Սեմինարիա
2 Նեփի 28.1–26. Սատանայի մարտավարության ընկալումը և հաղթահարումը


«2 Նեփի 28.1–26. Սատանայի մարտավարության ընկալումը և հաղթահարումը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 28.1–26» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 28.1–26

Սատանայի մարտավարության ընկալումը և հաղթահարումը

Նկար
երիտասարդն ընթերցում է սուրբ գրություններ

Արդյո՞ք վստահ եք, որ կարող եք ճանաչել սատանայի՝ Փրկչից ձեզ հեռացնելու ջանքերը: Նեփին բացահայտել է այդ կեղծ գաղափարներից ու ռազմավարություններից մի քանիսը, որոնցով սատանան փորձելու է վերջին օրերում հեռացնել մարդկանց Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ ճանաչել սատանայի խորամանկ մարտավարությունը և փնտրել Փրկչի օգնությունը՝ այն հաղթահարելու համար:

Խրախուսել ուսանողներին՝ հույսը դնել Հիսուս Քրիստոսի վրա: Սուրբ գրություններով և մարգարեների խոսքով օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսն ունի նրանց օգնելու զորություն: Նրանք կարող են Նրա հանդեպ ունեցած հավատքով հաղթահարել գայթակղությունները, ապաշխարել և դիմակայել փորձություններին:

Ուսանողի նախապատրաստում. կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Շարունակ արթուն լինեք աղոթքում» ելույթի «Հեպարդներ և այծքաղներ» հատվածը (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019թ., 32): Կամ կարող եք ուսանողներին առաջարկել դիտել «Հոգևոր կոկորդիլոսներ» տեսանյութը (8:19) կամ «Շարունակ արթուն լինեք աղոթքում» տեսանյութի 1:27-5:00 հատվածը և մտածել, թե գիշատիչ կենդանիներին հասկանալն ինչպես կարող է կարևոր ճշմարտություններ ուսուցանել սատանայի մարտավարության մասին: Երկու տեսանյութն էլ հասանելի են այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սատանայի նպատակները

Կարող եք այս դասը սկսել հետևյալ խոսքերը ներկայացնելով.

Մենք մշտական պայքար ենք մղում չարի դեմ: Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն (1899–1994) ուսուցանել է, թե Մորմոնի Գիրքն ինչպես կարող է օգնել մեզ այս պայքարում.

Մորմոնի Գիրքը մերկացնում է Քրիստոսի թշնամիներին: Այն կործանում է կեղծ վարդապետությունները և տապալում հակառակությունները (տես 2 Նեփի 312) Այն Քրիստոսի խոնարհ հետևորդներին ամրացնում է մեր օրերում դևի չար ծրագրերի, ռազմավարությունների և վարդապետությունների դեմ պայքարում (Էզրա Թավտ Բենսոն, «Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է», Ensign, հունվար, 1988թ., 3)

  • Ըստ ձեզ՝ Մորմոնի Գիրքն ինչպես է իրականացնում նախագահ Բենսոնի ուսուցանած կետերից մի քանիսը:

Ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ ճանաչել ու հաղթահարել սատանայի խորամանակ մարտավարությունը:

Սատանայի կեղծ ուսմունքները և ռազմավարությունները

Կախված ուսանողների կարիքներից և ունակություններից՝ օգտակար կլինի 2 Նեփի 28 գլուխն ամբողջությամբ ինքնուրույն կարդալու համար նրանց ժամանակ հատկացնել՝ նախքան այն դասարանով քննարկելը: Ուսումնասիրության ընթացքում ուսանողները կարող են կազմել հետևյալի ցանկը. սատանայի ռազմավարությունները և կեղծ ուսմունքները, այդ ռազմավարությունների և կեղծ ուսմունքների օրինակները մեր օրերում, և ուսմունքներ, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարել սատանայի ջանքերը: Այնուհետև, ուսանողները կարող են կիսվել, թե ինչ սովորեցին իրենց կարդացածից: Այս տարբերակն ընտրելու դեպքում դասի՝ ստորև ներկայացվող նյութը կարող եք հարմարեցնել այնպես, որ օգնեք ուսանողներին մշակել ու կիրառել իրենց սովորածը:

2 Նեփի 28 գլխում Նեփին շարունակեց վերջին օրերի մասին իր մարգարեությունը: Կարդացեք 2 Նեփի 28.5–9 հատվածները և գտեք ուսմունքներից ու մոտեցումներից մի քանիսը, որոնք, ըստ Նեփիի, գոյություն էին ունենալու մեր օրերում:

  • Այդ ուսմունքների ու մոտեցումների ի՞նչ ապացույց եք տեսնում մեր օրերում:

  • Այդ հատվածներում ներկայացված աղավաղված ուսմունքները և դրանց հավատացողների մոտեցումները ինչո՞ւ են հոգևորապես վտանգավոր:

Այս հատվածները ներկայացնում են սատանայի խորամանկությունների արդյունք հանդիսացող մոտեցումներն ու համոզմունքները: Նեփին շարունակեց իր ուսմունքները՝ բացահայտելով այն հատուկ ռազմավարությունները, որոնց օգնությամբ ստանան փորձելու էր ճանկել մեզ իր զորությամբ:

Կարող եք գրատախտակին գրել հետևյալ անավարտ նախադասությունը. Սատանան ձգտում է ճանկել մեզ իր հավերժական շղթաներով՝ …

Կարդացեք 2 Նեփի 28.19–22 հատվածները և գտեք այն ուսմունքները, որոնք կարող են օգնել ձեզ ավարտել այս նախադասությունը.

  • Հիմնվելով այս հատվածներից ձեր սովորածի վրա՝ ինչպե՞ս կարող եք ավարտել նախադասությունը տարբեր ձևերով. Սատանան ձգտում է ճանկել մեզ իր հավերժական շղթաներով՝ …:

Կարող եք ուսանողներին առաջարկել գրատախտակին գրել արտահայտություններ, որոնցով կարելի է ավարտել Սատանան ձգտում է ճանկել մեզ իր հավերժական շղթաներով՝ … նախադասությունը: Ստորև ներկայացված են որոշ ուսմունքներ, որոնք ուսանողները գուցե գտած լինեն.

  • դրդել մարդկանց մինչև իսկ բարկության ընդդեմ նրա, ինչը բարի է,

  • խաղաղեցնել և հանդարտեցնել մարդկանց՝ տանելով դեպի մարմնական ապահովություն,

  • ասել մարդկանց, որ դժոխք կամ դև չկա

Օգտակար կլինի իմանալ, որ «հանդարտեցնել՝ տանելով դեպի մարմնական ապահովություն» (հատված 21) արտահայտությունը վերաբերում է սատանայի այն ջանքերին, որոնցով նա փորձում է ստիպել մարդկանց հարմարավետ զգալ իրենց մեղսավոր վիճակում, և մտածել, որ փոխվելու կարիք չկա:

Կարող եք ուսանողներին առաջարկել շարունակել մտածել այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ սատանան փորձում է օգտագործել այս ռազմավարություններից յուրաքանչյուրն այսօր: Կարող եք կիսվել ստորև ներկայացվող պատմություններով և ուսանողներին խնդրել բացահայտել, թե 20–22 հատվածներից սատանայի ո՞ր մարտավարությունն է ներկայացված յուրաքանչյուր պատմության մեջ:

  1. Մարիան որոշեց խաբել իր դպրոցի հանձնարարությունը կատարելիս, որպեսզի բարձր գնահատական ստանա: Սկզբում նա մեղավորություն զգաց, բայց հասկացավ, որ երբեք չի բռնվի և շարունակեց խաբել նաև մյուս հանձնարարությունները կատարելիս: Այժմ նա կարծում է, որ անազնիվ գործելը կարող է օգնել նրան կյանքում ստանալ այն, ինչ ուզում է:

  2. Սոցիալական ցանցերում Հիսուս Քրիստոսի կամ Եկեղեցու մասին գրառումներ կարդալիս Ջուդը նկատել է, որ հաճախ շատ բացասական մեկնաբանություններ կան, որոնք գրոհում են Եկեղեցու կամ այն մարդկանց վրա, որոնք հավատում են Փրկչին:

  3. Սքայը մի քանի ընկեր ունի, որոնք փորձում են համոզել իրեն իջեցնել իր չափանիշները: Նրանք պնդում են, որ քանի որ մահից հետո կյանք չկա, անմտություն է անհանգստանալ այն մասին, թե կա մի վայր, ուր մարդիկ գնում են՝ իրենց այսպես կոչված մեղքերի համար հաշիվ տալու:

  • Ի՞նչ այլ օրինակներ կարող եք բերել, որոնք կարծում եք, որ ներկայացնում են 20–22 հատվածներում թվարկված սատանայի ռազմավարությունները:

Մտածեք ձեր սեփական կյանքի մասին: Արդյո՞ք զգում եք, որ սատանայի որևէ ռազմավարություն, որի մասին սովորեցիք, ազդում է ձեզ վրա: Կարող եք ձեր մտքերը գրի առնել ձեր օրագրում: Շարունակելով ձեր ուսումնասիրությունը՝ փնտրեք, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպես կարող են օգնել ձեզ հաղթահարել սատանայի խորամանկությունները ձեր կյանքում:

Դիմել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ սատանային հաղթահարելու համար

Մենք կարող ենք հաղթահարել սատանային և նրա խորամանկությունները, քանի որ մեր հույսը դնում ենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա: Ձեր օրագրում գրեք հետևյալ վերնագիրը. «Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպես են օգնում ինձ հաղթահարել սատանային»:

Կարող եք այս արտահայտությունը գրել գրատախտակին: Երբ ուսանողներն ավարտեն ստորև ներկայացվող վարժությունը, գրատախտակին կարող են գրել իրենց գտած սուրբ գրություններից մեկի կամ մի քանիսի հղումները: Դասարանով կարող եք կարդալ սուրբ գրությունների այս հատվածներից մի քանիսը և ուսանողներին առաջարկել թարմացնել իրենց ցուցակներն ըստ իրենց դասընկերներից սովորածի:

Գտեք սուրբ գրությունների հատվածներ կամ Եկեղեցու առաջնորդների ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ սատանային հաղթահարելու ձեր ջանքերում: Ձեր գաղափարները գրանցեք ձեր օրագրում:

Կարող եք ուսումնասիրել սուրբ գրությունների հղումները, որոնք բերված են Սուրբ գրքերի ուղեցույցում «Գայթակղել, գայթակղություն» բառերի կամ Թեմատիկ ուղեցույցում՝ «Գայթակղություն» բառի ներքո: Կարող եք ուսումնասիրել նաև Նեփիի ուսմունքները 2 Նեփի 28.17, 26–32 հատվածներում: Սուրբ գրությունների այլ օգտակար հատվածներ են ներառում 1 Նեփի 15.24, Հելաման 5.12 և 3 Նեփի 18.15, 18-ը:

  • Եկեղեցու առաջնորդների և սուրբ գրություններից ձեր գտած հատվածների ուսմունքներն ինչպես կարող են օգնել ձեզ հաղթահարել այս դասի սկզբում բացահայտած սատանայի ռազմավարությունները:

Այսօր ուսումնասիրելիս մտածեք ձեր փորձառությունների շուրջ: Կազմեք ծրագիր այն մասին, թե ըստ ձեզ, Տերն ինչ է ցանկանում, որ անեք, որպեսզի ավելի լավ պաշտպանեք ձեզ սատանայի մարտավարություններից: Այդ ծրագիրը գրանցեք ձեր օրագրում: Այդ ծրագրին անդրադառնալու հնարավորություն կունենաք «Գնահատեք ձեր գիտելիքները» առաջիկա դասի ընթացքում: