Սեմինարիա
3 Նեփի 24․ Տիրոջ տասանորդի օրենքը


«3 Նեփի 24․ Տիրոջ տասանորդի օրենքը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 24», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 24

Տիրոջ տասանորդի օրենքը

Նկար
մարդը լրացնում է տասանորդի ձևաթուղթը

Ի՞նչ է խոստացել Տերը մեզ, եթե տասանորդ վճարենք։ Փրկիչը Մաղաքիայի խոսքերի օգնությամբ նեփիացիներին ուսուցանեց տասանորդի օրենքը և այդ պատվիրանով ապրելու օրհնությունները։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ տասանորդ վճարելու ցանկություն ունենալ։

Ուսուցանեք սուրբ գրությունները համոզմունքով և նպատակային կերպով։ Ավետարանի որոշ ճշմարտություններ հասկանալը և դրանք կյանքում կիրառելը գուցե դժվար թվա ուսանողներին։ Օգնեք նրանց տեսնել այդ ուսմունքների կարևորությունը։ Կիսվեք այդ սկզբունքների ճշմարտության մասին ձեր վկայությամբ և այն մասին, թե Տերն ինչ օրհնություններ է շնորհում նրանց, ովքեր հավատքով են գործում։

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կարդալ 3 Նեփի 24․8–10 հատվածները և մտածել, թե իրենք կամ ուրիշները Տիրոջ տասանորդի օրենքի հետ կապված ինչ փորձառություններ են ունեցել։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ձեր փորձառությունները

Հետևյալ սցենարները նախատեսված են օգնելու ուսանողներին մտածել Տիրոջ տասանորդի օրենքի առնչությամբ ունեցած փորձառությունների մասին։ Կարող եք դրանք հարմարեցնել, եթե այլ պատմություններն ավելի համապատասխան լինեն ձեր ուսանողների համար։

Որպես այլընտրանք կարող եք տասանորդի ձևաթուղթ կամ մետաղադրամներ ցուցադրել և հարցնել ուսանողներին, թե ինչպես են հասկանում տասանորդը, ինչ փորձառություն են ունեցել դրա հետ և ինչ հարցեր ունեն։

Կարդացեք հետևյալ սցենարները և ընտրեք նրանք, որոնք ամենաշատ են առնչվում ձեզ կամ ձեր տարածաշրջանի երիտասարդներին․

  • Կառլոսը գումար է խնայում հեռախոսի համար։ Նրան չի հաջողվում տասանորդ վճարել։

  • Սիտան միշտ վճարում էր տասանորդը, երբ երիտասարդ էր, բայց այժմ, երբ աշխատում և ավելի շատ գումար է վաստակում, տասանորդ վճարելը դժվարացել է։

  • Օնեկան իր վաստակած ամբողջ գումարը օգնում է իր ընտանիքին։ Նա մտածում է՝ արդյոք պետք է տասանորդ վճարել, երբ իր ընտանիքը գումարի կարիք ունի։

  • Էնջումը գումար չի վաստակում, և նրան հետաքրքիր է, թե ինչպես և արդյոք տասանորդի օրենքը կիրառելի է իր համար։

  • Ո՞ր իրավիճակներն են ամենաշատը համապատասխանում ձեզ։ Ինչո՞ւ։

Կարող եք գրատախտակին գրել ուսանողների պատասխանները հաջորդ հարցին։

  • Տասանորդի վերաբերյալ ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ կարող են ունենալ երիտասարդները։

Ուսանողները կարող են խորհել հետևյալ հարցերի շուրջ կամ պատասխանել դրանց իրենց օրագրում։ Քանի որ այս հարցերն անձնական բնույթ ունեն, ուսանողներին մի խնդրեք կիսվել իրենց պատասխաններով։

Մտածեք տասանորդի օրենքի հետ կապված ձեր սեփական փորձառությունների և այն հասկանալու մասին։ Դուք վճարո՞ւմ եք կամ պատրա՞ստ եք վճարել տասանորդ։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։ Ի՞նչ եք սովորել տասանորդի վերաբերյալ ունեցած ձեր փորձառություններից։ Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը, որը կօգնի ձեզ հնազանդվել այս օրենքին։

Տիրոջ տասանորդի օրենքը

Նեփիացիներին ուսուցանելիս Հիսուսը պատվիրեց նրանց գրել այն խոսքերը, որոնք Մաղաքիան գրի էր առել 400 տարի առաջ։ Մաղաքիան մարգարեացել էր Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան և ամբարիշտներին դատելու մեջ Փրկչի դերի մասին (տե՛ս 3 Նեփի 24․1–6

Կարդացեք 3 Նեփի 24․7 հատվածը և փնտրեք, թե ինչ խնդրի էին բախվել մարդիկ Մաղաքիայի ժամանակաշրջանում։

  • Նեփիացիներն ինչո՞վ էին նման Մաղաքիայի ժամանակաշրջանի մարդկանց։

  • Ի՞նչ խոստացավ Տերն այս մարդկանց, եթե նրանք ետ դառնային դեպի Նա։

Տերը Մաղաքիայի միջոցով ուսուցանեց մարդկանց տասանորդի մասին, որպեսզի խրախուսի նրանց ետ դառնալ դեպի Նա և պատրաստվել Իր գալստյանը։

Կարդացեք 3 Նեփի 24․8–12 հատվածները և նշեք, թե ինչ էր ուսուցանել Տերը տասանորդի օրենքի մասին։ Նկատի ունեցեք, որ «խժռող» բառը (հատված 11) կարող է վերաբերել վնասատուներին, երաշտին, ջրհեղեղին և նույնիսկ սատանային։

  • Այդ հատվածներում ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ:

    Շնորհակալություն հայտնեք ուսանողներին կիսվելու համար։ Կարող եք խնդրել նրանց բացատրել, թե ինչու է այն, ինչով կիսվում են, տպավորիչ իրենց համար։

  • Ինչո՞ւ կարող է տասանորդ չվճարելը համարվի Աստծուն կողոպտել։

    Կարող եք ցուցադրել հետևյալ անավարտ նախադասությունը։

  • Ինչպե՞ս կավարտեիք հետևյալ նախադասությունը․ «Եթե հնազանդվենք Տիրոջ տասանորդի օրենքին …»։

Ահա նախադասությունն ավարտելու մի տարբերակ․ Եթե հնազանդվենք Տիրոջ տասանորդի օրենքին, Նա մեզ վրա օրհնություններ կթափի։

Մաղաքիայի և նեփիացիների ժամանակներում Սրբերը հավանականորեն վճարում էին տասանորդ՝ տալով իրենց սննդի կամ ապրանքների տասներորդ մասը։ Այսօր «Եկեղեցու անդամներն իրենց եկամտի մեկ տասներորդ մասն են տալիս Տիրոջը Նրա Եկեղեցու միջոցով։ Այդ գումարներն օգտագործվում են Եկեղեցին կառուցելու և Տիրոջ գործն ամբողջ աշխարհում շարունակելու համար» (Ավետարանական թեմաներ, «Տասանորդ», topics.ChurchofJesusChrist.org)։ Եթե մարդը եկամուտ չունի, պարտավոր չէ տասանորդ վճարել, թեև պետք է պատրաստ լինի վճարել ապագայում։

Տերը հզոր ու վառ արտահայտություններ էր օգտագործում տասանորդի մասին խոսելիս․ «ստուգեք [կամ փորձեք] ինձ …, թե արդյոք ձեր համար չե՞մ բացի երկնքի պատուհանները, և դուրս չե՞մ թափի ձեզ համար օրհնություն, այնպես որ բավականաչափ տեղ չլինի՝ ընդունելու այն» (3 Նեփի 24․10

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ էր շեշտում Տերը Իր օգտագործած բառերով ու արտահայտություններով։ Ի՞նչ եք սովորում Նրա մասին։

Կարող եք գրատախտակին մի մեծ պատուհան նկարել և առաջարկել ուսանողներին մեջը գրել տասանորդի օրենքին հնազանդվելու արդյունքում եկող օրհնությունները։ Ուսանողները կարող են իրենց օրագրում արտանկարել պատուհանը և թվարկված օրհնությունները։ Հետևյալը կարող է օգնել ուսանողներին մտածել կամ գտնել գաղափարներ․

Եթե օրհնությունները բացահայտելիս ուսանողներն օգնության կարիք ունենան, կարող են օգնել այս դասի «Բացատրական և պատմական տեղեկություններ» կամ «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժինները։

Մի քանի ուսանողի առաջարկեք գրատախտակին շրջանի մեջ վերցնել այն օրհնությունը, որը կարևոր է իրենց համար, կամ որը կցանկանային ունենալ իրենց կյանքում։ Առաջարկեք նրանց կիսվել, թե ինչու։

  • Այդ օրհնություններն ինչպե՞ս են ազդում տասանորդ վճարելու ձեր ցանկության վրա։

  • Ըստ ձեզ՝ Տերն ինչո՞ւ է պատվիրում Իր մարդկանց տասանորդ վճարել։

  • Տասանորդի օրենքին ենթարկվելն ինչպե՞ս է օգնում մեզ «ետ դառնալ» (3 Նեփի 24․7) կամ ավելի մոտենալ Տիրոջը։

Անձնական կիրառություն

Մտածեք, թե ինչ սովորեցիք և զգացիք այսօր, երբ կարդում էիք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը․

Տասանորդի ազնիվ վճարումը շատ ավելին է, քան պարտականություն. այն կարևոր քայլ է անձնական սրբագործման գործընթացում: Ես գովաբանում եմ նրանց, ովքեր վճարում են իրենց տասանորդը:

Նրանց, ովքեր այժմ չեն հնազանդվում տասանորդի օրենքին. ես հրավիրում եմ ձեզ խորհել ձեր ճանապարհների մասին և ապաշխարել: Ես վկայում եմ, որ Տիրոջ այս օրենքի հանդեպ ձեր հնազանդության շնորհիվ երկնքի պատուհանները կբացվեն ձեզ համար: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Երկնքի պատուհանները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013 թ․, 20)։

Ուսանողներին հիշեցրեք դասի սկզբի և այն հարցերի մասին, որոնք երիտասարդները կունենան տասանորդի մասին։ Ուսանողներին հարցրեք, թե արդյոք իրենց սովորածն օգնում է պատասխանել նշված հարցերին։ Կամ կարող եք ուսանողներին առաջարկել գրի առնել, թե ինչ զգացողություն ունեն տասանորդի վերաբերյալ։

Ձեր օրագրում գրեք, թե ինչ եք զգում տասանորդի վերաբերյալ։ Եթե զգում եք, որ տասանորդ վճարելը դժվար է կամ դժվար կլինի ձեզ համար, գրեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի հրավիրեք Տիրոջը պատասխանելու ձեր հարցերին և փարատելու ձեր մտահոգությունները։