի պարզ տեսնել խնդիրները։ Դա կարող է օգնել նաև քննել պատմական հարցերը պատմական համապատասխան համատեքստում, խորհելով տվյալ ժամանակաշրջանի մշակույթի և վարքագծի կանոնների մասին, ոչ թե պարտադրելով ներկայիս հեռանկարներն ու դիրքորոշումները։

10․ Կարևոր է հիշել, որ պատմական մանրամասները չեն կրում արարողությունների, ուխտերի և վարդապետության փրկարար զորությունը։ Քիչ նշանակալից մանրուքներով շեղվելու արդյունքում Վերականգնման հրաշքն անտեսելը նման է հրաշալի նվերն անտեսելուն՝ նվերի տուփն ուսումնասիրելու վրա ժամանակ ծախսելու արդյունքում։

Սկզբունք 3․ Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

11․ Հոգևոր գիտելիք ձեռք բերելու ընթացքում Տերը սահմանել է աղբյուրներ, որոնց միջոցով Նա Իր զավակներին հայտնում է ճշմարտությունը և առաջնորդում է նրանց։ Այդ աղբյուրներն են՝ Քրիստոսի լույսը, Սուրբ Հոգին, սուրբ գրությունները, ծնողները և Եկեղեցու ղեկավարները։ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը՝ այսօր երկրի վրա Տիրոջ մարգարեները, ճշմարտության կենսական աղբյուր են հանդիսանում։ Տերն ընտրել և կարգել է այդ անհատներին՝ որպես Իր խոսնակներ։

12․ Մենք կարող ենք սովորել ճշմարտությունը նաև այլ վստահելի աղբյուրներից։ Այնուամենայնիվ, ճշմարտությունն անկեղծորեն փնտրողները պետք է զգուշանան տեղեկությունների ոչ հավաստի աղբյուրներից։ Մենք ապրում ենք ժամանակներում, երբ շատերը «չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար» (Եսայիա 5․20)։ Սատանան ստերի հայրն է և փորձում է աղավաղել ճշմարտությունը, համոզել մեզ հեռանալ Տիրոջից ու Նրա նշանակված ծառաներից։ Երբ մենք հետևում ենք Տիրոջ կողմից աստվածայնորեն նշանակած աղբյուրներին, մենք կարող ենք օրհնվել՝ տարբերելով ճիշտը սխալից։ Անհուսալի աղբյուրները զանազանելը և դրանցից խուսափելը կարող են պաշտպանել մեզ ապատեղեկատվությունից և նրանցից, ովքեր փորձում են ոչնչացնել հավատքը։

Ուրիշներին օգնելը պահանջում է հոգևոր գիտելիք

13․ Երբ ուրիշները գալիս են մեզ մոտ և հարցեր են տալիս կամ հետաքրքրվում Եկեղեցու վարդապետությամբ, գործելակերպով կամ պատմությամբ, ինչպե՞ս մենք կարող ենք լավագույնս աջակցել նրանց ճշմարտության իրենց որոնումներում։ Ստորև տրված են որոշ ուղիներ, որոնցով կարող ենք օգնել նրանց․

14․ Ուշադիր լսեք և աղոթեք․ Նախքան պատասխանելը ուշադիր լսեք՝ փորձելով պարզաբանել և հասկանալ տրվող հարցերի էությունը։ Ուշադիր եղեք, որ հասկանաք նրանց հարցերի բուն էությունը, զգացմունքները և համոզմունքները։

15․ Ուսուցանեք և վկայեք ավետարանի ճշմարտությունների մասին․ Կիսվեք սուրբ գրությունների և ժամանակակից մարգարեների ուսուցանած կիրառելի ուսմունքներով, և նրանով, թե ինչպես են դրանք փոխել ձեր կյանքը։ Օգնեք ձեր զրուցակցին քննել կամ վերափոխել հարցերը՝ համաձայն ավետարանի համատեքստի և փրկության ծրագրի։

16․ Հրավիրեք նրանց գործել հավատքով․ Հիշեք, որ Տերը պահանջում է մեզանից ինքնուրույն փնտրել հոգևոր գիտելիքներ։ Ուստի, մենք պետք է հրավիրենք ուրիշներին գործել հավատքով՝ աղոթքի, պատվիրաններին հնազանդվելու և Աստծո խոսքը ջանասիրաբար ուսումնասիրելու միջոցով, օգտագործելով աստվածայնորեն նշանակված աղբյուրները, հատկապես՝ Մորմոնի Գիրքը։ Կարող եք հրավիրել ուսանողներին հիշել իրենց ունեցած փորձառությունները, երբ նրանք զգացել են Սուրբ Հոգին և ամուր կառչել իրենց սովորած ճշմարտությունից, մինչև լրացուցիչ գիտելիք կստանան:

17․ Եղեք հետևողական․ Առաջարկեք փնտրել ճշմարտություններ, ապա հետևողական եղեք՝ կիսվելով ձեր սովորածով։ Դուք կարող եք նաև միասին փնտրել պատասխանները: Վստահություն արտահայտեք անձնական հայտնություն տալու Տիրոջ խոստման հանդեպ:

Առնչվող հղումներ․ Երեմիա 1․4–5, Ամովս 3․7, Մատթեոս 5․14–16, Մատթեոս 16․15–19, Հովհաննես 15․16, Հովհաննես 17․3, Եփեսացիս 2․19–20, Եփեսացիս 4․11–14, 2 Նեփի 2․27, Մոսիա 18․8–10, 3 Նեփի 18․15, 20–21, ՎևՈւ 1․37–38, ՎևՈւ 18․15–16, ՎևՈւ 21․4–6, ՎևՈւ 88․118

Առնչվող վարդապետական թեմաներ․ Աստվածագլուխ․ Սուրբ Հոգի, Հիսուս Քրիստոսի Քավությունը․ Հավատք առ Հիսուս Քրիստոսը, Մարգարեներ և հայտնություն, Պատվիրանները