2023
Եկեղեցու ղեկավարները սպասավորում են շատ ազգերի
Մայիս 2023


Առաքյալների համաշխարհային ծառայությունը շարունակվում է

2022 թվականի հոկտեմբերին երեց Դեյվիդ Ա. Բեդնարն այցելեց Շվեյցարիա, Ավստրիա, Ալբանիա և Հունգարիա: Շվեյցարիայում նա հանդիպեց ՄԱԿ-ի բարձրաստիճան դիվանագետների և համաշխարհային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք համագործակցում են Եկեղեցու հետ մարդասիրական ծրագրերում: Այլ երկրներում նա հանդիպեց անդամների հետ, որոնցից շատերը հավատքի ռահվիրաներ էին այդ երկրներում:

«Մենք շփվում ենք Սրբերի հետ, որոնք ստեղծում են Եկեղեցու հիմքը, որը գոյատևելու է սերունդների համար», - ասաց նա:

2022 թվականի նոյեմբերի 10-ին Սան Պաուլոյի տաճարի այցելուների կենտրոնից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը մասնակցեց ֆեյսբուքյան կենդանի հեռարձակմանը, կիսվելով իր վկայությամբ Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին:

«Միշտ հիշեք, որ Քրիստոսը թագավորների Թագավորն է: Նա տերերի Տերն է և Խաղաղության Իշխանը», - վկայեց Երեց Ռասբանդը:

Նաև նոյեմբերին Երեց Գարի Է. Սթիվենսոնը ելույթ ունեցավ G20 կրոնական ֆորումին Բալիում (Ինդոնեզիա): Նա ասաց, որ հավատքները լավագույնս կարող են օգնել լուծել աշխարհի խնդիրները, երբ «դրանք հավատարիմ են մնում իրենց հիմնական սկզբունքներին՝ միաժամանակ առաջնորդվելով լրացուցիչ աստվածային լույսով ու գիտելիքով»։

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահը, ելույթ ունեցավ Մեքսիկո Սիթիի Միսիոներների ուսումնական կենտրոնում 2022 թվականի դեկտեմբերին և վկայեց «աշխարհին հայտարարելու արտոնության մասին, որ Հիսուս Քրիստոսը ամբողջ մարդկության Փրկիչն ու Քավիչն է»:

2022 թվականի դեկտեմբերին Կալիֆորնիայում (ԱՄՆ) երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը մասնակցեց սեմինարիայի դասի և ելույթով դիմեց իսպանախոս անդամներին ութ ցցերում Վենտուրայում (Կալիֆորնիա): Նա խոսում էր անգլերեն և իսպաներեն։ Նա հորդորեց անդամներին կենտրոնանալ երիտասարդության վրա և խնդրեց երիտասարդներին և լսարանում գտնվող ղեկավարներին միսիոներներ լինել հենց հիմա, քանի որ՝ «Աստված ապրում է, եղբայրներ և քույրեր, Աստված ապրում է: Եկեղեցին ճշմարիտ է»:

2023 թվականի փետրվարի 11-ին նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, ելույթով դիմեց Եկեղեցու անդամներին և ընկերներին Իլինոյսում (Ինդիանա) և Վիսկոնսինում (ԱՄՆ): Նա խոսեց Վիլմետ քաղաքում (Իլինոյս) գտնվող ցցի կենտրոնից, որտեղ հանդիպումը հեռարձակվում էր 14 ցցերի համար: Հաջորդ երեկոյան նա ելույթով դիմեց շուրջ 900 երիտասարդների և չափահաս երիտասարդների, որոնք հավաքվել էին Ռոքֆորդ Իլինոյս ցցի կենտրոնում: Հանդիպումը հեռարձակվել է Իլինոյսի, Ինդիանայի և Վիսկոնսինի լրացուցիչ վայրերում:

Հնդկաստանի Եկեղեցու անդամներն ու ծառայության կամավորները ողջունեցին երեց Դիթեր Ֆ. Ուխդորֆին, երբ նա այցելեց Նյու Դելի, Հիդերաբադ, և Բենգալուրու փետրվարի 6-17-ը: «Մենք սիրում ենք Հնդկաստանը և նրա ժողովրդին», - բացականչեց երեց Ուխդորֆը: «Մենք խորապես հուզված և տպավորված էինք».

Երեց Քվենթին Լ. Քուքը փետրվարի այցելության ժամանակ ուսուցանեց Մադագասկարի, Զամբիայի և Մոզամբիկի Սրբերին: Ավելի քան 500 մարդ, որոնք Եկեղեցու անդամներ չեն, մասնակցեցին ցցի համակցված համաժողովին Մապուտոյում, (Մոզամբիկ)՝ լսելու առաքյալի ելույթը: «Քանի որ կիրակնօրյա հանդիպմանը շատերը մեր հավատքի անդամները չէին, մենք հարմարեցրինք մեր ուղերձները, որպեսզի լուսաբանենք վարդապետական սկզբունքները և թողնենք ավետարանի մեծ պատկերը, ներկայացնենք մարգարեների նշանակությունը և կերտենք հավատք առ Հիսուս Քրիստոս ու Նրա Քավությունը», - ասաց Երեց Քուքը:

Փետրվարին երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը այցելեց անդամներին Գանայում, Նիգերիայում, Կոդ Դիվուարում և Լիբերիայում՝ Աֆրիկայի Արևմտյան Տարածք կատարած 12-օրյա այցելության ժամանակ: Ուղևորությունը ներառում էր հանդիպում Գանայի նախագահի հետ։ Նրանք քննարկեցին կրթության վրա կենտրոնացած իրենց ընդհանուր ուշադրությունը և վերանայեցին BYU–Pathway Worldwide և Gathering Place ծրագրերը:

Երեց Դեյլ Գ. Ռենլանդը փետրվարին այցելեց Հոնդուրաս, Բելիզ, Պանամա, Նիկարագուա և Գվատեմալա: Երեց Ռենլանդին ուղեկցում էր նրա կինը՝ Ռութը: Իր այցի ընթացքում նա գնաց Նիկարագուայի հիվանդանոց, և քույր Ռենլանդը օգնեց բաշխել Եկեղեցու նվիրաբերած հիգիենայի պարագաներն ու հագուստը՝ նախատեսված Հոնդուրասի միգրանտների համար:

Մարտին Երեց Նիլ Լ. Անդերսենն այցելեց Բրազիլիա, որտեղ նա հանդիպեց նշանավոր քաղաքացիական առաջնորդների հետ, այցելեց շուտով նվիրագործվելիք Բրազիլիայի (Բրազիլիա) տաճարը, նաև վկայեց և ուսուցանեց անդամներին, միսիոներներին ու ղեկավարներին ողջ երկրում: Շրջայցի ընթացքում նա և քույր Քեթի Անդերսենը հանդիպեցին Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ։

Մարտ ամսին Մեքսիկա կատարած այցի ժամանակ երեց Ջերիտ Վ. Գոնգը հանդիպեց Ադան Ավգուստո Լոպեսի՝ Մեքսիկայի ներքին գործերի նախարարի հետ: Լոպեսը Մեքսիկայի կառավարության երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է։ Ներքին գործերի նախարարության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ Երեց Գոնգը խոսեց այն ջանքերի մասին, որոնք Եկեղեցին գործադրում է Մեքսիկայում ընտանիքներ ստեղծելու համար: «Դրանով մենք նպաստում ենք հասարակության հզորացմանը», - ասաց նա։

Երեց Ուլիսես Սոարեսը խրախուսեց Խաղաղ օվկիանոսի տարածքում գտնվող Վերջին Օրերի Սրբերին պահել իրենց ուշադրությունը Հիսուս Քրիստոսի վրա: «Երբ մենք կենտրոնացնում ենք մեր կյանքը Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա և ձգտում ենք ապրել Նրա վերականգնված ավետարանով, մենք միշտ կարող ենք խաղաղություն, հանգիստ և ուրախություն գտնել մեր ճամփորդության մեջ», - ասաց նա մարտ ամսին Նոր Զելանդիա, Տոնգա և Ֆիջի կատարած այցի ժամանակ: