Սեմինարիա
2 Նեփի 29. Ավելին ստանալ Աստծո խոսքերից


«2 Նեփի 29. Ավելին ստանալ Աստծո խոսքերից», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 29», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 29

Ավելին ստանալ Աստծո խոսքերից

Նկար
պատանիներն ընթերցում են սուրբ գրությունները

Շատ մարդիկ հավատում են, որ Աստվածաշունչն Աստծո խոսքն է: Սակայն ոչ բոլորն են պատրաստ ավելին ստանալ Աստծո խոսքերից, քան արդեն ստացել են: Նեփին մարգարեացել էր, որ վերջին օրերում շատ մարդիկ են մերժելու Մորմոնի Գիրքը, քանի որ արդեն ունեն Աստվածաշունչը: Տերը ցանկանում է, որ իմանանք, որ Նրա ավետարանը բոլոր մարդկանց համար է, և որ Նրա խոսքը Աստվածաշնչով չի սահմանափակվում: Այս դասը նպատակ ունի օգնել ձեզ՝ ավելի պատրաստակամ լինել՝ ստանալու Աստծո խոսքը ձեր կյանքում:

Սովորեք և՛ Աստվածաշնչից, և՛ Մորմոնի Գրքից Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը հոգևոր ուղեկիցներ են և լրացնում են մեկը մյուսին՝ Հիսուս Քրիստոսի վարդապետությունն ուսուցանելիս: Բացի այդ՝ Մորմոնի Գիրքը վերականգնում է պարզ ու արժեքավոր ճշմարտությունները, որոնք կորսվել էին Աստվածաշնչից: Ուսանողներին օգնեք հասկանալ, որ երբ ուսումնասիրում ենք Մորմոնի Գիրքը, այն կարող է հստակեցնել Աստվածաշնչի վարդապետության մասին մեր հասկացողությունը:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ են անում, որպեսզի բաց լինեն Աստծո կողմից տրվող ուղերձների հանդեպ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Պատրաստ լինել՝ ստանալու ավելի մեծ հասկացողություն

Պատկերացրեք, որ Օլիվերը 15 տարեկանում որոշել է, որ տվյալ պահին իրեն հասանելի բոլոր տեղեկություններն ու տեխնոլոգիաները այն ամենն են, ինչի կարիքը ինքը երբևէ ունենալու է:

Անհրաժեշտության դեպքում կարող եք ստորև ներկայացվող հարցի տարեթիվը հարմարեցնել ձեր ուսանողներին:

  • Ի՞նչ բաց կթողներ Օլիվերը, եթե դա որոշեր 1950 թվականին: Այդ ժամանակից ի վեր ի՞նչ տեղեկություններ կամ տեխնոլոգիաներ են հասանելի դարձել:

  • Այդ իրավիճակն ի՞նչ առնչություն կարող է ունենալ հոգևոր ճշմարտություններ սովորելու հետ:

Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ օրհնություններ են գալիս, երբ պատրաստ ես կամ նույնիսկ մեծ ցանկություն ունես սովորելու Աստծուց:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ստորև ներկայացվող հայտարարությունը կարդալու ընթացքում մտածեք, թե դրանք ինչ կարող են նշանակել ձեզ համար:

Օ՜, այնքան շատ բաներ կան, որ Երկնային Հայրը կամենում է, որ իմանաք: Ինչպես երեց Նիլ Ա. Մաքսվելն է ուսուցանել. «Նրանց, ովքեր աչքեր ունեն տեսնելու և ականջներ՝ լսելու, պարզ է, որ Հայրը և Որդին տալիս են տիեզերքի գաղտնիքները» [«Խոնարհ ու հնազանդ» (Բրիգամ Յանգ համալսարանի հոգևոր երեկո, 21-ը հոկտեմբերի, 1986թ.), 9 speeches.byu.edu]: (Ռասսել Մ. Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018թ., 95):

Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել Աստծո խոսքն իրենց կյանքում ընդունելու իրենց կարողությունը, կարող եք նրանց բաժանել ստորև ներկայացվող թերթիկները և առաջարկել ուսանողներին անհատապես կատարել վարժությունը:

Հոգևոր ճշմարտություններն Աստծուց սովորելու իմ ցանկությունը

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ. 2 Նեփի 29. Ավելին ստանալ Աստծո խոսքերից

Մի պահ մտածեք Աստծուց հոգևոր ճշմարտություններ ստանալու ձեր մոտեցման մասին: Փորձեք տեսնել, թե ինչն եք ավելի լավ անում, և որտեղ ունեք կատարելագործվելու անհրաժեշտություն:

  • Հազվադեպ. 1

  • Երբեմն. 2

  • Հաճախ. 3

  • Միշտ. 4

Ես գնահատում և ուսումնասիրում եմ ինչպես Աստվածաշունչը, այնպես էլ Մորմոնի Գիրքը:

Ես իմ հարցերի պատասխանները փնտրում եմ սուրբ գրություններն ուսումնասիրելով:

Ես ձգտում եմ Աստծուց սովորել և Նրա մասին իմանալ սուրբ գրությունների միջոցով:

Ես ձգտում և հետևում եմ Սուրբ Հոգուց եկող անձնական հայտնությանը:

Ես ուսումնասիրում եմ գերագույն համաժողովի ելույթները, որպեսզի սովորեմ, թե Աստված ինչ է ցանկանում, որ մենք իմանանք:

Այսօր ուսումնասիրելու ընթացքում մտածեք, թե ինչ կարող եք անել՝ սովորելու այն ամենը, ինչ Աստված ցանկանում է ուսուցանել ձեզ:

Աստծո խոսքը ստանալու տարբեր մոտեցումներ

2 Նեփի 28–29 գլուխներում Նեփին մարգարեացել է վերջին օրերում որոշ մարդկանց կողմից Աստծո խոսքն ավելի շատ ստանալու մոտեցումների մասին: Կարդացեք 2 Նեփի 28.29 և 2 Նեփի 29.3 հատվածները և փնտրեք, թե Նեփին և Տերն ինչ էին ուսուցանում այն մասին, թե որոշ մարդիկ ինչպես են արձագանքելու վերջին օրերում լրացուցիչ սուրբ գրություններ ստանալուն:

  • Ի՞նչ գտաք:

  • Ի՞նչ պատճառներով մարդիկ կարող էին ունենալ այս տեսակետը:

Կարող եք ցուցադրել հետևյալը՝ որպես առարկայական դաս: Քննարկեք, թե ինչ չի կարող անել շրջված բաժակը և օգնեք ուսանողներին այն համեմատել մարդկանց հետ, որոնք մերժում են Մորմոնի Գիրքը:

Վերցրեք մի դատարկ բաժակ և մտածեք, թե այն ինչի համար կարող է օգտագործվել: Այժմ շրջեք բաժակը: Արդյո՞ք այն կարող է օգտագործվել այն նույն նպատակով, ինչի համար նախատեսված էր: Սա համեմատեք Մորմոնի Գրքի և մարդու կյանքի վրա դրա հավանական ազդեցության հետ:

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ գիտելիք և օրհնություններ է Աստված ցանկանում, որ մենք ստանանք Մորմոնի Գրքի միջոցով:

Վերոնշյալ առարկայական դասի ժամանակ բաժակը դրեք ճիշտ դիրքով, ինչը կխորհրդանշի, որ այն պատրաստ է ստանալ այդ ամենը: Կարող եք յուրաքանչյուր ուսանողի փոքր թերթիկներ տալ: Յուրաքանչյուր ուսանողի առաջարկեք գրել առնվազն մեկ բան, որն Աստված ցանկանում է, որ մենք իմանանք կամ ստանանք Մորմոնի Գրքի միջոցով: Ուսանողները կարող են բաժակը լցնել իրենց պատասխաններով: Կարող եք դրանք բարձրաձայն կարդալ, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպիսի մեծ օրհնություններ են հասանելի նրանց, ովքեր պատրաստ են ստանալ Աստծո խոսքը:

Կարդացեք 2 Նեփի 29.7–11 հատվածները և փնտրեք, թե Հիսուս Քրիստոսն ինչ է ցանկանում, որ իմանան Մորմոնի Գիրքը մերժող մարդիկ:

Որոշ ուսանողներ կարող են ավելին բացահայտել, եթե փոքր խմբում կարդան ուրիշների հետ միասին: Կարող եք ուսանողներին բաժանել խմբերի և հանձնարարել, որ կարդան 7–11-րդ հատվածները, եթե դա ավելի լավ կհամապատասխանի նրանց կարիքներին:

  • Հիսուս Քրիստոսի մասին ի՞նչ ճշմարտություն սովորեցիք այս հատվածներից:

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել տարբեր ճշմարտություններով և նրանց առաջարկեք բացատրել, թե այդ ճշմարտություններն ինչ ազդեցություն կարող են ունենալ:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել, հետևյալն է. Աստված հիշում է բոլոր մարդկանց և նրանց հետ խոսում է բոլոր ազգերի մեջ:

  • Ի՞նչ տարբեր եղանակներով է Աստված խոսում բոլոր ազգերի Իր զավակների հետ:

  • Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ հասկանալ, որ Աստված հիշում է ձեզ և խոսում է ձեզ հետ:

Դիտեք «Մորմոնի Գրքի պատմություն» տեսանյութը (5:15), որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org, որպեսզի տեսնեք, թե ինչպես մի մարդ օրհնվեց, քանի որ բաց էր Աստծո խոսքն ընդունելու համար:

Կարող եք դասն ավարտել՝ առաջարկելով ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են ավելի բաց լինել Աստծո խոսքն ընդունելու համար: Դրա համար կարող եք ուսանողներին առաջարկել իրենց օրագրում կատարել հետևյալ քայլերը: Երբ ուսանողներին բավարար ժամանակ տրվի քայլերը կատարելու համար, վկայեք ձեր քննարկած ճշմարտությունների մասին:

  1. Թվարկեք բոլոր այն ուղիները, որոնցով Աստված Իր խոսքը հասանելի է դարձրել ձեզ:

  2. Մտածեք, թե որքանով եք պատրաստ ստանալու Աստծո խոսքը այս ուղիներից յուրաքանչյուրի միջոցով: (կարող եք մի պարզ բաժակ նկարել յուրաքանչյուր ձևի կողքին, որով դուք առավել ընկալունակ եք զգում Տիրոջը լսելու համար):

  3. Գրի առեք մեկ կամ մի քանի փոփոխություններ, որոնք կարող եք կատարել, որպեսզի ավելի պատրաստ լինեք ընդունելու Աստծո խոսքը այս ձևերից ևս մի քանիսով: