Սեմինարիա
2 Նեփի 28.27–32. «Նրան, ով ընդունում է, [Աստված] կտա ավելին»


«2 Նեփի 28.27–32. «Նրան, ով ընդունում է, [Աստված] կտա ավելին», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 28.27–32», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 28.27–32

«Նրան, ով ընդունում է, [Աստված] կտա ավելին»

Նկար
երիտասարդներն աղոթում են

Ունե՞ք անպատասխան հոգևոր հարցեր, կամ երբեմն ցանկանո՞ւմ եք, որ ձեր վկայությունն ավելի արագ զարգանա: Նեփին բացատրել է, որ Երկնային Հորից գիտելիքը գալիս է քիչ-քիչ, երբ շարունակում ենք ստանալ այն, ինչ Նա մեզ ուսուցանում է: Այս դասը կօգնի ձեզ ավելի խորը հասկանալ, թե Երկնային Հայրն ինչպես է հայտնում մեզ ճշմարտությունը:

Ուսուցանեք ուսանողներին համադրել սուրբ գրությունները: Համադրել սուրբ գրությունները նշանակում է համեմատել դրանք սեփական կյանքի հետ: Խրախուսեք ուսանողներին անել հետևյալ հարցադրումները․ «Իմ կյանքի ո՞ր հանգամանքներն ու իրավիճակներն են նման սուրբ գրությունների այս հատվածում նկարագրված հանգամանքներին և իրավիճակներին» կամ «Ինչո՞վ եմ ես նման այն կերպարներին, որոնց ուսումնասիրում ենք սուրբ գրություններում»:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ 2 Նեփի 28.30 հատվածը և պատրաստվել կիսվել դասարանի հետ օրինակով, թե ինչպես է Աստված քիչ-քիչ ուսուցանում մեզ Իր ավետարանը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Աստված ուսուցանում է մեզ քայլ առ քայլ

Աստիճանների մասին ստորև ներկայացվող համանմանությունն օգտագործելու փոխարեն կարող եք դասը սկսել՝ որևէ ուսանողի առաջարկելով ուտել որևէ համեղ ուտելիք, որը չափազանց մեծ է՝ բերանում ամբողջությամբ տեղավորվելու համար: Երբ ուսանողը մի կտոր կծի, հարցրեք նրան, թե ինչու սկսեց մի կտոր կծելով, այլ ոչ թե միագամից կերավ: Ապա ուսանողներին առաջարկեք կարդալ 2 Նեփի 28.26–30 հատվածները և գտնել, թե այս առարկայական դասն ինչպես կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ մեր հոգևոր գիտելիքն ավելացնելու գործընթացը:

Նկար
բարձրացող աստիճաններ

Պատկերացրեք, որ նայում եք երկար բարձրացող աստիճանների, որոնք ներկայացնում են ձեր հոգևոր գիտելիքն ու հասկացողությունը:

  • Եթե աստիճանների ամենավերևում Աստծո գիտելիքն է, ըստ ձեզ, ներկայումս ո՞ր մակարդակում է ձեր գիտելիքը:

  • Աստված ի՞նչ ձևերով է օգնում մեզ ժամանակի ընթացքում ավելացնել մեր հոգևոր գիտելիքն ու հասկացողությունը:

  • Ի՞նչ կարող է պատահել մեկի հետ, որը չի կատարում հաջորդ քայլը, քանի որ իր ունեցած գիտելիքով վստահ չի զգում:

2 Նեփի 28 գլխում Նեփին շարունակել է վերջին օրերի մասին իր մարգարեությունը: Նա նկարագրել է որոշ մոտեցումներ, որոնք գերակայող էին լինելու մեր օրերում և ներկայացրել է մի ձև, որով Տերն օգնում է մեզ ստանալ ու հասկանալ ճշմարտությունը:

Կարդացեք 2 Նեփի 28.26–30 հատվածները և խորհեք այն բանի շուրջ, թե աստիճանների համանմանությունն ինչպես է օգնում ձեզ հասկանալ Տիրոջ մասին Նեփիի ուսուցանած ճշմարտությունները: Օգտակար կլինի իմանալ, որ ցուցումները պատվիրաններ և սկզբունքներ են, որոնք մեզ ուսուցանում են գործելու եղանակների մասին:

2 Նեփի 28.30 հատվածը վարդապետության սերտման հատված է: Կարող եք առանձնահատուկ ձևով նշել վարդապետության սերտման հատվածները, որպեսզի հեշտությամբ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք կիրառելու այս հատվածում ուսուցանված վարդապետությունը որևէ հարցի կամ իրավիճակի համար:

  • Այս հատվածը ի՞նչ է օգնում ձեզ հասկանալ Տիրոջ մասին: Այդ հասկացողությունն ինչպե՞ս կարող է օրհնել ձեր կյանքը:

  • Ըստ ձեզ՝ որոշ մարդիկ ինչո՞ւ են մերժում Աստծո խոսքից ավելին իմանալու հնարավորությունը:

Կարդացեք հատված 30-ը և մտածեք, թե ձեր բառերով ինչպես կամփոփեիք այն, ինչ ուսուցանում է հատվածը: Կարող եք ձեր ամփոփ խոսքը գրանցել ձեր սուրբ գրությունների այդ հատվածների կողքին:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց ամփոփ ներկայացմամբ:

Օրինակ մեր հոգևոր առաջընթացի համար

Այս հատվածում ներկայացված ճշմարտություններից մեկն այն է, որ Աստված ճշմարտությունը տող առ տող հայտնում է նրանց, ովքեր պետք է ստանան այն:

  • Ինչո՞վ է օրհնություն հանդիսանում այն, որ Աստված մեզ ուսուցանում է քիչ-քիչ, այլ ոչ թե ամեն ինչ միանգամից:

  • Ինչպե՞ս կարող է քիչ-քիչ սովորելու գործընթացն օգնել մեզ ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Քրիստոսանման ի՞նչ հատկանիշներ կարող ենք զարգացնել այս գործընթացի օգնությամբ:

Լույսի նմուշներ

Կարող եք դիտել «Լույսի նմուշներ. Հայտնության Հոգին» տեսանյութը (3:04), որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org: Փնտրեք այն եղանակները, որոնցով Աստված Իր կամքն է հայտնում Իր զավակներին:

  • Ի՞նչ սովորեցիք երեց Բեդնարից, որը կարող է օգտակար լինել ձեր կյանքում:

  • Ըստ ձեզ՝ երեց Բեդնարի նկարագրած ո՞ր օրինակներն են լավագույնս համապատասխանում հատված 30-ում Նեփիի ուսուցանածին:

Ուսուցման ստորև ներկայացվող առաջարկն օգտագործելու փոխարեն կարող եք օգտագործել սուրբ գրության ուսումնասիրման «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում ներկայացված վարժությունը:

Կարդացեք սուրբ գրությունների հատվածներից առնվազն երկուսը և մտածեք, թե դրանք ինչ են ավելացնում 2 Նեփի 28.30 հատվածի ձեր ընկալմանը: Կարող եք ձեր սուրբ գրություններում այդ հատվածները կապել միմյանց հետ կամ խաչաձև հղում կատարել 2 Նեփի 28.30 հատվածին:

  • Ի՞նչ սովորեցիք այս հատվածներից, որոնք օգնում են ձեզ ավելի լավ հասկանալ 2 Նեփի 28.30 հատվածը:

  • Ի՞նչ օրինակներ կան, թե 2 Նեփի 28.30 հատվածում ուսուցանվող ճշմարտություններն ինչպե՞ս են օգնել մարդկանց:

  • Ձեր կյանքում ե՞րբ եք տեսել, որ Աստված քիչ-քիչ ուսուցանում է ձեզ կամ ձեր շրջապատի մարդկանց:

Մտածեք, թե ավետարանի ձեր հասկացողությունը և վկայությունը ժամանակի ընթացքում ինչպես են քիչ-քիչ ավելացել: Գրեք ձեր օրագրում, թե ըստ ձեզ, Երկնային Հայրն ինչ կցանկանար, որ հիշեիք և անեիք այսօրվա սովորածի արդյունքում:

Մի քանի ցանկացողի կարող եք առաջարկել մասամբ կիսվել իրենց գրածով: